Գլխավոր » TOP, Լրահոս, Տնտեսություն

Կառավարության ծրագիրը չպետք է լինի կոսմետիկ խմբագրումներով

Մայիս 6, 2014թ. 00:42

ա.ԹՆոր կառավարության նոր ծրագիրը խորհրդարանին կներկայացվի մայիսին, սակայն արդեն իսկ տնտեսագիտական շրջանակներում փորձ է արվում ոչ միայն կանխատեսել, թե ինչպիսին կլինի այն կլինի, այլ ներկայացնել ակնկալիքները:
Թեմայի շուրջ զրուցեցինք տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր ԱՇՈՏ ԹԱՎԱԴՅԱՆԻ հետ

-Չե՞ք կարծում, որ Հովիկ Աբրահամյանի ղեկավարած նոր կառավարության ծրագիրը պետք է էականորեն տարբերվի նախորդից, ասել է թե կոսմետիկ խմբագրումներն անընդունելի են, քանզի դրանք չեն կարող լինել արդյունավետ:

– Այո, մեզ նոր ծրագիր է անհրաժեշտ, ուր պետք է հստակ նշված լինեն մեր նպատակները, հիմնախնդիրներն ու լուծման մեթոդները: Ավելին, նոր ծրագրում ոչ միայն պետք է մատնանշենք մեր երկրի հիմնախնդիրները, այլ նաև պետք ցույց տանք լուծման ուղիները, դրանց մեթոդաբանությունը: Մյուս կողմից, պետք չէ գերագնահատել ծրագրերի դերը: Երբեմն թվում է, թե լավ ծրագիր մշակելը բավարար է դրական արդյունքների հասնելու համար, այդպես չէ, կարող ենք ունենալ լավագույն ծրագրերը, բայց եթե նրանում մատնանշված չեն իրագործման մեխանիզմները և չկան համապատասխան կատարողները, ապա լավագույն ծրագիրն այդպես էլ կմնա դարակում` չիրականացած: Մի հայտնի անեկդոտ կա. մեկը դիմում է թատրոնի ռեժիսորին, ասում` ՙՈւզում եմ Համլետ խաղալ՚: Հարցնում են` ՙԴուք հայտնի՞ դերասան եք, ունե՞ք փորձ՚: Պատասխանում է` ՙՈչ, ես տանը մի շատ լավ գանգ ունեմ՚: Այսինքն, ծրագիր ունենալը շատ քիչ է: Ծրագրի իրագործման մեխանիզմները պետք է շատ հստակ լինեն: Ինչպես նաև կատարողները: Եթե դուք ունեք առողջապահական լավ ծրագիր , սակայն այն իրականացնելու համար չունեք լավ բժշկական կազմ, արդյունքը վատ կլինի:

-Նոր կառավարությունը, կատարողների առումով, ամփոփո?ւմ է իր մեջ այդ անհրաժետ ներուժը:

– Ես կարծում եմ, որ եթե այս կառավարությունը համախմբի հանրապետության կարող ու որակյալ ուժերին, որոնք հստակ կսահմանեն հիմնախնդիրները, լուծման մեթոդները և հաշվի կառնեն դրանց փոխկապվածությունն ու պատճառահետևանքային կապերը, ապա կունենանք դրական արդյունքների հասնելու հնարավորությունները: Գիտեք, մենք հասել ենք եզրագծին ու այլ ելք, պարզապես, չունենք:

-ՙՀայաստանի նոր կառավարությունը քիչ է խոսելու է եւ շատ գործ է անելու, նոր ծրագիրը բազմաբառ չի լինի: Ավելի լավ է մտածել գործի, ոչ թե խոսքերի մասին՚. վարչապետ Աբրահամյանի այս խոսքերը թույլ են տալիս ենթադրելու, որ նոր կառավարությունը խոստումների տեսակետից շռայլ չի լինի, բայց, փոխարենը, մեծ են կառավարությունից հասարակության սպասելիքները:

-Այո: Հովիկ Աբրահամյանը փորձառու քաղաքական գործիչ է, նաև ունի թե’ գործադիր, թե օրենսդիր աշխատանքի մեծ փորձ, մշտապես զբաղեցրել է առանցքային պաշտոներ, սա շատ լավ, արդյունավետ ՙսինթեզ՚ է, ու ես կարծում եմ, որ գործադիր- օրենսդիր փորձի ՙսինթեզից՚ սպասելիներն էլ, իրոք, շատ են: Իսկ որպեսզի հասկանանք, թե ինչ ակնկալիքներ ունենք մեր կառավարությունից, նախ, պետք է ախտորոշենք մեր տնտեսությունը ու նշենք հիմնախնդիրները: Սրանց շարքում առաջին տեղում է 20 %-անոց գործազրկությունը, արտագաղթն ու ցածր աշխատավարձերի հարցը: Մեզանում նվազագույն աշխատավարձը 50 000 դրամ է, այն դեպքում, երբ սպառողական զամբյուղը մոտ 70 000 դրամ է կազմում: Միջին աշխատավարձը 158 000 է, սակայն 4 հոգանոց ընտանիք պահելու համար այն գոնե պետք է կազմի մոտ 250 000 դրամ: Հիմնախնդիրների երկրորդ տեղում առևտրային հաշվեկշռի ոչ բարենպաստ վիճակն է. արտահանումը գրեթե երեք անգամ գերազանցում է ներմուծմանը, վերջինս կազմում է մոտ 3 մլրդ 700 մլն դրամ, իսկ արտահանումը` ընդամենը, մոտ` 1 մլրդ 300 մլն: Սա շատ վտանգավոր ցուցիչ է, ինչու, որովհետև այդ դեպքում տարբերությունը ստիպված ես լրացնել կա’մ գրանտներով և հայտնվես օտար երկրներից կախվածության մեջ, կա’մ վարկերով ու տանսֆերտներով, այսինքն, աշխատուժն արտահանելով: Ստացվում է ունենալով ոչ բարենպաստ առևտրային հաշվեկշիռ, մենք նպաստում ենք արտագաղթին: Երրորդ հիմնախանդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքն է, որը դիվերսիֆիկացված չէ: Չորրորդը, կոռուպցիայի բարձր մակարդակը:

-Հաշվի առնելով թվարկածը` արտագաղթ, ժողովրդի ծանր վիճակ, ցածր աշխատավարձեր, կոռուպցիա, չե՞ք կարծում, որ տնտեսական քաղաքականության մեջ այսօր շեշտադրումների հստակ փոփոխությանն անհրաժետությունն է:

-Դա պետք է պարտադիր կատարվի, իսկ դրա համար նախ պետք է ձևակերպենք մեր նպատակները, այն է. նախ, արտահանման կտրուկ աճի ապահովման միջոցով արտահանման և ՀՆԱ-ի հարաբերակցության մեծացում մինչև 30%, անպայման օգտագործելով Մաքսային միության հնարավորությունները: Հակառակ դեպքում մեր փոքր երկրի շուկան զարգացման հնարավորություն չի ունենա: Հաջորդը, շուկայում առաջին անհրաժեշտության, և հատկապես, գյուղատնտեսական հայրենական ապրանքների գերակշիռ դիրքի գրավումը: Սրա հետ էլ փոխկապակցված են թե’ զբաղվածության աճը, թե’ համախառն ներքին արդյունքի կառուցվածքի փոփոխությունը:

Տնտեսական ճգնաժամին ՙդիմնագրավելու՚ նպատակով Հայաստանի կառավարությունը դրսից մեծաքանակ՝ ավելի քան 2 մլրդ դոլարի վարկ վերցրեց, իսկ դրանց ոչ ճիշտ օգտագործումը լրջագույն բեռ դարձավ ներկա ու ապագա սերունդների ուսերին: Ինչպիսի՞ն պետք է լինի ներկայիս վարկային քաղաքականությունը:

-Ե’վ պարտքը մեծացրինք, և’ վտանգեցինք արտահանմանը: Գուցե որևէ մեկին դուր չգա իմ խոսքերը, բայց դա է իրականությունը: Որպես մասնագետ ես պարտավոր եմ ճշգրիտ ախտորոշել, ես սխալվելու իրավունք գրեթե չունեմ, բժիշկը հիվանդին պետք է ներկայացնի իր հստակ դեղատոմսը: Արժույթի հիմնադրամից վարկեր ստանում էր Հայաստանի Կենտրանական բանկը, իսկ ՀԲ-ից էլ` կառավարությունը, և այդ վարկերի արդյունքում գոյացավ այդ պարտքը: Վերցվում էին բավականին շատ վարկեր, մինչդեռ պարտավոր էինք շա~տ զգույշ լինել: Չէ? որ եթե վարկ ես վերցնում, ուրեմն, հստակ պետք է ձևակերպել նպատակը, ուշադրություն պետք է դարձնել կառուցվածքի վրա: Մի օրինակ բերեմ, եթե 12 մլն դոլարի վարկ ենք վերցնում, բայց մեզ գալիս, ասում են` 18 մլն վերցրու, քանի որ X գործը այդքան է գնահատվում, հետն էլ ասում են` անտոկոս ենք տալիս, բայց մի քանի պայմանով` X մլն-ն կտաս խորհրդատուներին, Y-ը` գրասենյակի համար, մասնագետներին էլ իմ ուզած երկրներից կհրավիրես ու դարձյալ բարձր կվարձատրես, և դա այն դեպքում, երբ մենք կարող էինք մեր մասնագետներով ու մի քանի անգամ էժան գնով հարցը լուծել: Վերցրել ենք նաև ապրանքային վարկեր. մեզ տվել են , ասենք, հացահատիկը, ինչը վաճառել ենք ու այդ գումարով վճարել թոշակներ, աշխատավարձեր, այսինքն, ուղղակի իմաստով կերել ենք այդ վարկերը: Ինձ հաճախ են ասում` ՙռեցեպտներով՚ եք խոսում, որովհետև տնտեսության մեջ ամեն ինչ իր ՙռեցեպտն՚ ունի: Վարկային քաղաքականության ՙռեցեպտը՚ հետևյալն է, եթե վարկ ես վերցնում, ուրեմն, պետք է իմանաս, թե ինչքանո՞վ կարող ես այն արդյունավետ գնահատել: Իսկ եթե վարկ ես վերցնում ու հստակ չես գնահատում նպատակը, կառուցվածքը, վտանգավոր արդյունքներ ես ունենում:
Ուզում եմ անդրադառնալ մի քանի կարևոր հարցերի: Առաջին, մեզանում կա որոշակի խզվածություն դրամավարկային ու հարկաբյուջետային քաղաքականությունների միջև: Նշվում է, որ պետք է ունենանք ցածր գնաճ, ես դրա հետ համամիտ եմ, անշուշտ, բայց ինչպիսի՞ գնաճ: Գերմանիայում, երբ տնտեսական հրաշք կատարվեց, նրանք ձևակերպեցին տնտեսական քաղաքականության հիմնական սկզբունքները` այսպես կոչված, ՙմոգական քառակուսի՚ որում ներառեցին հետևյալ գործոնները` 1.բալանսավորված արտաքին առևտրային հաշվեկշիռ, 2.կայուն տնտեսականն աճ, 3. բարձր զբաղվածություն, 4.գների կայունություն: Սա նշանակում է, գների կայունության հարցում չես հասնի արդյունքի, եթե այս չորս բաղադրիչները չգործեն փոխկապակցված:
Իսկ մեզ մոտ ինչպե՞ս են պայքարում գնաճի դեմ, թիրախավորում են գնաճն ու դրան հասնում հիմնականում վերաֆինասավորման տոկոսադրույքով: Վարում ենք թանկ փողերի քաղաքականություն: Բայց մոլորություն է կարծել, թե վերաֆինասավորման բարձր տոկոսադրույքով կարող ես բարձր գնաճի դեմ պայքարել: Եթե գնաճը հիմնականում կախված է ներմուծվող առաջին անհրաժեշտության ապրանքների գներից, ապա վերաֆինասավորման բարձր տոկոսադրույքի դեպքում դու կարող ես միայն հակառակ էֆեկտն ունենա, քանի որ գնաճը դրսից է պարտադրվում: Ուրեմն, սա ինչպե՞ս կարող է նպաստել ներքին արտադրությանն ու արտահանմանը: Փաստորեն, բարձր ֆինանսավորման տոկոսադրույքի արդյունքում ոչ գնաճի հարցը լուծեցինք, ոչ էլ ներքին արտադրությունն ու արտահանումը խթանեցիր:
Մեր երկրորդ նպատակ պետք է լինի փողայնացման մակարդակը 60%-ի հասցնելը, որպեսզի պետության մեջ չլինի փողի սով, այլև լինեն բավարար ֆինանսական հնարավորություններ ներքին տնտեսությունը զարգացնելու համար: Երրորդ, 2003-ց մինչև 2008-ը կտրուկ արժեվորեցինք մեր դրամը, այսինքն, մեր արտահանվող ապրանքը գրեթե 1,5 անգամ թանկացավ ու դարձավ ոչ մրցունակ: 2008-ին մեր ներմուծումը 4,5 անգամ գերազանցում էր արտահանմանը: Ահա դրամի արժեվորման հետևանքը: Լրջորեն պետք է մտածել այս ուղղությամբ:
Անդրադառնամ նաև ԿԲ-ին: Համաձայն մեր Սահմանադրության, ԿԲ-ն պետք է ապահովի գների կայունությունը, բայց, ընդգծեմ, այնպիսի կայունություն, որը կնպաստի ՀՆԱ-ի և արտահանման աճին: Այսինքն, ԿԲ-ն ոչ միայն դե յուրե, այլ դե ֆակտո պետք է գործի հոգուտ գների տնտեսության կայունացման` փոխկապակցված տնտեսական հիմնախնդիրների հետ: Ինչը մեզանում ոչ միշտ է նկատելի: Այսօր առկա է ԿԲ-ի ոչ թե ձևական, այլ իրական վերահսկողության իրականացման անհրաժեշտություն: Տեսեք, տարբեր երկներում ԿԲ-ի վերահսկողությունը կատարում են այլ գերատեսչություններ, մինչդեռ մեզանում օրենքը հնարավարություն է տալիս որ ԿԲ-ն ինքն իրեն վերահսկի ու ինքն իր աշխատավարձերը սահմանի: Սա սխալ մոտեցում է, այնպես որ հասունացել է ԿԲ-ի հետ կապված օրենքների վերանայման, ճշգրտման ժամանակը: Որպես գիտնական- տնտեսագետ, լինելով Վերահսկիչ պալատի նախկին նախագահ 6 տարի վերլուծել եմ պետբյուջեի կատարումը, ԿԲ-ի ծրագրերն ու հաշվետվությունը, և պատրաստ եմ այս հարցերում օժանդակել նոր կառավարությանը:

ՙՄենք սկսելու ենք մի գործընթաց, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսի համար ստեղծենք շատ բարենպաստ պայմաններ եւ բարենպաստ հարկային դաշտ՚, չնայած վարչապետ Աբրահամյանի հավաստաիցմանը, սակայն ՓՄՁ-ների ներկայացուցիչները թերահավատ են, քանզի մարդիկ մշտապես միայն խոստումներ են լսել, բայց, ինչպես իրենք են ասում` որևէ մեկը դա գործով չի ապացուցել Կհաջողվի՞ նոր կառավարությանը խոսքը գործի վերածել:

-Հասկանալի է մարդկանց թերահավատությունը: Բայց այստեղ ևս պետք է անպայման տեղաշարժ լինի: Այսօր մեր վարկային տոկոսադրույքները գերազանցում են 15-%ը, գոնե պետք է իջեցնել մինչև 10-ը: Բայց այդ իջեցումն էլ չի նպաստի բիզնեսի զարգացմանը, ինչու, որովհետև այդ քայլի հետ մեկտեղ պետք է սուբսիդավորման, ապահովագրության մեխանիզմներ ներդնել: Նաև հարկային դրույքաչափերի որոշակի փոփոխություն պետք է կատարել: Եվ վերջապես, փոքր բիզնեսի զարգացմանը խոչընդոտում են էներգակիրների գները, որոնք մեզ մոտ բարձր են: Ի դեպ, ես մշակել եմ նաև գազի գնագոյացման համապատասխան մեխանիզմը, որը ամենևին չի հակասում գազ մատակարողների շահերին և այս մեխանիզմը կարելի է ներդնել:
Ես հաճախ իմ խոսքում նշում եմ փոխկապակցվածության մասին, դա շատ կարևոր հանգամանք է ինչպես դրամավարկային, այնպես էլ բյուջետային քաղաքականության մեջ: Մենք մտնում ենք Մաքսային միություն, ուրեմն այստեղ ևս պետք է փոխկապակցված աշխատենք: Տեսեք, ՌԴ-ում ԱԱՀ-ն կազմում է 18%, որոշ ապրանքների համար նույնիսկ ավելի ցածր է, Ղազախստանում` 16%, իսկ Հայաստանում` 20% է: Այսինքն, սրանով մենք ներքին արտադրողի համար ոչ հավասար պայմաններ ենք ստեղծում ու դրանով կամա թե ակամա նպաստում արտագաղթին: Հետևաբար, մենք պետք է իջեցնենք մինչև 18 %, բայց սա հետ միաժամանակ պարտադիր պայման է վարչարարության ուժեղացումը, հակառակ դեպքում արդյունք չի տա: Այսօր առաջնային է համարվում պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացման հարցը, ինչին ես լիովին կողմ եմ, բայց սա պետք է փոխկապակցված լինի հրապարակայնացման, հաշվետվության ու պատասխանատվությանը հետ:
Շատ հակիրչ անդրադառնամ նաև բյուջետային քաղաքականությանը: Բյուջեն մեծանում է, բայց սրա հետ մեկտեղ աճում են որոշակի հոդվածներ, որոնք հիմնավորված չեն, թույլ է վերահսկողությունը, ունենք ծախսերի բարձր սուբյեկտիվություն: Սա պետք է հստակեցնել ու հնարավորինս կրճատել սուբյեկտիվ բնույթի ծախսերը: Ես հնարավորինս հակիճ ներկայացրի նոր կառավարության տնտեսական թեզիսները: Շատ կուզենայի, որ դրանք արժանանան ուշադրության: Ի վերջո, յորաքանչյուրիս ցանկությունն է` մեր ուժերի ներածին չափով օգտակար լինել սեփական երկրին:

Իսկ ի՞նչ եք կարծում, կառավարության կառուցվածքային փոփոխությունները արդյո՞ք արդարացված են, խոսքս մասնավորաբար, ֆինանսների նախարարության ու պետեկամուտների կոմիտեի միավորման մասին է:

-Ես դա չեմ համարում առանցքային գործոն: Դա կառավարության ղեկավարի գործն է, այսինքն, եթե նրա համար առավել նպատակահարմար է այս կառուցվածքով ղեկավարել կառավարությունը, ուրեմն, նրան պետք է տրվի այդ հնարավորությունը: Եվ եթե դա նպաստի կուտակված հարցերի լուծմանը, ուրեմն կլինի և արդյունավետ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Լրահոս, Տնտեսություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն