ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՍ ԱՌԻԹ ԴԱՐՁԱՎ ՀՆՉԵՑՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ
<Հայոց Աշխարհ>-ի բացառիկ հարցազրույցը Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ, արցախյան ազատամարտի մասնակից ՄԱՐՏԻՐՈՍ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ հետ
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՎԵՐՔՆ ԷՐ ԱԴԱՆԱՑԻ ՏԱՏՍ
–Խորհրդային Հայաստանը հարկադրված էր հրաժարվել Հայկական հարցից և հայոց պահանջատիրությունն իրենց վրա վերցրին ցեղասպանությունից փրկված, աշխարհի տարբեր վայրերում ապաստանած արևմտահայության բեկորները: Դուք ցեղասպանությունից փրկվածների ժառանգ եք, պատմեք ձեր մասին:
-Արմատներով Կիլիկիայից եմ: Տատս հրաշքով էր փրկվել 1909-ի Ադանայի կոտորածից: Թուրքերը նրան համարել են սպանված ու նետել դիակների կույտի մեջ: Նրա ամբողջ մամինը պատված էր խորը սպիներով: Փոքր էի, ու հաճախ էի նրան հարցնում.<Տատի, ի՞նչ հետքեր են մարմնիդ վրա>: Պատասխանը մշտապես նույնն էր՝ կմեծանաս, կպատմեմ: Մեծացա ու ստացա հարցիս պատասխանը, բայց ոչ թե տատիցս, որն անվերջ լռում էր այդ մասին, այլ հորեղբորիցս: Պատմեց, որ թուրքերը թիկունքից խփել էին թրով, այն դուրս էր եկել կրծքի տակից ու մի մեծ խոռոչ բացել սրտի մոտ: Հրաշքով էր փրկվել: Մորս հայր՝ Մանվել Էվազյանը, եղել է Մարաշի հայտնի ֆիդայիներից մեկը: 16 տարեկան էր, տեղեկանում է, որ թուրք մոլլան տանջանքների է ենթարկում իր համագյուղացիներին, գլխատում է նրան ու փախուստի դիմում՝ միանալով ֆիդայիներին: Հետո զինվորագրվում է ֆրանսիական բանակին: Հպարտությամբ էր պատմում զորավար Անդրանիկի հետ իր հանդիպումների մասին, ցույց տալիս իր նկարները՝ ձիուն հեծած, մոսինը ձեռքին: Ես նրա պատմությունները լսելով եմ մեծացել: Երբ 1975-ին Լիբանանում սկսվեց զինյալ պայքարը, ասում էր՝ երանի ցեղասպանության տարիներին այդ զենքերը հայերիս ձեռքին լինեին: Նա ապրում էր վրեժի զգացումով:
-Հայրենիք կորցրած մեր պապերն իրենց ողջ կյանքն ապրեցին վրեժի զգացումով, և հայրենիք վերադառնալու հույս-հավատով. կարսեցի պապս գրպանից երբեք չհանեց Կարսի իր տան բանալին. մեր պապերի ճակատագրերը նույն են, նույնն են նաև զգացողությունները:
-Իսկապես, նույն կերպ էր մտածում նաև իմ պապը, նա որպես թանկ մասունք պահում էր ոչ միայն իր զենքը, փափուշտները, այլև Մարաշի իր տան փաստաթղթերը, բանալին: 11-12 տարեկան էի պապիս հաճախ էի հարցնում՝ ինչո՞ւ հայերս չենք ապրում մեր հայրենիքում, ինչո՞ւ ենք հեռացել մեր տներից: Արամյան վարժարանում սովորածս տարիներին շատ էի հետաքրքրվում հայոց պատմությամբ: Ամեն տարի ապրիլ 24-ին մասնակցում էի ցույցերի ու ինձ տխրեցնում էր, որ մեր ողջ ժողովուրդն այդ օրը միայն սգում էր: Պայքարի ոգին չկար:
-Արմատական շրջադարձը՝ սփյուռքահայության ազգային մեծ զարթոնքը, տեղի ունեցավ 1915թ Մեծ եղեռնի 50-ամյակից հետո: Ցեղասպանության վշտից խեղճացած մեր պապերին փոխարինելու եկան պահանջատեր թոռները: Այդ ալիքը հասավ նաև խորհրդային Հայաստան:
-Այն սկսվեց Մերձավորարևելյան հայկական համայնքներից: Երիտասարդներս բողոքում էինք, ինչո՞ւ են մեր պապերը 50 տարի շարունակ լռել: Իսկ իմ սերունդն արդեն թեժացրեց հայոց պահանջատիրության հարցը: Ստեղծվեցին առաջին խմբավորումներ, դրանցից մեկն էր <Հայ ազգային կոմիտե> ինքնապաշտպանական զինյալ խմբավորումը, որը մասնակցում էր լիբանանայան մարտերին՝ ի պաշտպանություն հայկական թաղամասերի: Այս խմբավորման հիման վրա կարելի է 75թ ձևավորվեց ԱՍԱԼԱ-ն, որին անդամագրվեցի և ես: Հպարտ եմ, որ ԱՍԱԼԱ-ի հիմնադիրներից եմ:
ՎՐԵԺՍ ԼՈՒԾՎԱԾ ԷՐ՝ ԹՈՒՐՔ ԴԵՍՊԱՆԸ ՍՊԱՆՎԱԾ ԷՐ
-Հայ վրիժառուների համոզմունքն էր՝ դիվանագիտական միջոցները բավարար չեն հայկական հարցը լուծելու համար: Ու անցան զինված պայքարի՝ ահաբեկչությունը դարձնելով ազգային ազատագրական պայքարի ձև: Կարո՞ղ ենք ասել, որ ԱՍԱԼԱ-ն քանդեց հայկական հացի շուրջ ստեղծված լռության պատը:
-Այո: Քաղաքական պայքարից շրջադարձ արվեց դեպի զինյալ պայքար, մեր գործողություններից աշխարհն արթնացավ, աշխարհը խոսել Հայկական հարցի մասին, ամենուր նույն հարցն էր տրվում՝ ինչո՞ւ են հայերը սպանում թուրք դիվանագետներին: Իսկ պատասխանները հնչում էին դատավարությունների ժամանակ:
-ԱՍԱԼԱ-ի յուրաքանչյուր անդամ ունեցել է իր հստակ հանձնարարականը, ի՞նչ հանձնարարական տրվեց ձեզ 81թ. հունիսի 9-ին Ժնևում իրականացնելու համար:
– Պետք է իրակաանցնեի Ժնևում թուրքական դեսպանատան զինվորական կցորդի՝ Մեհմեդ Երգուզի սպանությունը: Նա կարևոր դերակատարում ուներ, զբաղված էր հակահայկական, հակահունական ու հակաքրդական գործունեությամբ: Շվեյցարուհու հետ ամուսնացած լինելը նրան հնարավորություն էր տվել ազատ ելքումուտք ունենալ իշխանության բարձր ատյաններում:
Նախ 6 օր հետևեցի նրան, նկատեցի, որ ոտքով է գնում աշխատանքի, իհարկե, թիկնապահներով շրջապատված: Հունիսի 7-ն էր, փողոցն անցնելու պահին կանգնեցի ուղիղ նրա կողքին: Թիկնապահը անհանգստացավ ու Երգուզին ասաց.<Այս երիտասարդը կասկածելի է երևում>: Ես առանց շփոթվելու հանգիստ կանգնած էի, ուսանողի տպավորություն թողնելով: Թուրք դեսպանը ոտքից գլուխ զննեց ու հանգստացրեց թիկնապահին. <Երեխա է, սրանից վտանգ չկա>: Սա մեր առաջին հանդիպումն էր:
Իսկ երկրորդն արդեն նրա համար եղավ ճակատագրական: Հունիսի 9-նն էր, երեկոյան ժամը 5-ը, աշխատանքից տուն էր գնում, այդ օրը միայնակ էր: Փողոցն անցնելու պահին դարձյալ հայտնվեցի նրա կողքին, մեր հայացքները նախորդ անգամվա պես դարձյալ հանդիպեցին, թուրքը հիշեց ինձ, գունատվեց, վտանգ զգաց: 30 մետր այն կողմ գտնվում էր ոստիկանության շենքը, քայլերն ուղղեց այդ ուղղությամբ, սկսեց գրեթե վազել: Հանկարծ աջ ձեռքը անհայտացավ տեսադաշտիցս, մտածեցի՝ գուցե զենքն է հանում, այլևս չսպասեցի ու կրակեցի երեք ուղղություններով՝ սրտին, գլխին, ուսին: Խաչեցի թուրքին: Խիղճս հանգիստ էր, վրեժս լուծված էր. ինձ մնում էր շտապ հեռանալ այդ տարածքից: Սակայն ևս 5-6 րոպե ու ինձ ձերբակալեցին, խուզարկեցին, գտան զենքերս, շղթայեցին ու սկսեցին սաստիկ ծեծել, անգամ շուն բաց թողեցին վրաս, աջ ուսս բզկտել էր: Հետո սկսվեց երկարուձիգ դատավարությունը: Հարցաքննության ժամանակ ոչ մի հարցի չէի պատասխանում, այնքան ժամանակ, մինչև ԱՍԱԼԱ-ն հայտարարեց, որ իր զինվորն եմ ու իր վրա վերցրեց գործողության կազմակերպումը: Սկսվեց նախաքննությունը: Իմ գրագետ քայլերը՝ ուղղված սեփական իրավունքներիս պաշտպանությանը և հիմնված միջազգային կոնվենցիաների վրա, ապշեցրել էին շվեյցարացի ոստիկաններին ու իրավաբաններին: Նրանցից շատերը ներքուստ համակրանքով էին լցված, քանզի գիտակցում էին կատարվածի լրջությունը, դա ցեղասպանված ժողովրդի պահանջն էր:
-Հայտնի է որ հայ վրիժառուներն իրենց դատավարությունները վերածում էին մի հարթակի, որտեղից ի լուր աշխարհի բարձրաձայնվում էր Հայոց ցեղասպանության ու հայ ժողովրդի հայրենազրկման մասին: Ձեր դատավարությունը բացառություն չեղավ:
-Անշուշտ: Ի լուր աշխարհի հնչեց հայոց պահանջատիրությունը: Պահանջում էի բացել հայկական հարցի թղթածրարը: Դատավարությանս օրը որպես ցեղասպանության վկաներ ներկա էին բազմաթիվ հայրեր, Բեյրութից ժամանել էր անգամ տատս: Նրան հարցրին. «Չե՞ք զղջում, որ Ձեր թոռը մարդասպան է», պատասխանեց. «Նա մեր ազգի վրիժառուն է: Մեր հսկայական տոհմից միայն ես եմ ողջ մնացել, այն էլ` հրաշքով, մնացած բոլորին թուրքերը կոտորել են»: Դատավարությանը զուգընթաց ԱՍԱԼԱ-ն Շվեյցարիայում և այլ երկրներ սկսեց դիմել ակտիվ գործողությունների՝ թիրախը ոստիկանական, դատարանների, երկաթուղային կայարանների շենքերն էին: Շվեյցարական իշխանությունը խուճապի մեջ էր: Պաշտոնական անձինք շտապում էին բանտում հանդիպել ինձ հետ, որպեսզի միջնորդեմ պայթյուների դադարեցման համար: ԱՍԱԼԱ-ն պահանջում էր ազատ արձակել ինձ և փակել Ժնևի թուրքական հյուպատոսությունը: Կատարվեց: Խոստացան նաև մեղմացնել իմ պատիժը: Արդյունքում՝ բանտարկությանս 5 տարիները կրճատվեցին, արգելափակված մնացի մոտ 10 տարի: 60-ից ավելի դիվանագետներ սպանվեցին հայ վրիժառուների ձեռքով: Մենք այդ փուլում հաղթեցինք, ու մեր քայլերով թույլ չտվեցինք, որ մոռացության մատնվի հայոց մեծ ոճիրը:
– Ղարաբաղյան հարցը հայկական հարցի մեկ բաղադրիչն է, իզուր չէ, որ ԱՍԱԼԱ-ի տղաները 90թ. արդեն Հայաստանում ու Արցախում էին:
– Ազատ արձակվելուն պես ես ևս եկա Հայաստան: Դեռ Ժնևում հանդիպեցի Վազգեն Սարգսյանի հետ, հայտնեցի ցանկությունս՝ գալ Հայաստան: Ստացել էի նաև Մենթեի նամակը, որ ինձ ասում էր նույնը՝ շտապիր Արցախ, շատ անելիք կա: Եվ Վազգենն ինձ օգնեց այդ հարցում: 1993-ին, երբ Մոնթեն զոհվեց, Վ. Սարգսյանն ինձ ասաց. «Մոնթեի կորուստը մեզ համար աններելի է, չեմ ուզում, որ նույնը քեզ հետ պատահի, պետք է իմ կողքին լինես, իմ օգնականը»: Եվ ես մի քանի տարի պետնախարարի օգնականն էի թիկունքի և արտաքին հարաբերությունների գծով: Հպարտ եմ, որ Հայոց բանակի զինվոր եմ, ու կանգնած եմ մեր բանակի ստեղծման ակունքներում:
-Այսօր հայոց պահանջատիրության հարցում մենք ճի՞շտ ճանապարհի վրա ենք:
-Ցավոք ոչ, Հայաստանի արտաքին գործերի նախարարության քայլերը ես բավարար չեմ համարում, քանի որ անհրաժետ չափով չկա համագործակցություն սփյուռքի հետ: Մինչդեռ մենք հապաղելու իրավունք չունենք, լուրջ գործ ունենք անելու միջազգային իրավունքի դաշտում: Մեզ համար երկրոդական նշանակություն ունեն գերտերությունների կեղծավոր խոսքերն ու քայլերը: Փոխարենն առաջնային է Հայաստան-Սփյուռք ներուժի համախմբումը: Հայ դատի հարցում մենք պարտավոր ենք լինել միասնական:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












