Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

ԿՈԱԼԻՑԻԱ՝ ՄԱՍՆԱԿԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ

Ապրիլ 16, 2014թ. 00:11

Հարցազրույց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԳԱԳԻԿ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ

-Նախագահ Ս.Սարգսյանը, ինչպես ինքը տեղեկացրեց, նոր վարչապետի նշանակման փուլում զրուցել է գործադիրի, ՀՀԿ խորհրդի անդամների, ինչպես նաեւ կուսակցության համակիրների ու այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ եւ, համադրելով նրանց կարծիքները, վարչապետի պաշտոնում նպատակահարմար համարել Հովիկ Աբրահամյանի նշանակումը: Կարելի՞ է ասել, որ նորանշանակ վարչապետը տարբեր ուժերի համար ընդունելի քաղաքական ֆիգուր է:
-Ձեր գնահատականը շատ տեղին է, քանի որ Հովիկ Աբրահամյանը, իրոք, ընդունելի է բոլոր կողմերի համար ու վայելում է տարբեր ուժերի համակրանքը, վստահությունը: Եվ սա քննարկումների արդյունքում ձեւավորված կարծիք է: Սա նաեւ նշանակում է, որ այդ քննարկումների ժամանակ մեծամասնության արտահայտած տեսակետը նախագահն արտահայտեց իր կայացրած որոշման մեջ:
-«Կադրային հարցերում վարչապետն ունենալու է բարձր աստիճանի ազատություն՝ պահպանելով լավագույններին՝ անկախ հայացքներից». նախագահի այս խոսքը թո՞ւյլ է տալիս ենթադրել, որ նոր կառավարությունը կլինի բազմակուսակցական, այսինքն` կոալիցիոն:
-Կարծում եմ` այո: Չափազանց կարեւորում եմ նախագահի այս միտքը, քանի որ որպես նոր կառավարության ձեւավորման հիմնական չափորոշիչ սահմանվեց մարդկանց մասնագիտական կարողությունը:
Կառավարության ձեւավորումը ընթացքի մեջ է, համաձայն սահմանադրության պահանջի, վարչապետի նշանակումից հետո 20-օրյա ժամկետում կառավարության կազմն ամբողջությամբ կձեւավորվի, ու բացառված չէ, որ այլ քաղաքական ուժեր տարբեր ձեւաչափերով մասնակցեն նոր կառավարության ձեւավորմանը: Իսկ տարբեր ձեւաչափեր ասելով՝ նկատի ունեմ այն, որ, օրինակ, կարող են կոալիցիոն կառավարության մաս կազմել, բայց կառավարության գործունեության համար չստանձնել լիարժեք, ամբողջական պատասխանատվություն:
-Այսինքն՝ այն կարող է ունենալ մասնակի՞ բնույթ:
-Այո, չեմ բացառում, որ կգործի համագործակցության հետեւյալ ձեւաչափը, կոալիցիա` մասնակի պատասխանատվությամբ: Մեր երկիրն արդեն իսկ ունի նման փորձ, մեր գործադիրի «կյանքում» եղել են նման դրվագներ, երբ բացարձակ պատասխանատվության ստանձնումը չի եղել նախապայման կոալիցիա ձեւավորելու կամ պորտֆելներ ստանալու համար:
-Բայց ամբողջական պատասխանատվություն չստանձնելը խոցելի դարձրեց նախկին կոալիցիային. ՀՀԿ-ն հայտարարում է, որ ինքը պատրաստ է կրելու ամբողջ պատասխանատվությունը, մինչդեռ մյուսներն անվերջ իրենցից հեռու էին մղում այդ հարցը՝ ստեղծելով խնդրահարույց իրավիճակներ:
-Այո, ճիշտ հիշեցում էր. իրոք, անցյալում նման դեպքեր շատ են եղել եւ չեն մոռացվել մեր կողմից, ավելին՝ այդ հիշողությունն այսօր օգնում է մեզ ձեռք բերել այնպիսի նախնական պայմանավորվածություններ, որոնք թույլ չեն տա, որ վերստին կրկնվեն նման բացասական երեւույթները:
Կա համագործակցության մեկ այլ ձեւաչափ եւս, երբ այս կամ այն քաղաքական ուժը կարող է նոր կառավարոթյան ձեւավորմանը նպաստել իր ունեցած կադրային բանկով: Այսինքն՝ կառավարություն ուղարկել իր լավագույն մասնագետներին: Այդ անձինք կարող են չլինել քաղաքական գործիչներ, սակայն իրենց մասնագիտական իմացությամբ նպատակահարմար կլինի նրանց ներգրավումը նոր կառավարության կազմում:
-Փաստորեն, կձեւավորվի արհեստավարժների կառավարություն:
-Ես չեմ ցանկանա տարբեր մակդիրներով բնորոշել նոր կառավարությունը, բայց, իհարկե, չեմ կարող նաեւ բացառել նրա այդպիսին լինելը, որովհետեւ նախագահի խոսքում հստակ արձանագրվեց` կարեւորը մասնագիտական կարողությունների առկայությունն է:
-Քառյակը կազմակերպված տնտեսական համաժողովում ներկայացրեց երկրի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր։ Ի՞նչ եք կարծում, նոր կառավարությունը նպատակահարմար կհամարի՞ այն ներառել իր տնտեսական ապագա ծրագրում: Ի դեպ, դա կարող է համարվել նաեւ համագործակցության լավագույն ձեւ:
-Անցած շաբաթ նախագահի հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները ներկայացրել են տնտեսական քաղաքականության իրենց տեսլականը, քննարկել հնարավորություններն ու ուղղությունները: Նույն կուսակցություններն իրենց կարեւոր մասնակցությունն ունեցան հիշատակված համաժողովում եւ լուրջ ներդրում ունեն այդ ծրագրի կազմման հարցում: Հետեւաբար չեմ բացառում, որ ծրագիրը կա՛մ մասնակիորեն, կա՛մ ամբողջությամբ տեղ գտնի նաեւ ապագա կառավարության տնտեսական գործունեության ծրագրում:
Այսօր կարեւոր քննակումներ են ընթանում, ու եթե դրանց արդյունքում այս երկու կուսակցությունները` ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, ինչ-որ ձեւաչափով նախընտրեն համագործակցել ապագա կառավարության հետ, ապա, կարծում եմ, ձեր հարցադրումն իրողություն կդառնա:
Հավելեմ նաեւ, որ այդ ծրագրում կան դրույթներ, որոնք համահունչ են թե՛ ՀՀԿ-ի, թե՛ «Օրինաց երկրի» նախընտրական ծրագրերին: Այսինքն՝ սկզբունքային հարցերում կան ընդհանրություններ, ինչն էլ կհեշտացնի համաձայնության գալը:
-Չնայած ՀՀԿ-ի պատրաստակամությանը` համագործակցել խորհրդարանական փոքրամասնության հետ, սակայն, մասնավորաբար, ԲՀԿ-ի քաղաքական թեւից արձագանքներ են հնչում, թե մեր օրակարգում կոալիցիա մտնելու հարց չկա: Ինչպե՞ս կգնահատեք այս հանգամանքը:
-Թե ինչու են որոշ ԲՀԿ-ականներ նման հայտարություններ անում, թող իրենք էլ պարզաբանեն, իսկ ինչ վերաբերում է ՀՀԿ-ի պահվածքին` համագործակցության պատրաստակամությանը, այն մշտապես եղել է մեր սկզբունքային մոտեցումը: Մենք միշտ աշխատել ենք համագործակցային դաշտ ստեղծել` հիմնվելով ընդհանուր մոտեցումների վրա, ուր բոլոր քաղաքական ուժերը հնարավորություն կունենան իրենց ներդրումն ունենալ: Այնպես որ մեր պահվածքում որեւէ նոր բան չկա, մենք եղել ու մնում ենք քաղաքական ուժերի համագործակցության կողմնակիցը:
-Որպես կանոն, յուրաքանչյուր նոր վարչապետ գալիս ու իր նոր թիմն է ձեւավորում, այս առումով, կադրային ջարդ սպասե՞նք կառավարությունում:
-Կադրային ջարդի մասին խոսք լինել չի կարող, եւ չեմ կարծում, որ 12-րդ կառավարությունն իր առաջ դրած խնդիրները ձախողել է այնպես, որ այսօր առաջացել է բոլոր նախարարներին փոխելու անհրաժեշտություն:
Բայց ինչպես հանրապետության նախագահն ասաց իր խոսքում` նոր կառավարությունում կլինեն որոշակի փոփոխություններ: Իսկ դրա անհրաժեշտությունը կա հենց այն իմաստով, որ նոր հարցերի, խնդիրների լուծումը կառավարությունից պահանջելու է նոր մասնագետների ներգրավում:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն