Գլխավոր » TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱԳՈՐԾՎԵՑ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՔՈՂԻ ՏԱԿ

Ապրիլ 22, 2014թ. 23:48

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում երեկ բացվեց «Առաջին համաշխարհային պատերազմ. դաշնակիցներ, կերպարներ, կոտորածներ» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը: Այնուհետեւ մեկնարկեց «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղասպանություն, փախստականներ եւ մարդասիրական օգնություն» միջազգային երկօրյա գիտաժողովը:

ԱՆԳԼԻԱՑԻ ՊԱՏՄԱԲԱՆԸ ԼՌԵՑՐԵԼ Է ԹՈՒՐՔ ԿԵՂԾԱՐԱՐԻՆ

Նկատենք, որ գիտաժողովի թեմայի ընտրությունն ամենեւին պատահականություն չէ: Ավելին՝ տեղին ու ճշգրիտ է նպատակադրումը. այս տարի լրանում է Առաջին աշխարհամարտի 100-րդ տարին, եւ աշխարհը պատրաստվում է տարբեր միջոցառումներով անդրադառնալ այս փաստին:
Իսկ պատերազմի համատեքստում ցեղասպանության ենթարկված ու հայրենազրկված հայ ժողովուրդը կարեւորագույն ասելիք ունի աշխարհին, առավել եւս այն գերտերություններին, որոնք այսօր քաղաքական, տնտեսական շահերով տարված՝ փորձում են ամեն կերպ մոռացության տալ Հայկական հարցը: Բայց չէ՞ որ Հայոց ցեղասպանությունը իրագործվեց հենց Առաջին համաշխարհայինի քողի տակ:
«Մեր նպատակն է հատուկ շեշտադրել Կովկասյան ռազմաճակատում տեղի ունեցած բացառիկ իրադարձությունը. երիտթուրքերի կառավարությունը, օգտվելով համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից, իրագործեց նախապես ծրագրած ցեղասպանությունը ոչ միայն Արեւմտյան Հայաստանի, այլեւ Օսմանյան կայսրության ողջ տարածքում, ինչպես նաեւ Կովկասի եւ Հյուսիսային Իրանի շրջաններում»,- մեզ հետ զրույցում ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն ՀԱՅԿ ԴԵՄՈՅԱՆԸ:

Իսկ այն, որ Առաջին աշխարհամարտին նվիրված տարբեր միջոցառումներում հստակորեն բարձրաձայնվում է Հայոց ցեղասպանության մասին, որպես կատարված իրողություն, Դեմոյանը իբրեւ օրինակ բերեց վերջերս Ստամբուլում կազմակերպված գիտաժողովում տեղի ունեցածը: Հիմնական զեկուցող անգլիացի պատմաբանն իր խոսքում հաճախ օգտագործելով Հայոց ցեղասպանություն եզրույթը՝ հունից հանում է մի թուրք պատմաբանի. «Դուք շատ եք օգտագործում այդ արտահայտությունը, բայց նման բան չկա, դա կեղծիք է»:
Սակայն թուրք կեղծարարի այս հայտարարությունը հենց տեղում արժանանում է անգլիացի պատմաբանի համարժեք հակադարձմանը. «Դա պատմական փաստ է, դուք չեք կարող այն ժխտել», որին հաջորդում է դահլիճի համարժեք արձագանքը՝ ծափահարությունները: Ամեն ինչ սրանով ասված էր, ու թուրք պատմաբանին այլ բան չէր մնում անել, քան լռելը:

ԼԵՆԻՆԸ ՓԱԿԵՑ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑԸ

Կալիֆոռնիայի համալսարանի դասախոս ՌՈՒԲԻՆԱ ՓԻՐՈՒՄՅԱՆԸ անդրադարձավ այն գործոններին, որոնք մինչեւ Առաջին աշխարհամարտի ավարտը դյուրացրին թուրքական առաջխաղացումը Անդրկովկասում ու նպաստեցին Հայոց ցեղասպանության շարունակականությանը. բոլշեւիկյան հեղափոխություն, գերմանաբոլշեւիկյան համաձայնագրեր, դաշնակից պետությունների անտարբեր կեցվածք:
Լենինի հրահանգով ռուս զինվորները, թուրքերին թողնելով զենք-զինամթերքը, հեռանում էին, իսկ նրա մեկ այլ քայլով վերջնականապես ամրագրվեց Արեւմտյան Հայաստանի բռնազավթումը Թուրքիայի կողմից: Դա 1918-ին ստորագրված Բրեստ-Լիտովսկի համաձայնագիրն էր, որով, բացի հայկական 6 վիլայեթներից, Գերմանիան Թուրքիայի համար պահանջեց նաեւ Կարսը, Արդահանն ու Բաթումը։ «Լենինի համար կարեւորը ռուսական հեղափոխությունն էր, իսկ թե այդ հողերում ո՞վ կլինի՝ հայը թե թուրքը, երկրորդական էր»:

ԺԱՄԱՆԱԿՆ Է ԱԶԱՏՎԵԼ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԿԱՐԾՐԱՏԻՊԻՑ

