Հայաստանը ունակ է ցավոտ հակահարված տալ Ադրբեջանին
ArmAr.am էլեկտրոնային լրատվամիջոցի բացառիկ հարցազրույցը ՀՀ Պաշտպանության նախարարի խորհրդական ԴԱՎԻԹ ՋԱՄԱԼՅԱՆԻ հետ
-Նախիջեւանյան սահմանի ուղղությամբ ադրբեջանական կողմից վաղուց աշխուժություն է նկատվում, իսկ հունիսի 5-ին ադրբեջանցի դիպուկահարների սադրիչ գործողության արդյունքում երկու զոհ ունեցանք: Հակառակորդի նման գրոհները հիմք չե՞ն տալիս ենթադրելու, որ Ադրբեջանը նպատակ ունի Նախիջևանը վերածել Հայաստանի դեմ ռազմական ավանտյուրայի համար նպաստավոր տեղանքի:
-Նախիջևանը թուրքական աշխարհի համար հանգուցային տարածք է համարվում, ուր թուրք-ադրբեջանական տանդեմը զգալի ուժեր է կուտակում: Եվ ես համոզված եմ, որ մեր թշնամին, այո, նպատակ ունի Նախիջևանը վերածել պլացդարմի՝ Հայաստանի Հանրապետության դեմ հնարավոր ագրեսիայի դեպքում: Իհարկե, դա չի նշանակում, թե առաջիկա զարգացումներն անխուսափելիորեն հանգեցնելու են պատերազմի: Բայց եթե նախկինում Ադրբեջանը ակտիվ նախապատրաստություններ էր տեսնում միայն արևելյան ուղղությամբ, ապա այսօր այդ ակտիվությունը նկատելի է նաև Նախիջեւանի ողղությամբ: Ընդորում, սա միայն Բաքվի նախաձեռնությունը չէ: Հաշվի առնելով թուրք ադրբեջանական համագործակցության բարձր մակարդակը, առավել քան համոզված եմ, որ նախիջեւանյան ուղղության ուժեղացումը համատեղ որոշում է: Պատահական չէ, որ Ադրբեջանի՝ Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա թշնամին այսօր ստեղծել է առանձին համազորային բանակ: Այսինքն, նախիջևանյան ուղղությամբ Ադրբեջանն ավելի ու ավելի է ուժեղացնում իր ռազմական ներկայությունը: Կարծում եմ, որ մեր հանրությունը պետք է հստակ գիտակցի թուրք- ադրբեջանական տանդեմից բխող վտանգի դետալները, այդ թվում նաև՝ նախիջևանյան ուղղությունից վտանգի առկայության հանգամանքը:
Ադրբեջանի այսօրվա ակտիվությունն ունի և՛ քաղաքական, և՛ ռազմական, և՛ քարոզչական բնույթ, լարվածությունն առկա է պետական սահմանի ողջ երկայնքով, իսկ նախիջևանյան հատվածում ևս լրացուցիչ լարվածության ստեղծումը հետևյալ նպատակն է հետապնդում, այս կերպ թշնամին փորձում է մեր ուժերը ջլատել, չթողնելով, որ կենտրոնանանք հիմնական՝ արցախյան ուղղության վրա: Այդուհանդերձ, ցանկանում եմ հատկապես ընդգծել՝ մեր դիրքերը նախիջևանյան ուղղությամբ շատ ամուր են: Այստեղ տեղակայված բանակային զորամիավորման մարտունակության է՛լ ավելի բարձրացման հարցերը մեր բարձրագույն ռազմական ղեկավարությունը դիտարկում է որպես առաջնահերթություն: Հատուկ ցանկանում եմ ընդգծել, որ զորամիավորման հրամանատարը՝ գեներալ- մայոր Անդրանիկ Մակարյանն իր գործի գիտակ և եռանդուն զինվորական է: Այսինքն՝ պաշտպանական գերատեսչությունում գնահատում են վտանգը և համարժեք միջոցառումներ ձեռնարկում:
-Ադրբեջանական դիվերսիայից հետո որոշ լրատվամիջոցներ լուր տարածեցին, թե Նախիջևանին սահմանակից հայկական մի բնակավայր է տարհանվել: Իրո՞ք, լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածել, եթե այո, ապա սա շատ լուրջ խնդիր է, քանզի գործ ունենք ազգային անվտանգության հետ:
-Անպատասխանատու լրագրությունն, իրոք, կարող է էապես վտանգել երկրի անվտանգությունը, հետևաբար, լրատվամիջոցներում տեղ գտնող տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ, հաստատված, չէ՞ որ ապրում ենք հրադադարի պայմաններում: Երբ նման լուրերի տարածման պատճառը լինում է պրոֆեսիոնալիզմի պակասը, միևնույն է, դա ևս չի կարող արդարացում լինել, բայց առավել ևս խիստ դատապարտելի է, եթե դրանում կա միտում: Օպերատիվ, ճշգրիտ, հաստատված տեղեկատվության տարածում, այս սկզբունքով պետք է աշխատեն, համագործակցեն պետությունն ու լրատվամիջոցները: Իսկ այս սկզբունքից շեղումը, առավել ևս նման լարված պայմաններում, կնշանակի վտանգել երկրի անվտանգությունը:
-Նախիջեւանյան սահմանին կատարված ողբերգական միջադեպից հետո նախարար Սեյրան Օհանյանը հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին ։ Ուշագրավ էր նախարարի հետևյալ միտքը. <ձեւավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետեւանքներ ունենալու հավանականությամբ>: Փաստորեն, սրանով նախարարը ակնարկեց, որ Հայաստանը կարող է դիմել հստակ հակագործողությունների՞:
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինվորականին վայել հստակությամբ արտահատել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության դիրքորոշումը: Այո՛ մենք ունակ ենք շատ ցավոտ հակահարված տալ թշնամու նախահարձակ ագրեսիային: Այո՛ մենք չենք թաքցնում մեր այս մտադրությունը: Նախարար Օհանյանի հայտարարությունը սթափեցնող է իր էությամբ: Ասեմ նաև, որ սահմանի ամենատարբեր տեղամասերում կտրուկ ու պատժիչ պատասխաններ արդեն իսկ տրվել ու տրվելու են թշնամուն: Այդուհանդերձ, Հայաստանը նախևառաջ նախընտրում է հակառակորդին զսպող դիվանագիտական մեխանիզմներ բանեցնելով թույլ չտալ հարավ-արևմտյան սահմանին ավելորդ ու անհարկի լարվածության ստեղծում: Բայց մենք նաև շատ լավ գիտենք, թե ո՞վ է մեր թշնամին, թուրքի հետ տևականորեն հարաբերվելու կենսափորձ ունեցող մարդիկ լավ գիտեն, որ զուտ դիվանագիտական, անգամ ամենաանկեղծ ձեռնարկները շատ հաճախ անարդյունք են լինում, որովհետև թուրքը հասկանում է միայն ուժի լեզուն: Այդ զսպող հակընդդեմ ուժը կա, ինչը մենք առանց վարանելու գործի կդնենք, եթե դիվանագիտական ջանքերը արդյունք չտան:
-Իսկ ի՞նչ ակնկալիքներ կարող է ունենալ հայկական կողմը դեսպան Կասպրշիկի, Դիդյե Բուրկհալտերի, և առհասարակ միջազգային հանրության հորդորներից, որոնք ուղղակի արժանանում են Ադրբեջանի արհամարհանքին: Դա է փաստում և այն, որ Ադրբեջանն իր վերջին դիվերսիան իրականացրեց ԵԱՀԿ ղեկավարի և համանախագահ երկրների ներկայացուցիչների այցից անմիջապես հետո:
– Ադրբեջանական կողմը լկտիացել է: Բաքվում վստահ են, որ իր ագրեսիվ ակտիվությունը դիվանագիտական լուրջ բարդություններ չի ստեղծի, քանզի Ադրբեջանը աշխարհաքաղաքական տարբեր բևեռների հետ իր հարաբերությունները կառուցում է իբրև լծակ օգտագործելով իր էներգետիկ ռեսուրսները: Իհարկե, կա նաև խնդրի մյուս կողմը, Ադրբեջանի նպատակն է ՝ թույլ չտալ, որ աշխարհը համակերպվի Արցախի հայապատկան լինելու փաստի հետ: Եվ վերջապես, կա նաև քարոզչական կողմը. անընդմեջ լարվածություն ստեղծելով, Ադրբեջանը փորձում է մեզանում ներարկել ու հասունացնել տարածքներ զիջելու վտանգավոր գաղափարը: Բայց մենք հիմա, առավել քան երբևէ, ուժեղ ենք , քանի որ գիտակցում ենք տարածք տալու կործանարար հետևանքները Հայաստանի Հանրապետության ու Արցախի համար:
– Նախիջևանյան դիվերսիայից հետո այդ գիտակցումը պետք է հասու լինի նաև Մինսկի խմբի համանախագահներին, որոնք ցավոք, վերջին շրջանում հաճախ են կրկնում ադրբեջանահաճ այն միտքը, թե, այսպես կոչված, օկուպացված տարածքները պետք է զիջել:
-Երբ խոսում ենք Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների մասին, մշտապես ընդգծում ենք այն հանգամանքը, թե դրանք Արցախի անվտանգության երաշխիքն են: Այո՛, իսկապես այդպես է, սակայն այդ տարածքների հայապատկանությունն ապահովում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այսօր տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը փորձում Նախիջևանը դարձնել ապակայունացման օջախ, այնտեղ ուժեղացնում իր ռազմական ներկայությունը, սա մեզ հուշում է Ադրբեջանի հեռահար նպատակը՝ հանել Նախիջևանը անկլավային վիճակից: Հետևաբար, առավել քան ակնհայտ է, որ Արցախի սահմանադրորեն ամրագրված տարածքների պաշտպանությունն է Հայաստանի Հանրապետության ու Արցախի անվտանգության ամենահուսալի երաշխիքը, իսկ եթե դրանք կորցնենք, ապա Ադրբեջանը թուլացած Հայաստանի Հանրապետության ու Արցախի վրա հարձակվելու բարենապաստ հնարավորություն կստանա Նախիջևանի անկլավային վիճակը վերացնելու համար: Այսպիսով, վերջին զարգացումները ևս մեկ ազդակ են մեզ համար, որոնք հաստատում են, որ Արցախի տարածքային ամբողջականությունը բացարձակ արժեք է երկու հայկական պետությունների համար:
-Միջազգային հետազոտման կենտրոններն ահազանգում են, թե Ադրբեջանը զենքի հիմնական տեսակների երկրորդ խոշորագույն ներմուծողն է Եվրոպայում, և 19-րդը՝աշխարհում: Բայց Ադրբեջանին զենք վաճառող երկրներն անտեսելով ու արհամարելով տարածաշրջանի ժողովուրդների անվտանգությունը ցինիկաբար հայտարարում են, թե դա ընդամենը բիզնես է: Ցավոք, հայկական կողմից ևս երբեմն հնչում են այդ բիզնեսը արդարացնող մտքեր: Մինչդեռ Ադրբեջանի սպառազինությունն ուղղվելու է Հայաստանի դեմ:
-Նախ, հայ ժողովրդի անվտանգությունը բացարձակ արժեք է միայն Հայոց պետության համար, հետևաբար, ոչ մի այլ երկիր, կամ կառույց Հայաստան պետության փոխարեն իր վրա չի վերցնելու հայ ժողովրդի պաշտպանության առաքելությունը: Պետությունների շահերը կարող են կամ հակասել, կամ զուգահեռվել: Վերջինիս դեպքում երկրները դառնում են դաշնակիցներ: Բայց ամենասերտ դաշնակցային հարաբերությունների պարագայում անգամ ապավինել հարկավոր է միմիայն սեփական ուժերին:Ադրբեջանը դեռևս 2011-ին Ռուսաստանից զենքի գնման գործարք է կնքել ու այն այսօր իրականացվում է: Ես օրինաչափ եմ համարում մեր հանրային ընդվզումն այս հարցում, այլ կերպ չէր կարող լինել: Բայց Հայաստան պետությունը երբեք թույլ չի տա, որպեսզի ուժերի հարաբերակցությունը փոխվի ի վնաս մեզ: Ռուսաստանի հետ ունեցած իրավապայմանագրային բազայի ներուժը առավելագույնս օգտագործելով, մենք էլ ենք ձեռք բերում ժամանակակից սպառազինություն՝ շատ ավելի մատչելի գներով, քան Ադրբեջանը: Սա հաստատուն իրավական հենքի վրա իրականացվող անընդհատ գործընթաց է:
-Հերթական անգամ պետք է բանաձևենք, որ հնարավոր պատերազմից խուսափելու միակ միջոցը երկրի տնտեսության զարգացմանը զուգընթաց Հայաստանի զինված ուժերի հզորացումն է, թույլ չպետք է տալ, որ խախտվի հավասարակշռությունը: Նման իրավիճակում, թերևս հազարերորդ անգամ, միևնույն մտահոգիչ հարցն է առաջանում ՝ այսօր այդ <բալանսը> պահպանվո՞ւմ է:
-Տրամաբանական է, որ այդ հարցը պետք է հնչի, քանի որ տարածաշրջանում սպառազինման մրցավազք է: Հայկական կողմի ռազմավարության հիմքում ընկած է հետևյալ սկզբունքը՝ անհամաչափ (ասիմետրիկ) պատասխան տալ թշնամուն, ձեռք բերել նրա հարձողական զինատեսակներից բխող վտանգը չեզոքացնող սպառազինություն: Խոսքը հեռահար և ճշգրիտ սպառազինության, հակաօդային պաշտպանության տարբեր համակարգերի մասին է: Բերեմ մեկ օրինակ, մենք հաճախ ենք հայտարարել, որ մեր երկինքը հուսալիորեն պաշտպանված է: Վերջերս թշնամին գնեց МИ-35 գրոհային ուղղաթիռներ, ի պատասխան դրա մեր պետությունը ձեռքբերեց գերժամանակակից ИГЛА-С դյուրատեղափոխելի հակաօդային պաշտպանության համակարգեր, ընդորում՝ շատ մեծ խմբաքանակով: Արցախում եռատոնի օրերին ցուցադրվեց БУК M-1 հակաօդային պաշտպանության շատ արդյունավետ համակարգեր: Սա նշանակում է՝ մենք կարող ենք ադրբեջանական ավիացիային հավուր պատշաճի <դիմավորել>: Բացի այդ, ձեռք ենք բերել զգալի թվով հակատանկային պայքարի միջոցներ, զրահատեխնիկա: Կրկնում եմ՝ մեր բանակի զինանոցը հետևողականորեն թարմացվում է:
Վերջին շրջանում մենք սահմանի ամբողջ երկայնքով ձևավորել ենք հակադիվերսիոն պաշտպանության համակարգ: Սաօրիգինալ մտահղացումներով հագեցած հակադիվերսիոն մարտավարություն է՝ որի հեղինակը մեր պաշտպանության նախարարն է: Եթե նախկինում պետական սահմանի երկայնքով ձևավորված պաշտպանական համակարգը նախատեսված էր խոշորամասշտաբ ռազմական օպերացիաներին դիմագրավելուն, ապա թշնամու դիվերսիոն ակտիվությանն ի պատասխան մեր պաշտպանական համակարգին վերագրվեց լրացուցիչ գործառույթ. անմատչելի դարձնել պետական սահմանը դիվերսիոն խմբերի համար:Եվայսօրայդհակադիվերսիոնպաշտպանության համակարգի շնորհիվ է, որ մեր դիրքապահները թշնամու դիվերսիոն խմբերին հայտնաբերում են մեր հենակետերի հեռավոր մատույցներում: Այս համակարգի շնորհիվ թշնամու աննկատ մոտենալը մեր դիրքերին դառնում է գրեթե անհնար: Այդ է պատճառը, որ թշնամու դիվերսանտները հաջողության չեն հասնում, ու մեր դիրքապահների հետ մի քանի րոպե մարտի բռնվելուց հետո հախուռն նահանջում են:
Սաիսկապեսկարևորձեռքբերում էնաևայնպատճառով, որապահովում է մերդիրքապահներիանվտանգությունը: Այստեղ հատուկ ցանկանում եմ ընդգծել. դիրքապահ զինվորի հենակետում առավելագույնս պաշտպանված լինելը նախարար Օհանյանի մշտական հոգածության առարկան է: Չկա մի խորհրդակցություն, մի կոլեգիայի նիստ, որտեղ պաշտպանության նախարարը հանձնարարություններ չտա այս խնդրի վերաբերյալ: Նախարարի այս հետևողականությունն անհրաժեշտություն է, այն թույլ չի տալիս որպեսզի զինվորի կյանքի համար պատասխանատվության գիտակցումը հրամկազմի մոտ թուլանա:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ
/strong













