ԱՆՄՈՌՈՒԿԸ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆ Է
Վերջին օրերին հանրության որոշ շրջանակներում քննարկումներ են ընթանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշի շուրջ:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովը խորհրդանիշի համար հայտարարած մրցույթում հավանության էր արժանացրել «Շարմ» ընկերության ներկայացրած անմոռուկ ծաղկի տեսքով խորհրդանիշը. ծաղկի հինգ թերթիկները այն մայրցամաքներն են, որտեղ հանգրվանել են ցեղասպանությունից մազապուրծ հայերը, իսկ առէջների տեղում ցեղասպանության համալիրի 12 թեւերն են:
Ոմանք ի սկզբանե բացասաբար տրամադրվեցին այս խորհդանիշի դեմ եւ փորձեցին իրենց «հեղափոխական» տրամադրությամբ վարակել նաեւ ուրիշներին: Օրինակ, ոմն սփյուռքահայ Զավեն Զաքարյան, հիմնվելով համացանցում եղած անհեթեթ տեղեկատվության վրա, հայտարարեց, թե անմոռուկ ծաղիկն իբրեւ խորհրդանիշ մասոնական է:
Ազգագրագետ ԼՈՒՍԻԿ ԱԳՈՒԼԵՑԻՆ մեզ տեղեկացրեց, որ իր տանը հնագույն հայկական բռնոթի է պահպանվում, որի մի երեսին հենց այդ ծաղկի խորհրդանիշն է պատկերված: Ինչն էլ վկայում է, որ հայերը դեռ վաղուց այն օգտագործել են` առանց որեւէ մտավախություն ունենալու, թե մասոնական է:
Ի վերջո, ազգագրագետի տեղեկացմամբ, որեւէ խորհրդանիշ չի կարելի տեղայնացնել, քանի որ դրանք համամարդկային հասկացություններ են: Այսօր մասոնական համարվող բուրգը կամ աչքն առկա են բոլոր էթնիկ ժողովուրդների մշակույթում, նրանք մինչ օրս էլ կիրառում են դրանք, թերեւս բացի հայերից:
«Ղեւոնդ Ալիշանը, Մանուկ Աբեղյանը գրել են աչքի մասին իբրեւ հնագույն ազգերի սիմվոլիկայի, որը նաեւ հայերինս է: Ուրեմն պետք է ասել, որ էթնիկ ազգերը նշյալ խորհրդանիշերը մասոնների՞ց են վերցրել: Որքան էլ պնդեն մասոնները, թե աչքը կամ բուրգն իրենցն է` դրանով իրենցը չի դառնա»,- ասում է Լուսիկ Ագուլեցին:
Նրա տեղեկացմամբ՝ հայերս, ցավոք, մեր մշակույթում այդ խորհրդանիշերը այսօր չենք օգտագործում, դրանք կիրառությունից դուրս են մնում, հետեւաբար անճանաչելի, մինչդեռ ասիական, արեւելյան ժողովուրդները պահպանում եւ օգտագործում են: Ժամանակին այդ խորհրդանշանները կիրառվել են հայկական գորգագործության, կարպետագործության մեջ: Եվ եթե հանկարծ պատմության փոշին թոթափում են որեւէ խորհրդանշի վրայից ու դրան նոր կյանք տալիս` ոմանք այն թուրութվանքով են ընդունում` համարելով, որ այդ սիմվոլները նացիստական են, մասոնական:
Հանրության որոշ շրջանակներում նաեւ խոսակցություններ են պտտվում, թե 100-րդ տարելիցը խորհրդանիշ է ընտրվել հենց անմոռուկը, քանի որ այն ներկայացրել է «Շարմ» ընկերությունը, որը որոշակի կապեր ունի բարձրաստիճան օղակներում:
Սակայն մեզ հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն ՍՈՒՐԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ներկայացրեց մրցույթի ընթացակարգը` բացառելով, որ «Շարմի» ներկայացրած նախագիծը կարող էր ընտրվել միայն իրենց անվան համար: Բանն այն է, որ մրցույթի մասնակիցների հայտերն անանուն են ներկայացվել, այսինքն` ընտրություն կատարողները չէին կարող իմանալ, թե խորհրդանշաններից որը ում է պատկանում:
Սուրեն Մանուկյանի տեղեկացմամբ, իրենք մրցույթի ժամկետները երկու անգամ երկարացրել են, որպեսզի հայտերի քանակը հնարավորինս ընդգրկուն լինի, ներկայացված նախագծերը` բազմազան, որ ընտրված նախագիծը բացասական շահարկումների տեղիք չտար` լավագույնը լինելով: Չնայած դրան, մրցույթին մոտ 30 դիմում է ներկայացվել:
Պարոն Մանուկյանի հավաստմամբ, այդ 30-ի մեջ ընտրությունը քիչ է եղել, քանի որ առաջարկված տարբերակներն այնքան էլ հաջողված չէին: Եվ այն, ինչ պետական հանձնաժողովի աշխատանքային խումբն ընդունել է ձայների մեծամասնությամբ, թերեւս եղածների մեջ ամենահամահունչն է եղել ցեղասպանության թեմային:
Այդուհանդերձ թանգարանի փոխտնօրենը կարծում է, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի հանրությունը համակերպվի այդ սիմվոլիկային, հասկանա ու ընկալի: «Ինչպես ցանկացած ստեղծագործական մտքի արդյունք` այս խորհրդանիշը եւս կարող է հանրության մի շերտին դուր գալ, մեկ այլ շերտի դուր չգալ: Դա բնականոն է: Եթե մեկ այլ լոգո հաղթեր,` ես համոզված եմ, որ քննադատություններ կլինեին: Ի վերջո մի աշխատանքը չի կարող բոլորի ճաշակը բավարարել:
Եվ հետո` մրցույթն ազատ էր, եւ այն մարդիկ, որոնք քննադատում են հաղթած խորհրդանիշը կամ դրա հեղինակներին, կարող էին մասնակցել մրցույթին եւ իրենց գաղափարները ներկայացնել: Քննադատելը հեշտ է, բայց եթե այդ քննադատողներին ասես, թե իրենք ինչպե՞ս են պատկերացնում խորհրդանիշը` ոչինչ չեն կարողանա պատասխանել»,- ասում է Ս.Մանուկյանը:
Ինչ վերաբերում է անմոռուկ ծաղկին, ապա այն մասոններն առաջին անգամ օգտագործել են որպես իրենց խորհրդանիշ 1926թ. Բրեմենում` մեծ օթյակի ամենամյա համագումարում: Իսկ 1938թ. անմոռուկը որպես խորհրդանիշ է ընտրվել նացիստական բանակի սպառազինման համար միջոցներ հավաքող «Երկրային օգնություն» նացիստական բարեգործական կազմակերպության համար: Սակայն Երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո մասոնները կրկին սկսեցին օգտագործել այդ ծաղիկը որպես համակենտրոնացման ճամբարներում զոհված հրեա մասոնների խորհրդանիշ:
Ցավոք, մեզ չհաջողվեց կապ հաստատել «Շարմ» ընկերության որեւէ ներկայացուցչի հետ` նրանց պարզաբանումը ստանալու համար: Սակայն մի բան ակնհայտ է, որ այն պնդումները, թե անմոռուկը մասոնական խորհրդանիշ է` իրականությանը չեն համապատասխանում: Այն մի շարք ազգեր, օրինակ՝ գերմանացիները եւս օգտագործում են իբրեւ խորդանշան: Իսկ մասոններից առաջ այդ ծաղկի պատկերը լայնորեն կիրառվել է միջնադարում:
Թե ի սկզբանե ո՞վ է այս ծաղկին խորհրդանշանի իմաստ տվել, եւ մասոնները որտեղի՞ց են այդ ծաղիկը յուրացրել` հայտնի չէ, բայց դա նաեւ էական չէ, քանի որ այսօր այն իրոք «համամարդկային ունեցվածք» է համարվում: Եվ ամենեւին պետք չէ զարմանալ, եթե համացանցում փնտրտուքներից հետո տարբեր երկրների ընկերությունների լոգոներ կհայտնաբերվեն, որոնք հենց այդ ծաղիկն են պատկերում:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












