Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն

Սերժ Թանկյանի նամակը թուրք ժողովրդին

Ապրիլ 22, 2014թ. 22:49

Պոլսում տպագրվող հայկական «Ակօս»-ը իր էջերում տեղ է տրամադրել Սփյուռքի 16 գործիչների, ովքեր նամակներ են հղել Թուրքիայի ժողովրդին՝ պատմելով Հայոց ցեղասպանությունից փրկված կամ դրա զոհը դարձած իրենց նախնիների մասին: «Ակօս»-ում հրապարակված նամակներից մեկը հայտնի ռոք երաժիշտ Սերժ Թանկյանինն է:

«Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ Անունս Սերժ Թանկյան է։ Ես ծնվել եմ Լիբանանում։ Պապիկներս ու տատիկներս եկել են այնտեղից, որն այժմ Թուրքիա է կոչվում։ Պապիկս՝ Ստեփանը, եկել է Կեսարիայից, իսկ Վարսենիկ տատիկս՝ Թոքաթից։ Մյուս պապիկս ու տատիկս՝ Դորթյոլից և Ուրֆայից։ Նրանցից ոչ մեկն իր ծննդավայրը հոժարակամ չի լքել: Նրանք բոլորն էլ քստմնելի ցեղասպանությունից փրկվածներ են, որն իրագործվել է Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ կառավարության գլուխ անցած իթթիհաթականների կողմից։ Այդ ժամանակ բոլորն էլ երեխաներ են եղել։

Ստեփան պապիկս փրկվել էր և որոշ ժամանակ բնակվել ամերիկյան, ապա հունական որբանոցներում` մինչև, որպես գաղթական,Լիբանան հասնելը: Վարսենիկ տատիկս և նրա մեծ մայրը փրկվել էին մի թուրք քաղաքապետի շնորհիվ, որն իր կյանքը վտանգել էր հանուն ճիշտ արարքի: Այս պատմությունները Թուրքիայի կամ այլ պետությունների արխիվային պատմություններ չեն։ Այս դեպքերն իմ ընտանիքի պատմությունն են։

Ավելի քան 600 տարի առաջ այն երկիրը, որտեղից պապիկս է եկել, ճանաչված էր որպես պատմական Հայաստան։ Երբ մարդաբաններն ուսումնասիրություն են կատարում Թուրքիայում, նրանք հելլենական մշակույթի կողքին գտնում են մեր մշակույթի մնացորդները։ Թուրքիան շատ կարևոր է ինձ համար, ոչ թե նրա համար, որ պապիկս այնտեղից է եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով զավթվել են նրանցից ոչ թե պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխության հետևանքով, այլ իթթիհաթականների կառավարության վայրագ հրահանգների պատճառով։

Ի՞նչ նշանակություն ունի այդ ամենը մեզ համար։ Շատ պարզ է` հայերս չենք ուզում ճնշում գործադրել Թուրքիայի վրա կամ ցեղային խռովություն ստեղծել, մենք միայն արդարություն ենք ուզում, որպեսզի բոլորս կարողանանք առաջ անցնել այս պատմական ցավից, որը կաշկանդում է մեր հարաբերությունները։ Սա միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում, այլ նաև Թուրքիայի պատմության հարցն է։ Արդյո՞ք Էրդողանի կառավարությունը ճիշտ քայլ կկատարի` այս հարցի հետ կապված։ Չեմ կարծում։ Ոչ էլ ռազմական ատյանը կանի նման բան, որը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ իշխել է երկրի վրա:

Տեղյա՞կ եք, որ ձեր կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ ժխտելու համար այս իրականությունը՝ օտար մայրաքաղաքներում տարբեր լոբբինգային ընկերություններ գործի դնելով, տարբեր համալսարաններում նախագահների պաշտոններ առաջադրելով, որպեսզի իրենց ցանկությամբ գրեն ցանկացած իրականությունը: Գիտե՞ք, թե դա մեզ՝ հայերիս համար ինչ նշանակություն ունի: Գիտե՞ք, թե դա որքան տանջալի է մեզ համար։ Բավարար չէ՞ իմ՝ Եղեռնից փրկվածի թոռ լինելը։ Ստիպված եմ մեկ էլ միջազգային հարթակում քարոզչության և փտածության դեմ պայքարել, որպեսզի տիրանամ արդարությանս։ Մեր պատմությունները, աշխարհագրությունն ու արյունն իրար այնքան մոտ են, որ չենք կարող այս հարցերի լուծումները չգտնել։ Թե՛ հայերը, թե՛ թուրքերն արժանի են ունենալ ղեկավարներ և կառավարություններ, որոնք հավասարապաշտ են, ժողովրդավար և ոչ փտած։

Ավարտելով նամակս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հիանալի մարդկանց, որոնց հանդիպել եմ Թուրքիայում և որոնք ինձ հետ կիսել են իրենց պատմությունները երաժշտական շրջագայության ժամանակ և առցանց, որոնք ինձ ճշմարտության և արդարության վրա հիմնված մերձեցման հույս են ներշնչել։ Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ, մաղթում եմ, որ իսկապես կարողանաք գտնել ինքներդ ձեզ»։


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Տարածաշրջան, Ցեղասպանություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն