Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն

“Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն”. ներկայացվել է ԱՄՆ կառավարության տեսակետը

Մայիս 7, 2014թ. 17:50

ԵԱՀԿ ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն այսօր ելույթ է ունեցել Քարնեգի հիմնադրամում եւ ներկայացրել ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ամերիկյան կառավարության պաշտոնական դիրքորոշումը։

“Թույլ տվեք ներկայացնել “հաստատված” փոխզիջման հիմնական տարրերը, որոնք բոլորն էլ հանրայնացվել են նախագահներ Օբամայի, Մեդվեդևի և Սարկոզիի 2009թ. Լ՛Ակիլայի և 2010թ. Մուսկոկայի համատեղ հայտարարություններում հիշատակվելով: Այս սկզբունքներն ու տարրերը կազմում են Մինսկի խմբի ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության հիմքը:
Պայմանավորվածության առանցքը ՄԱԿ-ի խարտիան է ու համապատասխան փաստաթղթերը և Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները: Մասնավորապես, մեր ուշադրության կենտրոնում են այն սկզբունքներն ու հանձնառությունները, որոնք վերաբերում են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը և ազգերի հավասար իրավունքներին ու ինքնորոշմանը:

Այդ հիմքի վրա կառուցելով ՝ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի: Այս տարրերի հերթականությունը և դրանց հետ կապված մանրամասներն, անշուշտ, բանակցությունների միջոցով պետք է որոշվեն, սակայն դրանք պետք է դիտարկվեն որպես անբաժանելի ամբողջականություն: Որոշ տարրեր պահելու, որոշ տարրեր դուրս թողնելու ցանկացած փորձ անհնարին կդարձնի հավասարակշռված լուծման հասնելը:

Առանց որոշակի հերթականության ներկայացնեմ այդ տարրերը.

Առաջին, հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բարդ պատմությունը՝ կողմերը պետք է համաձայնության գան, որ վերջնական իրավական կարգավիճակի որոշումը պետք է իրականացվի փոխադարձաբար համաձայնեցված և իրավական ուժ ունեցող կամաարտահայտման միջոցով ապագայում: Սա ընտրովի տարբերակ չէ: Միջանկյալ կարգավիճակը կլինի ժամանակավոր:

Երկրորդ, նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության սահմաններում գտնվող տարածքը, որը չի վերահսկվում Բաքվի կողմից, պետք է ստանա միջանկյալ կարգավիճակ, որի համար առնվազն պետք է ապահովված լինեն անվտանգության երաշխիքներ և ինքնակառավարում:

Երրորդ, Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ադրբեջանի ինքնիշխանության նկատմամբ հարգանքի բացակայության պայմաններում կարգավորում չի կարող լինել և Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումն այդ տարածքների նկատմամբ պետք է վերականգնվի:

Չորրորդ, պետք է լինի միջանցք, որը կկապի Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ: Այն պետք է բավարար լայնություն ունենա, որպեսզի անվտանգ անցում ապահովվի, բայց այն չի կարող ընդգրկել Լաչինի ողջ շրջանը:

Հինգերորդ, տևական կարգավորման ներքո պետք է ճանաչվի ներքին տեղահանվածների ու փախստականների իրենց նախկին բնակավայր վերադառնալու իրավունքը:

Եվ վերջապես վեցերորդ, կարգավորմամբ պետք է ապահովվեն անվտանգության միջազգային երաշխիքներ, ինչը կներառի խաղաղապահ գործողություն: Չկա այնպիսի սցենար, որտեղ խաղաղությունն ապահովվի առանց լավ մշակված ու բոլոր կողմերի վստահությունը վայելող խաղաղապահ գործողության”,- ասել է Ուորլիքը։


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն