Գլխավոր » Լրահոս, Հասարակություն

ԱՅՍՈՒՀԵՏ ԵԹԵՐԻՑ ՄԻԱՅՆ ՄԱՔՈՒՐ ՀԱՅԵՐԵՆ ԽՈՍԵՆՔ

Ապրիլ 17, 2014թ. 15:26

Երեկ ՀՀ ԳԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում “Հայոց լեզուն հեռուստաեթերում” խորագրով քննարկում էր կազմակերպվել, որի նախաձեռնողն ինստիտուտի` հայոց լեզվի այսօրվա վիճակով սրտացավ ղեկավարությունն ու մասնագետներն էին:

Քննարկման նպատակն էր անդրադառնալ հեռուստաեթերի լեզվի առանձնահատկություններին, պարզել թե այդ առումով ի՞նչ խնդիրներ կան և որոշել, թե ի՞նչ ճանապարհներով է հնարավոր շտկել առկա խնդիրները: Ինստիտուտի տնօրեն ՎԻԿՏՈՐ ԿԱՏՎԱԼՅԱՆԸ քննարկումից առաջ նշեց, որ այսօր գրական հայերենը հետընթաց է ապրում, այդ նահանջը շարունակական է և այն կանգնեցնելու համար դերակատարում ունի ինչպես գիտական հանրությունը` հանձին լեզվի ինստիտուտի մասնագետների, այնպես էլ հեռուստատեսությունը, քանի որ այն զագվածային լրատվամիջոց լինելով` ստանձնել է նաև հանրությանը կրթելու, դաստիարակելու պատասխանատու գործը:

Մինչդեռ այսօր հեռուստաընկերությունների ղեկավարներոը այդ պատասխանատվության գոծոնը խորությամբ չեն ընկալում և իրենց ղեկավարած ալիքները ներկայացնում են որպես զուտ զվարճանքի միջոցներ: Երկխոսության հրավիրելով հեռուստաալիքների ներկայացուցիչներին` լեզվի ինստիտուտը նպատակ ունի համագործակցության ճանապարհով լրացնել հեռուստատեսության ոլորտում առկա բացերը, շտկել թերությունները, որպեսզի հեռուստաեթերից հնչող լեզուն ոչ թե աղավաղի մայրենին, այլ հակառակը` հասարկությանը կրթի ու ճիշտ, հայեցի լեզվամտածողություն սերմանի:
Հասարակության մեջ մենք լեզվի նահանջ ենք տեսնում երկու ուղղություններով. մեկը երբ գրական լեզվի ոլորտ են ներխուժում լեզվի այլ դրսևորումներ` բարբառային խոսք, գռեհկաբանություններ, ժարգոնային արտահայտություններ, մյուսը լեզվական տարաբնույթ սխալներն են հնչյունական, արտասանական, բառագործածության, քերականական համակարգերում: Դրանում մեղավոր է նաև հեռուստատեսությունը, քանի որ հենց այնտեղից հնչած սխալներն է ընդօրինակում հասարակությունը: Կեղծ, սխալ պատկերացում կա, թե իբր արդի գրական հայերենը չի բավարարում եթերի լեզվին ներկայացվող պահանջներին, այդ պատճառով խրախուսվում է խոսակցական լեզուն մտցնել եթեր: Գրական հայերենը լավ էլ կենսունակ է, զարգանալու հնարավորություններ ունի և պետք է իր ոլորտներում գործառնվի՚,- իր մտահոգությունը ներկայացրեց ինստիտուտի տնօրենը:

Նա նաև նշեց, որ լեզվին առնչվող խնդիրների պատճառներից մեկը ոչ գրագետ հաղորդավարների, լրագրողների ու խմբագիր-պատասխանատուների աշխատանքի ընդունելն է: Հեռուստաընկերութունները պետք է իրենց հաշվետու լինեն, թե ո՞ւմ են թույլ տալիս հաղորդումներ վարել եթերից կամ խմբագրել, ներկայացնել եթերից հնչող տեքստերը: Հաճախ ռուսական կամ անգլիական թեքումով կրթություն ստացած մարդիկ են հանյտնվում էկրանին ու այնտեղից փորձում հայերենով ինչ-որ բաներ բացատրել, ներկայացնել հեռուստադիտողներին, արդյունքում եթերից հնչում են աղավաղված, ոչ հայեցի նախադասություններ: Նաև խոսքի մատուցման ձևն է խորթ մեր լեզվամշակույթին: Երբեմն հաղորդավարը կարող է իր խոսքը ծուռ բերանով արտաբերել, կամ անհասկանալի ծամածռություններ անելով, կապկային շարժումներով: Այդ առումով հեռուստաընկերությունները մեծ գործ ունեն անելու` եթերը մաքրելով նման մատուցման ձևերից: Պարոն Կատվալյանը նշեց, որ դա հեռուստաընկերությունների ղեկավարության լուծելիք հարցն է, լեզվի ինստիտուտը դրանում չի կարող նրանց աջակցել:

Ինչ վերաբերում է եթերից անաղարտ լեզու հնչեցնելու հարցին` լեզվի ինստիտուտի աշխատակիցները բազմաթիվ ուսումնասիրություններ են կատարել այդ ոլորտում, պատրաստել են ուղեցույց, որում ներկայացրել են այն սխալները, որոնք հիմնականում առկա են հեռուստաեթերի լեզվում: Այն տեղ առկա են հեռուստաեթերում առկա լեզվական սխալ արտահայտությունները և դրանց ճիշտ ձևերը: Ուղեցույցը շուտով կհարատարկվի և կտրամադրվի հեռուստաընկերություններին: Այդպիսով լեզվի ինստիտուտը կաջակցի հեռուստաալիքներին` հնարավորինս զերծ մնալու մայրենի լեզուն աղավաղելու դրսևորումներից: Սակայն համարելով, որ միայն նման ուղեցույցներով հնարավոր չի լինի վիճակը շտկել, ինստիտուտի ղեկավարությունը որոշել է գործուն քայլեր ձեռնարկել: Իբրև առաջին քայլ մտադրություն կա լեզվի ինստիտուտում ամենամսյա սեմինար- քննարկումներ կազմակերպել հեռուստատեսության աշխատակիցների համար:

Մեր այն հարցին, թե հատկապես հեռուստատեսային ո՞ր ձևաչափերում են լեզվական սխալներ լինում` ինստիտուտի տնօրենը նշեց, որ առավելագույն թերացումներն իրենք հայտնաբերել են գովազդներում, հեռուստասերիալներում և զվարճալի հաղորդումներում, որտեղ լեզուն առավել անվերահսկելի է և ակնհայտ է, որ այդ ձևաչափերում առկա տեքստերը գրում են մարդիկ, ովքեր բնավ լեզվի մասնագետներ չեն: Սակայն տնօրենը չնշեց, թե լեզուն աղավաղելու դրսևորումներով հատկապես ո՞ր հեռուստաընկերությունն է աչքի ընկնում: Ինստիտուտը դեռևս նման վարկանշային ցուցակ չունի և նման ցուցակ կազմելու նպատակ էլ չկա, քանի որ իրենք ցանկանում են հարցը համընդհանուր դիտարկմամբ ներկայացնել և համախմբված ուժերով որոշակի լուծումներ գտնել, այլ ոչ թե առանձնացնել ամենաշատ սխալներ թույլ տվող հեռուստաալիքներին և պախարակել նրանց:

Լեզվի ինստիտուտի արդի հայերենի բաժնի վարիչ ՆՎԵՐ ՍԱՐԳՍՅԱՆՆ էլ նկատեց, որ այսօր գրական լեզվի նահանջի մասին պատկերացումները կեղծ են, դրանք ստեղծել են զանգվածային լրատվամիջոցները: ՙԵրբ միացնում ես որևէ հայկական հեռուստաալիք` թվում է, թե մենք գրական հայերեն չունենք: Մինչդեռ գրական հայերենն ապրում է իր բնականոն զարգացմամբ, միայն թե հասարակությունից կտրված է: Պատճառը հեռուստաընկերությունների վարած սխալ քաղաքականությունն է՚: Թեև նա լավատեսորն նշեց, որ ինչպես ժամանակին հրապարակված մի քանի հոդվածներից հետո կարծես թե մամուլը լեզվի առումով արագ վերակազմավորվեց, այդպես էլ հեռուստատեսության ոլորտում վերջին 2-3 տարիների ընթացքում որոշակի դրական տեղաշարժեր են նկատվում: Օրինակ` առանձին հաղորդումների ժամանակ հաղորդավարները հյուրերին ուղղում են, հայերն բառեր են հուշում: Այսինք լեզվի նկատմամբ անտարբեր վերաբերմունքը վերանալու միտում ունի: Իհարկե հեռուստատեսություններում առկա լեզվական մակարդակը դեռ բավարար չէ: Հեռուստաընկերությունները դեռ շատ անելիք ունեն: Դրա համար նրանք նախ պետք է գիտակցեն, որ իրենց դաստիարակող դերն ավելի մեծ է, քան դպրոցինը: Այսօր դպրոցում ուսուցիչը ճգնում է հայերեն սովորեցնել աշակերտներին, իսկ հեռուստաեթերից հնչած մի սխալ արտահայտություն, բառ, ջուրն է գցում նրա ջանքերը, քանի որ երեխան ընդօրինակելով սխալը` սկսում է այն կիրառել: Այս առումով հեռուստատեսությունը վտանգավոր է, նրա խոսքը շատ ներգործող է:

ԳԱԱ թղթակից անդամ ԼԱՎՐԵՆՏԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ նույնպես ընդգծեց գրական լեզվի զարգացման, պահպանման գործում հեռուստատեսության անուրանալի դերը: Նրա համար մտահոգոիչ է այն, որ հայկական հեռուստաարտադրանքը դիտում են նաև սփյուռքում և այնտեղ հեռուստալսարանն անհամեմատ մեծ է, քան մեր հանրապետությունում: Այդ առումով Լավրենտի Հովհաննիսյանը ոչ այնքան հաղորդավարների ու լրագրողների խոսքն է վտանգավոր համարում, որքան ցուցադրվող հայկական արտադրության սերիալները և այն գողական շրջապատը, որն առկա է այդ սերիալներում: ՙԱյս երկիրը ժարգոնախոսների երկիր չէ: Պատկերացնո՞ւմ եք` սփյուռքահայը, որը սպասում է մայերնի գրական լեզու լսելուն, դիտում է այդ սերիալները ու պատկերացում կազմում, թե այստեղ մարդիկ միմյանց հետո գողական կամ փողոցային ժարգոնով են խոսում՚,- ասում է նա:

Անդրադառնալով ժամանակակից հումորային հաղորդումներին` պարոն Հովհաննիսյանը քննդատեց այդ հաղորդումներին կյանք տվող հեղինակներին ու դերասաններին, որոնց կարծիքով գրական լեզվով չի կարելի հումոր անել, այլ միայն ժարգոնով ու գռեհկաբանությամբ: ՙԵս դիտում եմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի ներկայացումները ու հասկանում, որ գրական լեզվով կարելի է ընտիր հումոր անել: Այդ դեպքում ինչո՞ւ է մեր հեռուստատեսությունը խուսափում դրանից: Այդ գործով զբաղվողները պետք է հարգեն հայ հանդիսատեսին, եթե իրենք իրենց չեն հարգում: Անգամ ռուսական ալիքներով չկա լեզվի նման մատուցում: Կարծում եք ռուսները գողական լեզու չունե՞ն: Իհարկե ունեն, բայց իրենց թույլ չեն տալիս այդ լեզվով ներկայանալ թե տեղական և թե միջազգային հանրությանը: Դա նաև հարված է սեփական արժանապատվությանը: Նման դրսևորումները փոխում են ժողովրդի լեզվամտածողությունը: Դրան է հակավոր ուշադրություն դարձնել՚,- իր խոսքը եզրափակեց Լավրենտի Հովհաննիսյանը:

Թեև քննարկմանը հրավիրվել էին հայկական բոլոր հեռուստաալիքներից ներկայացուցիչներ, եթերում լեզվի անաղարտության համար պատասխանատու մասնագետներ, սակայն միայն Հանրային հեռուստատեսությունն էր հետաքրքրություն ցուցաբերել: Իսկ դա մտածելու տեղիք է տալիս, որ թերևս միայն այդ հեռուստաընկերությունն է շահագրգիռ ականջալուր լինելու լեզվի մանագետների խորհուրդներին ու քայլ է կատարում հեռուստաալիքում որևէ բան շտկելու համար:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն