Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

ԱՂԱՆԴԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ԳՆԵ՞Լ ՀԱՄԱԼԻՐԸ

Հունիս 4, 2014թ. 15:17

Աճուրդի հանված Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը աճուրդային 10-օրյա ժամկետն անցնելուց հետո դեռ որևէ գնորդ չունի և որևէ մեկն էլ գնման հայտ չի ներկայացրել: Այս մասին տեղեկություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը: Այդ պատճառով ըստ հրապարակային սակարկության մասին օրենքի առաջին աճուրդից հետո համալիրը երկրորդ փուլով է աճուրդի դրվել այս անգամ իջեցված գնով: Օրենքի պահանջով եթե աճուրդը չի կայացել գնորդ չլինելու կամ լոտի մեկնարկային գնի հավելում չկատարելու հիմքերով, ապա հաջորդ հարկադիր աճուրդ կազմակերպելուց վաճառվող լոտի մեկնարկային գինն իջեցվում է նախորդ աճուրդի համար սահմանված մեկնարկային գնի տասը տոկոսի չափով: Այնպես որ, այժմ համալիրը կարելի է ձեռք բերել 17 մլրդ 415 մլն դրամ մեկնարկային գնով նախորդ 19 մլրդ 35 մլն-ի փոխարեն: Ի դեպ, երկրորդ փուլում ԴԱՀԿ աճուրդի հայտում Մարզահամերգային համալիրը ներառվել է իբրև մշակութի անշարժ հուշարձան, ինչը հավանական գնորդի համար լրացուցիչ պարտավորությունների ավելացում է ենթադրում: Թեև այդ պարտավորությունները որևէ պայմանագրով չեն ամրագրվում և նման պարտավորությամբ համալիրը գնող անհատը կամ կազմակերպությունը անվարան կարող է այդ շենքն էլ երիտասարդական պալատի կամ փակ շուկայի ճակատագրին արժանացնել:

Այսօր շատ է խոսվում մարզահամերգային համալիրի ճակատագրի մասին: Ոմանք համարում են, որ շենքի համար փրկություն է այն մասնավոր սեփականատիրոջը հանձնելը, ով հոգ կտանի շենքի պահպանության մասին, քանի որ պետությունը կառույցի խնամքի համար միջոցներ չի հատկացնում: Ոմանք էլ դեմ են դրան, քանի որ բազմաթիվ պատմամշակութային հուշարձանների ճակատագիրն աչքի առաջ ունենալով` մտավախություն ունեն, որ սեփականատերը կարող է իր քմահաճույքով ոչնչացնել կառույցը կամ ձևախեղել այն:
Երկու կողմերի մտահոգությունները հասկանալի են. կառավարությունը համապատասխան մեխանիզմներ չի ցանկանում կիրառել համալիրը պետական հովանու տակ պահպանելու ու փայփայելու համար, և դրա լավագույն հնարը մասնավոր ներդրումներն են: Մյուս կողմից էլ հայտնի չէ, թե սեփականատերն ինչպիսի հավակնություններ կունենա` կապված շենքի հետ: Կպահպանի՞ արդյոք դրա ամբողջականությունը որպես պատմամշակութային կոթող կամ ընդհանրապես կպահպանի՞ այն, թե հողին հավասարեցնելով մի ՙցնցող՚ ու գեժամանակակից նախագծով հյուրանոց կբարձրացնի տեղում` համալիրի շենքը հայտարարելով ժանգը կերած ու քարուքանդ լինող շինություն: Իսկ որ դա հնարավոր է անել մեր կրավորական չմշակույթի նախարարության ու պատկան այլ կառույցների ՙվերահսկողության՚ քողի տակ` համոզվել ենք բազմիցս:

Ի դեպ, քանդակագործ ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ օրերս հայտարարել էր, թե իր ներքին տեղեկություններով մարզահամերգային համալիրը ցանկանում են գնել որոշ աղանդավորականներ և այն օգտագործել որպես իրենց “եկեղեցի”: Որքանո՞վ են հավաստի քանդակագործի տեղեկությունները` հնարավոր չէ պարզել, թեև մեզ հետ զրույցում նա ասաց, որ այդ աղանդավորների հետևում լուրջ կշիռ ունեցող մարդիկ են կանգնած:
Ի դեպ ոչ վաղ անցյալում` խորհրդային կարգերի փլուզումից հետո մինչ շենքը ԲԱՄՈ-ին վաճառելը, մարզահամերգային համալիրը հաճախ էր վերածվում աղանդավորականների խրախճանքի վայրի: Պետությունից ժամանակ առ ժամանակ վարձակալելով կառույցը` աղանդներն այնտեղ իրենց ծիսական, ոչ աստվածահաճո միջոցառումներն էին անցկացնում` պղծելով մշակութային օջախը: Փաստորեն համալիրը վաղուց է նրանց թիրախում և գուցե պատեհ առիթը որսալով` նրանք իսկապես դառնան շինության տերնուտնօրենը և եղեռնի զոհերի հուշահամալիրի հարևանությամբ հիմնեն իրենց եկեղեցին կամ ծիսակենտրոնը:

Ֆերդինանդ Առաքելյանը նաև տեղեկացրեց, որ համալիրի հեղինակային խումբը մարտական է տրամադրված և թույլ չի տա, որ շինությունը դառնա ինչ-որ մարդկանց կամայականությունների զոհը: ՙԵս դեմ եմ շինությունը վաճառելուն, առաջարկում եմ պետական դոտացիներով հոգալ շենքի պահպանությունը: Այդպես են գոյատևում աշխարհի մեծ մշակութային օջախները: Բայց եթե ուզում են վաճառել, պետք է համալիրի արտաքին տեսքը, ֆունկցիոնալ նշանակությունը նույնությամբ պահպանելու մասին պարտավորություն ներկայացնեն սեփականատիրոջը, որպեսզի նա չկարողանա ոտնձգություն կատարել: Մենք` համալիրի հեղինակային խումբը, պատրաստվում է պահանջներ ներկայացնել մշակույթի նախարարությանը և կառավարությանը, որ հետևողական լինեն և հատուկ պայմանագրերով պարտավորեցնեն սեփականատիրոջը կառույցն օգտագործել ըստ նշանակության և չաղավաղել նրա` իբրև պատմամշակութային կոթողի ամբողջական տեսքը, ինչպես դա արեցին ՙԱյրարատ՚ կինոթատրոնում, որտեղ հիմա քիչ ու փալաս է վաճառվում՚:

Ճարտարապետ ՍԱՇՈՒՐ ՔԱԼԱՇՅԱՆԸ շատ հավանական է համարում, որ ապագա սեփականատիրոջ առաջ համապատասխան պարտավորություններ չդնելու դեպքում, համալիրը կարող է արժանանալ քանդված կամ խեղված հուշակոթողների բախտին: ՙԱյսօր դատում ենք, թե որքանով է խելամիտ համալիրը վաճառելը, մոռանալով, որ այս հարցում շատ ավելի կարևոր է սեփականատիրոջ առաջ շենքի օգտագործման համար համապատասխան պարտավորություններ ու սահմանափակումներ դնելը և դրանք պայմանագրով ամրապնդելը: Միայն այդպես հնարավոր կլինի շենքը պահպանել թե որպես պատմամաշկութային հուշակոթող, թե իբրև մարզահամերագային միջոցառումների համար նախատեսված կառույց,- ասում է ճարտարապետը:- Ոչ ոք այսօր այդ սահմանափակումների մասին չի խոսում, իսկ դա շատ կարևոր է: Սահմանափակումները, որ շենքը չի կարելի քանդել կամ փոփոխել դրա արտաքին տեսքը, որ այն չի թույլատրվում այլ գործառնական նշանակություններով օգտագործել, օրինակ որպես կազինո կամ այլ նշանակությամբ, պետք է ներկայացվեին նախքան աճուրդը: Դա նրա համար, որպեսզի հավանական գնորդն իմանար, թե ինչպիսի գործարքի է գնում: Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ օրենքն արդեն շատ սահմանափակումներ դնում է օգտագործողի առաջ, բայց այդ օրենքներն էլ պետք է որևէ կերպ ամրագրել պայմանագրում, ու այդ պայմանագրի տակ անպայման պետք է լինի սեփականատիրոջ և լիազոր մարմնի ստորագրությունները, այն մարմնի, որի պարտավորությունն է վերահսկել պատմամշակութային հուշակոթողների ճիշտ օգտագործումն ու պահպանությունը՚:

Մեզ հաջողվեց ճշտել, որ մարզահամերգային համալիրը վաճառքի է դրվել` առանց կառույցի իրավունքները պաշտպանող փաստաթղթի: Պայմանագիրը կազմելու և ներկայացնելու պարտավորությունը վաղուց արդեն հեղինակազրկված ու բուտաֆորիկ բնույթ կրող մշակույթի նախարարությանն է, որն էլ պայմանագրի մեջ պետք է ներկայանա որպես լիազոր մարմին: Ի դեպ, նույն նախարարությունը այդպիսի անփութությամբ, փաստաթղթերի վրա աչք փակելով` կործանման դատապարտեց տասնյակ պատմամշակութային հուշակոթողներ` սկսած երիտասարդական պալատից, սպայի տնից մինչև փակ շուկա: Ինչպես երևում է` դա դաս չի դառնում նշյալ անիմաստ կառույցի համար:
Ավելին, այժմ նախարարությունն այլ քաղաքականություն է որդեգրել, եթե նախկինում չքմեղանում էր, փորձում արդարացնել իր գործողություննեը, այժմ էլ իրենց գործառույթները բարդում է այլ կառույցների գլխին: Տվյալ դեպքում երբ զանգահարեցինք նախարարություն` համալիրի վերաբերյալ պայմանագիրի առկայութան, այնտեղ առկա պահանջների մասին տեղեկություն իմանալու համար` նախարարության մամուլի բաժնից ասացին, որ նման հարցերով իրենք չեն զբաղվում և որ այդ իրավասությունը պատկանում է աճուրդի կենտրոնին: Մեզ խորհուրդ տվեցին այդ կենտրոնից հետաքրքրող հարցերը ճշտել:

Նախարարությունում անգամ չգիտեն, որ ՙԱճուրդի կենտրոն՚ ՊՈԱԿ-ը զբաղվում է պետական գույքի աճուրդով, այլ ոչ թե մասնավորեցվածներով, ինչպիսին մարզահամերգային համալիրն է: Իսկ համալիրի աճուրդով զբաղվում է ԴԱՀԿ ծառայությունը, ավելի ճիշտ ծառայության աճուրդի բաժինը: Մեզ համար իհարկե նախարարության մամուլի բաժնի նման պատասխանը զարմանալի չէ, քանի որ երկրի մշակույթի ու նախարարության առնչվող շատ հարցերի մասին նախարարությունն իմանում է իրենց որոշակի հարցերով զանհագարող լրագրողներից, փոխանակ հակառակը լինի: Վաղուց, իհարկե, պարզ էր, որ հենց այդպիսի գործելաոճով աշխատող նախարարության մեղքով է նաև, որ երկրում մշակութային քաոս է տիրում:
Որքան էլ տաօրինակ էր մեզ համար այդ հայտարարությունը` այնուամենայնիվ զանգահարեցինք ԴԱՀԿ ծառայություն և ի վերջո հասկացանք, որ ճիշտ հասցեով չենք զանգահարել` ինչպես սպասում էինք: ԴԱՀԿ-ն պատասխանատու է միայն կառույցը բռնագանձելու և այն աճուրդով վաճառելու համար` կատարելով դատարանի որոշումը, իսկ իրավական ու պայմանագրային հարցերը, այն էլ պատմամշակութային կառույցինը, բնականաբար մշակույթի նախարարության իրավասությունն են, որքան էլ նախարարությունը փորձում է փախչել պատասխանատվությունից:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն