Ադրբեջանի լրատվամիջոցները նենգափոխել են Իրանի նախարարի խոսքը
Հարցազրույց ԼՂՀ Ազգային Ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆԻ հետ
–Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը Ադրբեջանի իր գործընկերոջ` Զաքիր Հասանովի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ այսպիսի հայտարություն է արել.”Իրանը կողմնակից է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը”, ապա հավելել.”Իր երկիրը կողմ է ՄԱԿ-ի ընդունած այն չորս բանաձևերին, որոնք պահանջում են վերադարձնել Ադրբեջանի բռնազավթված տարածքները”: Կարծում եք իրանական կողմը, իրո՞ք, նման բովանդակությամբ հայտարարություն է հնչեցրել, թե՞ գործ ունենք ադրբեջանցիներին բնորոշ կեղծարարության հետ:
-Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հանդես է եկել որպես ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից, նաև ընդգծել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր դիրքորոշման մասին: Այս առումով, ասվածը նորություն չէ: Ինչ վերաբերում է ՄԱԿ-ի չորս բանաձևերին, ապա ես չեմ կարծում, որ Իրանի պաշտպանության նախարարը նման հայտարարություն հնչեցրած լինի ու չեմ բացառում, որ, իրոք, սա ադրբեջանական լրատվամիջոցներին հատուկ գործելաոճ է, երբ նենգափոխում են օտարերկրյա պաշտոնյաների խոսքերը: Իսկ եթե, այնուհանդերձ, ասվածը իրականություն է, ապա ես պետք է հիասթափեցնեմ մեր հարևան երկրի` Իրանի պաշտպանության նախարարին, որովհետև ՄԱԿ-ի ԱԽ-ի և ոչ մի բանաձևով չի պահանջվում Ադրբեջանին վերադարձնել, այսպես կոչված, բռնազավթած տարածքները: Հիշատակված 4 բանաձևերը ՄԱԿ-ն ընդունել է 20 տարի առաջ, պատերազմական գործողությունների ամենաթեժ փուլում` 1993-ի ապրիլ-նոյեմբեր ամիսներին: Այդ փաստաթղթերը պետք է համալիր դիտարկել և ոչ թե նրանցից կորզել առանձին հատվածներ ու ներկայացնել իբրև պահանջ: Բանաձևում կոչ է արվում կողմերին դադարեցնել մարտական գործողությունները, հետ քաշել զորքերն ու անցնել խնդրի կարգավորմանը` խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը սակայն մշտապես տապալել է Ադրբեջանը: Հետևաբար, ՄԱԿ-ի հիշյալ բանաձևերը կորցրել են իրենց իրավակիրառական նշանակությունը ու այսօր դրանք ոչ այլ ինչ են, քան պատմական փաստաթղթեր: Միաժամանակ, հիշեցնեմ, որ ԼՂ հարցի շուրջ գործընթացներն այսօր կառուցվում են ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի, այլև 1994-ի մայիսի 12 ին կողմերի, այդ թվում Ադրբեջանի ու ԼՂՀ-ի միջև ձեռքբերված հրադադարի հաստատման համաձայնագրի հիման վրա: Այս ամենով հանդերձ, ես վերստին այն կարծիքին եմ, որ Իրանի պաշտոնյան նման խոսք չի ասել ու սա ադրբեջանական կեղծարարություն է:
–Ադրբեջանը չի դադարում միջազգային ատյաններում հետևողականորեն առաջ մղել նաև Արցախի հյուսիսային հատվածում գտնվող Սարսանգի ջրամբարի անվտանգության հարցը՝ այն ներկայացնելով որպես “հումանիտար բնույթի” հարց:
-1992-ին օկուպացնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանի այն մասը, ուր գտնվում է Սարսանգի հիդրոհանգույցը, Ադրբեջանի զինվորական և քաղաքական իշխանություններն ամբողջությամբ ոչնչացրին հիդոէլեկտրոկայանի սարքավորումները ու որպես ռազմական ավար տեղափոխեցին Ադրբեջան: Եվ միայն տարիներ անց` 1995-96թթ. ԼՂՀ-ին հաջողվեց Հայաստանի ու հայության աջակցությամբ վերականգնել ադրբեջանցիների կողոպտածն ու ոչնչացրածը: Եվ այսօր Ադրբեջանը փորձում է աշխարհին ներկայանալ իբրև հումանիտար նպատակներ հետապնդող երկիր:
Եվ վերջապես, ի գիտություն բոլոր միջազգային կառույցների, Սարսանգի ջրամբարը կառուցվել է Խորհրդային միության տարիներին ու համարվում է ԽՍՀՄ փլուզումից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը բաժին հասած ռազմավարական նշանակության կառույց, որն այսօր շահագործվում է ԼՂՀ-ի կողմից` ի նպաստ մեր ժողովրդի:
-ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանը փորձում է ցույց տալ, թե մտահոգ է Արցախի սահմանամերձ ադրբեջանական տարածքների իր բնակիչների անվտանգությամբ, բայց մյուս կողմից ՙմտահոգ՚ երկիրը մերժում է Արցախի իշխանությունների առաջարկը` համագործակցել ջրային ռեսուրսների համատեղ օգտագործման շուրջ:
-Այո, և’ տարիներ առաջ, և’ 2013-ի տարեվերջին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը ի լուր աշխարհի կոչ արեց Ադրբեջանին նման խնդիրների շուրջ, այդ թվում և ջրային ռեսուրսների, սկսել երկկողմ բանակցություններ: Բայց մեր առաջարկը մերժվեց: Մենք ադրբեջանական ժողովրդին չենք զրկում բնության բարիքից, և այսօր Ադրբեջանի ժողովուրդը պետք է իմանա, որ ջրազրկված է սեփական իշխանությունների ոչ կառուցողական քաղաքականության հետևանքով: Իսկ ջուր կունենան միայն այն դեպքում, եթե Ադրբեջանի իշխանությունները փոխադարձ համաձայնության գան ԼՂ Հանրապետության իշխանությունների հետ:
-Մինչ Ադրբեջանը մերժում էհայկական կողմի առաջարկները, ԵԽ ԽՎ Բյուրոն օրերս որոշում կայացրեց ընթացք տալ Լեռնային Ղարաբաղի Սարսանգի ջրամբարի հետ կապված ադրբեջանական նախաձեռնությանը: Ի դեպ, 2013-ի հուլիսին ևս ադրբեջանական պատվիրակությունը նման փորձ արեց բանաձևը մտցնել ԵԽ ԽՎ նստաշրջանի օրակարգ, բայց այն հայկական պատվիրակության ջանքերով կանխվեց: Ինչո՞ւ այսօր Բյուրոն ընդառաջ գնաց Ադրբեջանի առաջարկին:
-Սա ինձ հիշեցրեց 1988-ին ԽՍՀՄ կոմկուսի քաղբյուրոյի ընդունած որոշումը, որը դատապարտում էր արցախյան շարժումը: Գիտեք, այդ խորհուրդների ու այդ բյուրոների խորհրդատվական որոշումների ժամանակներն ավարտվել են ու ԵԽ ԽՎ չինովնիկները չպետք է որոշեն ԼՂՀ ժողովրդի սեփականություն հանդիսացող Սարսանգի ջրամբարի ճակատագիրը: ԼՂՀ-ի դռները բաց են աշխարհի առաջ ու Եվրախորհուրդը կարող է ուղղարկել իր մասնագետներին, որոնք հենց տեղում փորձաքննություն կանցկացնեն ու կպարզեն, արդյո՞ք, ջրամբարը բնապահպանական տեսանկյունից խնդիրներ է հարուցում, արդյո՞ք ճիշտ են Ադրբեջանի փաստարկները: Իսկ Ադրբեջանի նպատակները զուտ քարոզչական են, դրանով իսկ ամբողջությամբ զուրկ իրական փաստարկներից: Նրանց նպատակը պարզ է` շեղել միջազգային հանրության ուշադրությունը ԼՂ հարցում իրենց ոչ կառուցողական կեցվածքից ու երկրում առկա այլ խնդիրներից: Իսկ թե ինչո՞ւ այսօր Բյուրոն ընդառաջ գնաց Ադրբեջանի առաջարկին, ցավոք, պետք է արձանագրեմ, որ նման քայլերում ադրբեջանցիները հաջողվում են շնորհիվ խավիարական ու նավթադոլարային քաղաքականության, ինչին տուրք են տալիս եվրոչինովնիկները:
-Ադրբեջանն այս բանաձևը ԵԽ ԽՎ-ին մատուցել է իբրև ՙհումանիտար՚ բնույթի հարց, ու տարօրինակն այն է, որ եվրոչինովնիկներն այդպես էլ ընդունել են ՙչնկատելով՚ քաղաքական նպատակները. բանաձևում հստակ շեշտվում են` ՙօկուպացված տարածքներ՚, ՙհայկական զորքերի դուրս բերում՚ մտքերը:
-Եվրոչինովնիկների նման գործելոճը արդեն իսկ հիասթափեցրել է Ղարաբաղի ժողովրդին, ու եվրոպական տարբեր կառույցների հանդեպ այսօր Արցախում կա արդարացի անվստահություն:
Բաքվի բնակչության 1/3-ն այսօր չունի խմելու ջուր, այդ մայրաքաղաք կոչվածի որոշ հատվածներում չկա անգամ կոյուղի, երկրի շրջաններում ևս վիճակը նույնն է` չկա բնական գազ, խմելու, ոռոգման ջուր: Հիմա այս ամենի բացակայությունն ի՞նչ կապ ունի ԼՂՀ պաշտպանական բանակի, գրավյալ տարածքների հետ: Եթե Ադրբեջանի` ԼՂՀ-ին հարակից տարածքները նման կենցաղային խնդիրներ ունեն, ապա դրանք ստեղծողն էլ, չլուծողն էլ Ադրբեջանի իշխող վարչախումբն է: Փոխանակ նավթի վաճառքից ստացված հսկայական գումարներն ուղղվեն ենթակառուցվածքների արդիականացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը, ուղղվում են նորագույն ռազմական տեխնոլոգիաների, զենք զինամթերքի ձեռքբերմանը, որ հետո սպառնան ոչ միայն ԼՂՀ-ին ու Հայաստանին, այլև ամբողջ տարածաշրջանին: Չմոռանանք, որ մի քանի ամիս առաջ Բաքվում ակտիվորեն շրջանառվում էր Իրանական Ադրբեջանը գրավելու թեման:
-Զեկույցը, հավանաբար, կքննարկվի ԵԽ ԽՎ հաջորդ նստաշրջանում։ Ի՞նչ քայլեր պետք է իրականացնի հայկական պատվիրակությունը:
-ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությունը մշտապես հաջողությամբ է կատարել իր առաքելությունը: Սակայն իմ գործընկերներին ուզում եմ դիմել մեկ խնդրանքով, նման հարցերում անառարկելի կռվան կարող է լինել հետևյալ քայլը` կոչ անել եվրոպական այդ կառույցին ուղիղ շփումներ հաստատել ԼՂՀ իշխանությունների հետ: Եվ եթե ԵԽ ԽՎ-ն իրապես շահագրգռված է ԼՂՀ-ի ու Սդրբեջանի միջև խնդիրների խաղաղ կարգավորմամբ, ապա եվրոչինովնիկները ոչ թե սեփական գրասենյակներում, այլ տեղում պետք է ուսումնասիրեն Ադրբեջանի կողմից բարձրացրված հարցերի իսկությունը: Միայն Արցախ գալով նրանց համար պարզ կդառնա, թե ադրբեջանական պատվիրակությունն ինչպիսի նենգափոխված տեղեկատվություններ է փոխանցում թե’ ԵԽ ԽՎ-ին, թե’ եվրոպական մյուս կառույցներին:
Հ.Գ.
Հարցազրույցը պատրաստ էր հրապարակման, երբ panorama.am կայքից տեղեկացանք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ Իրան կատարած այցը լուսաբանելիս ադրբեջանական ԶԼՄ-ներն ավանդույթի համաձայն հերթական ապատեղեկատվությունն են տարածել. Զաքիր Հասանովի անհիմն հայտարարությունները վերագրելով Իրանի պաշտպանության և ԶՈւ աջակցման նախարար Հոսեյն Դեհղանին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












