Գլխավոր » Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն

ԹՈՒՐՔԵՐԸ ԴԵՌ ՏԱՌԱՊՈՒՄ ԵՆ ԽՂՃԻ ԽԱՅԹԻՑ

Ապրիլ 23, 2014թ. 00:08

Ամեն անգամ, երբ Հայոց ցեղասպանությունը հիշատակվում է աշխարհի որեւէ անկյունում, թուրք պաշտոնյաներն աղմուկ-աղաղակ են բարձրացնում՝ վատ արարքի մեջ բռնված չարագործի նման:
Անցյալ շաբաթ աշխարհն ականատես եղավ թուրքական ցասման եւս մեկ պոռթկման, երբ Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, չնայած Անկարայի վարչակարգի եւ նրա կողմից շռայլորեն վարձատրվող լոբբիստական ընկերությունների հզոր ճնշմանը, ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձեւը 12 կողմ, 5 դեմ ձայներով: Առաջին անգամ է, որ այս կառույցը վերջին քառորդ դարի ընթացքում նման բանաձեւ է հավանության արժանացնում:

Սենատի որոշումից դժգոհ, Դավութօղլուն ամերիկյան կառավարությանը նախազգուշացրեց, որ «Թուրքիան չի լռելու», եթե Հայոց ցեղասպանության բանաձեւը հանձնաժողովից անցնի Սենատի լիագումար նիստ: Թուրքիայի արտգործնախարարությունը էլ ավելի կոշտ արձագանքեց՝ մեղադրելով հանձնաժողովին «իր իրավասությունը եւ պատասխանատվությունը» գերազանցելու համար: Դավութօղլուն շտապեց զանգահարել Ջոն Քերիին՝ հորդորելով նրան կանխել բանաձեւի ընդունումը:

Այս գործի մեջ ներքաշվեց նաեւ խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը՝ Հայկական հարցը «բեռ» անվանելով թուրք-ամերիկյան հարաբերություններում: Լայն տարածում ունեցող «Հուրիյեթ» թերթի մի մեկնաբան նշեց, որ Ցեղասպանության բանաձեւն արյան ճնշում կբարձրացնի Անկարայում…
Նախկին թուրք դեսպան Օմեր Էնգին Լյութեմը ավելացրեց, որ Թուրքիան «ստիպված է ավելի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի կանխի նման բանաձեւերի ընդունումը», չհաշված միլիոնավոր դոլարները, որ ծախսվում են լոբբիստական ընկերությունների վրա ամեն տարի։

Էրդողանին սատարող թերթերը նույնիսկ կեղծիքներ տպագրեցին Ցեղասպանության բանաձեւի մասին, պնդելով, որ այդ ձեռնարկն այլեւս վավերական չէ, քանի որ այն չի ընդունվել Սենատի լիագումար նիստի օրակարգում մինչեւ ապրիլի 24-ը, կամ էլ բանաձեւն անիմաստ է, քանի որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները Անկարայում հայտարարել է, թե թույլ չի տա, որ Ներկայացուցիչների պալատի տարբերակն անցնի:

Իհարկե, այս երկու պնդումներն էլ չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի տարբերակները համատեղ բանաձեւի մաս չեն կազմում։ Դրանք կարող են առանձին-առանձին ընդունվել յուրաքանչյուր պալատի կողմից ավելի ուշ այս տարվա ընթացքում:
Ամերիկահայ ընտրողները պետք է հնարավոր ամեն ինչ անեն՝ կանխելու կոնգրեսական Բեյների վերընտրությունը նոյեմբերին: Նույն ձեւով, հայ համայնքը պետք է ընդդիմանա այն սենատորներին, որոնք անամոթաբար դեմ են քվեարկել բանաձեւին, անգամ այն բանից հետո, երբ սենատոր Մենենդեսը որոշ դրույթներ հանեց ընդդիմախոսների հետ համաձայնության գալու համար: Ջոն Բարասո (Վայոմինգ), Բոբ Քորկեր (Թենեսի), Ջեֆ Ֆլեյկ (Արիզոնա), Ռոն Ջոնսոն (Վիսկոնսին) եւ Ջեյմս Ռիշ (Այդահո). սրանք այն հինգ հանրապետական սենատորներն են, որոնք դեմ քվեարկեցին:

Մյուս կողմից, ամերիկահայերը պետք է ամեն կերպ աջակցեն այն 12 սենատորներին, որոնք կողմ քվեարկեցին Հայոց ցեղասպանության բանաձեւին. հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդես (դեմոկրատ, Նյու Ջերսի), Բարբարա Բոքսեր (դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բենջամին Քարդին (դեմոկրատ, Մերիլենդ), Քրիստոֆեր Քունս (դեմոկրատ, Դելավեր), Ռիչարդ Դուրբին (դեմոկրատ, Իլինոյս), Թիմ Քեյն (դեմոկրատ, Վիրջինիա), Էդվարդ Մարքեյ (դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջոն Մակքեյն (հանրապետական, Արիզոնա), Քրիս Մերֆի (դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Մարկո Ռուբիո (հանրապետական, Ֆլորիդա), Ժին Շահին (դեմոկրատ, Նյու Հեմփշիր) եւ Թոմ Ուդոլ (դեմոկրատ, Նյու Մեքսիկո):
Հակառակ հասարակական տպավորությանը՝ Հայոց ցեղասպանության բանաձեւերը ներկայացնելու հիմնական նպատակը ցեղասպանության ճանաչման հասնելը չէ, որն արդեն բազմիցս ձեռք է բերվել. ԱՄՆ կառավարության ներկայացրած պաշտոնական փաստաթուղթը Միջազգային դատարան 1951 թվականին, նախագահ Ռեյգանի 1981 թվականի հայտարարությունը եւ Ներկայացուցիչների պալատի բանաձեւերը 1975 եւ 1984 թվականներին: Այս բանաձեւերը պարզապես ծառայում են որպես հարմար միջոց Հայոց ցեղասպանության հարցը որպես օրախնդիր պահելու եւ լրատվամիջոցների ուշադրությունը Հայկական հարցի վրա բեւեռելու համար:

Բացի դրանից, բանաձեւերը սովորաբար խուճապ են առաջացնում Անկարայում թուրք պաշտոնյաների ջղագրգիռ արձագանքի պատճառով: Թուրքիայի կառավարությունը նաեւ ամեն տարի տասնյակ միլիոնավոր դոլարներ է վատնում բանաձեւերին հակազդելու համար, որոնք պարզապես արտահայտում են «Կոնգրեսի կարծիքը»:
Նման բանաձեւեր ընդունելու հայկական ջանքերը հաշվեհարդարի մի ձեւ են թուրքական իրարահաջորդ կառավարությունների դեմ՝ թույլ չտալով թաքցնել իրենց անցյալի կեղտոտ լաթերը:

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ


Դիտել Արևմտյան Հայաստան, Թուրքիա, Լրահոս, Վերլուծական, Տարածաշրջան, Ցեղասպանություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն