ՄԵՐ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ ՀԱՅԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է
«Հայաստանի Առաջին Հանրապետության մասին խոսելիս պետք է նշել, որ այն հռչակվեց շատ ծանր ու խառը ժամանակներում, երբ վերափոխվում էր ամբողջ աշխարհը: Այդ պայմաններում կարողացան իրենց ապագան հաստատել միայն այն ժողովուրդները, որոնք գործեցին՝ պահպանելով իրենց ինքնությունը: Հայ ժողովուրդը դրանցից մեկն էր: Մեր անկախության գլխավոր գրավականը հայկականությունն էր: Եթե մենք գործեինք այլ տրամաբանությամբ, մեծագույն կորուստներ կունենայինք:
Սակայն Առաջին Հանրապետության հռչակումից հետո սկսվեցին գործընթացներ, որոնք տարան ձեռք բերված անկախության մի մասը: Ինչո՞ւ, որովհետեւ սկսեցինք ուրիշների խորհուրդներին համապատասխան գործել:
1988-90 թվականներին, երբ մեր ժողովուրդը հայկականության օրենքներով էր գործում, մենք շատ ավելի անկախ էինք, քան այսօր: Հայկականությամբ գործելը հիմա մենք որոշ չափով կորցրել ենք։ Այդ առումով անկախ չենք եւ մեծ վտանգների առաջ ենք կանգնած: Սեփական ինքնությունը պահպանելը եւ դրան համապատասխան գործելը այն դասն է, որ մենք պետք է քաղենք պատմական այդ ժամանակաշրջանից»,- երեկ «Բլից ինֆո» ակումբում նման տեսակետ հայտնեց ԱՇՈՏ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԸ։
Մայիսյան հերոսամարտերը ցույց տվեցին, որ միշտ պետք է պատրաստ լինել՝ կռվի հույս դնելով միայն սեփական ուժերի վրա. «Եթե 1918 թվականին մեր ժողովուրդն իր հույսը դներ ուրիշի վրա, մենք ամեն ինչ կկորցնեինք: Միշտ պատրաստ պետք է լինենք կռվելու: Այսօր դա կարեւոր է, քանի որ հիմա շատ է խոսվում տարածաշրջանում հնարավոր զարգացումների մասին՝ կապված Ադրբեջանի, նաեւ Թուրքիայի հետ»:
Աշոտ Մանուչարյանի կարծիքով, կարեւոր է նաեւ «առաջին գիծ» ձեւավորելը. «1918 թվականին ստեղծված իրավիճակում կարեւորագույն դեր կատարեց այն, ինչը պատերազմի դաշտում անվանում են առաջին գիծ: Այսինքն՝ պետք են մարդիկ, կառույցներ, որոնք իրենց վրա կվերցնեն առաջին գծում պայքարի պատասխանատվությունը:
Օրինակ, 1918 թվականին առաջին գծում էր Հայ Առաքելական եկեղեցին: Երբ անգամ պաշտպանության ուժերի, զորամիավորումների ղեկավարները եկան Էջմիածին ու կաթողիկոսին առաջարկեցին տեղափոխվել Սեւան, հայտնի է, թե ինչ պատասխան տվեց նա: Ասաց, որ եթե բանակը չի կարողանում պաշտպանել, ապա ինքը խաչը սրի կվերածի եւ կպաշտպանի Էջմիածինը:
Առաջին գիծը կարեւոր է: Այսօր էլ մեր Արցախյան ազատամարտի մարտիկները, շատ լավ գիտակցելով, թե ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած, վերհիշել են առաջին գծի խորհուրդը, ե՛ւ մտավորականների, ե՛ւ հոգեւորականների հետ այսօր ձեւավորում են այդ առաջին գիծը»:
Անդրադառնալով տարածաշրջանային գործընթացներին՝ Ա.Մանուչարյանը համոզմունք հայտնեց, որ Թուրքիայի հետ մենք պետք է երկխոսություն հաստատենք ոչ պետական մակարդակում:
«Թուրքիայում այժմ շատ բարդ գործընթացներ են։ Ոչ ոք չի կարող ասել, թե համաշխարհային կառավարման կենտրոնները ինչ ճակատագիր են պատրաստում այդ երկրի ու այնտեղ ապրող ժողովուրդների համար: Հիշեցնեմ, որ վերջերս 7 միլիոն ծպտյալ հայերի մասին է անընդհատ խոսվում:
Առիթ եմ ունեցել ասելու, որ մեր տարածաշրջանի հաջորդ պայթեցվող միավորը կարող է լինել Թուրքիան: Սլաքը, որ պտտվում է, մենք չենք կարող ասել, թե աշխարհի հզորների գործողությունների հետեւանքով ինչի վրա կկանգնի: Ինչքան տարբերակներ կան, այնքան էլ վտանգներ կան մեզ համար այդ հարցում:
Սակայն, կարծում եմ, մեզ համար կարեւոր է ոչ պետական մակարդակում երկխոսություն ունենալ Թուրքիայի հետ: Պետական մակարդակում նախաձեռնվող քայլերում դրսից պարտադրանքը մեծ է: Դրսից թելադրող կենտրոններն իրենց հաշվարկներն ունեն, որոնք կարող են մեզ համար լինել դրական կամ բացասական, բայց ամեն դեպքում դրանք մերը չեն: Դրա համար կարեւորում եմ ոչ պետական մակարդակով երկխոսությունը, որը, ի դեպ, ընթանում է», – նշեց նա:
Կան խնդիրներ, որոնց հետ կապված մոտեցումները, բանախոսի կարծիքով, պետք է փոխվեն. «Ֆունդամենտալ մի հարց կա, որ մենք պետք է դնենք ցեղասպանության հետ կապված: Մենք չպետք է անընդհատ բղավենք, որ ԱՄՆ-ը, Թուրքիան կամ Իսրայելը ճանաչեն ցեղասպանությունը: Ի վերջո, դա այդ պետությունների գործն է, բղավենք, թե չբղավենք, նրանք կճանաչեն կամ չեն ճանաչի` ելնելով իրենց հարմարությունից:
Կորցրած բան ունենք, որը պետք է վերականգնենք: Մինչեւ ցեղասպանությունը ապրել ենք որպես մի ամբողջականություն։ Այդ ամբողջականությունն ենք կորցրել՝ ցրվելով աշխարհով մեկ: Դրա հետեւանքով կորցրել ենք ինքներս մեզ: Այժմ պետք է այդ ամբողջականությունը վերականգնել:
Նման հարց օրակարգում չկա: Սա թվում է ֆանտաստիկ մի բան, սակայն դա միակ ռեալ խնդիրն է, որ կարող ենք իրականացնել ու նաեւ ակնկալել աշխարհի օգնությունը: Հայաստանը միայն Հայաստանի եւ Արցախի հանրապետությունները չեն, այլ ամբողջ Սփյուռքն է, որ մեծ կղզիներով է ապրում, եւ այդ կղզիների ամբողջական կյանքը հնարավոր է այսօր կազմակերպել: Այդ ամբողջականության մեջ կդառնանք հզորագույն միավոր, կպահպանենք ինքներս մեզ»:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












