Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

«ԴԵՄ ԵՄ»-Ը ՓՈԽՈՒՄ Է ՄԱՐՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապրիլ 8, 2014թ. 23:19

Սահմանադրական դատարանի որոշումից հետո ստեղծվել է մի իսկական խառնաշփոթ, որի պատճառը հակասական մեկնաբանություններն են, իսկ շարունակվող «հակամարտությունը» հետեւյալ հարցադրման շուրջ է՝ վճարե՞լ, թե՞ չվճարել կուտակային գումարները:
Չնայած Սահմանադրական դատարանը տվեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի իրավական գնահատականը, սակայն պարզվեց, որ այն բավարար չէ պայքարն ավարտված համարելու համար, որն այսօր մի նոր փուլ է թեւակոխել:
Մի կողմում կառավարությունն է, որը հայտարարում է՝ կուտակային վճարումները պետք է պարտադիր կատարվեն մինչեւ նշված վերջնաժամկետը՝ սեպտեմբերի 30-ը, մյուսում ՝«Դեմ եմ» քաղաքացիական շարժման ակտիվիստներն ու այն քաղաքացիներն են, որոնք պահանջում են հաշվի նստել ՍԴ որոշման հետ, հարգել իրենց սեփականության իրավունքը: Երրորդում՝ շվարած գործատուները, որ չգիտեն ինչ անել՝ գանձե՞լ, թե՞ չգանձել:

«Դեմ եմ»-ը կոչ է անում կառավարության անդամներին զերծ մնալ ՍԴ որոշման այնպիսի մեկնաբանություններից, որոնք նպաստում են խառնաշփոթ իրավիճակի խորացմանը ու կարող են պատճառ դառնալ քաղաքացիների իրավունքների ոտնահարման:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտահոգ է, որ այս պահին քաղաքացիների իրավունքների դեմ հանդես է գալիս հենց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը, որը անտեսում է օրենքի պահանջները, ՍԴ որոշումը մեկնաբանում յուրովի՝ խախտելով սահմանադրության 3-րդ հոդվածը: «Օր առաջ պետք է վերջ տալ այս ամենին»,- հայտարարում է պատգամավորը։ «Դեմ եմ»-ի ակտիվիստներն էլ արդեն իսկ ձեռնամուխ են եղել «վերջ տալու» գործընթացին՝ մշակելով պայքարի նոր մեխանիզմներ:

Օրեր առաջ «Դեմ եմ» թիմը նախաձեռնեց ու իրականացրեց դիմում-նամակի ձեւանմուշի մշակումը: Նպատակն է՝ երկու ուղղություններով դիմումներ ուղարկել. առաջին դեպքում հասցեատերը ֆինանսների նախարարն է, Կենտրոնական բանկի նախագահն ու «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ-ի գլխավոր տնօրենը: Դիմումատուի պահանջը հետեւյալն է՝ չեմ ընտրել որեւէ պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ու ֆոնդի կառավարիչ, չեմ մասնակցում այդ համակարգին, հետեւաբար թույլ չեմ տա իմ փոխարեն ֆոնդ ընտրել կամ վճարներ փոխանցել:
Դիմումների երկրորդ ուղղության հասցեատերը գործատուներն են. աշխատողն իր դիմումով նախ ծանուցում է գործատուին` չկատարել պահումներ, իսկ վերջինս էլ, հիմնվելով աշխատողի դիմումի վրա, ՊԵԿ-ից եւ ֆինանսների նախարարությունից պահանջելու է փոխել ներկայացվող էլեկտրոնային հաշվետվությունների ձեւը:

Պարզվեց, պայքարի այս մեխանիզմը «Դեմ եմ»-ին հուշել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ նպատակ ունենալով այդ քայլով տալ ընտրության հնարավորություն, այսինքն՝ եթե գործատուն չի ցանկանում պահումներ անել, պետք չէ զրկեք նրան առանց պահումներ անելու հաշվետվություն ներկայացնելու հնարավորությունից, քանի որ ներկայումս կիրառվող հաշվետվության ձեւով անհնար է պահումներ չկատարելը:
Փաստաբանը նաեւ հավելում է. «Այս իրավիճակում, եթե գործատուները չկատարեն պարտադիր վճարները եւ դրա համար տույժի ենթարկվեն համապատասխան գերատեսչության կողմից, ապա նրանք կարող են այդ տույժը վիճարկել դատարանում, քանի որ պարտադիր բաղադրիչը Սահմանադրական դատարանը ճանաչել է հակասահմանադրական»։
Ի դեպ, դիմումների գործընթացը «Դեմ եմ»-ը համարում է քայլերից միայն մեկը, բայց նաեւ այն կարեւորը, որով քաղաքացին կարող է դիմել վարչական դատարան եւ դատի տալ թե՛ ՊԵԿ-ին, եթե նա չփոխի հաշվետվությունների ձեւը, թե՛ իր գործատուին, եթե նա, հակառակ իր կամքին, պահումներ կատարի:

«Եթե մի արարքի համար մարդ չի կարող պատասխանատվության ենթարկվել, հետեւաբար կարող է այդ արարքը կատարել: Այսինքն՝ եթե այսօր մեր քաղաքացիները չկատարեն վճարումներ, գործատուներն էլ չկատարեն պահումներ, կարող են նրանց պատասխանատվության ենթարկել, բայց սեպտեմբերի 30-ից հետո ստիպված կլինեն այդ վարույթները կարճել»: Ստացվում է մի անլուրջ վիճակ, երբ մի ձեռքով գործեր են հարուցվելու, մյուսով՝ կարճվելու:
Նկատենք, որ պայքարի սկզբից եւեթ կար մտավախություն, թե գործընթացը կարող է թեւակոխել այնպիսի մի փուլ, ուր կլարվեն աշխատող-գործատու հարաբերությունները, իսկ դրանց «ճշտման» համար հարկ կլինի նույնիսկ տեղափոխվել դատական դաշտ։ Այսօր նման կանխատեսման իրականացումը չեն բացառում ո՛չ փաստաբան Աթանեսյանը, ո՛չ ակտիվիստ Հայկ Ավետիսյանը։
Թե ի՞նչ հունով կընթանան գործընթացները, դժվար է կռահել, սակայն մի բան փաստ է՝ ակտիվիստները վճռական են տրամադրված ու չեն պատրաստվում նահանջել: Եվ այսօր, ՍԴ որոշումն ու դիմում-նամակի ձեւանմուշները ձեռքներին, «Դեմ եմ» նախաձեռնության անդամները քաղաքացիների հետ միասին կիրականացնեն բողոքի ակցիա՝ ֆինանսների նախարարությունից մինչեւ ՊԵԿ ձգվող բողոքի երթով: Իսկ ապրիլի 12-ին կուտակայինի դեմ պայքարը կշարունակվի Մատենադարանի մոտ հրավիրվելիք հանրահավաքում: Պահանջը հետեւյալն է. փոխել ամսական հաշվետվության ձեւը, դադարեցնել պարտադիր վճարների պահումները, ապաեւ վերադարձնել մինչ օրս պահված գումարները։

«Թույլ չենք տա, որ ֆինանսների նախարարությունը ճնշում գործադրի որեւէ գործատուի վրա, ու սպառնա տույժ կիրառել»,- ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը: «Մեր պայքարը շարունակական է, ամեն օր քննարկում ենք մեր քայլերը, ճնշելու ենք այնքան ժամանակ, մինչեւ կառավարությունը ենթարկվի Սահմանադրական դատարանի որոշման 6-րդ կետին»,- եզրափակեց փաստաբան Մերի Խաչատրյանը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն