ՊԱՐՈՆԱ՛ՅՔ, ՄԻ՛ ԴՐԴԵՔ ՄԵԶ ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ
<Հայոց Աշխարհ>-ի հարցազրույցը ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքացի ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ
–Համակարծի?ք եք այն դիտարկմանը, թե վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակման պահը` ներքաղաքական, հասարակական տրամադրությունների առումով, հիշեցնում է Անդրանիկ Մարգարյանի նշանակման ժամանակները, երբ կար թե’ ներքին, թե’ արտաքին լարվածություն, նաև վստահության դեֆիցիտ, ու Մարգարյանը եկավ այդ խնդիրները լուծելու:
-Հետաքրքիր դիտարկում է, իսկապես, իրավիճակները շատ նման են: Հասարակության մեջ կար հուսահատություն, ներքաղաքական լարվածություն: Եվ վարչապետի պաշտոնում Անդրանիկ Մարգարյանի նշանակումը ճիշտ որոշում էր: Ինչո?ւ, որովհետև նա հանդարտ, փոխզիջումների գնացող գործիչ էր: Ու եթե անգամ խիստ էր, ապա այդ խստությունը չուներ ագրեսիվ երանգներ, անգամ խստության մեջ նա մեղմ էր ու փափուկ: Դա հատուկ է այնպիսի մարդկանց, որոնց ներսում բացակայում է ագրեսիան: Եվ Անդրանիկ Մարգարյանը, շնորհիվ իր բնավորության, կատարեց իր գործը: Այդպիսի գործիչ եմ համարում նաև Հովիկ Աբրահամյանին, ով ևս ագրեսիվ չէ: Վաղուց եմ ճանչում նրան, Աբրահամյանը նաև ավանդապաշտ հայ մարդ է, ավանդական ընտանիքի հայր, գիտեք, սա պակաս կարևոր հանգամանք չէ, ու խոսում է այս գործիչի կերպարի օգտին:
Այսօր իրոք, լարված ժամանակներ ենք ապրում:Հայաստանը կտրուկ փոխեց իր զարգացման ուղղությունը: Մենք նույնիսկ կրկնակի փոփոխություն ապրեցինք, տեսեք, ինչ կատարվեց: Հայ հասարակությունը հիասթափված էր նախորդ կառավարությունից: Սակայն այդ հիասթափությունը կրկնապատկվեց սեպտեմբերի 4-ի առավոտյան: Ինչո?ւ, որովհետև մեր հասարակության ինտելեկտուալ մի հատվածը նախորդ վարչապետին համարում էր ներկայանալի մտավորական, նույնպիսի քաղաքական գործիչ, կարևորում նրա եվրաինտեգրման ջատագով լինելը: Մեծ տագնապ ունենալով նրա կողմից վարվող տնտեսական քաղաքականությունից, այդուհանդերձ, այդ նույն հատվածը դրական սպասումների մեջ էր, մտածում էր, որ այդ ամենը կվերջանան եվոասոցացվելուն պես: Իսկ եվրոպական այդ ծրագրի ջատագովը վարչապետ Սարգսյանն էր: Մինչդեռ սեպտեմբերի 4-ի առավոտյան այդ նույն շերտը համոզվեց, որ ղեկին նստած է իր գաղափարներից հրաժարված, դասալիք վարչապետ: Եվ դա մեծ հիասթափություն էր, միանգամից փլվեց Սարգսյանի որպես նոր խոսք ասող, եվրոինտեգրման մունետիկի ամբողջ շարմը: Եվրոասոցացման կողմնակիցները կրկնակի հիասթափվեցին Տիգրան Սարգսյանից: Նա պետք է այդ ժամանակ ներկայացներ իր հրաժարական, որովհետև Հայաստանին այլևս պետք չէր <դավանափոխ> վարչապետ: Իսկ ամիսներ անց ակնհայտ դարձավ, որ նրա կարիքն իրոք չի զգացվում, Տիգրան Սարգսյանն այլևս վստահություն չէր ներշնչում` ոչ հասարակության մոտ, ոչ վերևներում: Առաջացավ նոր վարչապետի կարիք, մի գործիչի, ով կլինի գործունյա, վստահություն ներշնչող: Հովիկ Աբրահամյանն հենց այդպիսին է: Ինչո?ւ եմ հատուկ ընդգծում վստահության հանգամանքը, որովհետև Աբրահամյանի հայացքներում երբևէ փոփոխություն չի եղել, ինչպիսին նախկինում էր, այդպիսին է և այսօր, երբեք սուր հայտարարություններ չի արել նա Հայաստանի ինտեգրման այս կամ այն ուղղության վերբերյալ:
-Փոխարենը միշտ ընդգծել է այն քաղաքական գծի կարևորությունը որով առաջնորդվում է Հայաստանը, խոսքս <և…և>-ի մասին է:
-Այո, ու դրանով իսկ նա դավանափոխ , դասալիք գործիչ չէ: Իսկ այսօր, երբ աշխարհում ու մեր շուրջն անվերջ իրավիճակներ են փոփոխվում, շատ կարևոր է վստահելի, գործունյա, կայուն գործընկերոջ ներկայությունը : Հովիկ Աբրահամյանը ստանձնեց այդ ղեկը որպես կայուն գործընկեր: Հենց այս առումով, կարծում եմ, Սերժ Սարգսյան –Հովիկ Աբրահամյան նոր տանդեմը, նոր իրավիճակում կկարողանա մեր երկրի համար նպաստավոր իրավիճակներ ստեղծել:
-Հիշեցնեմ նախագահի հետևյալ խոսքերը, թե Հովիկ Աբրահամյանը խոստացել է իր ակտիվ քայլերով շատ արագ փարատել առկա մտահոգությունները, բոլորին միավորել, աշխատանքի շոշափելի արդյունքներ արձանագրել: Փոքր -ինչ առաջ անցնենք, ու մինչ հայտնի 100-րդ օրվան հասնելը, փորձենք գնահատենք նոր վարչապետի քայլերը, համահո?ւնչ են դրանք հնչած ակնկալիքներին:
– Նախագահի խոսքերում կար հստակ հանձնարարական, իսկ հանձնարարվեց այն, ինչ կարող է կատարել Աբրահամյանը: Եվ այսօր նկատելի է, որ նախագահի հանձնարարությունը նույնիսկ առաջանցիկ տեմպերով է կատարվում, դրա համար է, որ դեռ 100 օրը չլրացած արդեն ասելիք կա: Դա են փաստում քաղաքական ընդդիմության, հասարակական տարբեր շերտերի հետ նոր վարչապետի հանդիպումները:
Ի դեպ, վարչապետը մեզանում թիրախային պաշտոն է, նա իր վրա է վերցնում բոլոր հարվածերը, այդ իմաստով կարծես նախագահի վահանի դերն է կատարում: Իր վրա է ընդունում տեղացող հարվածները, ու դրանով նաև մեղմում նախագահին ուղղվելիքը: Վերջապես, բոլոր ձախողումները վարչապետինն են, հաղթանակները նախագահինն ու բոլորինս:
Իսկ Հովիկ Աբրահամյանին կհաջողվի բոլորի հետ աշխատել է, քանի որ նա ժողովրդից է դուրս եկել, բարձրացել ու հասել այդ աստիճանի, և որ ամենից կարևորն է` պահել է հետադարձ կապը: Այսինքն, նա պատրաստ է հասարակության հետ շփվելու, լսելու, քննարկելու:
-Կարծում եք, վարչապետի հանդիպումները պայմանավորված են <ժողովրդի խորքից դուրս եկած լինելո?վ> , թե մեզանում առկա կուտակված խնդիրների սրությամբ, ի վերջո, հասարակությունն ինքն է այսօր պահանջում այդ շփումը: Ընդառաջ չգնալը կարող է վտանգավոր լինել:
-Շատ ճիշտ եք, մեր հասարակությունն հասունացել է ու իր հանդեպ հարգանք է պահանջում: Իսկ իշխանությունից մեկը պետք է? դիմի հասարակությանը որպես գործընկեր, ոչ թե վերևից թելադրող կամ էլ դիրեկտիվներ իջեցնող: Իսկ նոր վարչապետը գնաց դրան, հասարակության հետ կանգնեց նույն հարթության վրա ու սկսեց բանակցել որպես գործընկերոջ: Նշեց` այս, այս կետերն ընդունելի են, մյուսներին դեմ եմ, ուրեմն, եկեք լուծումը միասին գտնենք: Այսպիսի մոտեցման կարիք միշտ զգացվել է մեզանում, հակառակը կարող է Հայաստանը պայթեցնել:
– Հայը անհատների ազգ է, սիրում է, որ իր ղեկավարն հարգում է իրեն, գնահատում իր ներուժը, վարվում հավասարը հավասարի հետ: Իսկ երբ այս ամենը չի տեսնում կորցնում է նրա հանդեպ իր վստահությանն ու օտարանում, դառնում անհանդուրժող: Չեք կարծում, որ հաջողակ կարող է լինել միայն այն իշխանությունը, որը կգիտակցի այս պարզ ճշմարտությունը , և մեզանում, վերջապես կկայանա իշանություն-հասարակություն այդքան սպասված երկխոսությունը:
-Այո, մենք իշխան ժոովուրդ ենք, մենք գիտենք իշխանության գինը, բայց եթե այդ իշխանությունը սկսում է մեծամտանալ, գիտենք նաև հիասթափվել: Հայը հրաշալի ժողովուրդ է ու, եթե իր հանդեպ տեսնում է անկեղծ հարգանք, արժանապատիվ վերաբերմունք, տեսնում է, որ երկրի վարչապետն իր հետ է իր հոգսերը կիսողը, այդժամ ինքն էլ պատրաստակամ է նվիրումի, պատրաստ է իր իշխանության հետ համատեղ ուժերով հաղթահարելու դժվարությունները: Բայց երբ տեսնում է, որ ինքն անվերջ ճգնաժամի զոհն է, իսկ ապաշնոր իշխանավորը արտոնյալը, այլևս չի հանդուրժում: Այսօր այդ ապաշնորհի ու զոհի հարաբերությունները պետք է փոխվեն: Մեզանում կա համերաշխության անհրաժեշտություն, ու եթե մեզ հաջողվի այդ առողջ հենքի վրա ձևավորել ժողովուրդ-իշխանություն հարաբերությունները, վստահ եմ, հեշտությամբ կհաղթահարենք ճգնաժամը: Դրա համար պետք է , որ այդ մեկուսացած, մեծամտացած իշխանավորները իջնեն ամբիոններից ու կիսվեն ժողովրդի հետ: Եթե սա չլինի, ով ուզում է լինի վարչապետ, Հովիկ Աբրահամյանը, թե մեկ ուրիշը, չի կարողանալու իրավիճակ փոխել: Համոզված եմ, որ նման խնդիր է դրել նախագահը նոր վարչապետի առաջ. հասարակության հետ երկխոսություն առանց միջնորդի, սա է իսկական ժողովրդավարությունը:
– Անդրադառնանք կադրային քաղաքականությանը: Նախագահը լայն լիազորություններ է տվել նոր վարչապետին, որ վերջինս իրականացնի ազատ կադրային քաղաքականություն` առաջնորդվելով միայն պրոֆեսիոնալիզմով, մերժելով մեզանում ընդունված ծանոթ, խնամի արատավոր երևույթը:Հասարակությունը սպասում էր լուրջ փոփոխությունների, մինչդեռ նոր անուններ գրեթե չեն հնչում: Սա լա?վ է, թե? վատ:
– Կա <իտալական գործադուլ> տերմինը, երբ մարդիկ աշխատում են գրաֆիկի համաձայն, ամեն ինչ անում են ժամանակին, բայց արդյունքները միշտ վատ են լինում, որովհետև ամեն ինչ արվել է ձևականորեն: Ուրեմն, ձևականորեն չպետք է աշխատել, իսկ դրա համար կառավարության նոր կազմում ոչ միայն պետք է լինեն քաղաքական պատասխանատվություն կրող, պորֆեսիոնալ, այլև ազդեցիկ գործիչներ, մարդիկ ում խոսքը դեր կունենա և’ ներսում` հասարակության հետ շփումնրում, և’ արտերկրում` օտարների հետ հարաբեություններում: Այսինքն, մեզ <ազնիվ աղյուսներ> հարկավոր չեն:
Այս պահին դեռ ձեռնպահ կմնամ գնահատել նոր կազմը, թե ինչպիսին կլինի այն, շատ շուտով պարզ կդառնա: Խնամի, բարեկամ, ծանոթ չեն կանչվելու, չէ?, այս պայմանը սկզբից ևեթ դրված է, ուրեմն, եթե քաղաքական պատասխանատվություն կրող, պորֆեսիոնալ և ազդեցիկ գործիչները վաղը վատ աշխատեն, ապա կունենանք նախարար-տիկնիկներ, մեր բարբառներում մի բառ կա` <խորթվիլակ>, հուսանք, որ այդպիսիք մեր նոր կառավարությունում չեն լինի: Հակառակ դեպքում ամբողջ ծանրությունը կմնա նախագահի ու վարչապետի ուսերին:
-Իսկ ո?րն է լինելու նոր կառավարության ռազմավարությունը:
– Հայաստանի տնտեսական աճի անկումն անվտանգության խնդիր է, իսկ այդ աճն ապահովելու համար հարկավոր են խոշոր կապիտալ ներդրումներ: Այսինքն, եկել է ժամանակը, որ մեր խոշոր բուժուազիան իր փողերը դնի արտադրության մեջ: Եթե նրանք շնորհալի գործարարներն են, ու գողանալով չեն հարստացել, ապա կգնան այդ քայլին, որովհետև գողացողն ունակ չէ մտածել երկրի համար օգտակար տնտեսական ծրագրերի իրականացման մասին: Մի մե~ծ խաչ պետք է քաշել կոռուպցիայի, մոնոպոլիայի վրա, իսկ եթե այս երևույթներից չազատվենք, ապա ինչպես հայտնի խոսքում է ասվում, 40 օր անց ամեն ինչ հայտնի կդառնան, ու կիմանաք, թե ով ով է:
Բացի այդ, մեր կառավարությունները մշտապես աչքի են ընկել փոքր ու միջին ձեռներցներին խեղդելով , իսկ եթե այս կառավարությունը չի օգնելու փոքրերին, ուրեմն գոնե չպետք է խանգարի: Այդ ինչպե?ս է լինում, որ հայն այլ երկրներում կարողանում է իր բիզնեսը լավ կազմակերպել, բայց իր երկրում` ոչ: Անհեթեթություն է, պարզ չէ?, որ խանգարողներ կան: Ուրեմն, նոր կառավարության խնդիրը պետք է լինի ոչ թե խանգարելը, այլ աջակցելը: Շատ կարևոր եմ համարում դիվերսիֆիկացիան: Մեր գյուղերը սովորական բնակավայրեր չեն, դրանցից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, դրանք մեր հայրենիքն են: Ուրեմն, Երևանից պետք է կապիտալը տեղափոխվի շրջաններ, ուր բիզնես ծրագրեր իրականցնելը պետք է դառնա առավել շահավետ, քան մայրաքաղաքում: Ուրեմն, արտագաղթի <դուռը> փակելու համար պիտի հետևյալ նշանաբանը որդեգրենք` ո’չ Երևանին, ո’չ արտագաղթին, այսինքն, բիզնես մի’ փնտրեք Երևանում և դրսում, այլ միմիայն Հայաստանի շրջաններում:
–Դուք գնահատեցիք նոր վարչապետին, որպես գործունյա քաղաքական գործիչի ու վստահելի մարդու, բայց ինչպես հայտնի խոսքն է ասում լեզուն երկու ծայր ունի, հակառակ կողմից արդեն իսկ լսելի է քննադատությունը, նրա ակտիվ քայլերը նույնիսկ ստացան պոպուլիզմ որակումը: Այս մասի?ն ինչ կասեք:
-Քննադատությունն անհրաժեշտություն է, չքննադատող հայը հայ չէ, մեր տեսակն է այդպիսին, թող չափազանցություն չթվա, բայց մեր գոյության պայմանը ինքնաքնադատությունն է, ու եթե այդպիսին չլինեինք` չէինք լինի առհասարակ: Ինչու, որովհետև ինքնաքննադատությունը սխալները մաքրելու, դրանցից խուսափելու, ազատվելու լավագույն ձևն է: Բայց մարդիկ ինքնաքննադատությունը շփոթում են զազրախոսության հետ: Ես դեմ եմ զրպարտությանը, զրպարտությանը, ես զզվում եմ այդ երկու <զ>-երից: Իսկ վարչապետի քայլերի մեջ կա ոչ թե պոպուլիզմ, այլ ժողովրդին ուղղված խոսք, այն` <ժողովուրդ իմացեք, լավ է լինելու>: Իսկ եթե այդ լավը չեղավ, ապա այդժամ կարելի է խոսել պոպուլիզմի մասին: Սակայն ի տարբերություն բոլոր զազրախոսների, մեզանում կա մի շերտ որը հույսով սպասում է ու մեծ ակնկալիքներ ունի վարչապետի քայլերից, բայց եթե դրանք չիրականանան ու մեր սպասումները հօդս ցնդեն, անշուշտ կհնչի արդարացի քննադատություն: Զազարխոսներն այսօր ասում են` իշխանությունը զբաղված է պոպուլիզմով, ուրեմն իշխանությունը չպետք է թույլ տա, որ նույն կարծիքին լինի նաև հասարակության զազրախոսությամբ չզբաղվող հատվածը: Պարոնա’յք, մի դրդեք մեզ այդ քայլին:
-Պարոն Արշակյան, ի՞նչ եք կարծում, իրո՞ք, այսօր կա սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն:
-Ռուսական մի ասացվածք կա. ՙՄինչև ամպրոպ չի լինում, գյուղացին չի խաչակնքում՚: Մենք չպետք է սպասեն այդ ամպրոպին, չպետք է կյանքի հետևից գնանք, այլ առջևից ու առաջանցիկ լինենք կարևորագույն հարցերում: Ուրեմն, պետք է ձեռքի տակ ունենանք բարեփոխումների փաթեթը, որպեսզի հենց գա դրա իրականացման ժամանակը` այն դնենք սեղանին:
-Կառավարման ո՞ր համակարգը կարող է արդյունավետ լինել Հայաստանի համար:
-Ես նախագահական համակարգի կողմնակիցն եմ, քանի որ կողմնակից եմ ուժեղ ժողովրդավարության, իսկ այն պարտադիր չէ, որ լինի խորհրդարանականի պարագոյում: Գիտեք, մենք հայերս պորտալարով կապված ենք մեր պատմությանը` մեր արքաներին, մեր իշխաններին, մենք մանարխիստներ ենք, հետևաբար, ուզում ենք, որ մեր առաջին դեմքը լինի ուժեղ, օրինակելի մարդ, հայի հավաքական կերպար: Ես կոլեկտիվ դեմք չեմ ուզում, մեր մշակույթում դա չկա: Եվրոպան, մասնավորաբար, Անգլիան, կարողացել է պահպանել իր հավաքական կերպարին` իր թագավորին ու թագուհուն: Նրանց օրինակելի նիստուկացը, ընտանիքը ժողովրդի ուշադրության կենտրոնում են: Ես ուզում եմ, որ մեզանում էլ լինի այդ հավաքական կերպարը, ումից օրինակ կվերցնենք: Հայաստանի նախագահ դարձած հայը իրավունք չպետք է ունենա սխալվելու, որովհետև ազգովի մեր հայացքը նրան է ուղղված: Իսկ թագավոր-նախագահի ընտրության հնարավորություն մեզ տալիս է ուժեղ նախագահական համակարգը, խորհրդարանականը` ոչ: Ես այսպես եմ մտածում, գուեցև հնից եմ գալիս, մտածողությունս ոմանց հին կթվա, բայց ես ուզում եմ ունենալ ուժեղ ու պատասխանատու առաջին դեմք, որպեսզի եթե անգամ հայհոյելու լինենք` նրան հայհոյենք ու սրտներս մի~ քիչ հովանա: Ասելիքս այն է, որ երկրում ստեղծված թե՜ լավի, թե՜ վատի համար պետք է իմանանք ո՞ւմ ենք գովելու կամ հայհոյելու: Ուզում եմ ունենալ և՜ թիրախ, և՜ օրինակելի նախագահ:
Իսկ ընդհանրապես, կողմնակից եմ, որ ներկայիս սահմանադրությունը մնա անփոփոխ, այնպես, ինչպես կա, իսկ եթե փոփոխություն, ապա միմիայն բարեփոխում, և ոչ երբեք ՙչարեփոխում՚, այդ փոփոխությունը պետք է բարիք բերի մեզ: Միանշանակորեն դեմ եմ հենց այնպես արվելիք փոփոխություններին, դա նշանակում է,որ մարդիկ անգործությունից իրենց համար աշխատանք են գտել ու սահմանադրություն են փոփոխում: Չնայած գիտեք, մեզանում կան ՙգործունյա՚, ճարպիկ իրավաբաններ, որոնց ավելի լավ է ինչ- որ բանով զբաղեցնել, իրենց կաբինետներում, թղթերի վրա, թեկուզ սահմանադրություն թող փոխեն, թե չէ դրանք շատ մեծ վնաս կտան մեզ փողոց դուրս գալով, կարող են նույնիսկ երկիրը քանդել:
-Բայց սահմանադրությունը երկրի գլխավոր օրենքն է ու պարապ վախտի խաղալիք չէ, անգործությունից սահմանադրություն փոփոխելով զբաղվածներն այն կարող են տանել ձեր նշած` ՙչարեփոխման՚ ճանապարհով:
-Ես վստահ եմ, եթե առաջարկվի նման անհեթեթություն, ապա Ազգային ժողովն ու ժողովրդական հանրաքվեն այդ փոփոխություններն ուղղակի կմերժենի, և վերջ: Իսկ մեզ օգուտ կմնա այն, որ ոմանք այդ ընթացքում զբաղվեցին ՙժողովրդավարական մարզանքով՚:
-Ի՞նչ կասեք դեպի Մաքսային միություն, ապա նաև Եվրասիական տնտեսական միություն մեր ընթացքի մասին, տպավորությունն այնպիսին է, որ դեռ կիսաբաց դռների առջևում ենք` ո՜չ ներսում ենք, ո՜չ դրսում: Ի՞նչ մտավախություններ ունեք:
– Նախ մի բան պետք է հստակ գիտակցենք, այսօր Ռուսաստանն ու Արևմուտքը պայքարում են իրար դեմ, իրենց կարգավիճակն են ճշտում, փոփոխում և այդ ամենն անում են մեր տարածքում: Իսկ սա նշանակում է, որ մենք պետք է առավել քան զգոն լինենք, քանի որ այսօր գերտերությունները փոքր երկրների կարծիքի հետ գրեթե հաշվի չեն նստում, նրանք անում են այն, ինչ իրենք են կամենում: Հենց դա է պատճառը, որ իրականում մենք չունենք կամովին ընտրելու հնարավորություն` լինել Ռուսաստանի հե՞տ, թե՞ Եվրոպայի, իրականում նրանք են մեզ ընտրում ու միացնում իրենց: Սա փոքր պետությունների ճակատագիրն է: Ուրեմն, մեզ մնում է ճիշտ կողմնորոշվել` ի՞նչ անել այս իրավիճակում: Նախ, պարտավոր ենք ինքներս հաշվի նստել մեր իսկ կարծիքի հետ, կարծիք, որ հայտնել ենք սրանից դեռ 2000 տարի առաջ, այն է` հայերս եվրոպացի ենք, եվրոպական արժեքներին դավանող, քաղաքակիրթ, առաջադեմ ժողովուրդ:
-Բայց այստեղ մի ճշտում պետք է անենք. այսօր համաեվրոպական արժեքների ճգնաժամ է, Եվրոպան ինքն է նահանջել իր արժեհամակարգից, կորցրել իր քրիստոնական դեմքը, ուրեմն, մենք պետք է հստակեցնենք` ի՞նչ ենք հասկանում մերօրյա եվրոպական արժեքներ ասելով և ինչի՞ կրողն ենք: Չե՞ք կարծում, որ համաեվրոպական արժեքների մասին մեր պատկերացումները վերանայման կարիք ունեն:
-Եվրոպայի բանաձևը, ըստ իս, հետևյալն է` քրիստոնեություն, կրոնական հանդուրժողականություն, իսկ կարգախոսը` ՙԱզատություն, հավասարություն, եղբայրություն՚-ը: Մենք սա՜ ենք ուզում, որովհետև մենք հայերս էլ քրիստոնյաներ ենք, կրոնապես հանդուրժող ազգ ենք, մեզանում կան կաթոլիկներ, բողոքականներ ու մենք եղբայրներ ենք, և վերջապես, մենք ևս ընդունում ենք հիշյալ կարգախոսը:
-Այն, ինչ թվեցիք, դրանք հենց հայկական արժեքներ են, ուրեմն, ինչո՞ւ ենք նախ մեզանից հեռացնում, ապա իբրև եվրոպական փորձում ներմուծել:
-Լիովին համաձայն եմ, դրանք մեր ազգային արժեքներ են, որոնք հայերս որպես ժառանգություն ենք ստացել մեր պապերից և ուզում ենք հավատարիմ մնալ մեր ազգային արժեհամակարգին, դրա պաշտպանն ենք: Թերևս, իրոք, հարկավոր է շեշտադրումը փոքր-ինչ փոխել հետևյալ կերպ, որ մեր ազգային արժեքները ընդունելի են եվրոպացիների համար ու այս հարցում եվրոպացիները մեզ հետ են, ուրեմն, միևնույն արժեհամակարգի կրողներ ենք: Իսկ սրանցից դուրս մնացյալը` լեզբուհիներ, գեյեր, սատանիստներ և այլն, ածանցյալ, մարգինալ երևույթներ են, այդտեղ հայերս չկանք:
Վերադառնալով նախորդ մտքիս ասեմ հետևյալը, ինտեգրման ինչ ուղով էլ գնալու լինենք մենք պետք է մեր հայրենիքի, մեր ժողովրդի համար քաղենք առավելագույնը: Ունենք անվտանգության խնդիր, ուրեմն այն կա՜մ Ռուսաստանը, կա՜մ Եվրոպան պետք է ապահովեն, երաշխավորեն մեր անվտանոգւթյունը, իսկ մենք և՜ մեկի, և՜ մյուսի հետ պատրաստ ենք համագործակցել: Ուրեմն, պետք է պատրաստ լինենք ցանկացած փոփոխության, որպեսզի հարկ եղած ժամանակ ծրարը բացենք ու իմանանք, թե ինչի՞ց ենք սկսում: Վերջապես, մեր սկզբունքը պետք է լինի հետևյալը. ինչ համակարգում էլ լինել` շահել:
Սեպտեմբերի 3-ից հետո, այս վեց ամիսների ընթացքում իրողություն է փոխվել, դրան նպաստեցին ուկրաինական դեպքերը, աշխարհի արձագանքը, կարծում եմ, էապես փոխվել է նաև Ռուսաստանը: Եվ այդ փոփոխությունն ի շահ մեզ է: Ինչու, որովհետև այսօր Ռուսաստանին նվաճված, կամազուրկ երկրներ հարկավոր չեն, այլ դաշնակիցներ, հետևաբար, նրան անհրաժեշտ է ինքնիշխան, ուժեղ Հայաստան: Եվ մենք հենց այսպիսին պետք է ներկայանանք թե՜ Ռուաստանին, թե՜ Եվրոպային: Չէ՞ որ մենք այդ արժանիքներն ունեցող ժողովուրդ ենք:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ













