Արժե՞ նման հարցեր բարձրացնելուց հետո մտնել ԵՏՄ
Հարցազրույց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ
-Չնայած հայտարարվեց, որ Եվրասիական տնտեսական միությունը զուտ տնտեսական կառույց է, սակայն այսօր այն Հայաստանին ներկայացնում է զուտ քաղաքական պահանջներ, տուրք տալով երրորդ երկրի` Ադրբեջանի պահանջներին: Ինչ կասեք այս մասին:
-Այս ամենը, կարծում եմ, գալիս է Ռուսաստանի դիրքորոշումներից: Գործընթացները ցույց են տալիս, որ Ռուսաստանն ունի աշխարհում իր տեղը գրավելու խնդիր, և այդ հարցի լուծումը կախված է նրանից, թե այս երկրի ղեկավարությունն ի՞նչ ախորժակով, ի՞նչ մասշտաբներով է ուզում գրավել իր տեղն աշխարհում: Եթե ներկայիս մասշտաբները ՌԴ-ի համար փոքր են, իսկ իր աշխարհաքաղաքական նկրտումներն ավելին, ուրեմն, ամեն ինչ ծառայեցնելու է իր քաղաքական նպատակի իրականացման համար: Իսկ իր քաղաքական նպատակները ՌԴ-ն սկզբում քողարկեց տնտեսականով, շահագրգռելով գրավիչ շուկաների հանգամանքը, բայց շատ կարճ ժամանակ անց պարզվեց, որ նրա քայլերում կան քաղաքական հաշվարկներ: Ի դեպ, քաղաքականը առկա է եղել ոչ միայն այսօր, այլ դեռևս 90-ականներից, երբ առաջ քաշվեց մաքսային ու եվրազիական միությունների ստեղծման գաղափարը: Դրանց փաստաթղթերում ևս կարող եք կարդալ ու նկատել, որ հիմքում քաղաքական նպատակներ են: Ի դեպ, ՌԴ-ի նպատակն է ստեղծել Եվրամիությանն այլընտրանք մոդել` հակակշռելով Եվրոպային: Բանն այն է, որ ՌԴ-ն այսօր Արևմուտքի հետ ունի լրջագույն խնդիրներ, հետևաբար, նպատակ ունի իր շուրջը համախմբել երկրների և այս կառույցում դառնալ կենտրոնական դերակատար: Եվ Ռուսաստանի այս նկրտումներն են պատճառը, որ կառույցը բացի տնտեսականից նաև քաղաքական ուղղվածություն է ունենալու:
Մինչդեռ , օրինակ, Ղազախստանին հետաքրքրում են տնտեսական հարցերը և նա միությունը տեսնում է զուտ այդ դաշտում, հետևաբար, չի ուզում, որ նրանում լինեն խնդիրներ, այդ թվում և Հայաստանի հետ կապված, որոնք կարող են հարուցել հարևան երկրների դժգոհությունը, ինչի հետևանքով իր առևտուրը կարող է տուժել:
–Կարծում եք, միայն սա էր՞ պատճառը, որ Նազարբաևն ընթերցեց իր ընկերոջ նամակն ու առաջարկեց չգրգռել նրան:
-Անշուշտ, կա նաև մուսուլմանական երկիր լինելու հանգամաքը ու Ալիևի նամակը կարդալը պետք է դիտարկել այդ ՙսոլիդարնոստի՚ հարթության մեջ: Կարծում եմ, Աստանայում կատարվածը մասամբ նաև անակնկալ էր. գուցե վերջին պահին փոփոխվել են պայմանավորվածությունները, որից մեր նախագահը եղել է անտեղյակ: Գուցե Պուտինը Սարգսյանին կանխավ հավաստիացրել էր, որ բոլոր հարցերը կլուծի, կկարգավորի: Կա նաև խնդրի մյուս կողմը. գուցե մենք էլ մեր հերթին շտապեցինք ու շատ արագ հայտարարեցինք, թե բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են ու դրանով ժամանակ չտվեցինք Պուտինին , ինչպես նաև Նազարաբաևին հարթեցնել այդ քաղաքական խնդիրը: Գուցե Պուտինը կխոսեր Ալիևի հետ ու կգային համաձայնությա՞ն: Բայց մենք մեր շտապողականությամբ իրենց մտածել տվեցիք, թե Հայաստանն արդեն իրենցն է , փաստաթղթերը պատրաստել է ու չի շեղվելու իր ցանկություններից, իրենք էլ մտածեցին` հիմա կարելի է աշխատել նաև Ալիևի վրա, թերևս նա ինչ- որ մի փուլում համաձայնի միանալ միությանը: Գիտեք, այս իրավիճակը ես նմանեցնում եմ 1918թ. ստեղծված իրողության հետ, երբ պարտված Թուրքիան հանկարծ որոշեց բոլշևիկանալ: Խորհրդային Ռուսաստանն էլ դրան հավատաց ու զինեց Թուրքիային, որն էլ այդ զենքն ուղղեց Հայաստանի վրա: Այսօր էլ կարծես նույնն է կրկնվում, Ալիևը թերևս կեղծ ցանկություններ է հայտնել ԵՏՄ-ին միանալու մասին, ու ընդգծել, որ դա տեղի կունենա, եթե Ղարաբաղն ու Հայաստանը միասին չդիտարկվեն և մաքսային միության սահման դրվի երկուսի միջև: Իսկ ՌԴ-ն, որը մշտապես ձգտում է վերահսկել Ադրբեջանի վառելիքային պաշարները, կարող է ընդառաջ գնալ Ալիևի այդ պահանջին:
Հայկական կողմը պետք է կանխատեսեր, որ կարող էին նման զարգացումներ լինել: Ես, ճիշտն ասած, կարծում եմ, որ մեր նախագահի լռությունն ու Նազարբաևին չարձագանքելը, ոչ թե պարտություն էր այլ արհամարանք, իսկ այժմ, երբ հարցը հետաձգվել է, կարելի է այն քննարկել խորհրդարանում, նաև գործարարների հետ և հայտարարել, որ քննակումների արդյունքում Հայաստանը որոշել է վերանայել փաթեթները: Մենք պետք է նաև ակտիվացնենք մեր համագործակցությունը Եվրամիության հետ:
–Հասկանալի է ձեր ակնարկը, բայց ինչո՞վ եք համոզված, որ Ղարաբաղի հետ կապված նույն խնդիրները չէին ծագելու ԵՄ հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու դեպքում:
-Իհարկե, կծագեր, եվրոպացիներն ակնարկում էին, որ մաքսային կետ պետք է դրվի, բայց այստեղ հարցը ուներ երկու` և’ վատ, և’ լավ կողմեր: Վատն այն է, որ մաքսային կետ դնելով կարձանագրվեր, որ Հայաստանի սահմանն այդտեղ ավարտվում է, իսկ դրականն այն է, որ այդ քայլով Եվրոպան կարձանագրեր նաև հետևյալը, թե այստեղ կա ևս մեկ պետություն, որը դեռևս Հայաստան չէ, մեկ այլ երկիր է: Ու հենց այստեղ է, որ պետք է աշխատեին մեր դիվանագետներն և ՙանհայտ՚ երկրի անունը ճանաչելի դարձնեին ամբողջ աշխարհում:
-Հայտնի է, որ Ռուսաստանում, եվրոպական տարբեր շուկաներում վաճառվում են ԼՂՀ-ում արտադրված ապրանքները, որոնք անգամ ներկայանում են ՙԱրցախ՚ անվանումով: Փաստորեն, Հայաստանը կարողացել է գտել տարբերակներ հայկական երկրորդ պետության արտադրանքը աշխարհի տարբեր շուկաներ արտահանելու համար: Ինչպե՞ս են Արցախի ապրանքները հասնում Ռուսաստան ու Եվրոպական շուկաներ:
-Խնդիրն այն է, որ դրանք ոչ թե արտահանվում են որպես ղարաբաղյան ապրանքներ, այլ Հայաստանի հովանու ներքո, այսինքն, ապրանքները արտահանվում են Հայաստանի կոդերով: Իսկ դրան նպաստում է այն, որ ղարաբաղյան որոշ ֆիրմաներ գրանցված են Հայաստանում և իրանց արտադրանքը արտահանում են հենց հայաստանյան հասցեներով: Իսկ ԼՂՀ-ի կոդն այլ երկրներում գրանցված չէ, քանի որ Ղարաբաղը դեռ չճանաչված պետություն է համարվում:
-Ի դեպ, ռուս տնտեսագիտական շրջանակներից հուշում են, թե նույնպիսի ՙխորամանկության՚ Հայաստանը կարող է դիմել նաև ԵՏՄ-ին անդամակցելուց հետո:
-Այո, կարծում եմ, Հայաստանը պետք է շարունակի նույն կերպ աշխատել, դարձյալ չնշելով, որ դրանք ղարաբաղյան արտադանքներ են: Բայց այստեղ մի կարևոր խնդիր կա, որին կուզեմ անդրադառնալ: Հանրապետության նախագահը, կարծում եմ, համաձայնեց անդամակցել Մաքսային միությանը, ապա նաև Եվրասիական տնտեսական միությանը, կարևորելով այն հանգամանքով, որ Ղարաբաղը Հայաստանի հետ միասին մուտք գործի այս միություն, ինչը մեծ հաջողություն կլիներ: Վստահ եմ, որ միայն հանուն սրա Սերժ Սարգսյանը գնաց ՙզոհաբերության՚` հրաժարվեց ԵՄ հետ ասոցացումից ու նախընտրեց ՄՄ անդամակցումը: Բայց եթե այսօր այս տարածքում հարցեր են առաջացել, ուրեմն, Հայաստանը պետք է հայտարարի, որ վերանայում է իր քայլը: Արդյո՞ք, արժե՞ նման հարցեր բարձրացնելուց հետո մտնել ԵՏՄ: Գուցե պետք է փոքր ինչ սպասել, ի վերջո, ժամանակն ամեն ինչ իր տեղն է գցում ու պարզեցնում իրավիճակը:
Կա մի կարևոր խնդիր ևս, ինչի շուրջ բազմիցս եմ հրավիրել պատկան մարմինների ուշադրությունը. մեր տնտեսական հիմնական ՙպարտնյորը՚ Ռուսաստանն է, իսկ Ղազախստանն ու Բելոռուսն ընդամենը կողքից ՙդամ՚ պահողներ են, որովհետև մեր արտաքին առևտուրը Ղազախստանի հետ 0,2 տոկոս է կազմում, իսկ Բելոռուսի հետ` 0,8: Եթե մենք այս երկրների հետ չունենանք տնտեսական լուրջ հարաբերություններ, ապա նրանք շահագրգռված չեն լինի Հայաստանով, ու բնականաբար, իրենց որոշումներում ոչնչով չեն լինի կաշկանդված: Ուրեմն, այս երկրներին պետք է ներգրավել Հայաստանի հետ ակտիվ տնտեսական, առևտրային հարաբերությունների մեջ: Ուրախացնող է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս գտնվելով Բելոռուսում նախնական պայմանավորվածություն ձեռքբերեց Հայաստանում տրակտորների համատեղ արտադրություն հիմնելու մասին: Մենք մինչ այդ խոսել ենք նաև համատեղ վերելակների արտադրություն հիմնելու մասին: Հայաստանը կարող է նաև այս երկու երկրներից տարբեր ապրանքներ ներկրել: Քաղաքական որոշման կայացման անհրաժեշտություն կա, պետք է մեր գործարարներին առաջարկել` ապրանքներ ներկրեք այս երկրներից ի նպաստ հարաբերությունների ջերմացման: Դրանից հետո Լուկաշենկոն ու Նազարբաևը իրենց որոշումներում անշուշտ հաշվի կառնեն նաև Հայաստանի շահը:
-Մեր հաջողության կարևոր գրավականը Հայաստանի քաղաքական ու տնտեսական վարկանիշի բարձրացումն է և այս առումով չե՞ք կարծում լուրջ անելիք ունենք հարևան Իրանի հետ հարաբերությունների առավել ակտիվացման հարցում:
-Կարևոր հարց բարձրացրիք: Այո, Իրանը դրան պատրաստ է, քանի որ ինքը ևս տնտեսական ճնշման տակ գտնվող պետություն է ու մտածում է շուկաների մասին: Իրանը կարող է Հայաստանում ֆինասավորել լուրջ ներդրումային ծրագրեր: Առաջարկում եմ, Իրանի հետ առևտուրը, տուրիզմը խթանելու համար սահմանել դրամի և իրանական փողի ուղղակի փոխարժեք: Դա սկզբնական շրջանում կարելի է անել երկու երկրների մեջ առկա առևտրաշրջանառության ծավալով, այն մոտավորապես 215 մլն դոլար է կազմում: Իրանը գտնվելով ճնշումների տակ, ունի դոլարի կամ այլ արժույթների դիֆիցիտ, Իրանի բանկերը չեն կարողանում միջազգային փոխանցումներ կատարել: Իսկ եթե երկու երկրները դոլարի փոխարեն առևտուրը կատարեն դրամով ու իրանական փողով, ապա այն կխթանի երևկկողմ տուրիզմի ու առևտրի զարգացմանը: Մենք ամեն ինչ պետք է անենք տնտեսապես զարգացնելու ուժեղացնելու մեր երկիրը: Արցախն ու Հայաստանը առանց աղմուկի համախմբելով սեփական ուժերը, որպես մեկ պետություն, համերաշխորեն աշխատելով միասնական ծրագրերի ուղղությամբ, կարող են մեծ հաջողություններ գրանցել: Ուժեղին հետ են միայն հաշվի նստում:
-Պարզվում է, Հայաստանի ԵՏՄ-ին անդամակցման ճանապարհին մեկ այլ խոչընդոտ ևս կա, խոսքս այն մոտ 900 ապրանքատեսակների մասին է, որոնք Հայաստանի խնդրանքով պետք է ավելի ցածր դրույքաչափերով մաքսազերծվեն մեր երկիր ներմուծվելիս: Մասնավոր հատվածը որքանո՞վ է տեղեկացված բանակցային գործընթացներին:
-Գուցե զարմանալի է, բայց իրողությունն այն է, որ այս պահին ինքս էլ չգիտեմ, թե որն է այդ բացառություն կազմող ապրանքների ցանկը, ինչի՞ մասին է խոսվում: Որովհետև բանակցություններ վարողները այս հարցերը չեն քննարկում մասնավոր հատվածի հետ, այդ թվում և մեր միությանը: Բայց մենք կարող ենք շատ օգտակար լինել, քանի որ Ռուսաստանում, Բելոռուսում ու Ղազախստանում ունենք գործընկերներ և կարող ենք որոշակի հարցեր լուծել նաև այս մակարդակներում: Ի դեպ, ասեմ, որ այդ երեք երկրների արդյունաբերողների ու գործարաների միությունների անդամները ընդգրկված են բանակցային խմբերում, ինչը նշանակում է, որ նրանք կարևորում են իրենց մասնավոր հատվածի կարծիքը և լիարժեքորեն մասնակից դարձնում գործընթացին: Իսկ եթե մեր պատկան մարմինները մեզ չեն ընդգրկում բանակցություններին, ապա գոնե պետք է բանակցելուց հետո պարբերաբար ներկայացնեն իրավիճակը, խորհրդակցեն մեզ հետ: Մինչդեռ դրա փոխարեն մեզ ասվում է` բանակցությունները գաղտնի են, կբանակցենք, հետո կասենք: Բայց պետք է լիներ ճիշտ հակառակը, հենց այս փուլում պետք է ապահովվեր հրապարակայնություն, չէ՞ որ բանակցել ավարտելուց հետո շտկումներ անելը կլինի շատ դժվար:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












