Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն

Արցախի Հանրապետությունը ԵՏՄ-ին անդամակցման հայտ չի ներկայացրել

Հունիս 4, 2014թ. 18:18

Դավիթ ԲաբայանՀարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

Ինչպես նկատեց քաղաքագետ Արա Պապյանը` և’ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, և’ ԱՀԿ փաստաթղթում բացակայում է սահման բառը, հետևաբար, Ալիևի նամակը ուղղված ԵՏՄ հիմնադիրներին, իրավական հիմքերից զուրկ կեղծիք է: Ադրբեջանի հովանավորի դերն ստանձնած Նազարբաևն էլ, թերևս անտեղյակ սահմանային խնդիրներից, դարձավ ալիևյան կեղծիքի շրջանառողը: Իսկ մեզանում չեն դադարում քննակումները իրավական տեսանկյունից անհիմն այդ նամակի շուրջ:

-Եվ իրոք, այդ իմաստով, առավել քան անհասկանալի է դառնում մեզանում բարձրացած աղմուկը Նազարբաևի հայտարարության առնչությամբ: Իրականում, մենք ունենք շատ ավելի կարևոր խնդիրներ, օրինակ, չգիտես ինչու ոչ ոք չնկատեց ու չկենտրոնացավ Ալիևի սադրիչ հայտարարության վրա, որով ՙմռայլ ապագա՚ էր կանխատեսում Հայաստանին, եթե չհրաժարվի Լեռնային Ղարաբաղից։ Սրա մասին խոսելու փոխարեն, տարօրինակորեն սևեռվել են Նազարբաևի վրա:
Խոսում են, քննադատում առանց խնդրի բուն էությանը ծանոթանալու: Իսկ իրականում Նազարբաևը հայոց պետականությունը վտանգող որևէ միտք չի ասել: Ավելին, նրա խոսքում շեշտվում է հետևյալ միտքը, թե Հայաստանը պետք է անդամակցի Եվրազիական տնտեսական միությանը այն նույն մեխանիզմով, ինչպես անդամակցել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Ղազախստանի նախագահը սրանով իսկ տալիս է հարցի պատասխանը, այն է` 11 տարի Հայաստանի Հանրապետությունն անդամակցում է այդ միջազգային առևտրային կազմակերպությանը և որևէ փոփոխություն չի եղել Արցախի հետ հարաբերություններում, սահմանին մաքսակետ չի դրվել, հետևաբար, նույնը կլինի և ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման պարագայում: Սա է իրական մեխանիզմը:

-Ոչ պակաս հետաքրքիր էր, որ Նազարբաևն իր հայտարարությամբ տարանջատեց ԼՂՀ-ն ու Հայաստանի Հանրապետությունը:

-Այո, և դրանով իսկ հաստատեց, որ կա երկու հայկական պետություն: Անշուշտ, Հայաստանն ու Արցախը մեկ միասնական հայրենիք են, բայց դրանով հանդերձ չենք կարող չարձանագրել այն փաստը, որ ԼՂՀ-ն ու Հայաստանը երկու առանձին հայկական պետություններ են:

Երկու տասնամյակ շարունակ մենք հայտարարում ենք, որ ԼՂՀ-ն անկախ պետություն է իր բոլոր ատրիբուտներով: Հետևաբար, որոշ վերլուծաբանների գնահատմամբ, եթե Հայաստանն այսօր հայտարարի, թե ԼՂՀ-ի հետ միասին է անդամակցում ԵՏՄ-ին, դա կնշանակի որոշումներ կայացնել ԼՂՀ -ի փոխարեն: Սա չի՞ նշանակում, որ եկել է ԼՂՀ իշխանությունների` ավելի հստակ խոսելու ժամանակը:

-Եվ ԼՂՀ իշխանությունն այսօր հայտարարում է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման հայտ չի ներկայացրել: Եթե կան մարդիկ, որոնք կարծում են , թե Հայաստանը պետք է ԵՏՄ-ին անդամակցի ԼՂՀ-ի հետ միասին, հնարավոր չէ ելնելով հե’նց այս հանգամանքից: Բայց նաև հետաքրքիր է, թե ինչո՞ւ այդ նույն մարդիկ 11 տարի առաջ չէին պնդում, որ Հայաստանը ԱՀԿ-ին ևս անդամակցի ԼՂՀ-ի հետ միասին, մինչդեռ այսօր նման պահանջ են դնում ԵՏՄ անդամակցման նախաշեմին, ու փորձում գործընթացներում տեսնել Արցախի ինքնիշխանության, անվտանգության դեմ կատարվող քայլ: Նման վտանգ իրականում չկա: Այստեղ ես տեսնում եմ միայն մեկ վտանգ, դա անհիմն շահարկումներն են, որոնցով փորձ է արվում շեղել մեզ կարևորագույն հարցերից:

-Սակայն կա նաև խնդրի մյուս կողմը, եթե շեշտվում է` Հայաստանն ու Արցախը տարբեր պետություններ են, մտահոգ չե՞ք, որ հենց դրանով իսկ մեզ ուղղակի կպարտադրվի մաքսակետ դնել: Ուրեմն, նման անակնկալից խուսափելու լավագույն միջոցը, արդյո՞ք, այն բացառող պայմանավորվածության ամրագրումը չէ համապատասխան փաստաթղթում:

-Նախ ասեմ, որ Հայաստանի ու Արցախի սահմանին երկար ժամանակ` պատերազմական տարիներին, եղել է մաքսակետ: Հետագայում, իհարկե, այն հանվեց, քանի որ նաև վերացավ դրա անհրաժեշտությունը: Կրկնում եմ, 11 տարի Հայաստանը աշխարհում ամենահեղինակավոր կառույցներից մեկի` ԱՀԿ-ի անդամ է ու մինչ օրս սահմանակետ բացելու ոչ մի խոսակցություն չի եղել, դրա անհրաժետությունը չկա: Արցախը չունի այնպիսի զարգացած տնտեսություն, որը կարող է վտանգ ներկայացնել ԱՀԿ-ի, ՄՄ-ի կամ ԵՏՄ-ի համար:
Իր հերթին Հայաստանի Հանրապետության իշխանությունը հայտարարում է, որ որևէ մաքսակետ չի կարող դրվել Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև: Արցախն ու Հայաստանն ունեն յուրահատուկ տնտեսական հարաբերություններ, մեկ միասնական տնտեսական տարածք են, և ես կարծում եմ, որ այս յուրահատկությունը բոլորը հաշվի են առնում: Ուրեմն, նրանց միջև մաքսակետ չի կարող լինել, դա հնարավոր չէ: Ինչ վերաբերում է ինչ-որ փաստաթղթով այդ յուրահատկությունն ամրագրելուն, կարծում եմ, ավելորդ է: Ինչո՞ւ շեշտել մի բան, ինչի անհրաժեշտությունն իրականում չկա և գործնականում չի կիրառվելու: Հակառակը, մենք դրանով կրքեր կբորբոքենք, ինչը մեզ ոչինչ չի կարող տալ: Մեզ իրականում հարկավոր է զարգացնել մեր տնտեսությունը, ԵՏՄ անդամակցմամբ Հայաստանի տնտեսությունը կստանա զարգացման լրացուցիչ հնարավոություն, ինչից կօգտվի և Արցախը:

Ճի՞շտ են այն տեղեկությունները, թե Արցախի հասարակական, քաղաքական շրջանակնեում խիստ անհանգստացած են այս գործընթացներից, առանձնապես, մերժելով այն միտքը, թե Հայաստանն ու ԼՂՀ երկու տարբեր պետություններ են:

-Ամենևին, նման տրամադրություններ Արցախում առհասարակ չկան: Թերևս 1, 2 անձինք ինչ- որ կարծիքներ են հայտնել, բայց դա չի նշանակում, որ կա համընդհանուր մտահոգություն:

-Իսկ Հայաստանում, այս հարցը, ցավոք, հայտնվել է երկու ուղղությունների` արևմտամետների ու ռուսամետների թեժ քննակումների կենտրոնում: Ու ինչպես հաճախ է լինում, հակադիր թևերը, մոռանալով հայակենտրության, խնդիրը Հայաստանի, Արցախի շահերի տեսանկյունից դիտարկելու մասին` տուրք են տվել օտար շահերին:

-Սա, իրոք, մտահոգիչ երևույթներից է: Հայերս իրավունք չունենք արևմտամետների ու ռուսամետների բաժանվել, դա խիստ վտանգավոր է մեզ համար, մենք պետք է լինենք միմիայն հայամետ ու առաջին հերթին առաջնորդվենք մեր պետության շահերով: Իրավունք չունենք ինքներս մեր ներսում այդ խնդիրն անվերջ շահարկելու:
Ուրեմն, պետք է կոնկրետ հաշվարկ կատարենք, հասկանանք, թե ի՞նչն է մեզ համար ձեռնտու, և առանց աղմուկի, առանց ավելորդ շահարկումների, ամրացնենք մեր երկու հայկական պետությունները` թե’ քաղաքականապես, թե տնտեսապես:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ռուսաստան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն