ԳՈՐԳԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԿԻՐԸ ԳՈՐԳԻ ԹԱՆԳԱՐԱՆ ՉՈՒՆԻ
Մեր զրուցակիցն է գորգագետ ԱՇԽՈՒՆՋ ՊՈՂՈՍՅԱՆԸ
-Այն, որ Հայկական լեռնաշխարհը գորգագործական մշակույթի սկզբնավորման, ձեւավորման եւ զարգացման բնօրրաններից է եղել, անվիճելի է: Սակայն Հայաստանը, ունենալով գորգագործության դարավոր, հարուստ ավանդույթ ու ժառանգություն, կարծես թե պասիվ է այդ ոլորտում: Ո՞րն է պատճառը:
-Դեռ խորհրդային տարիներին, կարելի է ասել, հզոր գորգագործական շարժում էր սկսվել: 1924թ. ստեղծվում է երկրում առաջին գորգագործական արհեստանոցը, նույն թվականին բացվում է նաեւ առաջին գորգագործական դպրոց-արհեստանոցը: 1926-1930 թթ. արդեն գորգագործության լայն ցանց էր ստեղծվել: Արտելներ կային Լոռիում, Իջեւանում, Շամշադինում, Գորիսում, Ստեփանավանում, Մարտունիում, Զանգեզուրում, Ապարանում, Սեւանում, Ախտայում:
1932թ. Երեւանում կառուցվում է գորգագործական կոմբինատ: Խոշոր արհեստանոցներ են կառուցվում նաեւ Կիրովականում եւ Իջեւանում: 1963-ին ՀԽՍՀ թեթեւ արդյունաբերության նախարարության ձեռնարկությունների վերակազմավորմամբ ստեղծվում է «Հայգորգ» արտադրական գորգագործական միավորումը:
Խորհրդային կարգերի փլուզումից եւ նորանկախ պետության ստեղծումից հետո այդ ամենը վերացավ, եւ այսօր մեզ մնացել են միայն որոշ նմուշներ, որոնք գորգագործական փառահեղ անցյալի մաշված վկաներն են:
Ի՞նչ ունենք այսօր հայկական գորգագործությունը զարգացնելու եւ մեր մշակութային ժառանգությունը պահպանելու համար: Գրեթե ոչինչ:
Համենայն դեպս այդ ժառանգությունը պահպանելու, կրկնապատկելու, հնագիտական ուսումնասիրություններ եւ գիտական հայտնագործություններ կատարելու համար մեզ անհրաժեշտ է հետազոտական կենտրոններ ստեղծել, հատուկ մասնագետներ պատրաստել: Այդ ծրագրերով բազմիցս դիմել եմ հանրապետության բոլոր իշխանություններին, սակայն ծրագրերը հետաձգվել են լավագույն ապագայի համար, որեւէ քայլ այդ ուղղությամբ չի կատարվել:
-Մենք չունենք նաեւ գորգագործական արվեստի թանգարան, այնինչ, եթե չեմ սխալվում, օրինակ, Ադրբեջանը մի քանի թանգարան ունի, եւ դրանցում մի շարք ազգերից գողացված գորգերի կողքին նաեւ հայկական գորգեր են ցուցադրվում` ներկայացվելով իբրեւ ադրբեջանական:
-Իսկապես Ադրբեջանում, Թուրքիայում, որտեղ գորգագործական արվեստ՝ որպես այդպիսին, գոյություն չի ունեցել, ստեղծվել են գորգերի մի քանի թանգարաններ, որտեղ դարերի պատմություն ու հնություն ունցող գորգեր են ցուցադրվում: Իսկ մենք գոնե մեկը չունենք:
Խորհրդային տարիներին` 1981թ., կառավարությունը որոշում կայացրեց Էջմիածնում ստեղծել գորգի թանգարան: Դրա համար 2000-ից ավելի գորգ ու 1000-ից ավելի կարպետ հավաքվեց: Սակայն ավերիչ երկրաշարժից հետո թանգարանի համար նախատեսված շենքը վթարային դարձավ, եւ թանգարանի գաղափարն ընդհանրապես մոռացվեց:
-Փաստորեն Հայաստանում երբեւէ գորգի թանգարան գոյություն չի՞ ունեցել:
-Եղել են առանձին բաժիններ: Ժամանակին` դեռ Հայաստանի անկախացումից առաջ, Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում գործում էր գորգի բաժին: Ես այնտեղ էի աշխատում, բաժնի վարիչն էի: Սակայն հայկական գորգն այնպիսի պատմություն եւ արժեք ունի, որ արժեր առանձին թանգարան հատկացնել գորգին:
Այսօր գորգի թանգարան է գործում Շուշիում` հիմնադիր Վարդան Այվազյանի նախաձեռնությամբ, բավական ընդարձակ տարածություն է: Բայց դա թանգարան չէ, ավելի շուտ ցուցասրահ է: Քանի որ թանգարանը, բացի գորգերը ցուցադրելուց, նաեւ գիտահետազոտական գործառույթներ է իրականացնում: Այդ տեսակ ցուցասրահ կա նաեւ «Մեգերյան կարպետ» գորգերի արտադրության ընկերությունում:
Բայց դրանց գոյությամբ չի կարելի ասել, թե գորգի թանգարան ունենք: Այժմ աշխատանքներ են տարվում Էջմիածնում գորգի թանգարան հիմնելու համար եւ, եթե չեմ սխալվում, Վեհափառի ջանքերով: Լիահույս եմ, որ այս անգամ նախագիծը իրականություն կդառնա:
–Որտե՞ղ են հիմա չկայացած թանգարանների համար ձեռք բերված եւ ընդհանրապես անցյալից ժառանգություն ստացած գորգերը պահվում եւ ի՞նչ պայմաններում:
-Շատերը պահվում են Հայաստանի ազգագրության պետական թանգարանում, պատմության պետական թանգարանում: Որքան ինձ հայտնի է, դրանք պահվում են բավական լավ պայմաններում, այնպես որ դրանց շարքից դուրս գալու մասին խոսք չի կարող լինել: Թանգարանների աշխատակիցները սրտացավ մարդիկ են եւ հարկ եղածին պես հոգ են տանում դրանց մասին: Կարծում եմ, որ ստեղծվելիք թանգարանում տեղ կգտնեն նաեւ այդ գորգերից շատերը:
-Անդրադառնանք գորգերի արտադրությանը: Հայաստանում կարծեմ գորգերի արտադրությամբ միայն մասնավոր ընկերություններն են զբաղվում: Ի՞նչ ծավալի արտադրություն են իրականացնում եւ ո՞ր շուկայի համար:
-Այսօր միայն մասնավորների շնորհիվ է գորգի արտադրությունը շարունակվում: Հայաստանում գործում է երեք խոշոր ձեռնարկություն` «Մեգերյան կարպետ» ընկերությունը, «Թուֆենկյան» ընկերությունը, մեկն էլ` «Ղարաբաղ կարպետը», Ստեփանակերտում է: Այն վերջերս է հիմնադրվել, բայց հասցրել է մասնաճյուղեր ստեղծել մի քանի ծայրամասային գյուղերում:
Ասել, որ գորգի արտադրությունը մեծ ծավալներ ունի, սխալ կլինի, քանի որ 2008թ. ճգնաժամից հետո արտադրանքի ծավալները նկատելիորեն նվազել են: Դրա պատճառն այն չէ, որ Հայաստանում գորգագործներ կամ աշխատանքը կազմակերպողներ չկան, պարզապես մեզանում գորգի ինքնարժեքը չափազանց բարձր է ստացվում։ Այդ առումով դժվար է դրա վաճառքի կազմակերպումը արտերկրում, քանի որ գորգերը թանկ են:
Կարծում եմ, որ այդ գործը խթանելու համար գոնե պետական դոտացիաներ կամ հարկային արտոնություններ պետք է տրվեն արտադրողներին: Ի վերջո նրանք ազգային մշակութային գործ են անում, եւ նրանց խրախուսել է պետք, ոչ թե խրտնեցնել:
-Իսկ տեղական շուկայում մեր գորգերի պահանջարկը չկա՞: Ստացվում է, որ դրանք միայն արտահանվո՞ւմ են:
-Մեր երկրում նման թանկարժեք գորգերի պահանջարկը սակավ է: Եթե մեկ քմ ձեռագործ գորգի արժեքը ինքնարժեքով 350-400 ԱՄՆ դոլար է, ապա պարզ է դառնում, որ նման թանկարժեք գորգեր գնողները շատ քիչ են լինելու: Ուստի չի կարելի սա շուկա համարել: Հիմնական սպառումը դրսում է կատարվում: Իսկ եթե պետական դոտացիաներ ու որոշակի արտոնություններ լինեին, դա կնպաստեր նաեւ, որ տեղական միջին սպառողին մեր գորգերը հասանելի դառնային:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












