Միջազգային կառույցների կողմից մեր ներքին գործերին միջամտելը դարձել է վատ սովորույթ
Արևմտյան ուղեղային կենտրոնները չեն դադարում փնտրել, գտնել Հայաստանը ներսից քանդող նորանոր սցենարներ, որոնց ուղղությունը մեկն է՝ պայքար ազգային արժեհամակարգի դեմ ու դրանց վերաձևում, այսպես կոչված “արևմտյան արժեքներին” համահունչ: Իսկ այդ սցենարների իրականացմանը լծված են միջազգային տարբեր կառույցներ, որոնց կողմից ազգային պետությունների ներքին գործերին միջամտելը դարձրել է վատ սովորույթ:
Այսպես. դեռ մեկ տարի առաջ, երբ ՀՀ ոստիկանությունը որոշեց պատիժ սահմանել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզիչների դեմ, չուշացավ մերոնց քայլերը մանրադիտակով զննող ՄԱԿ,ԵԽ ԽՎ, ԵՄ, ԵԱՀԿ, նաև ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, որով կոչ էր արվում ՀՀ կառավարությանն ու ոստիկանությանը՝ “լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ մարդկանց դեմ խտրականություն չկիրառել”:
Ամիսներ առաջ էլ ԱՄՆ պետդեպարտամենտը իր տարեկան զեկույցով դժգոհեց Հայաստանի կառավարությունից, թե վերջինիս “սահմանափակումներից” ու “սոցիալական խտրականությունից” խիստ տուժել են Եհովայի վկաներն ու այլ աղանդավորական կառույցների անդամներ, իսկ խեղճ ու անպաշտպան ԼԳՏԲ համայնքն ուղղակի տառապում է խտրական վերաբերմունքից: Հայաստանի դեմ ուղղված արտաքին մարտահրավերներով մտահոգ մի շարք գործիչներ հանդես եկան հակադարձ կոչով՝ միջազգային կառույցների նման հայտարարությունները համարելով մեր երկրի ներքին գործերին կոպիտ միջամտություն:
Այսօր դարձյալ հերթական միջամտության ականատեսն ենք: Այս անգամ գլխավոր “հրահանգչի” դերում ՄԱԿ-ի երեխաների իրավունքների հանձնաժողովն է, որն իրեն իրավունք է վերապահել Հայաստանի կառավարությունից պահանջել վերանայել դպրոցների ուսումնական ծրագիրը ու վերացնել “Հայ եկեղեցու պատմություն” առարկայի պարտադիր դասավանդումը: Իր այս պահանջը միջազգային սույն կառույցը մատուցում է՝ “հանուն խղճի և մտքի ազատության” հայտնի լոզունգով փաթեթավորված: Փաստորեն, սրանք քայլ առ քայլ երկրից ներս են սղոսկում:
ՄԱԿ-ի հիշյալ հանձնաժողովում խիստ մտահոգված են, որ հայ դպրոցականն իր երկրում հնարավորություն ունի խորությամբ ուսումնասիրելու ազգային արժեքներ կրող ու ստեղծող իր եկեղեցու պատմությունը:
Հանձնաժողովին հունից հանել է այն, որ “Հայ եկեղեցու պատմություն” առարկան հայաստանյան դպրոցների ուսումնական ծրագրերում ներառված է որպես պարտադիր ուսուցանվող: Ու այժմ պայքարի առաջին քայլն ուղղել է պարտադիր լինելու դեմ , հաջորդ քայլն, անշուշտ, ուղղված կլինի այն ամբողջությամբ ծրագրից դուրս մղելուն: Իրենց իրավունքի պաշտպան հռչակած միջազգային կառույցի ներկայացուցիչները չե՞ն գիտակցում, որ նման պահանջն այլ բան չէ, քան մի ողջ ժողովրդի իրավունքի ոտնահարում:
Այն, որ միջազգային կառույցների զեկույցների գերակիռ մասը ոչ ադեկվատ են տվյալ երկրի հասարակական պահանջներին, իսկ առաջարկները շատ հաճախ չեն համապատասխանում երկրի օրենսդրությանը, վկայում է այն փաստը, որ ՄԱԿ-ի հանձնաժողովը “Հայ եկեղեցու պատմություն” առարկայի պարտադիր դասավանդումը համարել է մեր Սահմանադրությանը հակասող քայլ: Ստիպված ենք հիշեցնել, որ Հայաստանի սահմանադրության մեջ սևով սպիտակի վրա գրված է Հայ առաքելական եկեղեցու առանձնաշնորհյալ կարգավիճակի մասին, մեջբերենք. “ՀՀ-ն ճանաչում է հայաստանյանց առաքելական սուրբ եկեղեցու որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում նրա ազգային մշակույթի զարգացման ու ազգային ինքնության պահպանման գործում”:
ՄԱԿ-ի նման պահվածքը մտահոգել ու վրդովվեցրել է ոչ միայն Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հայրերին, այլև հայտնի մտավորականների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների: ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ մեզ հետ զրույցում նկատեց, թե “Հայ եկեղեցու պատմություն” առարկայի պարտադիր դասավանդումը մեզ համար ազգային կենսական նշանակության խնդիր է, ազգային դաստիրակության, կրթության կարևորագույն հարց ու հենց դրանով անընդունելի է կամավորության սկզբունքի վրա առարկայի ուսուցումը, այն միմիայն պետք է լինի պարտադիր: Ի՞նչ իրավունք ունեն խառնվելու մեր կրթական ծրագրերին: Մենք ազգային պետություն ենք ու մեր հարցերը ինքներս պետք է լուծենք”:
Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ՌՈՒԲԵՆ ՍԱՖՐԱՍՏՅԱՆՆ իր հերթին նկատեց, թե առարկան անպայման պետք է դասավանդվի մեր դպրոցներում, և ամենևին պարտավոր չենք վարվել այնպես, ինչպես մեզանից պահանջում են ինչ-որ կառույցներ:”Մեր ժողովրդի պատմության ընթացքում մեր եկեղեցին ունեցել է կարևորագույն նշանակություն, հետևաբար, հայոց եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմության մի կարևորագույն մասն է: Մեր երեխաները սովորելով այդ առարկան, հնարավորություն են ունենում առավել խորությամբ ուսումնասիրել մեր ժողովրդի պատմությունը, միաժամանակ, հաղորդակից լինել հայկական քաղաքակրթությանը, մշակույթին, այն մեր քաղաքակրթության մի մասն է, ինչը նաև համաշխարհային քաղաքակրթության բաղկացուցիչ է”: Մյուս կողմից, գիտնականը նկատում է, որ հայերս լինելով աշխարհում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին քրիստոնյա ազգը, հատուկ ուշադրություն պետք է դարձնենք մեր եկեղեցուն, ուսումնասիրենք մեր հավատքի առանձնահատկությունները:
Աստվածաբան ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ դիտարկմամբ, համաշխարհային նման հանդուրժողականությունը կարող է կիրառվել ամերիկյան կամ եվրոպական հասարակության մեջ, ուր կա կրոնական բազմազանություն. շուրջ 100 մլն մարդ հարում է ՙնոր դար՚ կոչվող կրոններին, որոնք ոչ մի առնչություն չունեն ավանդական կրոնների հետ: Ինչ վերաբերում է Հայաստանին, ուր բնակչության 90 տոկոսը Հայ առաքելական եկեղեցու հետևորդ է, նման չափորոշիչներ պարտադրելը խիստ մերժելի քայլ է:”Հայոց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցի է, ժողովուրդը գնահատում է նրա ահռելի ներդրումը ոչ միայն հայապահպանության, այլև մեր ժողովրդի բարոյական հիմքերի պահպանման հարցում, և անընդունելի է խնդրին մոտենալ ամերիկյան կամ եվրոպական չափանիշներով: Տոլեռանդության նման չափորոշիչը մեր ՙվրայով՚ չէ Ինչպես կարելի է մեզ մոտ պարտադրել եվրոպական ինչ-որ բան, որը հանգեցնելու է հասարակական ներդաշնակության խաթարմանը”:
Աստվածաբանը նկատում է, թե երբ մեզ պարտադրվում է “Հայ եկեղեցու պատմություն” առարկան հանել դպրոցական ծրագրից տպավորություն է ստեղծվում, թե մեր դպրոցներում տեղի է ունենում բռնություն երեխաների հանդեպ հավատքի կողմնորոշման հարցում: “Եղբա՛յր, նման բան մեզ մոտ գոյություն չունի”: Ուրեմն, այս հարթության մեջ խոսել հայ երեխայի իրավունքների պաշտպանությունից՝ ուղղակի զավեշտ է.”Մեզ մոտ երեխային չի պարտադրվում դառնալ հայ առաքելական եկեղեցու դավանող, որովհետև ազգի ճնշող մեծամասնությունն ինքնին մեր եկեղեցու հետևորդ է”:
Անդրադառնալով ՄԱԿ-ի հետևյալ դիտարկմանը, թե առարկայի դասավանդման պարտադիր պայմանը կարող է դիտվել, օրինակ, եզդի, մոլոկան երեխաների իրավունքների հանդեպ հարգանքի բացակայություն, Վարդան Խաչատրյանը բերեց հետևյալ օրինակը. հայ աշակերտները Իրանի դպրոցներում ուսուցանում են շիայական ուղղության պատմությունը, ինչ է ստացվում, իրանաբնակ հայությունը դժգոհի՞, բողոքի՞, թե դա ազգային փոքրամասնության իրավունքների ոտնահարում է՛. “Դա անընդունելի է, որովհետև մեր համայնքն ապրում է այդ երկրում, ուրեմն, պետք է տեղյակ լինի այդ երկրի հոգևոր կյանքին, լինի համահունչ, և ոչ թե խորթանա այդ երկրից”:
Հայաստանում բնակվող յուրաքանչյուր ոք ևս պետք է տեղեկացված լինի Հայ առաքելական եկեղեցու պատմությանը, նրա ուսմունքի, վարդապետությանը, ծիսակարգերին: Համոզված ենք, որ այս կերպ մտածում են հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունները: Իսկ ՄԱԿ-ին խորհուրդ կտանք չմիջամտել ու կրոնական հակասություններ չփնտրել մի երկրում, ուր այդպիսիք գոյություն չունեն:
Ի դեպ, նկատենք, որ դեռևս 2004-ից ՄԱԿ-ը իր բոլոր զեկույցներում հետևողականորեն պնդում է այս պահանջը, սա ևս արևմտյան աշխատաոճ է՝ պնդել այնքան ժամանակ, մինչև մի օր այն հասու կլինի հասարակության որոշակի շերտերին ու կդառնա իրականություն: “Այո, իրենք շատ լավ գիտեն, թե ինչ են անում, գործում են հետևյալ սկզբունքով. չկա բովանդակություն, որը չազդի ձևի վրա, և չկա ձև, որը բովանդակություն չդառնա: Անվերջ շեշտում են, թե իրենք ճիշտ են ասում, իսկ դուք կամ պետք է ընդունեք քաղաքակիրթ աշխարհի այս ընթացքը, կամ առաջադեմ համաշխարհային մարդկությունը ձեզ կհամարի մեկուսի, իզգո, հետամնաց զանգված” : Այստեղ, անշուշտ, իրենց մեղքի մեծ բաժինն ունեն տեղական գրանտակերները, որոնք դրսի հրահանգին հլու, իրենց սև գործն են անում ներսում: “Դրսից ասում են՝ վերցրեք արեք, սա է ճիշտը, իսկ մենք չենք հարցնում՝ ո՞ւմ համար է այն ճիշտ: Պատվերն ընդունում ենք ու իրականացնում, մեր հերթին ասելով, եթե եվրոպական կառույցն է ասում, ուրեմն, ճիշտը դա է: Լավ ինչքա՞ն կարելի է այս կերպ մտածել”:
Հայ մտավորականների համոզմունքն է՝ դիմագրավել հակաքրիստոնեական, հակաազգային, հակահայկական ուժերի կողմից մեր երկրին ուղղված հերթական մարտահրավերին հնարավոր է միայն մեր ներուժի համախմբմամբ:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












