Կիսիլյովյան սկանդալ
Վերաթարմացրեց ոչ հաճելի հիշողություններ
Անկախ Հայաստանի օրենսդիր մարմնում նախօրեին տեղի ունեցած, այսպես կոչված, կիսիլյովյան սկանդալը առիթ տվեց մի նոր մտորումների: <Ռոսիա սեգոդնյա> տեղեկատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի անթույլատրելի քարոզը մի ակնթարթում շատերիս տեղափոխեց անցած դարասկիզբ. ոմանք մտովի թերթեցին պատմության էջերը հիշելով Ցարական Ռուսաստանի պարտադրանք որոշումը՝ հայկական դպրոցները փակելու մասին, Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումները Հայաստանի հանդեպ, ոմանց հիշողության մեջ վերաթարմացան խորհրդային ժամանակներն ու ռուսական շովինիզմի այլանդակ դեմքը, ապա և արցախյան ազատամարտը < ծայրահեղականների պայքար> որակող մոսկովյան <Время>-ն իր շովունիստական հաղորդումներով: Ինչո՞ւ, այնուհանդերձ, Դմիտրի Կիսելյովը վերաթարմացրեց ոչ հաճելի հիշողություններ մեզանում: Մեղավորը ինքներս չե՞նք, որ ցանկացած երկրից Հայաստան ժամանած օտար չինովնիկին մեր իսկ պահվածքով չենք հուշում՝ հարաբերվել արժանապատվորեն ու մեր բարեկամական ջերմությունը իբրև վախվորածության նշան չընկալել: Արդյո՞ք եկողին տալիս ենք այն գիտակցումը, որ ուրույն մշակույթ, լեզու, պատմություն ունեցող հինավուրց ու ինքնիշխան երկրում է, ուրեմն, պարտավոր է հարգել այդ արժեքները: Ու եթե այս ազդակները տրվեն ժամանակին, արդյո՞ք, ռուս կիսիլյովները կամ նրանց արևմտյան տարբերակները մեր երկրում ավելի զգաստ ու զգոն չեն լինի:
Պատմությունը կրկնվում է, դարձյալ հայտնվել ենք արևմուտքի ու հյուսիսի՝ «սալի և մուրճի» արանքում: Երկու տասնամյակ շարունակ ու առ այսօր պայքարում ենք մեզ արևմուտքից իբրև եվրոպական արժեք պարտադրվող աղբի դեմ, իսկ այսօր կանգնած ենք հյուսիսից եկող, մեզ արդեն հայտնի մյուս մարտահրավերի առաջ: Կիսելով մեր մտահոգությունը ԱԺ փոխնախագահ ՀԵՐՄԻՆԵ ՆԱՂԴԱԼՅԱՆԸ նկատեց, թե այս մարտահրավերին դիմակայելու մեկ ձև կա.<Ինքներս պետք է լինենք տերը մեր արժեքների, իսկ երբ սուրբ տեղը դատարկ է մնում, երբ արևմուտքն ու հյուսիսը համոզվում են, որ տեղում չկա պատրաստակամություն սեփական արժեքները սրբորեն պաշտպանելու, անմիջապես անցնում են գործի՝ մեր դեմ էքսպանսիա իրականացնելով>:
Լրատվամիջոցները չեն դադարում շրջանառել հայտնի հանդիպման սենսացիոն հատվածը. նախ հնչել է մտահոգություն, որ ԼՂ շփման գծում ադրբեջանցի դիպուկահարների կրակոցներից զոհվում են հայ զինվորներ, իսկ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը լռում է, ինչին Կիսիլյովը անփութորեն պատասխանել է՝ «Ամբողջ աշխարհում սահմանին տեղի են ունենում նման դեպքերը>, ապա անսպասելի վրա բերել, <Պետք չէ այսօրվա թեման նեղացնել այնքան, մինչև հասնի ԼՂ խնդրին: Կան ավելի մեծ վտանգներ, օրինակ` Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է, բայց ռուսաց լեզուն տարածված չէ Հայաստանում, ռուսերենը հեռացրել եք Հայաստանից, նշանակում է` Ռուսաստանին եք հեռացրել Հայաստանից: Ձեր գործն է, բայց եթե ռուսերենը նվազի, ապա Հայաստանի անվտանգությունն էլ կնվազի»: Ո՞րն էր կրեմլյան պրոպագանդիստի ցինիկ հայտարարության պատճառը, գուցե խոցվե՞լ էր իրեն պատահած հայ վարորդի ռուսերեն չիմացությունի՞ց:
Խորհրդարանում երեկ կրքերը մի պահ այնքան շիկացան, որ Կիսելյովի պատճառով մեկմեկու հասցեին պատգամավորները շպրտեցին ՝ <ցինիկ, ստոխոս, անասուն> որակումներ: Ոմանք մեղադրում էին հանդիպման ներկա այն պատգամավորներին , որոնք անհրաժեշտ հակահարված չեն տվել Կիսիլյովի շովունիստական նկրտումներին: Մինչդեռ Հերմինե Նաղդալյանը սա համարեց անարդար մեղադրանք, քանի որ ռուս լրագրողի այդ մտքին անձամբ ինքը տեղում հակադարձել է. <Պետք չէ հայ և ռուս ժողովուրդների միջև բարեկամության աստիճանը որոշել ձեզ պատահած վարոդի ռուսերեն իմանալ-չիմանալով, ի վերջո, դրանով չի կարելի պայմանավորել մեր երկրի անվտանգության հարցերը>: Ապա ընդգծեց, թե՝ և՛ Հայկ Բաբուխանյանի , և՛ իր խոսքում հստակ բանաձևվվել է հետևյալ միտքը՝ <Մեր արժեքների պահպանությունը մեր սուրբ պարտականությունն է, անկախ նրանից, դրա համար հարկ կլինի մղել ինտելեկտուալ պայքար, թե զենքը ձեռքին կանգնել սահմանին>: Հերմինե Նաղդայանի ներկայացմամբ, Հայկ Բաբուխանյանի խոսքին՝ ԼՂ ճանաչման, մեր սահմաններին գրանցվող ողբերգական դեպքերի մասին Կիսիլյովը փորձել է անդրադառնալ տեսական դատողություններով.<Մի քանի մտքեր շաղկապեց իրար, որոնց իմաստը հետևյալն էր՝ ռուսերեն լեզվի չիմացությունը խոսում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքի մասին, հետո կետ առ կետ դա բերեց ու հանգեցրեց անվտանգության խնդրին, զարգացնելով այն միտքը, թե որքան Հայաստանը սերտ կապեր ունենա Ռուսաստանի հետ, այնքան Հայաստանի անվտանգությունը կլինի պաշտպանված>: ԱԺ փոխնախագահը այնուհետ վրաբերեց. <Հնարավոր է չէ՞, որ տվյալ անձի կարծիքները, մեսիջները մեզ համար չլինեն ընդունելի: Սա հենց այդ դեպքն է>:
Ինչո՞ւ չի հարգվել երկրի պետական լեզուն
Խորհրդարանականները չէին հանդատվում. ինչո՞ւ Հայաստանի օրենսդրի մարմնում ծավալվող քննակման ժամանակ խախտվել է մեր մայրենիի՝ պետական լեզվի մասին ՀՀ օրենքը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հիշեցրեց, Հայաստանի պետական լեզուն հայերենն է, և պահանջեց, որ այսուհետ նման հանդիպումները անցկացվեն միայն հայերենով և ուղեկցվեն թարգմանությամբ: Թե ինչո՞ւ է օրենսդիրը շեղվել օրենքից, Հ. Նաղդալյանը մեզ ասաց հետևյալը.<Նիստի բացումն արեցի հայերենով ու հայտարարեցի, որ ապահովված է թարգմանչի ներկայությունը: Բայց ժամանակի սղության պատճառով, քանի որ մեր հյուրերը շտապում էին, նաև առաջարկեցի՝ նրանց, ովքեր չունեն թարգմանչի խնդիր կարող են խոսել ռուսերեն: Ու ստացվեց այնպես, որ ոչ ոք չօգտվեց թարգմանչի ծառայությունից, քանի որ ներկաները տիրապետում էին ռուսերենին>: Մինչդեռ ՀՀԿ պատգամավոր ԱՐՏԱԿ ԴԱՎՔՅԱՆԸ կարծում է, որ այն պահին, երբ Կիսիլյովը հոխորտացել է, թե Հայաստանում քիչ են ռուսական դպրոցներն ու դասաժամերը, իսկ հայ վարոդը չգիտի ռուսերեն, ներկաները միանգամից պետք է դադարեցներին ռուսերենով հաղորդակցվել ու դիմերին թարգմանչի օգնության: <Սա կլիներ տեղին պատասխան՝ գտնվում եք Հայաստանի Հանրապետությունում, ուրեմն , չի՛ կարելի նման հայտարարություններ անել>:
Հայ պաշտոնյան սա չի կարող հանդուրժել
Ցանկացած օտարերկրյա չինովնիկ պետք է հասկանա, որ իր նման պահվածքը խստորեն դատապարտելի է և՛ Հայաստանի հասարակության, և՛ իշխանության կողմից, իսկ սա նշանակում է , որ պետք է լսվի անհրաժեշտ հակադարձումը: Այս առումով Արտակ Դավթյանը կարծում է, որ մենք պետք է պարզ ու հասկանալի լեզվով ասենք՝ հարգում ենք մեր ռազմավարական գործընկերոջ ազգային արժանապատվությունը, բայց նաև պահանջում նման հարգանք մեր հանդեպ. <Եթե մեր հարաբերությունները պետք է զարգանան մի դաշտում, ուր կա անկեղծության, փոխադարձ հարգանքի պակաս, դա չի կարող լինել արդյունավետ: Խոսում է անվտանոգւթյան մասին ու մեջտեղ բերում լեզվի խնդիրը. հիմա ես ի՞նչ հետևության հանգեմ: Չէ՞ որ մեր լեզվի հանդեպ ցանկացած ոտնձգություն ուղղված է մեր ինքնությանը>: Պատգամավորը վրդովված է, որ արդեն որերորդ անգամ ռուս չինովնիկներն իրենց թույլ են տալիս նման արտահայտություններ, առանց գիտակցելու, թե դրանք իրականում ինչ վտանգներ են պարունակում:<Պետք է մի պարզ բան հասկանան, ոչինչ այնքան խորը չի վիրավորում մարդուն, որքան ազգային արժանապատվությանն ուղղված վիրավորանքը: Դատապարտելով նման պահվածքը, Դավթյանը նկատեց.<Մեր մեղքի բաժինը ևս կա: Կարծում եմ, մեր կոշտ արձագանքով պետք է հասկացնենք, որ հետայսու ՌԴ դեսպանը Հայաստան եկող մեծ ու փոքր չինովնիկներին նախազգուշացնի զուսպ լինել>:
Այն որ այս ամենը առանձնակի անհանգստություն է առաջացրել հայ հանրության մեջ նկատել է նաև Հերմինե Նաղդալյանը, մարդիկ մտահոգ են ԵՏՄ ինտեգրացիոն գործընթացները կարող են նպաստել խորհրդային շրջանի ոչ դրական երևույթների գլուխ բարձրանալուն:<Ես ուզում եմ փարատել այդ մտավախությունը, որովհետև մենք բոլորս շատ զգայուն ենք այդ ամենի նկատմամբ, քանզի բոլորիս համար մեր անկախությունն ու ինքնիշխանությունը բարձրագույն արժեքներն են: Որևէ մեկը թող չմտածի, որ հայ պաշտոնյաների կողմից դա կարող է հանդուրժվել: Ամենևին: Առիթ եմ ունեցել նաև ռուսական լրատվամիջոցներով ասելու, որ նոր ինտեգրացիոն միավորման հիմքը պետք է ճիշտ դրվի , որևէ մեկը հանկարծ թող չմտածի, որ երբեմնի մետրոպոլիան այսօր կարող է վերականգնել իրենից հեռացած <ակրաինաների> միասնությունը ինչպես ԽՍՀՄ-ի տարիներին էր: Ուրեմն, որպեսզի այսօրվա ինտեգրացիոն գործընթացները առողջ ընթացք ունենան հիմքում պետք է լինի փոխադարձ հարգանքը , երկրների ինքնիշխանությունը որպես բացարձակ արժեք ընդունելը, հակառակը չի աշխատելու>:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












