Եվրախորհրդարանը Քեսաբի վրա իրականացված հարձակումը դատապարտող բանաձև է ընդունել. ANCA
Եվրոպայի խորհրդարանն այսօր տեղի ունեցած լիագումար նիստում, մայիսին կայանալիք ընտրություններին ընդառաջ, Սիրիայի հարցով բանաձև է ընդունել՝ արտահայտելով իր մտահոգությունը երկրում տեղի ունեցող վերջին զարգացումների շուրջ, հատկապես՝ կապված Քեսաբում և պատերազմի կենտրոնում հայտնված խոցելի համայնքներում տիրող իրավիճակի հետ:
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) փոխանցմամբ՝ բանաձևը, մասնավորապես, դատապարտում է հարձակումը Քեսաբ հայկական ավանի վրա՝ նշելով, որ «ռեժիմի ուժերի և ապստամբների (որոնց շարքում «Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորմանն առնչվող անձինք կան) միջև տեղի ունեցող մարտերը հանգեցրել են Թուրքիայի հետ սահմանին գտնվող հայկական Քեսաբ ավանի բնակչության լայնամասշտաբ տեղահանմանը 2014-ի մարտի վերջին»:
Բանաձևում խոսվում է նաև էթնիկ և կրոնական տարբեր համայնքների մասին՝ ընդգծելով, որ տվյալ համայնքները միշտ եղել են Սիրիայի հասարակության մի մասը և կարևոր դեր են խաղացել Սիրիայի ժողովրդավարացման գործում և այժմ պետք է ներգրավվեն երկրի ապագայի շուրջ ցանկացած խորհրդակցություններում և հաշտեցման գործընթացում: Բանաձևում նշվում է, որ կրոնական համայնքները, գիտակցելով ռեժիմի փոփոխության կարիքը երկրում, նաև վախենում են դրանից, քանի որ կառավարության փոփոխության դեպքում իշխանության գլուխ կարող են կանգնել Սուննի ջիհադական ապստամբները, որոնք իսլամական պետություն հաստատելու կոչեր են հնչեցնում: Եվրախորհրդարանը մտահոգված է նաև «Ալ-Կաիդային» առնչվող «Ալ-Նուրսայի ճակատ» խմբավորման իրականացրած գործողություններով Թուրքիայի հետ սահմանին գտնվող քրիստոնեական և քրդական գյուղերում:
Բաստիան Բելդերը (Ազատ և ժողովրդավարական Եվրոպա կուսակցություն, Նիդերլանդներ) ընդգծել է, որ բանաձևն ամբողջական չի լինի, քանի դեռ ողջ ճշմարտությունը չի բացահայտվել Քեսաբի մասին, հակտապես՝ Հայոց ցեղասպանությունից հետո ևս մեկ անգամ Թուրքիայի ներգրավվածությունը հայ բնակչության տեղահանմանը:
Արդարության և ժողովրդավարության եվրոպական հայ հիմնադրամի (EAFJD) նախագահ Գասպար Կարապետյանը նշել է, որ մեղմ բանաձև է ընդունվել Թուրքիայի դեմ, որը բացել է սահմանը Քեսաբի հետ՝ աջակցելով ջիհադականներին՝ հարձակում գործել տարածաշրջանի վրա:












