ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ՀԶՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ
Վերջին ամիսների ընթացքում հայրենի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում իշխող տրամադրությունները վկայում են, որ այս ուժերը իսպառ կորցրել են ժամանակի զգացողությունը։
Մինչդեռ ներկայումս Հայաստանում ու նրա շուրջ ձեւավորվում է սկզբունքորեն նոր ներքին ու մանավանդ արտաքին կացություն, որի հիմնական առանձնահատկություններն են.
ա) ներքաղաքական պայքարում անխուսափելի դարձող գոնե մի քանի ամսվա թայմ-աուտը,
բ) երկրի եւ ողջ հասարակության ուշադրության տեղափոխումը արտաքին-քաղաքական հրատապ խնդիրների վրա։
Նման պայմաններում կցանկանա՞ն ընդդիմությունը կամ իշխանությունները, թե՞ ոչ, քաղաքական պայքարի հաջորդ շրջափուլում առաջին պլան են մղվելու արտաքին-քաղաքական խնդիրները։
Հարց է առաջանում. որքանով են պատրաստ քաղաքական դաշտում ներկայացված ուժերը այս նոր մարտահրավերներին։ Պատկերը հստակ է միայն իշխանության դաշտում, որը բաղկացած է իրենց կենսագրությամբ ու համոզմունքներով Ղարաբաղի հարցում միշտ էլ սկզբունքային կեցվածք ունեցող գործիչներից։
Իսկ ահա ընդդիմադիր հիմնական ուժերը (բացառությամբ, անշուշտ, ՀՅԴ-ի), ի տարբերություն իշխանությունների, երբեք էլ չեն դասվել եւ, կարծում ենք, ապագայում եւս չեն դասվելու արտաքին քաղաքականության ու մանավանդ Ղարաբաղի հարցում սկզբունքային, առավել եւս՝ կոշտ դիրքորոշումներ ունեցող գործիչների թվին։ Նրանց համար Ղարաբաղյան հիմնահարցը եւ մյուս բարդ խնդիրները եղել եւ մնում են սոսկ որպես իշխանության հասնելու միջոց։
Այս պայմաններում, եթե փորձենք համեմատել Ղարաբաղի հարցում Ադրբեջանի ընդդիմության դիրքորոշումները հայաստանյան իրենց գործընկերների անորոշ ու հայեցողական մոտեցումների հետ, ապա անմիջապես կարձանագրենք աղաղակող, աչք ծակող անհամապատասխանություններ։
Ադրբեջանի ազգայնական ընդդիմությունը ավանդաբար հզոր ճնշում է գործադրում իր երկրի իշխանությունների վրա՝ Ղարաբաղի հարցում որեւէ զիջում չկատարելու պահանջով եւ ապագայում է՛լ ավելի է կոշտացնելու իր դիրքորոշումները։ Իսկ ահա հայրենի ընդդիմությունը ավանդաբար շփում է իր ձեռքերը՝ սպասելով, թե երբ է արտաքին աշխարհը ճնշում գործադրելու Հայաստանի իշխանությունների վրա՝ զիջումներ պարտադրելով Ղարաբաղի հարցում, որպեսզի վերջիններս կանգնեն կա՛մ սկզբունքներից, կա՛մ իշխանությունից հրաժարվելու երկընտրանքի առջեւ։
Հարց է առաջանում. ի վերջո, ո՞ւմ է դա ձեռնտու՝ մեր երկրի՞ն, պետականությա՞նը, թե՞ ժողովրդին։ Ակնհայտ է, որ ո՛չ մեկին, բացի իշխանության ձգտող ընդդիմության մի քանի առաջնորդներից։
Միաժամանակ, գաղտնիք չէ նաեւ, որ Հայաստանի նման փոքր երկրներում ցանկացած իշխանություն՝ ինչպիսի համոզմունքներ էլ ունենա, միշտ էլ պարտադրված է լինում արտաքին քաղաքական խնդիրների հանդեպ գրավել շատ թե քիչ հավասարակշռված, զգուշավոր դիրքեր։ Եվ նրան պետք է հակակշռի արմատական-ազգայնական բեւեռը։
Ի վերջո, հանրահայտ ճշմարտություն է, որ իշխանությունը չի կարող ավելի արմատական եւ ավելի ազգայնական լինել, քան ընդդիմությունը, որն ավելի ազատ է իր հայտարարությունների եւ քաղաքական քայլերի մեջ։
Մինչդեռ, ինչպես Թուրքիայի հետ հարաբերությունների, այնպես էլ Ղարաբաղի հարցերում ընդդիմադիր դաշտում, դժբախտաբար, չունենք իշխանության մոտեցումները ավելի արմատական դիրքերից քննադատող ազդեցիկ ուժեր (կրկնում ենք, բացառությամբ Դաշնակցության)։
Մի կողմից՝ ներքաղաքական կյանքի առողջացման եւ մյուս կողմից՝ ամենեւին էլ ո՛չ իշխանությունների, այլ ողջ պետականության ու երկրի «արտաքին դիմադրողականության» մեծացման համար հայրենի քաղաքական դաշտում ներկայումս սրությամբ զգացվում է ազգայնական հզոր ընդդիմության ձեւավորման անհրաժեշտությունը։
ԿԱՐԵՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆ












