Հայաստանում ԱՄՆ դեսպանը ներկայացրել է Ուորլիքի հայտարարության 3 պատճառ
Հայաստանում ԱՄՆ դեսպան ջոն Հեֆերնը լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրել է 3 պատճառ, որը դրդել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ներկայացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վեց կետանոց հիմնարար սկզբունքները:
Առաջին պատճառը, ըստ դեպսանի, մայիսի 14-ին հրադադարի կնքման 20 ամյակն է:
«Հրադադարի քսանամյակին ընդառաջ ա գտավ, որ արժե քաղաքականությունը ներկայացնող, պարզաբանող հայտարարություն անել»,- լրացրեց դեսպանը:
Ուորլիքի ելույթում հնչած հայտարարության երկրորդ պատճառը, Հեֆերնի ներկայացմամբ, այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում անդորր է և գործընթացում առաջընթաց չկա:
«Այս ելույթով նա հուսով է, որ կկարողանա բանակցային գործընթացին նոր լիցք հաղորդել», -հավելեց ամերիկացի դիվանագետը:
Ինչ վերաբերում է համանախագահի ելույթի 3-րդ դրդապատճառին, ապա, դա ըստ դեսպանի, «քաղաքականությունը ներկայացնելն էր»:
«Քաղաքականության նպատակն այն է, որ հակամարտող երկու երկրների ժողովուրդները կարողանան տարբերակել: Այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնել «տարբերակում» բառին: Այդ բառն ասելիս նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի բուն կարգավիճակը և Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքների կարգավիճակը: Մեզ մոտ տպավորություն է, որ երկու մայրաքաղաքներում, ժողովուրդների շրջանում, Լեռնային Ղարաբաղում բոլորը այդ տարածքները դիտարկում են որպես ընդհանուր Լեռնային Ղարաբաղ: Սակայն այդ տարածքները տարբեր են և, բնականաբար, դրանից կախված արդյունքները պետք է տարբեր լինեն: Ահա դրանք են եղել հիմնական պատճառները նման հայտարարություն անելու համար»:












