Գլխավոր » Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

Հայաստանը պետք է պարզաբանում պահանջի՝ Նազարբաեւ-Ալիեւ անձնական հարաբերություններն ի՞նչ առնչություն ունեն ՄՄ-ի, ԵՏՄ-ի հետ

Մայիս 31, 2014թ. 23:09

աստանա Հարցազրույց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցի հետ

Չնայած լավ իմանալով Հայաստանի և ՄՄ-ում առանցքային դերակատար Ռուսասատանի դիրքորոշումը ղարաբաղյան հարցի առնչությամբ, այնուհանդերձ, Նազարբաևը իր ընկեր Ալիեվին չգրգռելու համար Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում առաջարկեց քննակել նրա առաջարկը: Պարզ չէ՞ որ գործ ունենք Նազարբաև-Ալիև պայմանավորվածության հետ, այն է՝ ԵՏՄ կառույցի ստեղծման ընթացքում անվերջ հիշեցնել, որ կա ԼՂ խնդիրը ու դրանով խոչընդոտել Հայաստանի անդամակցման գործընթացին:

-Նազարբաևը, ինչպես նաև այս անգամ լռած Լուկաշենկոն, պարբերաբար հասկացնում են, որ իրենք պատրաստ չեն Ալիևի ընտանիքի հետ ունեցած իրենց անձնական կապերը զոհաբերել հանուն Հայաստանի հետ ինչ- որ համագործակցային կապերի զարգացման: Եվ Նազարբաև-Ալիև անձնական կապերը այս անգամ էլ ի ցույց դրվեցին: Հայտնի է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը միաժամանակ անդամակցում են այն կառույցներին, որոնք միավորում են, այսպես ասած, թուրքալեզու պետություններին: Սրանով հանդերձ Նազարբաևը ունի նաև ինչ-ինչ պարտականություններ թե՜ Ադրբեանի, թե՜ Թուրքիայի առաջ: Եվ մենք պետք է նկատի ունենանք, որ այդ երկիրի նախագահը պարբերաբար նման կեցվածք է դրսևորելու, ու մեր քայլերով պատրաստ լինենք հակադարձելուն:

Տարօրինակ չէ՞, որ նոր ստեղծվող միության հիմնադիրները քննարկում են այդ միությանը չանդամակցող, ոչ էլ անդամակցելու մտադրություն ունեցող երկրի նախագահի նամակը՝ շրջանցելով անդամակցող երկրի շահը: Եվ առհասարակ, եթե միությունների ստեղծման ժամանակ հիմնադիրներն առաջնորդվեն նման տրամաբանությամբ՝ ականջալուր լինել ոչ բարյացակամ երկրի դժգոհություններին, կնշանակի միավորումները դեռևս չստեղծված կարող են ձախողվել:

-Համակարծիք եմ: Հետևաբար, սպասվող բանակցություններում այս հարցադրումն անպայման պետք է հնչեցնի Հայաստանը: Պետք է բացատրություն պահանջի, թե ինչպե՞ս կարելի է հաշվի առնել, քննել այն երկրի կարծիքը, որը բոլորովին մտադիր չէ անդամակցել ՄՄ-ին, ոչ էլ գոնե դիտորդի կարգավիճակով է ուզում մասնակցելԵՏՄ-ին: Հայաստանը պետք է հստակ պարզաբանում պահանջի՝ Նազարբաև-Ալիև անձնական հարաբերությունները ի՞նչ առնչություն ունեն ՄՄ-ի, ԵՏՄ-ի հետ: Եթե նրանք բարեկամներ են, խնդրեմ, թող մնան բարեկամներ, բայց միայն գործընթացի շրջանակներից դուրս: Ադրբեջանը կարող է իրեն թույլ տալ ու նման պահանջներ ներկայացնել տարբեր կառույցների: Հիշեցնեմ, որ Ալիևը նույնպիսի պահանջներ ներկայացրեց նաև եվրաասոցացման ժամանակ: Սակայն նրան հասկացվեց՝ հանգիստ թողեք Արցախի հարցը, այն չի կարելի կապել Հայաստանի ԵՄ Ասոցացման գործընթացի հետ, որ Արցախյան հիմնախնդրով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը , ու վերջ:

-Նազարբաևն իրեն իրավունք վերապահեց հանդես գալ իր գործընկեր Ադրբեջանի շահերի դիրքերից, իսկ ինչո՞ւ է լռում Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը:

-Ձեր ուշադրությունը հրավիրեմ հեռարձակված հայտնի տեսաերիզի վրա, որի մի դրվագը դուրս է մնացել շատերի ուշադրությունից: Խոսքս Պուտինի ռեպլիկի մասին է, որ ընդհատելով Նազարբաևի խոսքը ասաց՝ “ոչ հիմա”: Եվ միայն նրա խոսքից հետո Նազարբաևը դադարեց պերճախոսել ու արձագանքեց, թե հարցի շուրջ հետո կբանակցեն: Սակայն այստեղ շատ կարևոր է Հայաստանի պահվածքը, մեր լռությունը, կարծում եմ, արդարացված չէր: Եթե կար նախնական պայմանավորվածություն, որ պետք էր լռել՝ դա մի բան է: Բայց եթե տեղի ունեցածը համաձայնեցված բեմադրություն էր, ուրեմն պետք է լիներ նաև նախնական պայմանավորվածություն, որ Հայաստանն անպայման պետք է հակադարձի Նազարբաևին: Հակառակ դեպքում խախտվեց բալանսը. մի կողմը հանդես եկավ հրապարակավ, մյուս կողմը՝ հրապարակավ լռեց: Մենք պետք է արագ արձագանքենք նման ոտնձգություններին: Երբ Նազարբաևը հնչեցրեց Ալիևի նամակը, պետք է հրապարակավ լսվեր նաև Հայաստանի հակադարձումը: Ու այս պարագայում մեր հասարակության համար էլ հասկանալի կդառնար Հայաստանի կողմից պայմանագրի ստորագրումը մինչեւ հունիսի 15-ը հետաձգելու հանգամանքը: Ակնհայտ է, որ նազարբաևյան պերճախոսությունից հետո սպասվող բանակցությունները բավական բարդ են լինելու: Ենթադրում եմ, որ նոր բովանդակությամբ առանձին տեքստ կարող է ի հայտ գալ:

Ալիևի նամակի ողջ բովանդակություն այն է, որ Հայաստանը ԵՏՄ անդամ դառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում, այն նույն պայմանով, ինչպես անդամագրվել է Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը: Այդ դեպքում նույն հարցը պետք է դրվի նաև Ռուսաստանի առաջ, չէ՞ որ Ղրիմի միացումից հետո, Ռուսաստանն այսօր բոլորովին այլ սահմաններով է հանդես գալիս: Հակառակ դեպքում կստացվի, որ երկակի ստանդարտների հետ գործ ունենք:

-Նախ ասեմ, որ որևէ կառույց, այդ թվում և նորաստեղծ Եվրասիական տնտեսական միությունը իրավունք չունի զբաղվել ԼՂ հարցով: Այդ մանդատը տրվել է միայն ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այնպես, որ ԵՏՄ հիմնադիրներին նման առաջարկ ներկայացնելը արդեն իսկ անհիմն է: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, անշուշտ, Հայաստանը պետք է անհապաղ բացատրություն պահանջի, եթե Ղրիմի վերամիավորման փաստը չի խանգարում Ղազախստանին , կներեք, էդ ո՞նց եղավ, որ Ղարաբաղի հարցը խոչընդոտ հանդիսացավ: Բնականաբար, հայկական կողմը բանակցությունների ժամանակ չի կարող չասել նաև հետևյալի մասին. ինչպե՞ս եղավ, որ ՀԱՊԿ-ի անդամության ժամանակ չհիշեցիք Արցախի մասին , սահմանը բա՞ց է, թե՞ փակ, թե ո՞նց ենք ելումուտ անում, ՀԱՊԿ-ի շրջանակներում դա ձեզ չէր խանգարում, ո՞նց եղավ, որ առևտրային, տնտեսական կապերի հաստատման համար ստեղծվող այս կառույցի դեպքում խանգարեց, ինչպե՞ս եղավ, որ ԵՏՄ-ի ստեղծման ժամանակ որոշեցիք հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը: Սրանք հարցեր են, որոնք հայկական կողմը պետք է դնի կողմերի առաջ:

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը արձագանքելով կատարվածին, նկատել է, թե Հայաստանը կարող է ԵՏՄ-ին անդամակցել առանց ԼՂՀ-ի, քանի որ Արցախն այլ պետություն է:

-Սա շատ սխալ մոտեցում եմ համարում, որովհետև դեռևս ի սկզբանե կար այն մտավախությունը, թե Հայաստանին կարող են ստիպել սահմանազատվել Արցախից ու ասել՝ դա մեր տարածքը չէ: Այս հայտարարության մեջ ես այդ վտանգն եմ տեսնում: Իսկ ինչի կարող է հանգեցնել հիշյալ մոտեցումը. բա որ մեզ ստիպեն՝ դրեք մաքսային սահման ու Արցախի հետ ապրանքաշրջանառությունը կատարեք համաձայն մաքսային պահանջների: Այս մասին մտածե՞լ ենք:

-Այս իրավիճակում գուցե հասունանում է Հայաստանի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժետությո՞ւնը:

-Պետք է լրջորեն մտածել, թե ո՞րն է մեզ այս պահին ձեռնտու, արդյո՞ք, ՝ անկախության ճանաչումով մենք դուրս ենք գալիս հակամարտությունից: Իհարկե՝ ոչ: Մենք հո Րաֆֆի Հովհաննիսյանը չենք, որ ելնենք հրապարակ ու առանց խնդրի մեջ խորանալու այդ մասին գոռգոռանք: Իսկ գուցե առավել արդյունավետ քայլ է Արցախում երկրորդ հանրաքվեի անցկացմամբ Հայաստանի հետ վերամիավորման հարցի բարձրացո՞ւմը: Ի վերջո, չմոռանաք, որ արցախյան շարժումը 88-ին սկսվեց հենց միավորման պահանջ-գաղափարով: Թե ո՞ր քայլը կլինի մեզ համար ձեռնտու, լրջագույն ուսումնասիության կարիք ունի: Մենք պետք է վերլուծենք ու գանք հետևության՝ ինչպե՞ս հասնել մեր նպատակին ամենակարճ ճանապարհով:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Hay-turq, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն