ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՑ ՈՒՂԻՂ ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը հայ ժողովրդի եւ Հայաստան պետության անցած դժվարին ուղու այն կարեւոր հանգրվանն է, երբ մեր ամեն մի նախաձեռնություն ու գործողություն պետք է հիմնվի հաջորդական սերունդների հանդեպ պատասխանատվության մեծագույն բեռի գիտակցման ու իմաստավորման վրա։
Մոտենում է մեր պատմության այն հանգրվանը, երբ պետք է հաշիվ տանք ոչ միայն Մեծ եղեռնի դատապարտման, այլեւ նրա հետեւանքների հաղթահարման նպատակով շուրջ 100 տարի իրականացված աշխատանքների համար։ Նախկինում, երբ չունեինք պետություն եւ Սփյուռքը միայնակ էր իր յուրաքանչյուր նախաձեռնության հանդիման, ձեռքբերումների ու հաջողությունների հաշվեկշիռը շատ ավելի համեստ բնույթ ուներ։
Բայց այժմ, երբ Հայաստանը տեղ է զբաղեցրել ինքնիշխան ժողովուրդների շարքում, Հայոց ցեղասպանության հետեւանքների հաղթահարման խնդիրը կարող է դառնալ միջազգային քաղաքականության օրակարգի մասը, եթե Մեծ եղեռնի 100-ամյակը դիմավորենք դրան համիմաստ քաղաքական նախաձեռնություններով, իրավական փաթեթով եւ այդ ամենը կյանքի կոչելու համապատասխան ժամանակացույցով։
Դատելով ամենից, այս երեք ասպարեզներում էլ առայժմ պահպանվում են մեծ ու փոքր անորոշություններ, որովհետեւ ամեն ինչ հանգում է ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ դրանից բխող զորաշարժերի նեղ հնարավորություններով։
Ու քանի որ նրա վերջնական ճանաչումը կախված է ոչ այնքան մեզանից, որքան միջազգային կոնյունկտուրայից, ապա 100-րդ տարելիցը դիտվում է սոսկ որպես տվյալ խնդրի լուծման պատեհ առիթ։
Մինչդեռ ցանկանում է դա Թուրքիան, թե ոչ, Հայոց ցեղասպանության ընկալումն արդեն հասել է միջազգային ճանաչման այն բարձր մակարդակին, երբ օրինաչափորեն առաջ է բերել հաջորդ հարցը՝ իսկ ի՞նչ է անելու հայկական կողմը դրանից հետո։ Որովհետեւ ճանաչումը նույնպես միջոց է այն քաղաքական հիմնանպատակին հասնելու համար, որը կոչվում է Հայ Դատ կամ պահանջատիրություն։
Եթե շուրջ 100 տարի տվյալ միջոցը ծառայել է իր նպատակին, ապա չի նշանակում, որ ճանաչումն է մեր նպատակը։ Պատմության բեկումնային պահերին հարկավոր է հստակեցնել հետագա անելիքները, որովհետեւ կարեկցանքը, որն ակնկալում ենք ճանաչումից, բավարար չէ մեր հիմնական խնդրի արծարծման ու հետապնդման համար։ Եվ եթե ցեղասպանության 100-րդ տարելիցը չի դառնալու նման գործընթացի մեկնակետը, ապա մեզ համակած 100-ամյա բարդույթը հաղթահարելու համար առնվազն 100 տարի էլ է պահանջվելու։
Մինչդեռ աշխարհը փոխվում է անասելի արագությամբ, ինչն անխուսափելիորեն իր անդրադարձն է ունենում նաեւ մեր տարածաշրջանի վրա։ Այստեղ առաջիկա տասնամյակներում սահմաններ են վերաձեւվելու, պետություններ են փլուզվելու եւ նորերն են առաջանալու։ Եվ եթե Հայ Դատը իր տեղը չգրավի այդ վերաձեւումների շղթայում, ապա նա դուրս է մղվելու միջազգային քաղաքականության օրակարգից վերջնականապես ու անդառնալիորեն։
Ուրեմն որքան էլ դժվար լինի Ղարաբաղի հարցի ու տնտեսական դժվարությունների տակ կքած մեր երկրի ու ժողովրդի համար, պետք է հստակորեն գիտակցել, որ առաջիկա տասնամյակներում այլեւս չի լինելու Թուրքիային մեր պահանջները ներկայացնելու, դրանք անհրաժեշտ իրավական հիմնավորումներով օժտելու այլ պատեհ առիթ։
Թող որ նման պահանջներն առաջիկայում չարժանանան համապատասխան վերաբերմունքի, անգամ օգտագործվեն թուրքական քարոզչության կողմից։ Միեւնույն է, հետագայում այդ ամենը ներկայացնելու մեր հնարավորությունները բախվելու են տարածաշրջանային նոր իրողություններին եւ կորցնելու են իրենց այժմեականությունը։
Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նրա վերաբերմունքը մեր հանդեպ որեւէ կապ չունի նրա հետ, թե ե՞րբ եւ ինչպիսի՞ հաշիվ կներկայացնենք ցեղասպան պետությանը։ Թուրքիան մեզանից ավելի լավ գիտի մեր նպատակները, ուստի դրանք բացահայտել-չբացահայտելու հարցը երկրորդական նշանակություն ունի նրա համար։
Այս պայմաններում Հայաստանի ու հայության միացյալ կամքի բյուրեղացման համար 2015-ին զգացվելու է որեւէ համահայկական համաժողովի հրավիրման կարիքը, քանզի անկախ նրանից՝ կձեռնարկվի՞ այդ քայլը պետական մակարդակով, թե՞ ոչ, միեւնույն է, Հայ Դատով զբաղվող կազմակերպությունների թիվը վերջերս այնքան է մեծացել, որ նման հավաքներ լինելու են անխուսափելիորեն։ Հետեւաբար ավելի լավ է հավաքվել ազգովի եւ հաստատել նախապես փորձագետների կողմից մշակված այն պահանջները, որոնք հաջորդ հարյուրամյակում գործողությունների ուղեցույց են դառնալու բոլորիս համար։
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հարմար առիթ է նաեւ համահայկական մի այնպիսի գործադիր մարմնի ընտրության համար, որն իր վրա կվերցնի միջազգային ասպարեզում ու ներազգային կյանքում նրա հետեւանքների վերացմանն ուղղված խնդիրների ողջ համալիրի հետապնդման գործը։ Հայաստանի պետական մարմինները կամ Սփյուռքի կառույցները կարող են իրենց մասնակցությունը կամ դերակատարությունն ունենալ այդ մարմնի աշխատանքներում, սակայն չեն կարող փոխարինել նրան։
Ինչպես կկոչվի այդ մարմինը՝ Արեւմտյան Հայաստանի ժամանակավոր կառավարությո՞ւն, թե՞ Արեւմտահայության իրավունքների պաշտպանության խորհուրդ, էական չէ։ Կարեւորն այն է, որ այս ասպարեզում վերջ դրվի ներկայումս տիրող ինքնագործունեությանը, եւ հստակորեն որոշվի, թե ով ինչով է զբաղվում, որովհետեւ «արեւմտահայ» անվանումը շահագործող ինքնակոչ կառույցների թվի ավելացումը միայն մեծացնում է համընդհանուր խառնաշփոթը։
Մեծ եղեռնի 100-րդ տարելիցը պետք է դառնա հստակ հանգրվան մեր ազգային նպատակների բանաձեւման համար, որոնց հետապնդման սեղմ ժամանակացույցն ու հնարավորությունների սահմանափակությունը չպետք է խանգարեն այդ անհրաժեշտ ու հրատապ գործի սկզբնավորմանը։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












