ՓԱԿ ՇՈԻԿԱՅՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԽԱԽՏԵԼ
Փակ շուկան վերաբացելուց եւ շահագործելուց հետո էլ չեն դադարում պատմամշակութային հուշակոթողի նկատմամբ խայտառակ ոտնձգությունները։
Քիչ է, որ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը տիրացավ պետության կողմից պահպանվող եւ անձեռնմխելի համարվող պատմամշակութային հուշակոթողին, օրենքների խախտմամբ ձեւախեղեց այն, այժմ էլ` շուկա-սուպերմարկետի շահագործումից ամիսներ անց, շինության աջ թեւում «ԽՈՒպ կՐՏրտպՍՑ» անվանումով սրճարան է բացել: Ի դեպ, սրճարանի կառուցումը համընկավ Հայաստանի` Մաքսային միության կազմում ընդգրկվելու շուրջ քննարկումների ժամանակահատվածի հետ, եւ Ալեքսանյանը թերեւս այդ հարցում իր դիրքորոշումը ցույց տալու նպատակով որոշեց սրճարանին ռուսական անվանում տալ ու ռուսերեն գլխատառերով Փակ շուկայի շենքի վրա փակցնել այդ անվանումը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Փակ շուկան, չնայած շենքի տեսքի ակնհայտ աղավաղմանը, դեռեւս ընդգրկված է Երեւանի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում, համարվում է հանրապետական նշանակության հուշարձան. այն չի թույլատրվում «զարդարել» տարատեսակ գրառումներով ու ցուցապաստառներով, որոնք աղավաղում են շենքի արտաքին տեսքը: Այն, ինչ արել է Ս.Ալեքսանյանը, օրենքի հերթական խախտման դեպքն է, չհաշված, որ ռուսերեն մակագրությունն էլ մեկ այլ` «Լեզվի մասին ՀՀ օրենքի» խախտում է:
Այդ օրենքի համաձայն՝ գովազդային ցուցանակները պետք է նախ ձեւավորված լինեն հայերեն ու հայերեն տառերով, իսկ օտար լեզուներով գրառումները միայն կարող են զուգորդվել: Փաստորեն մեկ գրառումով Ս.Ալեքսանյանը կարողացել է երկու նապաստակ խփել, եթե կարելի է այդպես բնորոշել օրենքների ոտնահարումները:
Մշակույթի նախարարությունը, խախտում արձանագրելով, համապատասխան գրառում է ուղարկել Երեւանի քաղաքապետարան` այդպիսով կատարելով օրենքով իրեն վերապահված ընթացակարգը: Մշակույթի նախարարությունը նման խախտումները հայտնաբերելուց հետո ահազանգելուց եւ համապատասխան մարմինների ուշադրությունը խնդրի վրա սեւեռելուց բացի այլ իրավասություններ չունի: Այդ մասին մեզ տեղեկացրեց մշակույթի նախարարության լրատվական բաժնի պետ ԱԼԼԱ ՍԵՐՈԲՅԱՆԸ:
«Ամբողջ անհեթեթությունն այն է, որ մշակույթի նախարարությունը համապատասխան տեսչություն չունի եւ լծակներ չունի, որ կարողանա վերահսկել մշակութային արժեքների նկատմամբ անօրինական վերաբերմունքը եւ պարտադրել, որ սեփականատերը գործի օրենքների շրջանակներում միայն: Մեր իրավասությունն է միայն ահազանգել այդ մասին քաղաքապետարանի համապատասխան տեսչությանը, ինչն էլ արել ենք օրենքի շրջանակներում քաղաքապետարան համապատասխան գրություն ուղարկելով: Այժմ ակնկալում ենք, որ քաղաքապետարանը գործուն քայլեր կձեռնարկի»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց լրատվական բաժնի պետը:
Փորձեցինք ճշտել, թե քաղաքապետարանը ինչպե՞ս է արձագանքել մշակույթի նախարարության ահազանգին: Մեր հարցին քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ ԱՐԹՈՒՐ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ պատասխանեց, որ քաղաքապետարանը ստացել է մշակույթի նախարարության գրությունը։ Դրան հետամուտ լինելով` Փակ շուկայի սեփականատիրոջն առաջարկել է սեփական միջոցներով ապամոնտաժել ցուցանակը: Ըստ Արթուր Գեւորգյանի՝ այս շաբաթվա ընթացքում տնտեսավարողը կկատարի իրենց պահանջը:
Վարչության պետը իրազեկված չլինելու պատճառաբանությամբ դրանից ավելին ոչինչ չկարողացավ ասել` տնտեսավարողը օրենքի խախտման համար կտուգանվի՞ կամ իրենց պահանջը չկատարելու դեպքում` պատասխանատվության կենթարկվի՞, թե այս անգամ էլ չնչին տուգանք վճարելով` իր էշն առաջ կտանի: Ինչեւէ: Սպասենք դեպքերի զարգացմանը:
Փոխարենը, կրթության եւ գիտության նախարարության լեզվի պետական տեսչության պետ ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ տեղեկացրեց, որ Փակ շուկայի ռուսալեզու ցուցանակի առնչությամբ տարբեր մարդկանց ահազանգերի հիման վրա իրենք «Լեզվի մասին ՀՀ օրենքի» խախտման վերաբերյալ արդեն արձանագրություն են կազմել, ուսումնասիրություններ կատարել, համապատասխան ընթացակարգ մշակել, որի համաձայն էլ պատրաստվում են դիմել դատարան` տնտեսավարողից գանձվելիք տուգանքի չափը ճշտելու համար:
Ի դեպ, քաղաքապետարանի եւ լեզվի պետական տեսչության լավատեսությունը, թե Ալեքսանյանը գոնե այս անգամ ականաջալուր կլինի իրենց պահանջներին` կասկածի տեղիք է տալիս, նկատի ունենալով վերջինիս նախկին գործունեությունը։ Հենց այդպես երբեմնի Փակ շուկան վերածվել է սուպերմարկետի, որտեղ ոչինչ չի հիշեցնում շուկայի մասին` չնայած Ալեքսանյանի ի սկզբանե արված այն հայտարարություններին, որ նախկին շուկան միշտ էլ շարունակելու է գործել շենքի մի հատվածում: Երբ շենքը վերաշահագործվեց` մուտքի մոտ տաղավարներ էին տեղադրված, որտեղ միրգ ու բանջարեղեն էր վաճառվում: Այսօր միրգ ու բանջարեղեն վաճառողներից մի քանիսն են մնացել, այն էլ մղվել են սուպերմարկետի անկյուններ։ Նրանց տաղավարների տեղում սպասքի վաճառասրահ է բացվել:
Իսկ տնտեսավարողն իր խանութում մրգի ու բանջարեղենի առանձին բաժին է բացել: Պարզ է, որ մնացած վաճառողները շատ շուտով չեն դիմանա մրցակցությանը ու տեղի կտան:
Իսկ մեկ-երկու ամիս առաջ էլ ավարտելով երկրորդ հարկի շինարարությունը` Ալեքսանյանն այնտեղ զվարճանքի կենտրոն բացեց, որտեղ տեղակայված են նրա «Մադագասկար» խաղասրահը, կինոթատրոններ ու սննդի տաղավարներ:
Պատմամշակութային կոթողի հանդեպ նման վերաբերմունքն արդեն ոչ թե անգրագիտություն է, այլ ծաղրուծանակ մեր արժեքների ու այն գերատեսչությունների հանդեպ, որոնց ձեռքերը կամ կապված են, եւ նրանք ոչինչ չեն կարողանում ձեռնարկել, կամ էլ այդքան զորություն չունեն:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












