Ի՞նչ անել, որ տնտեսության “սայլն” առաջ գնա
Վարչապետի հրաժարականը թեպետ փոքր-ինչ ստվերեց Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցը, սակայն որոշ գերատեսչությունների հակադարձումներն այդուհանդերձ չուշացան: ՄԻՊ-ն էլ իր հերթին շտապեց ՙգաղտնազերծել՚ որոշների անընդունելի գործելաոճը, երբ սեփական սխալներն ու թերություններն ընդունելու փոխարեն օմբուդսմենին են ուղղում իրենց ՙավանդական դարձած խայթոցներն՚ ու ՙէժանագին պիտակները՚:
Իսկ ՄԻՊ-ն իր տարածած հայտարարությամբ ընդգծեց, թե հակված չէ ՙմոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվ սկսելու՚, փոխարենը պատրաստ է օգտակար հրապարակային բանավեճ ծավալել ՙբարեկիրթ շրջանակների հետ՚:
Ինչևէ, օմբուդսմենի ՙթրի տակով՚ անցած գերատեսչություններից ոմանք արձագանքեցին, ոմանք դեռ հապաղում են: Ուշանում է նաև էկոնոմիկայի նախարարության արձագանքը: Մինչդեռ զեկույցի` նախարարությանը վերաբերող հատվածն արդեն իսկ արժանացել է մասնագետների ուշադրությանը:
Նախաբանում Պաշտպանը նախ հարկ է համարում հիշեցնել, թե որոնք են Էկոնոմիկայի նախարարության գործառույթները` ապահովել մրցակցային տնտեսության զարգացում, խթանել ներդրումներին, խթանել արտահանմանը, և այլն, և այլն: Եվ այս հակիրճ հիշեցումից հետո ՄԻՊ-ն անցնում է ՙհարձակման՚. էկոնոմիկայի նախարարությունը չի ապահովել բավարար պայմաններ արտահանող գործարարների համար, չկա առողջ մրցակցություն, Հայաստանը առևտրային ոլորտում համարվում է ներկրող երկիր, և ոչ արտահանող, քանզի բացակայում են տնտեսվարող սուբյեկտների մուտքը արտաքին և ներքին շուկա բարելավելուն միտված անհրաժեշտ պայմանները, հայրենական արտադրողին ցուցաբերվելիք աջակցությունը, տարբեր շուկաներում նրա մրցունակությունը բարձրացնելուն միտված քայլերը:
Զեկույցում բարձրացված հարցերի հետ համակարծիք է ԲՀԿ պատգամավոր, մասնագիտությամբ տնտեսագետ ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԸ, ով մեզ հետ զրույցում նախընտրեց խոսել թվերի ու փաստերի լեզվով, նկատելով, թե անկախության 22 տարիներին մենք 3-4 անգամ ավելի շատ ներկրել ենք, քան արտահանել: ՙՎերջին տվյալներով մենք 4, 5 մլրդ դոլարի ներկրում ենք արել, և ընդամենը 1,5 մլն դոլարի արտահանում՚: Ըստ պատգամավորի, ոչ պակաս կարևոր է այն, թե Հայաստանն ի՞նչ է արտահանում, այսինքն, ո՞րն է մեր բրենդը միջազգային շուկայում: Դրանք ընդամենը 3 խմբի ապրանքատեսակներ են. առաջին տեղում պղնձի խտանյութն է, ֆերոմոլիբդենը, երկրորդում` ծխախոտը, խմիչքն ու պտուղբանջարեղենը, երրորդում` թանկարժեք և կիսաթանկարժեք քարերը: ՙԵվ այս 3 խումբը կազմում է մեր արտահանման 87 %-ը: Ինչը փաստում է, որ մենք միջազգային շուկայում շա~տ քիչ ապրանքատեսակներ ունենք՚: Ի՞նչ անել տարիներ շարունակվող այս իրավիճակից դուրս գալու համար: Քայլերից մեկը հուշում է ՄԻՊ-ը` հարկավոր է զգալի աջակցություն ցուցաբերել հայրենական արտադրողին՝ նրա մրցունակությունը տարբեր շուկաներում բարձրացնելու համար:
ՙ5 տարի է, ինչ խոսում ենք արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության մշակման մասին, բայց մշակելու փոխարեն կառավարությունը հրավիրում է տարբեր ոլորտի գործարարների ու նրանց հետ սկսում քննարկումը` ՙինչ անել՚-ու շուրջ՚,-դժգոհում է պատգամավորը: Եվ այն, որ սայլն առ այսօր տեղից չի շարժվել փաստում է նման քննարկումների անարդյունավետության մասին: Պատգամավորի համոզմունքն է` հայկական բրենդի ճանաչմանն ուղղված միջոցառումները չեն հասել իրենց նպատակակետին, ուրեմն , ժամանակն է բեկում մտցնել ու աշխարհում ճանաչելի դարձնել մեր բրենդը: ՙԴրա համար լուրջ աշխատել է պետք, մինչդեռ կառավարության օպերատիվությունը շատ ցածր եմ գնահատում՚:
Զեկույցում անդրադարձ կա նաև օտարերկրյա ներդրողների մասին, արձանագրվում է` նրանց ոչ պատշաճ են ներկայացվում տեղական շուկայի առավելություններն ու ձեռքբերումները: Միքայել Մելքումյանը սրան զուգահեռ ընդգծում է անվտանգության հարցը, այսինքն, օտարերկրյա ներդրողը պետք է վստահ լինի, որ Հայաստանում կորուստներ չի ունենա: Իսկ ինչ է իրականում կատարվում մեզանում. ՙՀայտնվում է ինչ-որ մեկն ու ներդրողին ասում` էսօրվանից դու չկաս, էս արտադրությունն էլ իմն ա՚: Էլ ո՞ր օտարերկրացին երկրորդ անգամ ՙկհամարձակվի՚ մուտք գործել Հայաստան, երբ հենց սկզբից բախվում է խաղեր տվողների հետ ու համոզվում` Հայաստանում փող դնելը ձեռնտու գործ չէ:
ՄԻՊ-ն իր մտահոգությունն է հայտնում նաև այն մասին, որ տնտեսության ավանդական ոլորտները դուրս մնալով ուշադրությունից աստիճանաբար վերանում են, օրինակ՝ ժամագործությունը, թեթև արդյունաբերությունը, ոսկեգործությունը գորգագործությունը, ասեղնագործությունն ու խեցեգործությունը:
Հայկական կոշիկը ավանդաբար հայտնի է եղել խորհրդային շուկայում, հիշեցնում է պատգամավոր Մելքումյանը, և դա շնորհիվ մեր սփյուռքահայ հայրենակիցների: ՙ1946-ի ներգաղթը աշխարհի տարբեր վայրերից Հայաստան բերեց հրաշալի հայ վարպետների, նրանք դարձան հայկական ՙՄասիս՚, ՙԼյուքս՚ ֆիրմաների մոդելավորողները, նպաստելով մեր կոշկագործության դպրոցի ստեղծմանը: Պատահական չէ, որ 80-ականների երկրորդ կեսին մեր յուրաքանչյուր 4-րդ ընտանիքը զբաղված էր կոշկի արտադրությամբ ու արտահանմամբ՚: Մինչդեռ այսօր վիճակն այլ է: Չնայած դարձյալ արտադրվում է որակյալ հայկական կոշիկ, սակայն վաճառվում է բավական թանկ գնով:
Պատգամավորը բերում է մեկ այլ օրինակ ևս. խորհրդային տարիներին ունեինք զարգացած թեթև արդյունաբերություն, որովհետև կար Գյումրու Մանվածքային ֆաբրիկան ու Տեքստիլը, ուր պատրաստի մանվածք էինք ստանում.ՙԲայց այսօր մեզ չհաջողվեց վերականգնել բամբակի արտադրությունը, իսկ հումքը դրսից ներկրելու դեպքում արդեն թանկանում է արտադրանքի գինը՚:
Պատճառը մեկն է` ՙարտադրության կազմակերպման ոչ նպաստավոր միջավայրի առկայություն՚ , իսկ հետևությունը` ՙԵթե պետությունը լուրջ արտոնություններ չտա տնտեսության ավանդական ոլորտներին, ապա դրանք իրոք դատապարտված են վերացման՚:
ՄԻՊ-ը չի շրջանցել նաև փոքր և միջին ձեռնարկատիրության հարցը, ինչի զարգացմանը խոչընդոտում են թերի օրենքներն ու անհամաչափ բարձր հարկերը: Ասվածին պատգամավորն հավելում է` հարկային բեռի ավելացման հետևանքը եղավ այն, որ վերջին 2 տարում փակվեցին 3000-ից ավելի փոքր և միջին ձեռնարկություններ: Մելքումյանը տեղեկացրեց, որ վերջերս շրջանառության մեջ է դրել ՙԱրյունաբերական քաղաքականության մասին՚ օրենքի նախագիծը, կառավարության հավանությանն արժանացած այս նախագծում հեղինակն առաջարկում է` ստեղծել արդյունաբերական պետական ծրագիր, որի նպատակն է արդյունաբերական գոտիների ստեղծումը, ուր կսահմանվի ազատ տնտեսական գոտուն բնորոշ հարկային արտոնություններ: Դա հնարավորւթյուն կտա, հատկապես, մարզերում, զարգացնել փոքր արդյունաբերական արտադրություններ: ՙԱռաջարկում եմ բացի եկամտահարկից փոքր ու միջին ձեռնարկատերերին ազատել նաև մյուս բոլոր հարկերից՚:
Այսպիսով, համակարծիք լինելով ՄԻՊ հնչեցրած քննադատությանը, պատգամավոր Մելքունյանը, սակայն մեկ հարցում համակարծիք չէ ու համոզված է` այս ամենի մեղավորը միայն էկոնոմիկայի նախարարությունը չէ. ՙՄեր կառավարման համակարգը թույլ չի տալիս, որ առանձին նախարարներ ընդհանուր գործընթացի վրա ունենան դրական ազդեցություն: Այսինքն, նրանք քաղաքական որոշումներ կայացնողներ չեն, այլ ընդամենը որորտը կարգավորող մենեջերներ՚: Հետևաբար, եթե նախարարությունները մեղավոր են, ապա` մասսամբ, իսկ մեղքի հիմնական ծանրությունը ընկած է գործադիրի գագաթին կանգնած անձի վրա: Քննադատության սլաքն ուղղելով վարչապետին, Մելքումյանն ընդգծում է.ՙԱյս ամենը կլուծվի, եթե կառավարությունը, հանձին վարչապետի, նախարարությունների սեղանին դնի տարբեր ոլորտներին առնչվող հստակ քաղաքական որոշում՚: Իսկ դրա համար նախ հարկ է, որ վարչապետն ինքը լինի ՙքաղաքական որոշումների վրա լուրջ ազդեցություն ունեցող անձնավարություն՚: Հակառակ դեպքում, մեր սայլը, իրոք, առաջ չի գնա:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ













