Կոալիցիաները կույրաղիքի պես մի բան են՝ և իշխանության, և ընդդիմության համար
Հարցազրույց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԻ հետ
–Ներքաղաքական դաշտում այսօր առկա իրողությունները չե՞ն փաստում այն մասին, որ Հայաստանում արդարացված չեն քաղաքական կոալիցիանների գոյությունը, քանզի դրանք հիմնականում ավարտվում են ՙամուսնալուծություններով՚:
– Կոալիցիաների ստեղծումը մեզանում ես համարում եմ ավելորդություն, կույրաղիքի պես մի բան են: Հարցին կպատասխանեմ նաև դասական քաղաքագիտության տեսանկյունից: Կոալիցիա կարող է ստեղծվել այն դեպքում, երբ միավորվող կուսակցությունները գաղափարախոսական, արժեհամակարգային առումով շատ մոտ են իրար, գրեթե նույնական են նրանց ծրագրերը: Իսկ գաղափարապես տարբեր ուժեր կոալիցիա կարող են կազմել միայն երկրի համար ծայրահեղ՝ պատերազմական իրավիճակներում: Կոալիցիա ստեղծում է նաև այն դեպքում, երբ տվյալ քաղաքական ուժը չունենալով բավարար ձայներ չի կարողանում ստեղծել որակյալ մեծամասնություն և ստիպված իր շուրջն է համախմբում ՙշնիկ կուսակցություններին՚՝ քաղաքագիտության մեջ այսպես են անվանում այն փոքր կուսակցություններին ու խմբերին, որոնք հավաքվում են առավել ձայներ վաստակած քաղաքական ուժի շուրջ:
-Մինչդեռ խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստացած ուժը՝ ՀՀԿ-ն, ունենալով միակուսակցական կառավարություն կազմելու հնարավորություն նախընտրեց ձևավորել կոալիցիա, առաջնորդվելով իր կողմից որդեգրած սկզբունքով՝ քաղաքական ուժերի հետ համագործակցությունը կարևոր պայման է:
– Հանրապետականն, իրոք, որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու կարիք չուներ, իր ստացած ձայները բավարար էին կառավարություն ձևավորելու համար: Ինչ վերաբերում է համագործակցությանը, ապա ամենևին պարտադիր չէ, որ դա արտահայտվի կոալիցիայի ստեղծմամբ: Քաղաքական մեծամասնությունը կարող է խորհրդարանում կոնկրետ խնդիրների շուրջ համագործակցել տարբեր խմբակցությունների հետ և նման համագործակցությունն ամենևին չի ենթադրում կոալիցիայի ստեղծում:
-Համագործակցել կոնկրետ հարցերի շուրջ, սա թերևս առավել արդյունավետ գործելաոճ է, քան կոալիցիոն հուշագրով կաշկանդված լինելը:
-Այո, այս տարբերակը ենթադրում է խորհրդարանական նորմալ գործունեություն՝ հիմնված արդյունավետ համագործակցության վրա: Տեսեք, խորհրդարանում կա քաղաքական մեծամասնություն և կան քաղաքական տարբեր ճամբարներ ներկայացնող խմբակցություններ, որոնց հետ մեծամասնությունը այս կամ այն հարցում կարող է լինել համախոհ կամ հակադրվել: Սա խորհրդարանական նորմալ կյանք է, իսկ կոալիցիայի առկայությունը խոչընդոտում է նման համագործակցությանը, այդ առումով, կոալիցիայի ստեղծումը մեզանում ես համարում եմ ավելորդություն:
– Փաստորեն, կոալիցիան կույրաղիք է ոչ միայն քաղաքական մեծամասնության համար, այլև ընդդմադիր դաշտի կայացման խոչընդոտն է ու նպաստում է կուսակցությունների ՙանդեմանալուն՚: Կոալիցիային հրաժեշտ տված ՙՕրինաց երկիրը՚ ևս խոստովանեց, որ այդ ձևաչափը արդյունավետ չէ և իրենք հնարավորություն չեն ունեցել ինքնադրսևորվելու, քաղաքական որոշումների վրա ներազդելու:
-Հերթով պատասխանեմ հարցերին: Նախ, քաղաքական կոալիցիաների գոյությունը ոչնչացնում է ընդդիմությանը, իսկ կայացած ընդդիմությունն անհրաժեշտություն է երկրի համար: Հաջորդը, եթե ՕԵԿ-ը համաձայնվել էր մտնել կոալիցիայի մեջ, ուրեմն, պետք է բավարարվեր տրվածով ու չբողոքեր որոշումների վրա ազդեցություն չունենալուց: Ի վերջո, 69 պատգամավոր ունեցող ՀՀԿ-ի համար 6 հոգանոց ՕԵԿ-ի ներկայությունը կոալիցիայում առանձնապես էական չէ: Իսկ իմ կարծիքն այն է, որ ՕԵԿ-ը դուրս եկավ կոալիցիայից, ընդդիմություն դառնալու նպատակով, որպեսզի երկու տարի անց Արթուր Բաղդասարյանը վերադառնա արդեն որպես նախագահի թեկնածու: Դրա համար ՕԵԿ-ը կսկսի հետայսու անխնա քննադատել և՜ նախագահին, և՜ ՀՀԿ-ին, ու իրեն ժողովրդի ներկայացնել որպես կոալիցիայից տուժած ուժ: Հիշենք, որ ընտրություններին մնում է 3 տարի, ուրեմն, նորից խորհրդարան մտնելու խնդիր կա, բայց եթե ընտրազանգված չունենան, ինչպե՞ս են մանդատներ ստանալու: Իսկ մանդատ ձեռքբերելու լավագույն ճանապարհը ընդդիմության դեր ստանձնելն է: Այնպես որ, բոլոր ուժերն էլ սկսել են նախապատրաստվել 2017-18-ի խորհրդարանական ու նախագահական ընտրություններին, այդ թվում և ՕԵԿ-ը:
-Ընտրությունների ավարտից անցել է մեկ տարի, մի քիչ շուտ չսկսվե՞ց այդ նախապատրաստությունը:
-Աշխարհում էլ է այդպես, ԱՄՆ-ում ընտրական գործընթացներն ընդհանրապես չեն դադարում, անընդհատ են: Ինչ վերաբերում է մեզ, ապա ՀՀԿ-ն որպես քաղաքական մեծամասնություն վարում է փայլուն քաղաքական մարտավարություն, իսկ մյուսները, որ դրանում առանձնապես աչքի չեն ընկնում, չունեն նաև անհրաժեշտ ռեսուրսներ պետք է այսօրվանից համախմբվեն ու պատրաստվեն ընտրական ճակատամարտին:
-Կարծում եք ոչ իշխանական քառյակն ի զորու՞ է նման համախմբման, երբ իրավիճակի փոփոխությունը բավարար եղավ, որ “քառյակից” տարբեր “ձայներ” հնչեն: Իրենք էլ չեն թաքցնում, որ սկսել են նույն իրողության շուրջ տարբեր կերպ մտածել: Գուցե քառյակն այլևս սպառե՞լ է իրեն:
-Քառյակն իր դերը կատարեց: Եթե նրանք անկեղծ են իրենց քայլերում, ուրեմն վարչապետի հրաժարականից հետո պետք է հարցերն իրար մեջ պարզեն, ապա կազմեն պլատֆորմ ու պատրաստվեն ԱԺ նոր ընտրություններին: Քաղաքական օրակարգերը հավերժական չեն, եթե իրավիճակ է փոփոխվել, ուրեմն պետք է ձևավորել նոր օրակարգ:
–Քառյակին փորձեց օրակարգ թելադրել Լևոն Տեր-Պետրոսյանը, ասելով՝ շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ ցրեք խորհրդարանը եւ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացրեք:
-Լևոն Տեր-Պետրոսյանը վրեժ ունի լուծելու Հայաստանի քաղաքական դաշտից, նրա բոլոր հրահանգներն այս տրամաբանության մեջ են: Բայց նրա մաքսիմալիստական պահանջներով Հայաստանն առաջ գնալ չի կարող: Իսկ քառյակին ուղղորդել Տեր- Պետրոսյանը չի կարող, որովհետև 4 ուժերից ամեն մեկն իր մտքում գիտի իր անելքը: Տեր-Պետրոսյանը ևս հասկանում է դա ու իր նպատակը հասարակության մեջ տրամադրություններ ներարկելն է: Բայց չգիտի, որ իրեն այլևս լսող չկա:
-Ամփոփենք, ի վերջո, այսօր մեր երկրին ինչպիսի՞ կառավարություն է հարկավոր՝ կուսակցականների՞, թե՞ արհեստավարժների:
-Քաղաքական կոալիցիա, ազգային համաձայնության կառավարություն ձևավորելը աբսուրդ է: Ուրեմն, սա մի կողմ թողնելով, իշխանությունը պետք է հստակեցի իր օրակարգն ու կենտրոնանա Հայաստանի համար հրատապ խնդիրների լուծման վրա՝ արտագաղթի կանխում, կոռուպցիայի դեմ պայքար: Հրատապ է նաև Մաքսային միության անդամակցման գործընթացը: Իսկ Կրեմլում նստած են Սանկտ-Պետերբուգի ինտելեկտուալները, որոնք Լև Գումիլյովի գաղափարական ժառանգորդներ են, նրանք բարձր ինտելեկտի տեր մարդիկ են, որոնց հետ պետք է ճիշտ հարաբերվել: Մեր երկրի շահերը առաջ մղելու, ձախողումներից խուսափելու, իսկ հետո Ռուսաստանին չմեղադրելու համար Հայաստանի կառավարությունում պետք է հավաքվեն ինտելեկտուալ ու հայրենասեր մարդիկ, և ոչ թե ՙշուստրիներ՚:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












