ԵԽԽՎ-ում ընդունվեց Քեսաբի դեպքերը դատապարտող հայտարարությունը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանում Հայաստանի պատվիրակությունը՝ ի դեմս Արփինե Հովհաննիսյանի, նախաձեռնել էին Քեսաբում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ գրավոր հայտարարության տեքստ, որով դատապարտվում էր Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ուեցած ահաբեկչական հարձակումը։
Ինչպես հայտնում է Ստրասբուրգում Panorama.am-ի թղթակիցը, գրավոր հայտարարությունն անվանվեց «Քեսաբ Դատապարտելով ահաբեկչական հարձակումը Սիրիայի քաղաքացիների վրա»։
Հայտարարության տակ ստորագրած ԵԽԽՎ պատգամավորներն իրենց լուրջ մտահոգությունն են արտահայտում վերջերս Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածում՝ Քեսաբում իրավիճակի սրման շուրջ, որը հիմնականում բնակեցված է հայերով։
«Վերջին հարձակումը կատարվել է Ալ-Քայիդայի ահաբեկչական խմբերի կողմից՝ Թուրքիայի տարածքից։ Դաժան գործողությունների արդյունքում, որոնք հիմնականում ուղղված էին քաղաքացիական բնակչության դեմ, տեղի ունեցավ բնակիչների տեղահանում։ Ծայրահեղական խմբավորումները պղծել են Քեսաբի հայկական եկեղեցիները և մեծ վնաս պատճառել բնակիչների սեփականությանը։ Սա շարունակվող մարդասիրական ճգնաժամ է։
Հաշվի առնելով էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, ներառյալ հայերի, պաշտպանության հրատապությունը Սիրիայում զինված հակամարտության պայմաններում, մենք խստորեն դատապարտում և համարում ենք անընդունելի նմանատիպ ուժի կիրառումը քաղաքացիական բնակչության նկատմամբ՝ անկախ էթնիկ և կրոնական ինքնությունից։
Մենք վճռականորեն կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ կանխելու ահաբեկիչների կողմից իր տարածքի օգտագործումը և հետաքննել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբերին։
Միջազգային հանրությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկի՝ ապահովելու փախստականների, ներառյալ հայերի, անվտանգությունն ու ապահովությունը, հեշտացնի նրանց՝ սեփական բնակավայր տեղափոխվելու արագ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի պայմանները։ Միջազգային հանրությունը պետք է նաև իրականացնի անփոխարինելի մարդասիրական օգություն՝ փախստականների հրատապ կարիքների լուծման համար»,-ասվում է ԵԽԽՎ-ում ընդունված գրավոր հայտարարության մեջ։
Հայտարարության տակ ստորագրել են ԵԽԽՎ 22 պատգամավորներ՝ Հայաստանից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Մոլդովայից, Սան Մարինոյից, Ֆրանսիայից, Իռլանդիայից, Պորտուգալիայից, Չեխիայից, Շվեդիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ֆինլանդիայից, Հունաստանից, Գերմանիայից։












