Անկարան միջազգային-քաղաքական ասպարեզ նետեց «քաղաքակիրթ» ուրացման տեխնոլոգիա
Ապրիլ 24-ի կապակցությամբ բոլոր քաղաքական հայտարարություններից թերեւս ամենաուշագրավը նախօրեին Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի գրասենյակի կողմից տարածված «Ուղերձ՝ 1915 թվականի իրադարձությունների մասին» փաստաթուղթն էր, որը վաղօրոք կազմվել էր Թուրքիայի արտգործնախարարությունում՝ այդ հաստատության ղեկավար Ա. Դավութօղլուի անմիջական ղեկավարությամբ։
Փաստորեն Անկարան միջազգային-քաղաքական ասպարեզ նետեց «քաղաքակիրթ» ուրացման տեխնոլոգիա՝ հաջողության առաջին «դափնիները» պոկելով տեղի ունեցողին մեծագույն ուշադրությամբ հետեւող Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Իեն Պսակիի բերանից։
Պետդեպարտամենտը չէր կարող չողջունել այն իրողությունը, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ այդ երկրի վարչապետը ցավակցություն է հայտնել 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում սպանված հայերի ժառանգներին եւ հանգստություն մաղթել զոհերի հոգիներին։
Մնացածը, այդ թվում՝ տեղի ունեցած «տեղահանությունը» , պատերազմական դժվարին իրավիճակով բացատրելը չէին կարող սքողել տվյալ հարցադրման միջոցով նախապես Վաշինգտոնից ստացված մեսիջների մասնակի բավարարումը Թուրքիայի կառավարության կողմից։ Ի վերջո՝ ԱՄՆ-ի համար նույնպես «Մեծ եղեռն» հասկացության միջոցով ցեղասպանության իրողության փաստացի լղոզումը քաղաքական նպատակահարմարության հարց է։
Ուրեմն ներկա հանգրվանում Թուրքիային հաջողվել է ապահովել երկու նպատակահարմարության համադրության այն նվազագույն հարթակը, որն առայժմ թույլ է տալիս ուղղագծորեն չհակադրվել միջազգային հանրությանը, «քաղաքակիրթ ազգի» դիմակ հագնել եւ, իհարկե, շարունակել պնդել քաղաքական դիսկուրսը պատմագիտական դաշտ տեղափոխելու անհրաժեշտության վրա։
Միջազգային հանրության համար խիստ գրավիչ է հակամարտող երկու կողմերի հարցադրումների ու եզրակացությունների իբր «թվաբանական միջինի» վրա հենվելու նման խորամանկ առաջարկը, որը, համոզված ենք, դառնալու է Թուրքիայի հիմնական քարոզչական զենքերից մեկը առաջիկայում։
Անշուշտ ցանկացած սուր հակամարտության մեջ ներքաշված հակադիր կողմերի տեսակետներում «ոսկե միջինը» փնտրելու առաջարկը տեսականորեն միշտ էլ համարվել է հարցի հանդեպ անաչառ-գիտական մոտեցման բանալիներից մեկը։ Առ այդ, եթե հայերը պնդում են, որ տեղի է ունեցել ցեղասպանություն, իսկ թուրքերը, մարդկայնորեն ցավելով այդ ամենի համար, այն անվանում են «տեղահանություն» եւ «ընդհանուր ողբերգությունը» քննելու կոչեր են ուղղում հայկական կողմին, ապա թվում է, թե սկիզբ է առնում լուրջ ու հեռանկարային դիսկուրս, որում «ոսկե միջինի» նշաձողը պահպանելու դեպքում կարելի է ճշմարտության վրա հիմնված արդարացի հիշողության վերականգնման հույս ունենալ։
Հարց է առաջանում. բայց ի՞նչ էր «տեղահանություն» հասկացության հետին թվով «օրինականացումը»՝ 1915 թ. մայիսի 24-ին Անտանտի երեք տերությունների կողմից «մարդկության ու քաղաքակրթության դեմ» հանցանքի մեջ մեղադրված Թալեաթ փաշայի կողմից, եթե ոչ սկսված ցեղասպանությունը քողարկելու փորձ։ Ուրեմն քողածածկույթը կամ շղարշը տեղի ունեցածին հակադրելու նման հնարքի վերհիշումը Ռ. Էրդողանի կողմից ոչ այլ ինչ է, եթե ոչ կեղծ «նժարների» ստեղծման միջոցով նույն հանցանքը նորից քողարկելու ձգտում։
Ամենեւին էլ պատահական չէ Ռ.Էրդողանի ուղերձում շեշտվում, որ «Առաջին աշխարհամարտի ժամանակ տեղի ունեցած դեպքերը մեր բոլորի ընդհանուր ցավն են։ Այս ցավոտ պատմությանը արդար հիշողության տեսանկյունից մոտենալը մարդկային եւ գիտական պատասխանատվություն է»։ Քանի որ «մարդկայինն» արդեն դրսեւորվում է «ցավը կիսելու» պատրանք ստեղծելու միջոցով, մնում է դրան հավելել «գիտականը»՝ պնդելով, որ հայերն ու թուրքերը պայքարել են նույն տարածքի համար եւ սպանել են իրար, իսկ հիմա քաղաքակրթվել են ու հասկացել, որ սխալ են վարվել։ Ավելին՝ առաջինը «քաղաքակրթվել են» թուրքերը, քանի որ ընդունում են մեղքի իրենց բաժինը՝ ակնկալելով, որ նույնը կանեն նաեւ հայերը։
Ո՞րն է լինելու «մեր պատասխանն Էրդողանին», երբ նա ակնհայտորեն ցանկանում է մեկ կրակոցով երկու թիրախ խոցել, այսինքն՝ բավարարել Արեւմուտքի, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի պահանջները՝ հայ-թուրքական «երկխոսության դաշտ» ստեղծելու պատրանքի միջոցով եւ միաժամանակ՝ իր «Ուղերձի…» առաքման հենց հաջորդ օրը՝ ապրիլի 24-ին, հանգստացնել «ադրբեջանական եղբայրներին»՝ Ղարաբաղի հարցում հաստատելով Թուրքիայի անզիջում կեցվածքը։
Կարծում ենք, որ այս հարցը կարելի է տեղափոխել «արագ արձագանքների» դաշտ, քանի որ թուրքական կողմը լավ չի հաշվարկել իր քայլի հետեւանքները։ Ուղղակի սկզբում Ռ. Էրդողանին եւ, իհարկե, միջազգային հանրությանը պետք է հիշեցնել, որ 1915-ին հայերը պետություն չունեին, ուստիեւ միջէթնիկական «ցավալի դիմակայության» մասին խոսակցությունները պարզապես չարանենգ հերյուրանքներ են։
Իսկ ահա ցեղասպանությունը որպես երեւույթ եղել ու մնում է պետական հանցագործություն, որի իրականացման փաստը եւ նրա համար պատասխան տալու անխուսափելիության գաղափարը 1915 թ. մայիսի 24-ին արձանագրվել է միջազգային հանրության կողմից՝ հանգեցնելով հետին թվով Թալեաթի նախաձեռնած «Տեղահանության մասին» օրենքի ընդունմանը։
Եթե այսօր էլ Ռ.Էրդողանը կրկնում է ցեղասպանությունը տեղահանությամբ քողարկելու թալեաթյան հնարքը, ապա փաստորեն իր վրա է վերցնում նաեւ պատասխանատվությունը ժամանակին Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից «մարդկության ու քաղաքակրթության դեմ հանցագործություն» բանաձեւված արարքի համար։
Այդ պատճառով վատ չէր լինի, եթե Հայաստանի արտգործնախարարությունը հիշեցներ պարոն Ռ.Էրդողանին «համատեղ ցավալի պատմության» այդ դրվագը եւ հարց տար նրան՝ «Տեղահանության մասին» հետին թվով ընդունված օրենքի մասին ներկա հիշեցումով արդյոք Թուրքիայի ներկա վարչապետը իր վրա՞ է վերցնում Թալեաթ փաշայի պատասխանատվությունը՝ մինչեւ 1915թ. մայիսի 24-ը սկսված ու այդ պահին շարունակվող հանցագործության համար։
ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ












