Հատուցումը Արևմտյան Հայաստանի վերադարձն է այդ երկրի իրական տերերին
Հարցազրույցը Հորդանանի հայկական համայնքի Ազգային մարզական ակումբի ատենապետ, ազգային տեղական խորհրդի քարտուղար, ՀՌԱԿ ատենապետ ՆԵՐՍԵՍ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ
– Օրերս տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, այն բավական ներկայացուցչական էր: Նախորդ նիստերից սփյուռքի մեր հայրենակիցներն առանձնապես գոհ չէին, նշում էին, թե չկա գործնականություն, հստակություն: Որպես մասնակից ինչպիսի՞ն է այս նիստից ձեր տպավորությունը:
-Հայրենիքում բազմիցս եմ մասնակցել հայության հիմանխնդիրներին վերաբերող խորհրդաժողովների, և որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Հորդանանի համայնքի հանձնախմբի ատենապետ մասնակցել եմ նաև նախորդ բոլոր նիստերին: Եվ այժմ կարող են վստահաբար ասել, որ այս նիստը նախորդների համեմատությամբ առավել գործնական էր: Ողջունելի է սփյուռքի դերի կարևորումը հայրեինիքի իշխանության կողմից կայացվելիք որոշումներում: Սփյուռքը մշտապես ակնկալում է Հայոց ցեղասպանության հարցում լսել Հայաստանի հստակ դիրքորոշումը, տեսնել քայլերի պարզություն ու համոզվել խոսքի ու գործի համապատասխանության մեջ: Ազդակները պետք է գան հայրենիքից, և այս անգամ ես դա նկատեցի: Իրենց հերթին ակտիվ էին նաև սփյուռքի հանձնախմբերը: Սա նշանակում է, որ կա առավել արդյունավետ գործելու երկկողմ ցանկություն:
–Հայաստանի նախահագը մի կարևոր շեշտադրում արեց, թե Հայոց ցեղասպանության 100-ամյակին ներկայանալու ենք նորացված նպատակադրումներով, համահայկական նոր օրակարգով, ու այդ քայլերը խարսխված են Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնության վրա:
– Շատ ճիշտ եք նկատել, ողջունելի է մեր պետության այս քաղաքականությունը: Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությամբ պետք է բարձրացնենք մեր պահանջատիրությունը: Անկեղծ ասած, սփյուռքում շատերը դեռ վստահ չեն, որ հայրենիքը իսկապես հոգով ու սրտով նպատակադրված է Հայոց պահանջատիրության հարցում ունենալ շոշափելի դերակատարում: Տպավարություն կա, որ Հայաստանում մտածում են միայն Լեռնային Ղարաբաղի նորակազմ պետությունը զորացնելու համար ու ջանքները միայն դրան են ուղղված: Իսկ Արևմտյան Հայաստանի, Հայոց ցեղասպանության հարցերը թողնված են սփյուռքի վրա: Մինչդեռ այս վերջին նիստերից հետո ամրապնդվեց իմ հավատը, որ մեր պետությունն այսօր լրջորեն մտահոգ է նաև այս խնդիրներով: Նախագահի հիշյալ խոսքը թույլ է տալիս շոշափելի արդյունքներ ակնկալել:
-Հայոց ցաղասպանության ճանաչման գործընթացը թևակոխել է նոր փուլ, հետայսու հայությունն իր ներուժը առավելապես պետք է ծախսի գործընթացները իրավական հարթություն տեղափոխելու վրա: Այսինքն, եկել է դատապարտման, հատուցման փուլը: Ինչի սկիզը ազդարարեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ -ն և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պահանջելով Թուքիայից՝ վերադարձնել բռնագրավված հայկական եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալվածքները: Ի՞նչ կասեք այս մասին:
-Շատ կարևոր փաստ վկայակոչեցիք: Մեր կաթողիկոսների պահանջը գործնական քայլ էր հայոց պահանջատիրության հարցում: Չնայած Թուրքիան ամեն ինչ անելու է այդ պահանջը չիրականացնելու, շրջանցելու համար, որովհետև մտածում է, որ իր ցանկացած քայլով թուրքական նոր սերնդի առաջ բացահայտում է իր իրական` ցեղասպան դեմքը, ապացուցում, որ այն տարածքները, որոնք այսօր իր ձեռքի տակ են իրենը չէ, որ պետություն է կառուցել ուրիշի ունեցվածքը յուրացնելով: Սա է պատճառը, որ չի դադարում վարել ժխտողական քաղաքականություն: Բայց հայերս առավել փոթաջանորեն պետք է այս ուղղությամբ շարունակենք մեր պայքարը, քայլ առ քայլ հասնենք մեր հիմնական նպատակին:
-Իսկ ո՞րն է այդ նպատակը, հստակեցրե՞լ ենք, թե ի՞նչ ենք հասկանում հատուցում ասելով, որն է մեր պահանջը Թուրքիայից: Չե՞ք կարծում, որ այդ “անորոշությունը” կարող է որոշակիանալ, եթե ի լուր աշխարհի հայտարարենք` ցեղասպանության հետևանքով արևմտահայությունը հայրենազրկվեց, հետևաբար, հատուցումը հայերի հայրենիքի` Արևմտյան Հայաստանի վերադարձն է:
-Լիովին համակարծիք եմ: Մեր հայրենիքի վերադարձի պահանջը որպես հիմնական նպատակ պետք է նախ ամրագրենք, և մեր քայլերն ուղղենք այն իրականություն դարձնելուն: Միայն այդ կերպ ճշգրիտ կլինի մեր ընթացք, հակառակ դեպքում կհայտնվենք անորոշության մեջ: Տեսեք, Եվրոպայում, ԱՄՆ-ում բնակվող ցեղասպանության ենթարկվածների ժառանգներն այսօր փորձում են փոքր դատերով Թուրքիայից որոշակի դրամական փոխհատուցում ստանալ, բայց ես այդ ընթացքը ճիշտ չեմ համարում, որովհետև փոքր դատերով հարցը դառնում է անհատների, անձնական խնդիր, մինչդեռ հատուցումը համազգային հարց է: Փոքր դատերով մենք չենք կարող առաջ մղել մեր հայրենատիրության պահանջը:
Մյուս կողմից շատ կարևոր է, որ աշխարհի համար ընկալելի դարձնենք մեր նպատակը: Ի վերոջ, Թուրքիայի ժխտողական կեցվածքը կկոտրվի միայն այն դեպքում, երբ նա իր վրա կզգա աշխարհի ճնշումը: Աշխարհում այսօր տեղի են ունենում քաղաքական լրջագույն գործընթացներ, մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած շրջադարձի:
–Պատրաստ լինել նաև նշանակում է ակտիվ լոբբիստական աշխատանք իրականացնել: Հայաստանի նախագահը կարևորեց նաև լոբբիստական եւ իրազեկման կառույցների դերը: Հայտնի է, որ Թուրքիան տասնամյակներ շարունակ ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ` ծախսելով հսկայական ֆինանսներ: Իսկ մենք արդյունավե՞տ ենք գործում այս դաշտում:
-Գիտեք, այն հայկական համայնքները, որոնք գտնվում են դեմոկրատական երկրներում առավել հաջողակ են աշխատում այս դաշտում: Եվրոպական երկրների հայ համայնքի ներկայացուցիչները հնարավարություն ունեն ակտիվ աշխատելու լոբբիստական կառույցների հետ: Սակայն այլ է պատկերը թերի ժողովրդավարական երկրներում, մասնավորաբար, արաբական աշխարհում: Այստեղ նման աշխատանքի իրականացումը շատ ավելի դժվար է: Չնայած վերջին շրջանում խստությունը փոքր-ինչ կոտրվել է, բայց Թուրքիան լինելով մուսուլմանական երկիր իր բոլոր լծակներով ներազդում է այդ գործընթացների վրա:
– Մի կարևոր տեղեկատվություն ևս փոխանցեց նախագահ Սարգսյանը, այն, որ հայ իրավաբանների կողմից իրականացվում է Հայոց ցեղասպանությանը վերաբերող իրավական թղթածրարի մշակման աշխատանքներ: Առաջին անգամ հայությունը պետականորեն ձեռնամուխ է եղել իրավական փաթեթի ստեղծմանը:
-Այո, մշտապես սփյուռքի նպատակն է եղել հայրենիքի հետ միասին ձեռնամուխ լինել իրավական փաթեթի ստեղծմանը: Եվ որքան շուտ այն ամբողջանա, այնքան լավ: Ունենք լավ իրավաբաններ, փաստաբաններ, մասնավորաբար, Միացյալ նահանգներում, որոնց ներուժը պետք է օգտագործել: Եվ ինձ շատ ուրախացրեց նախագահի փոխանցած այդ տեղեկատվությունը, կնշանակի հայրենիքում սկսել են արդյունավետորեն օգտագործել հայության ներուժը:
– Իսկ ի՞նչ կասեք Թուրքիայի նախագահին ուղղված Հայաստանի նախագահի հավերի մասին` 2015 թվականի ապրիլի 24-ին այցելել Հայաստան եւ այստեղ առերեսվել Հայոց ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին:
-Հայաստանի նախագահի հայտարարությունը, ճիշտն ասած, փոքր-ինչ անակնկալ էր: Այն ուղղակի աննախադեպ քայլ եմ ես համարում: Հայաստանի նախագահը արեց գրագետ քայլ, որով, ֆուտբոլային լեզվով ասած, գնդակը այժմ գտնվում է Թուրքիայի դաշտում: Մնում է սպասել, թե հայկական կողմի այս մարտահրավերին ինչպես կարձագանքի Թուրքիան:
Գիտեք սփյուռքի փափագը մշտապես եղել է անկախ տեսնել Հայաստանը, քանի որ համոզված էինք, որ միայն անկախ պետության հովանու ներքո կարող է հայը առաջ ընթանալ: Եվ դա կատարվեց: Հիմա, երբ ունենք անկախ պետություն պետք է աշխատենք, որպեսզի զորանա մեր հայրենիքը: Շատ եմ կարևորում Հայաստանի ու սփյուռի փոխադարձ վստահության վերականգնումը, ցավոք, անցած տարիներին ամեն ինչ արվել է այն խաթարելու համար: Միայն համատեղ ուժերով կարող ենք հասնել նրան, որ Թուրքիան վերացնի Հայաստանի շրջափակումը, և դա անի առանց նախապայմանների: Շրջափակումը տնտեսապես թուլացնում է մեր երկիրը: Եվ այս հարցը մշտապես պետք է հնչեցնենք միջազգային կառույցների ամբիոններից:
Չեմ կարող չասել այս անգամ հայրենիք կատարածս այցի մյուս տպավորության մասին: Նկատել եմ դրական տեղաշարժ: Հանդիպեցի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ և շատ տպավորված եմ, նա լավ հայ մարդ է, համոզվեցի, որ անկեղծորեն ուզում է նպաստել մեր երկրի զորացմանը: Եվ այդ մասին ասացի իրեն, որ լսել եմ իր խոսքերը ու ինձ մոտ ամրացել է վստահությունը իր հանդեպ: Նախկին վարչապետները մեզանից միայն փող էին ակնկալում, փոխարենն անտեսում գիտնականի գիտական առաջարկները: Ուրախ եմ, որ նոր վարչապետը պատրաստակամ եղավ լսելու երկիրը զորացնող բոլոր առաջարկները:
Առավել համոզվեցի նրանում, որ Սփյուռքն ու հայրենիքը պետք է միանան ու զորացնեն մեր հայրենիքը:
Արմինե Սիմոնյան