Ռուսական կայսրության գլխավոր հրամանատարության պաշտոնական տվյալներով, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից ի վեր Արեւմտյան եւ Կովկասյան ճակատներում կռվել են ավելի քան 300 հազ. հայազգի զինվորներ: Հիշատակելով այս փաստը՝ պատմաբան ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՈՒԹՅԱՆԸ նկատում է, որ պատերազմող ոչ մի երկրում, բացի Օսմանյան կայսրությունից, չեն եղել քաղաքացիական բնակչության զինված ինքնապաշտպանություններ: Ինչո՞ւ :
Հարցի պատասխանը շատ պարզ է, քանզի. «Միայն Օսմանյան կայսրությունն էր, որ, օգտվելով պատերազմի ընձեռած հնարավորություններից, փորձեց ֆիզիկապես ոչնչացնել իր քաղաքացիական բնակչության մի հատվածը՝ հայերին»։
Մարությանն անդրադարձավ մեր օրերում՝ գուցեեւ միտումնավոր, գուցեեւ անգիտությամբ հաճախ շրջանառվող այն թյուրընկալումներին, թե հայերը «մորթվել են ոչխարների նման»՝ չկարողանալով ինքնապաշտպանվել:

Մինչդեռ ճիշտ հակառակն է տեղի ունեցել. նախ, Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության վարած ցեղասպան քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ տարբեր վայրերում կազմավորվում էին հայկական ինքնապաշտպանական ջոկատներ: Պատմաբանը մեկ առ մեկ թվեց հայկական այն բնակավայրերը, ուր հայ ժողովուրդը ինքնապաշտպանական մարտերով փորձել է դիմակայել թշնամուն՝ Շատախ, Վան, Շապին-Գարահիսար, Սասուն, Մուշ, Մուսալեռ, Խնուս, Խոտորջուրի գավառ, եւ այլն, եւ այլն:
Այդ դիմադրությունը երբեմն եղել է կազմակերպված, երբեմն՝ ոչ, երբեմն եղել է լավ զինված, երբեմն՝ շատ քիչ զենքով, սակայն կարեւորն այն է, որ հայ ժողովուրդը պայքարել է հանուն իր հայրենիքի. «Առանց որեւէ պաթոսի շեշտում եմ՝ «ոչխարի նման մորթվող ժողովուրդը» չէր կարող 1918թ. մայիսին, դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքին, պետականության բացակայության պայմաններում բռունցքվել եւ հաղթական ինքնապաշտպանական ճակատամարտ մղել Սարդարապատում, Ապարանում, դիմակայել Ղարաքիլիսայում՝ այդ կերպ արեւելահայությանը փրկելով սպասվող ցեղասպանությունից»:

Մարությանն արդարացիորեն ընդգծում է նաեւ նման սխալ ընկալման վտանգավոր հետեւանքները՝ առաջանում է թերարժեքության բարդույթ, ցեղասպանության հիշողությունը ընկալվում է որպես բեռ ու կարեւորվում դրանից «ազատվելուն» միտված քայլերը:
Հարց է առաջանում. իսկ ի՞նչպես էին ինքնապաշտպանվում հրեաները Հոլոքոստի տարիներին: Բանն այն է, որ զինված դիմադրություն՝ որպես այդպիսին, շատ քիչ է եղել, մինչդեռ դա չխանգարեց, որ հրեաները իրենց պայքարի հերոսականությունը շեշտադրելու նպատակով հետեւողականորեն ընդգծեն այդ քչերից մեկը՝ 1943 թ. Վարշավայի հրեական գետտոյի ֆաշիստների դեմ ուղղված ապստամբության փաստը:

Եվ ահա, եթե հայոց պարագայում Ցեղասպանության զոհերի հիշատակի օր է նշվում Կոստանդնուպոլսի հայ մտավորականության զանգվածային ձերբակալությունների եւ աքսորի սկզբի օրը, ապա Հոլոքոստի հիշատակի օրը Հրեական խորհրդարանը որոշեց կոչել «Հոլոքոստի նահատակների եւ հերոսների հիշատակի օր», ի տարբերություն հայկականի՝ առավելապես շեշտելով պայքարի, մարտնչելու գաղափարը։
Սրանով, ինչպես նկատում է պատմաբանը, հրեաները կարողացան ձերբազատվել տասնամյակներ շարունակ իրենց մոտ եւս տարածված այդ կարծրատիպից, թե հրեաները «մորթվել են ոչխարների նման»:

Պատմաբանի առաջարկությունն է՝ 25-ամյա ազգային պետականություն ունեցող, արցախյան հաղթանակներ արձանագրած անկախ Հայաստանը ժամանակն է, որ վերաիմաստավորի Ցեղասպանության հիշողության օրվա խորհուրդը՝ կատարելով շեշտադրումների փոփոխություն։ Իսկ առաջին քայլերից մեկը կարող է լինել «Ինքնապաշտպանի/ինքնապաշտպանության օրվա» հռչակումը մեր ազգային-պետական տոնացույցում։

Գիտաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են ինչպես Հայաստանից, այնպես էլ Ռուսաստանի Դաշնությունից, Իտալիայից, Կանադայից, Ֆրանսիայից, Նորվեգիայից, Հունգարիայից, ԱՄՆ-ից ժամանած մասնագետներ, կշարունակվի նաեւ այսօր:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն