Եթե փոքր-ինչ ուշանա ՄՄ անդամակցման գործընթացը՝ ողբերգություն չէ
Այն, որ մայիս ամիսը առանցքային նշանակություն է ունենալու Հայաստանի եւ Մաքսային միության հարաբերություններում, բազմիցս է հայտարարվել, քանզի ըստ ՙլավատեսական հաշվարկների՚ այդ ամսին է նախատեսված Հայաստանի՝ Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու մասին միջազգային պայմանագրի ստորագրումը: Սա նշանակում է, որ մինչև այդ պետք է ավարտին հասցվեն Ճանապարհային քարտեզով նախատեսված հիմնական աշխատանքները: ՄՄ-ին Հայաստանի անդամակցության աշխատանքային խմբի դեռևս մարտյան նիստում արձանագրվեց, որ Հայաստանը միջոցառումների մեծ մասն արդեն իսկ ավարտել է, մնացել են ընդամենը ՙչնչին դետալներ՚: Դա հավաստեց նաև խմբի ղեկավար Կարինե Մինասյանը օրերս մամուլին տված հարցազրույցում: Էկոնոմիկայի փոխնախագահը միաժամանակ տեղեկացրել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 29-ին կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին, ու բացառված չէ, որ ստորագրվի ՄՄ-ին Հայաստանի անդամանացման մասին համաձայնագիրը: Ինչպես տեսնում ենք գործընթացները բավական ակտիվ առաջ են ընթանում: Այն որ ՄՄ անդամակցման գորընթացը երկրի նախագահի կողմից դիտարկվում է ամենակարևոր առաջնարհերթությունների շարքում, Սերժ Սարգսյանը հստակ արձանագրեց օրերս կայացած ՀՀԿ խորհրդի նիստում.ՙՄաքսային միությանը միանալու աշխատանքները նոր թափով են շարունակվելու՚:
Մինչդեռ Հայաստանի ՄՄ անդամակցմանը կտրականապես դեմ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ այսօր հրճվանքով կանխատեսում են, թե անդամակցման գործընթացը կա՛մ կհետաձգվի, կա՛մ ընդհանրապես տեղի չի ունենա: Հետաձգման տարբերակի շուրջ ենթադրություններ անողները դա պայմանավորում են ներհայաստանյան ներկայիս քաղաքական գործընթացներով՝ ներիշխանական կուլիսներում քննարկվող թեժ թեման նոր կառավարության ձևավորումն է: Եվ հաշվի առնելով այն, որ կառավարության ձևավորման, պորտֆելների շուրջ ընթացող թեժությունը կհանդարտվեի միայն Սահմանադրությամբ նախատեսված 20- օրյա ժամկետում, իսկ դրան կհաջորդի Ազգային ժողովի կողմից կառավարության գործունեության ծրագրի հաստատման գործընթացը, ապա ՄՄ անդամակցումը, իրոք, կարող է երկարաձգվել մինչև տարեվերջ:
ՙՄՄ անդամակցման գործընթացը կավարտվի մայիսին, թե տարեվերջին, դա ամենևին էական չէ: Եթե անգամ այն փոքր-ինչ ուշանա, ապա դրանում ոչ մի ողբերգություն չկա՚. մեզ հետ զրույցում քաղաքագետ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՐԿԱՐՈՎԸ բոլոր քաղաքական գուշակներին հորդորեց ոչ անհանգստանալ, ոչ էլ մտահոգվել, քանզի Հայաստանի համար կարևորը ոչ թե շտապելն է, այլև, թեկուզ դանդաղ, բայց որակյալ աշխատանք կատարելը: ՙԻսկ որակ ապահովելու համար լավ կլինի, որ այս ժամանակահատվածը մենք արդյունավետորեն օգտագործենք՚:
Նոր վարչապետ, նոր թիմ. կառավարության փոփոխություններն ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի ՄՄ անդամակցման գործընթացի վրա: Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ ներքին փոփոխությունները ամենևին չեն կարող ազդել արդեն իսկ սկսված գործընթացի վրա, քանի որ կադրային փոփոխությունը չի նշանակում ռազմավարության փոփոխություն: ՙՄեր նախարարությունները սեպտեմբերի 3-ին կայացված քաղաքական որոշումից հետո ստացել են համապատասխան հանձնարարականներ և վարչապետի անձի փոփոխությունը ոչ մի նշանակություն չի կարող ունենալ, տրված է հանձնարական ինչը պետք է կատարվի ու հասցվի իր տրամաբանական ավարտին՚: Սակայն այլ խնդիր է, թե այս ընթացքում ինչպե՞ս են աշխատել հրաժարական ներկայացրած վարչապետն ու իր թիմակիցները: Հայտնի է, որ Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը սկսեց աշխատել ՄՄ անդամակցման համապատասախան փաստաթղթային բազայի ստեղծման, փորձագիտական ու վերլուծական եզրակացությունների տրամադրման ուղղությամբ: Հիշեցնեք, որ այդ ընթացքում տարբեր փորձագետներ արձանագրում էին, թե Տիգրան Սարգսյանն իր թիմով այնպես ակտիվորեն է լծվեց եվրասիական ինտեգրացման գործընթացին, որ անգամ Ռուսաստանի նախագահն ու վարչապետը չեն կարողացել թաքցնել իրենց զարմանքը, հիացմունքն ու գոհունակությունը, իսկ նախագահ Պուտինի հնչեցրած միտքը, թե ՙՀայաստանը այնքան արագ է շարժվում անդամակցության ճանապարհին, որ գործընկերները նույնիսկ չեն հասցնում՚, տարբեր առիթներով չէր դադարում մեջբերել վարչապետ Մեդվեդեվը:
Հանրապետության նախագահը ևս գնահատելով նախկին վարչապետի աշխատանքը նրբանկատերեն ասել էր. ՙՏիգրան Սարգսյանը բավականին աշխատանք է կատարել ՄՄ-ի անդամակցության ուղղությամբ և նրա ղեկավար աշխատանքային խմբի ու կառավարության շնորհիվ հաստատել ենք ճանապարհային քարտեզը՚, ապա հավելել.ՙՀովիկ Աբրահամյանը շարունակելու է այդ դրականը, և ակտիվ գործողություններով բարեհաջող ավարտին է հասցվելու այս կարևորագույն աշխատանքը՚:
Փոխարենը, սակայն Երևանի ակտիվությունն ու շտապողականությունը ոմանց սրտնեղման պատճառ դարձավ: Քաղաքական գործիչներից մեկը նկատել էր, թե Հայաստանի արագընթաց քայլերից ոչ միայն մտահոգ են հայաստանյան արևմտամետները իրենց Արևմտյան տերերի հետ միասին, այլև ՄՄ անդամ երկու երկրների՝ Բելոռուսի ու Ղազախստանի ներկայացուցիչները. ՙՄիգուցե մեր օպօնենտները կցանկանային, որ այդ ընթացքը շատ ավելի դանդաղ լինի՚: Ալեքսանդր Մարկարովը, սակայն, նախընտրեց առավել զգուշավոր արտահայտվել մեր ՙօպոնենտների հասցեին՚, խնդրիը մեկնաբանելով հետևյալ տեսանկյունից.ՙԱյդ երկու պետություններն արդեն իսկ ՄՄ անդամ են, ուրեմն, ինչո՞ւ պետք է խանդեն կամ էլ սրտնեղեն մի երկրի քայլերից, որը նոր-նոր է պատրաստվում անդամակցել այդ կառույցին: Իսկ սրտնեցելը կամ խանդը քաղաքական կատեգորիաներ չեն՚:
Խանդի փոխարեն քաղաքագետը երկու երկրների տարածած պաշտոնական հայտարություններից միայն մեկ հետևության է հանգել՝ Հայաստանի ՄՄ անդամակցմանը նպաստելու պատրաստակամություն:
Մեր հաջորդ հարցրինք, թե վարչապետի փոփոխության ընթացքում ակտիվացած տեղական արևմտամետները չեն դադարում պնդել, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը եղել է արտաքին գործոնների ազդեցության տակ, թե այն կապված է նրա արևմտամետ լինելու հետ, քաղաքագետը տվեց այսպիսի պատասխան. “Չգիտեմ, թե ինչո՞ւ են վարչապետի փոփոխության ֆոնին ոմանք ակտիվորեն նման մտքեր շրջանառում, բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Քաղաքական որոշումը սեպտեմբերի 3-ին կայացվեց, ու այժմ մնացել է ընդամենը կատարել համապատասխան փաստաթղթային աշխատանք: Ես նախկին վարչապետի հրաժարականը ամենևին չեմ կապում արտաքին գործոնների հետ, առավել ևս, այն չեմ դիտարկում ՄՄ անդամակցման ու ԵՄ համագործակցության հակադրման հարթության մեջ”: Իսկ հակառակը պնդողներին խորհուրդ տվեց նման հայտարություններից առաջ հիմնավորել իրենց կարծիքը կոնկրետ փաստերով, նկատելով.”Ես նման փաստերի չեմ տիրապետում”:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












