Մավրը արեց իր գործը, մավրը պետք է հեռանա
2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները ստորագրեցին երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ու զարգացման մասին հայտնի արձանագրությունները: Սակայն Թուրքիան հրաժարվեց ՙխելամիտ ժամկետներում՚ և առանց նախապայմանների կարգավորել երկկողմ հարաբերությունները, ավելին, արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ հիմնահարցի կարգավորմամբ: Թուրքիայի այս գործելաոճը պատճառ դարձավ, որ Հայաստանի նախագահը 2010թ. ապրիլի 22-ի հրամանագրով հայտարարի արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին:
Թեմայի շուրջ զրուցեցինք թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ
– Հայ-թուրքական արձանագրությունների մասին Հայաստանի նախագահի օրերս ասված խոսքում պարզորոշ շեշտադրվեց այն մասին, որ ի տարբերություն հայկական կողմի անկեղծ մղումների Թուրքիան նախապայմաններ առաջ քաշեց և գործընթացը մղեց փակուղի, ինչն էլ հանգեցրեց այդ գործընթացի սառեցմանը: Նույն ընթացքում նախագահի մամուլի քարտուղարը տարածեց հայտարարություն, ուր ակնարկ կա, թե Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցին կհնչեն քաղաքական հայտարարություններ: Նման շեշտադրումները թո՞ւյլ են տալիս ենթադրելու, որ Հայաստանը պատրաստվում է հանդես գալ վճռական քայլով, այն է` աշխարհին հստակ բացատրել իրողությունն ու Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին հետ կանչել սեփական ստորագրությունները հայտնի արձանգրություններից:
-Եթե նախագահի հայտարարությունը համադրենք նրա մամլո խոսնակի հայտարարության հետ, նաև հաշվի առնեք առկա իրողությունները, ապա պետք է մտածել, ինչպես շեքսպիրյան հայտնի հերոսն է ասում` ՙՄավրը արեց իր գործը, մավրը պետք է հեռանա՚: Այսինքն, այդ արձանագրությունները կատարել են իրենց միսիան, ուրեմն, եկել է դրանցից Հայաստանի ստորագրության հետկանչի ժամանակը: Իսկ այդ իրողությունները հետևյալն են. մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ ամյակը, սփյուռքը շարունակում է պահանջել արձանագրություններից հետ կանչել Հայաստանի ստորագրությունը: Եվ վերջապես, Թուրքիայում սպասվում է իշխանափոխություն ու ամենայն հավանականությամբ նախագահ կդառնա ագրեսիվ քաղաքականություն որդեգրած էրդողանը, կարծում եմ, նման իրավիճակում այդ արձանագրությունները կյանքի կոչվելու ոչ մի հույս այլևս չկա, ուստի, դրանց տակ Հայաստանի ստորագրության պահպանումը անիմաստ է և հարկ է այն հետ կանչել: Հայաստանի ստորագրությունն այդ արձանագրության տակ վաղուց է կորցրել իր իմաստը: Այս իմաստով թերևս ապրիլի 24-ին Հայաստանի նախագահի սպասվելիք հայտարարությունը կարող է լինել բավականին կտրուկ:
-Կխնդրեի ձեր կարծիքը հետևյալ դիտարկումների առնչությամբ: Առաջին, կա տեղեկատվություն, թե այսօր հայ լոբբիստները ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում, չեն կարողանում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ աշխատանք ծավալել, քանի որ հարցը բարձրացնելուն պես ստանում են իրենց կառավարությունների հակադարձումը, թե Հայաստանի ու Թուրքիայի միջև կա գործընթաց, գուցե լեզու կգտնեն, ինչո՞ւ խառնվենք: Ասել է թե արձանագրությունների առկայությունը խանգարում է ճանաչման գործընթացին:
-Եթե որևէ պետություն ցանկություն ունի ճանաչել 20-րդ դարի ամենամեծ ողբերգությունը, ապա դրան ոչինչ չի կարող խոչընդոտել, այդ թվում և Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը: Չէ, որ , այդ հարաբերությունները, եթե իհարկե երբևէ հաստատվեն, ամենևին չեն կարող փոխել վերաբերմունքը Հայոց ցեղասպանության փաստին: Հնարավո՞ր է պատկերացնել, որ որևէ պետություն Գերմանիային չնեղացնելու համար երբևէ հայտարարի, թե Հոլոքոստ տեղի չի ունեցել: Հետևաբար, տարբեր երկրներ արձանագրությունները մեջտեղ բերելով ընդամենը այդ կերպ խուսափում են հարցի բուն պատասխանից, խուսափում են ճանաչումից ու փորձում իրենցից հեռացնել Հայոց ցեղասպանության չճանաչման մեղքը: Դա հերթական անգամ փաստում է նրանց խուսափողական քաղաքականության մասին: Բացի այդ, ես չեմ կարծում, որ մենք պետք է տարբեր խորհրդարաններում պերմանենտ զբաղվենք Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմամբ: 20-ից ավելի պետությունների կողմից ցեղասպանության ճանաչումն արդեն իսկ լուրջ քայլ է: Ինչ վերաբերում է արձանագրությունների գոյությամբ ճանաչման գործընթացը խոչընդոտելուն, ապա վերջին տարիներին միջազգային օրակարգում դրանց հայտնվելը նպաստեց, որ միջազգային հասարակական շրջանակներում, լրատվամիջոցներում շատ ավելի հաճախ քննակվի Հայոց ցեղասպանության մասին, իսկ արդյունքն այն է, որ այսօր աշխարհն ավելի շատ է տեղեկացված, քան տարիներ առաջ: Սա ևս Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի կարևոր բաղադրիչներից մեկն է:
–Երկրորդ պնդումը հետևյալն է. եթե Թուրքիան չի փոխում իր քաղաքականությունը Հայաստանի հանդեպ, շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը, արձանգրությունների ստորագրման նախապայման համարում ղարաբաղյան հարցի ադրբեջամետ լուծումը, ուրեմն, ի՞նչ իմաստ ունի 2015-ին ընդառաջ այդ արձանագրությունների տակ Հայաստանի ստորագրության պահպանումը:
– Թուրքիայի պահվածքը երբևէ նորություն չի եղել մեզ համար ու մտածել, թե այդ արձանագրությունները կարող են նպաստել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասապանության ճանաչմանն և մյուս խնդիրների լուծմանը` միամտություն է:
Հայկական դիվանագիտությունն էլ այնքան միամիտ չէ, որ մտնելով այդ գործընթացի մեջ կարող էր ակնկալել, որ Թուրքիան շեշտակիորեն կփոխի իր մոտեցումները, կբացի Հայաստանի հետ սահմանը, կհաստատի դիվանագիտական հարաբերություններ, անմիջապես կհրաժարվի ԼՂ հարցում իր նախապայմաններից: Ես ենթադրում եմ, որ այդ գործընթացը սկսելով հայկական դիվանագիտությունն այլ նպատակներ ուներ, դրանցից կարևորը միջազգային հանրության ուշադրության սևեռումն էր հստակ խնդրի վրա: Այսպես, հայկական կողմը մտավ քաղաքական լուրջ պայքարի մեջ, սկսեց մրցել թուրքական դիվանագիտության հետ ու դարձավ ինքնուրույն խաղացող: Այս քաղաքական պայքարում Հայաստանը միջազգային հանրությանը ցույց տվեց, որ Թուրքիան երկդիմի քաղաքականություն վարող պետություն է, ոչ վստահելի գործընկեր, որը ցանկացած պահի պատրաստ է չկատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները: Փոխարենը, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արդյունքում Հայաստանն աշխարհին ներկայացավ որպես առավել վստահելի պետություն:
-Եվ վերջապես, երրորդ դիտարկումը. միջազգային հանրությունը համոզված է, որ հայ-թուրքական հարաբերություններում փակուղու ստեղծման մեղավորը Թուրքիան է ու քանի որ գնդակը նրա դաշտում է կարգավորման ուղղությամբ աշխարհը ճնշում է բանեցնում հենց Թուրքիայի վրա: Հետևաբար, եթե այսօր Հայաստանը հետ է վերցնում իր ստորագրությունը, ապա դրանով թուլացնում է Թուրքիային ուղղված աշխարհի ճնշումը:
-Թուրքիան այսօր շատ խոցելի պետություն է և այնքան շատ են խնդիրները, որոնք միջազգային հանրությանը ցանկացած պահի կարող են հնարավարություն տալ տարբեր ճնշումներ գործադրել այդ երկրի վրա: Ինչ վերաբերում է հայ-թուրքական արձանագրություններին, ապա սրանք ամենևին էլ այդ խնդիրների կամ լծակների շարքում վճռորոշ դեր չունեն: Մյուս կողմից, ռեալ քաղաքականության մեջ, ցավոք, շատ հաճախ անտեսվում ու մոռացվում են Թուրքիայի կողմից իրականացվող բռնությունները, մարդու իրավունքների բազմաթիվ խախտումները: Եվ այս ամենի պատճառն այն է, որ գերտերությունների համար կարևորվում է Թուրքիայի աշխարհագրական դիրքը, նրա ռազմավարական նշանակությունը, փոխարենը անտեսվում են համամարդկային, բարոյական արժեքները: Ուստիև, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը Թուրքիա պետությանը լրջագույն ճնշումների է ենթարկում հայ-թուրքական արձանագրությունները չստորագրելու համար:
-Վերջերս ԱՄՆ Սենատը ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի բանաձև, որպիսին ընդունվել էր 25 տարի առաջ, իսկ ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարեց, թե ապրիլի 24-ին նախագահ Օբաման հնչեցնելու է մի հուժկու, ազդեցիկ հայտարարություն: Մեկ այլ դեպքում հայությունը նույնքան հուժկու կարձագանքեր այս ամենին, սակայն այսօր արձագանքներն առավել քան զուսպ են ու հավասարակշռված: Սա թերևս փաստում է մեր քաղաքական փորձառության մասին:
– Այո, մեր հասարակությունը հասունացել է, իսկ փորձառություն մենք ձեռք բերեցինք դիմագրավելով և’ թուրքական տարատեսակ որոգայթներին, և’ զգաստացանք, երբ ականատես դարձանք Արևմուտքի կողմից Հայոց ցեղասպանության փաստի անհարկի շահարկումներին:
Իսկ ընդհանրապես, Օբաման բազմիցս է խոստացել, որ կատարված փաստը կկոչի իր իրավական տերմինով` Ցեղասպանություն: Հետևաբար, ժողովրդավարության օրրան հռչակված ԱՄՆ-ը պարտավոր է իր հստակ դիրքորոշումն արտահայտել Հայոց ցեղասպանության փաստի առնչությամբ:
Մյուս կողմից, այսօր աշխարհում տեղի է ունենում արևմտյան և ռուսական բևեռների բախում, յուրաքանչյուր կողմն իր հերթին փորձում է սիրաշահել հայությանը: Այս երկու բևեռների պայքարի համատեքստում պետք է դիտարկենք թե’ ՌԴ-ի վերաբերմունքը Քեսաբի հարցում, երբ միջազգային տարբեր հարթակներում բարձրաձայնեց կատարվածի մասին: Հայության սիրաշահման քայլ էր նաև Սենատի ընդունած բանաձևը:
Ապրիլի 24-ին ևս Օբաման կփորձի քաղաքական ժեստ անել` խիստ հայտարարությամբ հանդես գալով հայության համար ամենացավոտ հարցի շուրջ:
ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ ես նկատեցի ամերիկյան քաղաքական մեքենաայի կողմից կազմակերպված PR, դրանով սպասման տրամադրություններ են ներարկվում հայության մեջ: Բայց չնայած դրան, ես քիչ հավանական եմ համարում, որ այդ հուժկու հայտարարության մեջ այս անգամ տեղ կգտնի իրավական տերմինը` Գենոցիդը:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












