Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

Թուրքիան աջակցում է միջազգային ահաբեկչությանը, իսկ Արևմուտքը լուռ է

Ապրիլ 9, 2014թ. 00:19

Արևմուտքն աչք է փակում Քեսաբում տեղի ունեցող միջազգային հանցագրծուևթյունների վրա: Ապրիլի 8-ին Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը: «Գաղտնիք չէ, որ Թուրքիան իր տարածքում զինյալներին վարժեցնում է և իր օդուժի օգնությամբ ուղարկում Սիրիա, ագրեսիա է դրսևորում Սիրիայի ազգային փոքրամասնությունների նկատմամբ, փորձում է ոչնչացնել նրանց»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշեց Բաբուխանյանը:

Բաբուխանյանի խոսքով, միջազգային ահաբեկչությանն աջակցելը, ազգային փոքրամասնությունների վրա հարձակումները միջազգային հանցագործություններ են, սակայն այս ամենը տեղի է ունենում Արևմուտքի լռության պայմաններում: Պատգամավորն ընդգծեց, որ այս դեպքում էլ գործ ունենք Արևմուտքի կողմից կիրառվող երկակի ստանդարտների հետ: «Այդ ինչպե՞ս եղավ, որ նրանք այդպես բուռն արձագանքեցին Ղրիմի օրինական հանրաքվեին, սակայն այս հանցագործություններին որևէ արձագանք չկա»,- նշեց նա:

Բաբուխանյանն ընդգծեց, որ Թուրքիայի նման պահվածքը զարմանալի չէ, քանի որ այն Ցեղասպանություն իրականացրած երկիր է և ցանկացած պահի կարող է նույնը կրկնել: Պատգամավորը հիշեցրեց նաև, որ Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանությունը, շրջափակման մեջ է պահում Հայաստանը և չի դադարեցնում աջակությունն ահաբեկիչներին: «Հիշեցնեմ նաև, որ Թուրքիան աջակցել է Ադրբեջանին հայ սպային դաժանաբար սպանած Ռամիլ Սաֆարովին հերոսացնելու գործում»,- ասաց Բաբուխանյանը՝ ընդգծելով, որ նման երկրի քայլերը ոչ մեկի համար զարմանալի պետք է չլինեն, և հարկավոր է համարժեք պատասխան տալ Թուրքիայի ագրեսիվ քայլերին:

Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում և Լաթաքիայի հյուսիսում գտնվող Քեսաբ գյուղաքաղաքի վրա հարձակումն սկսվել է մարտի 21-ին Թուրքիայի սահմանի ութ կետերից: Տեղեկություններ են հաղորդվել, որ հարձակումն իրականացրել են «Ջաբհա ան Նուսրաե և «Ջեյշալ Իսլամե խմբավորումները: Գյուղաքաղաքում գրեթե բնակիչներ չեն մնացել, նրանք տեղափոխվել են առավել ապահով վայրեր: Հայերի մեծամասնությունը ապաստան է գտել Լաթաքիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի մոտ գտնվող ազգային կառույցներում: Տեղի Հայկական շտապ օգնության մարմինը Սիրիայի Կարմիր մահիկի կազմակերպության հետ բնակիչներին ապահովել է անհրաժեշտ պարագաներով և սննդով: Քեսաբում մնացած փոքրաթիվ հայերի ճակատագրի վերաբերյալ լուրերը հակասական են: Իրադարձությունների վրա աշխարհի ուշադրությունն է հրավիրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` Հաագայում, Միջուկային անվտանգության միջազգային գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով մամուլի համար: Հայ պատգամավորների խումբն էլ այցելել էր Սիրիա` տեղում ծանոթանալու մեր հայրենակիցների ճակատագրին: Նրանց ընդունել է Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը:


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն