Գլխավոր » Society, Լրահոս, Հասարակություն

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

Հունիս 5, 2014թ. 01:21

հանք1972թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 27-րդ նստաշրջանում հունիսի 5-ը հռչակվեց որպես շրջակա միջավայրի պահպանության համաշխարհային օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր որոշման մեջ կոչ էր անում պետություններին եւ ՄԱԿ-ի կազմակերպություններին յուրաքանչյուր տարվա այդ օրը շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանն ուղղված միջոցառումներ անցկացնել: Բայց այդ ժամանակից շատ ջրեր են հոսել, եւ այսօր արդեն յուրաքանչյուր օրվա հրամայականն է հոգ տանել շրջակա միջավայրի մասին: Այլապես, ինչպես «Հանուն մարդկային կայուն զարգացման» հասարակական կազմակերպության նախագահ ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆՆ է կանխատեսում` եթե մարդկությունը շարունակի նույն անփութությամբ վարվել Երկիր մոլորակի հետ, ինչպես այսօր է վարվում, մոլորակը վաղ թե ուշ կվանի մարդկանց:
Վերջին տարիներին որքան էլ ակտիվ են բնապահպանները` սխալ պետական քաղաքականության, բնական պաշարների անխնա օգտագործման, վերահսկման վատ մեխանիզմների, պատասխանատվության բացակայության հետեւանքով Հայաստանում բնապահպանական խնդիրներն ավելի են ահագնացել` որոշ դեպքերում անդառնալի վնասներ պատճառելով մեր երկրի շրջակա միջավայրին:
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ ԻՆԳԱ ԶԱՐԱՖՅԱՆՆ արդեն կորած է համարում Արարատյան դաշտը` այնտեղ եղած ջրային պաշարների անխնա օգտագործման ու դրանք գրեթե սպառելու հետեւանքով: Այն, ինչի առաջ հայտնվեց Արարատյան դաշտը` երկրում ձկնարդյունաբերության զարգացմանը տուրք տալու հետեւանքով, բնապահպանները հենց սկզբից էին կանխատեսում, երբ երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղերից հայտարարվեց ձկնարդյունաբերությունը: Սակայն այն ժամանակ բնապահպանների մտավախությունները միայն ծաղրանքի արժանացան:
Իսկ այսօր մեզանում բնական պաշարների անխնա օգտագործման մեկ այլ բիզնես-պլան է իրականացվում` Սեւանա լճից ահռելի եւ բնապահպանների ներկայացմամբ անթույլատրելի քանակով ջրառի ու լճում արհեստական ձկնաբուծության ծրագիրը։ Սեւանի պահպանությունն այսօր հայերիս ամենախնդրահարույց բնապահպանական խնդիրն է դարձել, թեեւ կարծես թե առանց այդ էլ դրանք քիչ չէին:

ԱՆԽՆԱ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՏՎԱԾ Է ՄԵՐ ԳԵՆԻ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ

Հայաստանում այսօր շահագործվում է մոտ 500 հանքավայր, օգտագործվում է մետաղական հանքավայրերի 84 տոկոսը, ոչ մետաղականների 64 տոկոսը` միաժամանակ: Մինչդեռ մեր փոքր երկրի համար դա առնվազն ինքնաոչնչացում է` հաշվի առնելով հանքարդյունաբերության հասցրած վնասները բնապահպանությանը, գյուղատնտեսությանը, առողջապահությանը:
Ինգա Զարաֆյանի տեղեկացմամբ` միայն անցյալ տարի փորձաքննության է ներկայացվել 104 բիզնես-նախագիծ, որոնք կապ ունեն շրջակա միջավայրի հետ, եւ դրանցից 52-ը հանքարդյունաբերությանն են վերաբերել: Այդ 52 նախագծերից միայն չորսն են մերժվել, մնացած 48-ը հաստատվել են: Արդեն իսկ վտանգ ներկայացնող հանքարդյունաբերության խորապատկերում այդ թիվը մտահոգիչ է, քանի որ 48 հանքերի շահագործումը ավելի է խորացնում առանց այն էլ առկա աղետը:
Ընդ որում բնապահպանը փաստում է, որ բացի փոքր երկրի համար մեծաքանակ գործող հանքերի գոյությունից՝ մեզանում դրանք սխալ մեթոդներով ու բաց եղանակով են շահագործում, ինչն էլ հենց նպաստում է շրջակա միջավայրն աղտոտելուն, այդ ճանապարհով նաեւ կենդանի օրգանիզմները թունավորելուն:
Միայն Սյունիքի օրինակով փորձենք ներկայացնել, թե ինչ մահացու վտանգ է հայկական տարբերակով շահագործվող հանքարդյունաբերություն կոչվածը: Սյունիքում գործում է մոտ 11 մետաղական հանքավայր: Մինչեւ 2016թ. շահագործման է սպասում եւս 28-ը: 39 մետաղական հանքավայրն արդեն դանդաղ գործող ռումբի ազդեցություն կարող է ունենալ մեկ մարզի եւ դրա բնակչության համար:

Գործող հանքավայրերի շահագործման հետեւանքով Սյունիքում արդեն կան 12 մեծ ու փոքր պոչամբարներ, որտեղ լցվում են հանքերի շահագործումից գոյացած ծանր մետաղները, հիմնականում պղինձ եւ մոլիբդեն, ինչպես նաեւ հանքաքարերում առկա բոլոր վտանգավոր նյութերը` ծծումբ, կադմիում, արսենիում, կապար, ցինկ, բիսմուտ, սելեն եւ այլ թունավոր միացություններ ու տարրեր, եւ այդ բոլորը բարձր խտությամբ կուտակվում են այդ պոչամբարներում:
Հայաստանի ԳԱԱ էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կատարած վերլուծություններով հաստատվել է, որ Սյունիքի մի շարք պոչանքների բաղադրության մեջ կան ծանր մետաղներ եւ թունավոր նյութեր՝ մկնդեղ, կադմիում, կապար եւ այլն: Մինչդեռ հանքերը շահագործող ընկերությունները, ինչպես նաեւ ոլորտի համար պատասխանատու գերատեսչությունները` հանձին բնապահպանության նախարարության, միաբերան պնդում են, թե հանքերի շահագործումը վնասակար ազդեցություն չի կարող ունենալ ո’չ շրջակա միջավայրի, առավել եւս՝ մարդկանց առողջության վրա:

Ցավոք, մարդկանց առողջության վրա հանքերի շահագործման ազդեցության մասին որեւէ բժշկական մոնիտորինգ չի իրականացվել, որը թույլ կտար ապացույցներով պնդել, որ մասնավորապես Սյունիքի մարզում քաղցկեղային հիվանդությունների թվի կտրուկ ավելացումը հանքերի շահագործման ու այդ ընթացքում առաջացած թունավոր արտանետումների հետեւանք են: Գուցե նման ուսումնասիրություններ միտումնավո՞ր չեն անցկացվում, քանի որ այդ դեպքում ջրի երես դուրս կգա ակնհայտ ճշմարտությունը:
Թունավոր տարրերն ու ծանր մետաղները մարդկանց օրգանիզմ են ընկնում պոչամբարներից գետերի մեջ ներթափանցած ջրերի միջոցով` պոչամբարների վթարային վիճակում լինելու հետեւանքով: Գետերը կա’մ լցվում են խմելու ջրի մեջ, կա’մ ներծծվում հողում ու կուտակվում այդ հողում աճող պտուղներում, որոնք էլ հետո հայտնվում են մարդկանց սեղանին:
Պակաս վտանգավոր չէ նաեւ այդ հանքերի շրջակա միջավայրի օդը, որում թունավոր տարրերի ու մետաղների փոշիները անթույլատրելի խտության են հասնում: Այնպես որ թույնն օրգանիզմ է ներխուժում նաեւ շնչուղիներով: Փաստորեն մարդկային առողջության հետ կորցնում ենք նաեւ պտղատու եւ բնակության համար անհրաժեշտ հողերը, քանի որ դրանք վտանգավոր են համարվում մշակելու եւ ապրելու համար եւ վերածվում են մեռյալ տարածքների, կորցնում ենք խմելու ջրի պաշարները, քանի որ խմելու ջրի ջրամբարների մեջ են լցվում թունավոր արտանետումները:
Եվ եթե դեռ որեւէ կերպ հնարավոր է այս կամ այն տարածքի ջուրը խմելուց կամ այդ տարածքում ապրելուց հրաժարվել, ապա ի՞նչ անել օդի հետ, որն անհնար է չշնչել, խանութներում այլ տեսակի օդ չեն վաճառում:

Վերջերս Գորիսում էի եւ այնտեղի բնակիչներից տեղեկացա, որ շատերը չեն օգտվում իրենց խմելու ջրից, շշերով խանութից են գնում, որովհետեւ Գորիսի ջուրը վարակված է եւ վտանգավոր առողջության համար: Արդեն իսկ բնակիչների մոտ 80 տոկոսը տառապում է երիկամների հիվանդություններով: Ավելացել են նաեւ ուռուցքային հիվանդությունները: Բայց իրենք չեն բողոքում, քանի որ թերահավատ են, թե որեւէ մեկն ականջալուր կլինի իրենց:
Եվ այսպիսի խնդիրներ առկա են Արարատի մարզում եւ Ապարանում, Ալավերդիում, բոլոր այն վայրերում, որտեղ հանքեր են շահագործվում: Մայրաքաղաքում, ճիշտ է, հանքեր չկան, բայց մարդիկ օգտվում են Հայաստանի շրջաններից ներկրված գյուղատնտեսական մթերքներից, որոնք չգիտես, թե ինչ թունավոր տարրեր են պարունակում:
Եվ ստացվում է այնպես, որ բոլորս էլ Հայաստանում օտարերկրյա հանքարդյունաբերության զոհերն ենք:

ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆa href=”http://www.armarlur.com/wp-content/uploads/2014/06/հանք.jpeg”


Դիտել Society, Լրահոս, Հասարակություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն