ԻՄ ԱՄԲՈՂՋ ՍՆՈՒՆԴԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Է
Քանդակագործ ԱՐՏՈ ՉԱՔՄԱՔՉՅԱՆԻՆ հանդիպեցի իր երեւանյան բնակարանում: Քանդակագործն ապրում եւ ստեղծագործում է Կանադայում, սակայն շարունակում է արմատներով ամուր կապված մնալ իր հողին ու հաճախակի այցելում է Հայաստան: Նրա վերջին այցը նաեւ գործնական է: Շուտով լույս կտեսնի քանդակագործ Արտո Չաքմաքչյանին նվիրված հայերեն գիրքը, որը, կարելի է ասել, վերջապես գնահատանքի փոքր տուրք է արվեստագետին:
-Վարպետ, կներկայացնե՞ք, թե ի՞նչ գիրք է լինելու, եւ ո՞վ է նախաձեռնել դրա տպագրությունը:
-Գրքի տպագրությունը նախաձեռնել է «Սարգիս Խաչենց» հրատարակչատունը: Ծավալուն գիրք է լինելու` մոտ 400-500 էջ: Գիրքը ներկայացնելու է իմ կյանքը եւ ստեղծագործությունները:
Բացի դրանից, այնտեղ կամփոփվի նաեւ դեռ 1967թ. «Գարուն» ամսագրում տպագրած հոդվածներիցս մեկը, որը վերաբերում է արդի հայ արձանագործությանը, թե ինչպիսին այն պետք է լինի, եւ որ այն պետք է ժառանգի հայ հնագույն արձանագործական ու քանդակագործական ավանդույթներն ու սեփական դիմագիծն ունենա:
Կարծում եմ, որ այն շատ օգտակար կլինի մերօրյա քանդակագործներին: Համենայն դեպս շատ կցանկանայի: Քանի որ այսօրվա հայ քանդակագործական միտումները շատ են հեռացել մեր ավանդույթներից: Մեր քանդակագործներն այստեղից-այնտեղից վերցնում են քանդակագործության ինչ-որ տարրեր ու ի վերջո անհասկանալի քանդակ է ստացվում, որը չունի միատարր դիմագիծ ու ոճ, չունի ազգություն:
Այնինչ հայերս ունենք մեր արժեքները, բայց դրանք չենք ուսումնասիրում: Եթե հայն էլ դրանք չօգտագործի` ո՞վ պետք է օգտագործի:
Ինձ համար անընդունելի է, որ մեր օրերում արձան են անում ու դիմագծերն ամբողջությամբ քանդակում են: Այնինչ մարդու էության մեջ են իր արժեքները եւ ոչ թե աչքի, քթի, բերանի: Այս դարաշրջանում, երբ հնարավորություն ունենք այլ միջոցներով արտահայտել մարդու, երեւույթի էությունը, հարկավոր է օգտվել այդ հնարավորությունից, որպեսզի հետագայում այս դարաշրջանի արվեստն ուսումնասիրելիս հասկանալի լինի, թե այս դարում արվեստն ինչ զարգացում է ապրել: Այլապես ստացվում է, որ մեզանում ոչինչ չի փոխվել:
-Երբ 1948թ. ձեր ծննդավայր Եգիպտոսից ընտանիքով տեղափոխվեցիք Խորհրդային Հայաստան` այստեղ ապրելու եւ արարելու, մեծ հույսեր ունեիք: Սակայն Հայաստանում այդպես էլ չհասկացան ու չընդունեցին ձեր արվեստը: Ուստի ստիպված էիք 1975-ին հեռանալ Կանադա: Գոնե այսօր կարո՞ղ եք ասել, որ հայրենիքում գնահատված եք:
-Ցավոք այսօր էլ ինձ այստեղ չեն ընդունում: Ճիշտ է` պարգեւատրվել եմ Մովսես Խորենացու մեդալով, բայց արդյոք դա՞ է գնահատելը:
Մի քանի տարի առաջ ինձ առաջարկեցին Երեւանում մի արձան դնել: Ես պատրաստեցի «Քայլող մարդը», որը նախատեսված էր դնել Հյուսիսային պողոտայում: Անգամ բրոնզ ձուլեցի արձանի համար: Սակայն նախաձեռնությունն այդպես էլ մնաց, թեեւ պատրաստ էի արձանը նվիրել քաղաքին առանց գումար պահանջելու: Այդպես էլ չհասկացա, թե ինչու կյանքի չկոչվեց, ինձ ոչինչ չասացին, չմերժեցին, բայցեւ արձանն էլ չուզեցին: Լռությունը մերժման լավագույն ձեւն է:
Այնինչ «Քայլող մարդը» շատ արդիական թեմա է արծարծում` հայերս առաջ քայլելու հեռանկարներ ունենք, սակայն մեր ամեն մի քայլը մտածելով ենք դնում: Արձանը խորհելու տեղիք կտար:
Եվ մինչ օրս իմ աշխատանքները չեն ուզում ցուցադրել: Անգամ պատրաստ եմ իմ արձանների հավաքածուն նվիրել Հայաստանին, քանի որ համարում եմ դրանք Հայաստանի սեփականությունը, կուզեմ այստեղ պահպանվեն ու ցուցադրվեն: Բայց տեսնում եմ, որ այստեղ կամք, ցանկություն չկա:
Իմ ցանկությունն է, որ մեր ժողովուրդն առաջ ընթանա արվեստում, այդ պատճառով ջանք եմ թափում: Որեւէ ակնկալիք չունեմ, փառք չեմ ուզում, գումար չեմ ուզում:
Մի տարի առաջարկեցի ինձ փոքր արվեստանոց տրամադրեն, որտեղ կկարողանամ մի խումբ երիտասարդների հավաքել եւ կրթել, բայց առաջարկս անարձագանք մնաց: Չեմ հասկանում, թե ինչն է այդ մերժման կամ անտարբերության պատճառը: Դա ինձ համար շատ տարօրինակ է: Ես նոր նկատեցի, որ արդեն 81 տարեկան եմ, եւ չէի ցանկանա հետմահու որեւէ բանի արժանանալ:
Չնայած այդ ամենին, մինչ օրս անչափ շատ սիրում եմ իմ հայրենիքը: Ես այսօր կապ ունեմ իմ ժողովրդի հետ, սիրում եմ իմ ժողովրդին, ուրախանում` տեսնելով, որ ժողովուրդն առաջընթաց է ապրում բարոյահոգեբանական առումով: Մեզանում լավը, արժեքավորները, տաղանդավորները, օգտակարները շատ են: Եվ նրանց համար եմ նաեւ գալիս Հայաստան:
-Վստահորեն կարող եք մտածել, որ շատ բան եք տվել հայրենիքին` ձեր արվեստը ներկայացնելով ու գնահատել տալով դրսում: Զարմանալի է, բայց փաստ` մենք մեր արվեստագետներին, տաղանդավորներին չենք սիրում գնահատել, բայց նրանք Հայաստանից դուրս համաշխարհային ճանաչում են ձեռք բերում:
-Այո, փաստ է: Եվ շատ կատեգորիկ է այդ տարբերությունը: Այստեղ ամբողջությամբ մերժում են, իսկ դրսում մեծարում են: Ես այսօր գովասանքի, գնահատանքի կարիք չունեմ, ամբողջ աշխարհում ինձ ճանաչում են, ընդունում: Մի քանի տարի առաջ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ինձ Փարիզում երեք դահլիճ տրամադրեց` իմ գործերը ցուցադրելու համար: Իսկ ես իմ հայրենիքում չեմ կարողանում անկյուն գտնել, որ ցուցադրեմ գործերս: Դա ինձ համար մտահոգիչ է:
Այսօր ես դասավանդում եւ ստեղծագործում եմ Կանադայում, այնտեղի Արքայական ակադեմիայի անդամ եմ: Իմ ստեղծագործությունները զարդարում են աշխարհի հայտնի արվեստի ցուցասրահները, քանդակներս տեղադրվում են աշխարհի հանրահայտ հրապարակներում ու վայրերում: Բայց իմ երազանքը հայրենիքում ցուցադրվելն է, ի վերջո այստեղ գնահատված լինելը:
Ես պատրաստ եմ վերադառնալ Հայաստան, բայց չգիտեմ, թե դա ինչ ձեւով պետք է լինի: Այստեղ տուն եմ գնել, քանի որ երբ գալիս էի ու մնում հյուրանոցում, շատ վատ էի զգում, իմ տունն է, բայց ես այստեղ հյուրի նման էի գալիս: Հիմա մնում է այստեղ իմ արվեստը պիտանի դառնա, որ կարողանամ Հայաստանում, հայրենիքումս ստեղծագործել ու իմ ժողովրդին ծառայեցնել իմ շնորհը:
-Ժամանակին Գիտությունների ակադեմիայի արվեստի ինստիտուտում որպես հետազոտող աշխատելով` շատ եք ճամփորդել Հայաստանում, ուսումնասիրել միջնադարյան հայկական վանքերի բարձրաքանդակները, հայ հին արձանագործության արվեստն ու ճարտարապետությունը: Դրանք ազդեցություն ունեցե՞լ են ձեր արվեստի վրա:
-30 տարի է՝ Կանադայում եմ, բոլորովին չեմ ազդվել օտար քանդակագործությունից: Իմ ամբողջ սնունդը Հայաստանից է: Հայաստանն այնպիսի արձանագործական հնագույն ավանդույթներ ունի, որոնք արձանագործության հիմքն են:
Մեկ օրինակ ասեմ, որ պատկերացնեք, թե մենք ինչ արժեք ենք կորցնում: Ժամանակակից քանդակագործության ռահվիրաներից մեկը Պիկասոն է, որն իր արվեստի մեջ մտցրեց արձանը եւ նկարը երկկողմանի քանդակելու եւ ցուցադրելու հնարավորությունը` դիմացից եւ կողքից: Ես պատահաբար կարողացա Եղվարդի եկեղեցու վրա գտնել առյուծի քանդակ, որը ե՛ւ դիմացից էր քանդակված, ե՛ւ կողքից: Քանդակն արված էր 14-րդ դարում: Դա գիտե՞ք ինչ արժեք է. առյուծի այդ քանդակը մրցում է այսօրվա արվեստի հետ:
Հայ հին քանդակագործական արվեստում պիկասոյական, շագալյան հնարքներն ու օրինաչափությունները կիրառվել են նախքան եվրոպական քաղաքակրթության ի հայտ գալը:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












