Գլխավոր » TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն

Իրանի թուրքամետ շրջանակները խոչընդոտում են հայ-իրանական նախագծերի իրականացմանը

Հունիս 6, 2014թ. 00:34

ԻրանՎերջին շրջանում ակտիվացել են միջազգային նշանակության կոմունիկացիոն նախագծերի շուրջ քննակումները, ինչպես նաև դրանց իրականացմանը միտված կոնկրետ քայլերը։ Հարավային Կովկասի, Կասպյան տարածաշրջաններում ավարտական փուլ են մտնում մի քանի նախագծեր։ Եվ որոշ փորձագիտական շրջանակներ արդեն իսկ մտահոգություն են հնչեցնում, թե դրանց իրականացումը ոչ միայն չի բխում մեր երկրի շահերից, այլև կունենա բացասական հետևանքներ:

Թեմայի շուրջ զրուցեցինք իրանագետ ՍԱՐԳԻՍ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ

-Մայիսին կայացավ Իրանի ու Ադրբեւանի նախագահների հանդիպումը, արդյունքում, ըստ տեղեկատվության, ձեռք են բերվել պայմանավորվածություններ տրանսպորտային կարևոր ծրագրերի շուրջ: Սա նշանակում է կոտրվե՞ց վերջին տարիներին իրանա-ադրբեջանական հարաբերություններում առկա սառույցը:

-Իրանա-ադրբեջան հարաբերությունների լարվածությունը կա ու շարունակվում է: Իհարկե, երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների երկուստեք այցերը գուեցև տպավորություն ստեղծեն, թե սառույցը կոտրվել է, սակայն Իրանի ու Ադրբեջանի միջև կա այնպիսի մի խնդիր, որն անընդմեջ իրեն զգալ է տալու, այն այսօր էլ օրակարգային է: Խոսքս Իրանի Ատրպատական նահանգի մասին է, Ադրբեջանն այն իր պատմական նահանգն է համարում, իսկ այնտեղ բնակվող ժողովրդին` ադրբեջանցի, բայց այդ մարդիկ ադրբեջանցիներ չեն, ՙիրանական ադրբեջանցի՚ ասվածը գոյություն չունի: Ցավոք, այս սխալ եզրույթը հաճախ օգտագործվում է նաև մեր մամուլում: Այնպես որ, եթե երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանի ու Ադրբեջանի միջև լարվածությունը չկա, իրականում այն չի կարող վերանալ, քանզի Ադրբեջանն իր գոյությամբ արդեն իսկ սպառնալիք է Իրանի համար:

-Այնուհանդերձ, որոշ վերլուծաբաններ արձանագրում են, որ ադրբեջանա-իրանական ՙջերմությունն՚ այս անգամ այնքան նկատելի է եղել, որ անգամ անդրադաձել է ղարաբաղյան թեմայով հնչած հայտարարությունների բովանդակության վրա, որոնցում իրանական կողմը շեշտադրել է ադրբեջանահաճո ձևակերպումներ՝ 20% ՙօկուպացված տարածքներ՚, ՙմեկ միլիոն ադրբեջանցի փախստականներ՚ և այլն։

-Իրանում նման բովանդակությամբ հայտարարությունների հնչեցումը տարբեր մակարդակի գործիչների կողմից ամենևին նորություն չէ: Դա այդ երկրի քաղաքականությունն է, իրենց գնահատմամբ վարվում է կոմպլեմենտար քաղաքականություն, այսինքն, չնեղացնել ո’չ մեկին, ո’չ մյուսին: Օրինակ, իրանցի որևէ հայտնի պաշտոնյա կարող է հայտարարել, որ Ադրբեջանը պատմական իրանական տարածք է, բայց մեկ ուրիշն պաշտոնյա էլ կարող է վեր կենալ ու ասել` Հայաստանը օկուպացրել է ադրբեջանական հողերը: Հայերիս համար նման խիստ տարբեր մոտեցումը, իհարկե, փոքր-ինչ տարօրինակ է, սակայն այսպիսին են իրանցիների պատկերացումները ժամանակի ու տարածության մասին: Հետևաբար, չարժե շատ լուրջ վերաբերվել նման հայտարարություններին:

-Դառնանք տնտեսական խնդիրներին: Ադրբեջանն անցել է գործնական քայլերի. Իրան-Ադրբեջան բանակցությունների արդյունքում կարևորվել է մի գլոբալ ծրագիր` Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցումը, որը կկապի Իրանի և Ադրբեջանի երկաթուղիները, նաև հնարավորություն կտա տրանսպորտային ուղղություն ստեղծել Պարսից ծոցից մինչև Բալթիկ ծով։

-Այս ծրագրի շուրջ խոսակցություններն ամենևին նորություն չեն: Պետք է ասեմ, որ ցանկացած ծրագիր, եթե անգամ դրա շուրջ ձեռք է բերվել համաձայնագիր ամենաբարձր մակարդակով, դեռ չի նշանակում, որ անպայման կյանքի է կոչվելու: Որևէ նախագծի շուրջ Իրանական կողմի հետ ձեռք բերված համաձայնությունը իրականություն դարձնելու համար տասնամյակներ են պահանջվում: Իսկ ցանկացած համաձայնագիր ամեն վայրկյան նրանք կարող են այն չեղյալ հայտարարել: Այդպիսին է Իրանը: Նույնը վերաբերում է և հիշյալ` Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցման նախագծին ու դեռ դժվար է ասել, թե այն որքանո՞վ կիրականանա: Հիմանկանում այդ նախագծի ուղղությամբ հսկայական լոբբինգ է ծավալում Ադրբեջանը, որովհետև այն իր համար շատ կարևոր նախահիծ է:

Չնայած Իրանի “սպեցիֆիկ” քաղաքականությանը, բայց այս դեպքում կարծես հակառակ երևույթի հետ գործ ունենք. մայիսի 7-ին Աստանայում ԱՊՀ երկաթուղիների ղեկավարների հանդիպման ժամանակ եռակողմ համաձայնություն է ձեռքբերվել Իրանի, Ադրբեջանի, Ռուսաստանի միջև ու որոշվել, որ հիշյալ երկաթգիծը կառուցելու է ՙՌուսական երկաթուղիներ՚-ը։ Սա պետք է որ շատ մտահոգիչ լինի մեզ համար, քանի որ այն հետին պլան կմղվի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը:

-Իհարկե, չենք կարող հաշվի չառնել Ռուսաստան- Իրան-Ադրբեջան եռակողմ համաձայնության փաստը: Բացի այն, որ ՌԴ-ն տվել է իր համաձայնությունը, այս ծրագիրն ինքնին մտահոգիչ է մեզ համար և նշանակում է, որ Հայաստանը հերթական անգամ դուրս է մղվում տարածաշրջանային ծրագրերից: Փաստորեն, դա Ադրբեջանինհաջողվում է: Անդրադառնալով Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը ասեմ հետևյալը. Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցումը տեխնիկապես ավելի հեշտ իրականացվող է, քան Իրան-Հայաստանը, որովհետև արդեն իսկ կա Ռուսաստանը Ադրբեջանին կապող երկաթգիծ, փաստորեն, մնում է մի հատված ևս կառուցել ու այն կմիացնի երեք երկրները: Մինչդեռ տեխնիկական առումով Իրան-Հայաստան երկաթգիծը լինելու է դժվար կառուցվելիք, քանի որ այն անցնելու է ռելիեֆային բարդ տեղանքով: Մյուս կողմից, կան քաղաքական խոչընդոտներ կապված ռուս-վրացական հարաբերությունների հետ, որի հետևանքով ձգձգվում է աբխազական երկաթուղու վերաբացումը: Դժվար է ասել, մոտ ժամանականերս մեզ կհաջողվի՞ շրջանցել այդ խոչընդոտները, թե ոչ: Մինչդեռ Ադրբեջանի պարագայում նման խոչընդոտներ չկան:

-Հաշվի առնելով այս ամենը ի՞նչ ճակատագիր է սպասվում մեզ համար և քաղաքական, և տնտեսական կարևորություն ունեցող Իրան-Հայաստան երկաթուղու կառուցմանը:

-Եթե Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցումը իրականանա, իհարկե, դա չի նշանակում, որ Հայաաստանը պետք է ՙզենքերը՚ վայր դնի ու առաջ չմղի Իրան-Հայաստան երկաթգծի հարցը: Սակայն, պետք է լինել իրատես ու արձանագրել, որ Ղազվին-Ռաշտ-Աստարա երկաթգծի կառուցումը կշեղվի Իրանի ու Ռուսաստանի ուշադրությունը և Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը կմղի հետին պլան: Ի դեպ, այն այսօր էլ սառեցված է, խնդիրն առհասարակ գործնական փուլում չի էլ եղել, ժամանակին եղել են նման խոսակցություններ, բայց գործնական պայմանավորվածություններ չեն եղել:

-Այստեղ, գուցեև, մեր մեղքի բաժինը կա, անհրաժեշտ չափով գործնական չենք եղել: Ի վերջո, քանի դեռ սառեցված էին Իրան-Ադրբեջան հարաբերությունները մենք կարող էինք, չէ՞, այդ ժամանակն օգտագործել ու շահող դուրս գալ: Իսկ այսօր Ադրբեջանն է ներկայանում ակտիվ գործընկերոջ դերում:

-Պատճառները շատ են ու տարբեր: Խոսեցի իրանցիներին հատուկ բնավորության մասին, ու այս առումով, ոչ այնքան մենք, որքան Իրանը եղան պասսիվ: Նրանց հետ գործ ունենալուց մարդ պարզապես հոգնում է` լինի գործարա, թե բարձրաստիճան պաշտոնյա: Մյուս կողմից, չնայած Իրանը հայտարարում է, թե Հայաստանը իր բարեկամ երկիրն է, բայց եթե ուշադրություն դարձնենք, ապա թեկուզ հենց ապրանքաշրջանառության առումով Իրան-Ադրբեջան հարաբեություններն ավելի ակտիվ են, իրանցիներն ավելի գլոբալ ծրագրեր են մշակում Ադրբեջանի հետ, քան Հայաստանի: Բացի այդ, չմոռանանք, որ Իրանում կան, պայմանականորեն ասած, պրոթուրքական շրջանակներ, որոնք ամեն ինչ անում են, որ Հայաստանի հետ ցանկացած ծրագիր կյանքի չկոչվի: Իսկ այդ մարդիկ զբաղեցնելով տարբեր պաշտոներ պակաս ազդեցություն չունեն երկրի քաղաքականության վրա, այս հանգամանքը մենք չենք կարող աչքաթող անել:

-Ի դեպ, Իրանի իշխանությունների ներկայացուցիչները Հայաստանի առնչությամբ իրենց հայտարություններում մշտապես երկու կարևոր շեշտադրում են անում` քաղաքական կամքի դրսևորում և առանց երրորդ կողմի միջամտության համագործակցություն: Իսկ սրանք պատահական մեսիջներ չեն:

-Շատ հետաքրքիր հանգամանք նշեցիք: Եթե խոսքը վերաբերում է երրորդ կողմին, ապա Իրանը բնականաբար, նկատի ունի նախ Ռուսաստանին: Բայց Իրանը չի կարող հաշվի չառնել աշխարհաքաղաքական իրողությունները, այն, որ Հայաստանը պատմական այս փուլում չի կարող զերծ մնալ ռուսական ազդեցությունից: Պարզապես, Իրանն էլ իր հերթին իր խաղն է տանում, փորձելով տարածաշրջանում ստանձնել հեգեմոն դեր: Այդ առումով, Իրանը Ռուսաստանին և տարածաշրջանային մյուս խաղացողներին համարում է իր մրցակիցը: Ուրեմն, Իրանն իր հերթին ամեն կերպ փորձելու է հավելյալ ազդեցության լծակներ ձեռք բերել և այդ մեսիջները դրան են միտված:

Հայաստանը պատրաստվում է դառնալ Եվրասիական միության անդամ, այսինքն, Իրանի հետ սահմանը կվերածվի այդ միության հետ սահմանի: Սա ի՞նչ վտանգներով է հղի, Իրան-Հայաստան հարաբերությունները կորոշվեն ԵՏՄ անդամ երկրների կողմից կայացվելիք որոշումների տիրույթո՞ւմ:

– Ես այստեղ վտանգավոր միտումներ չեմ տեսնում: Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանը հակված է հարաբերությունները խորացնել ԵՏՄ երկրների հետ, ապա Հայաստան-Իրան սահմանի վերածումը ԵՏՄ-Իրան սահմանի չի կարող վտանգավոր լինել Հայաստանի համար: Ավելին, մեր երկիրը այդ կերպ կարևոր դերակատարում է ստանձնում ու կարող է Իրան-ԵՏՄ երկրներ հարաբերություններում կարևոր օղակ հանդիսանալ:

Այդ օղակի դերը ևս կարող է դուրս մղվել, եթե կառուցվի Իրան-Թուրքմենստան-Ղազախստան երկաթուղին, ի դեպ, այդ աշխատանքների արագացման համար Իրանի նախագահն արդեն իսկ հատուկ հանձնարարական է տվել:

-Այս միջինասիական “մարշրուտը” ևս նոր խոսակցություն չէ, տարիներ շարունակ այս մասին ևս խոսվում է: Բայց խոսելը մի բան է, իրականացնելը` մեկ այլ: Ի վերջո, քաղաքական այլ շահեր ևս կան ու ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Իհարկե, համաձայն եմ, որ մենք պարտավոր ենք հաշվի առնել բոլոր հանգամանքերը, խոչընդոտները և լինենք իրատես: Ինչպե՞ս կարող ենք չասել, որ Իրանի համար նախընտրելի է Ղազախստանի, Ադրբեջանի շուկան, քանի որ այն մի քանի անգամ մեծ է հայկականից: Իսկ ցանկացած ծրագիր իրականացնելիս կողմերը նախ մտածում են եկամտաբերության մասին: Բայց դա նաև չի նշանակում, որ մենք պետք է նահանջենք, հակառակը, մենք պետք է ամեն ինչ անենք մեզ համար կարևորագույն նախագծերը կյանքի կոչելու համար: Ուղղակի պե’տք է անել, և վերջ: Իրանը շահագրգռված է, որ իր բոլոր հարևանների հետ ունենա երկաթուղային հաղորդակցություն, իսկ Հայաստանը պակաս կարևոր երկիր չէ տարածաշրջանում: Դրա ապացույցն է և այն, որ գերտերությունները ձգտում են այստեղ ուժեղացնել իրենց ազդեցությունը:

-Հայաստանը ծրագրել է հայ-իրանական սահմանում ձևավորել ազատ տնտեսական գոտի, այս դեպքում ոչ բարենապաստ լանշավտը հաստատ մեզ չի խանգարի, մնում է թույլ չտալ, որ դրան խոչընդոտեն այլ երկներ ու քաղաքական շահեր:

-Ազատ տնտեսական գոտի ձեւավորելը գլոբալ տնտեսական ծրագիր չէ, որին մեծ տերությունները խառնվեն կամ խանդով վերաբերվեն:
Դա զուտ ծառայելու է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և առևտրի աճին: Եվ ես չեմ կարծում, որ որևէ երկիր խոչընդոտ հանդիսանա այդ ծրագրի իրականացմանը: Մենք պետք է լինենք լավատես, միաժամանակ` իրատես, չմոռանալով, որ կան երկրի համար կենսական նշանակության ծրագրեր, որոնք ամեն գնով, բոլոր հնարավոր միջոցները գործի դնելով պետք է իրականություն դարձնենք: Մենք այլընտրանք չունենք:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Ադրբեջան, Իրան, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Տնտեսություն, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն