Ադրբերանում ստում են բոլորը՝ նախագահից մինչև պատգամավոր ու լրատվամիջոց
Բաքվում կայացավ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ-Ռոուդ» 86-րդ սեմինարը, որին մասնակցեց նաև հայկական երկհոգանոց պատվիրակությունը: Այն վերաբերմունքը, որին արժանացան հայ պատվիրակները հարևան երկրի մայրաքաղաքում հերթական անգամ ապացուցեց, որ այդ երկրում հային թիկունքից կացնահարող սաֆարովների ի հայտ գալը պատահականություն չէ, այլ օրինաչափություն, որ տասնամյակներ շարունակվող հակահայկական քարոզը տվել է իր սարսափելի արդյունքը: Ադրբեջանի հասարակությունը՝ վերից, վար, հայատյաց է, և դա տարբեր իրավիճաներում, տարբեր դրսևորումներ է ունենում: Այս անգամ ադրբեջանական ագրեսիայի ողջ բացասական էներգիան իրենց վրա զգացին Բաքու մեկնած հայ պատվիրակները:
Բաքվի օդանավակայան ոտք դնելուն պես Ադրբեջանի անվտանգության ծառայության աշխատակիցների հսկողության տակ հայտնված Կորյուն Նահապետյանը, Թևան Պողոսյանն ու Ռիչարդ Կիրակոսյանը երեք օրերի ընթացքում աննկարող են եղել ազատ տեղաշարժվել՝ անգամ ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ: Նրանց զգուշացվել է՝ ձեր լուսանկարները տպագրվել են ադրբեջանական մամուլում, կայքերում՝ զգույշ եղեք փողոցում անցորդների հետ շփումներից: Ի՞նչ իմանաս, ո՞ր թփի կամ ծառի տակից դուրս չի գա մի նոր Սաֆարով՝ իր սև գործը տեսնելով թիկունքից: Անգամ Բաքվի հայկական եկեղեցի, (որն իհարկե չի գործում) այցի ժամանակ մերոնց թույլ չի տրվել դուրս գալ ավտոմեքենայից:
Հակահայ տրամադրությունները և՛ Բաքվի փողոցներում էին, և՛ ՆԱՏՕ-ի սեմինարի պատերից ներս: Ասում են, միջազգային կազմակերպությունների միջոցառումներին մասնակից ադրբեջանցի ցանկացած պատվիրակ որքան շատ է ամբիոնից վայրահաչում Հայաստանի ու Ղարաբաղի հասցեին, այնքան շատ պարգևներ է ստանում անձամբ Իհլամից: Թերևս նաև սա էր պատճառը, որ ադրբեջանական պատվիրակները որոշել էին այս միջազգային ամբիոնը ևս օգտագործել հերոսանալու ու Ալիևի բարեգթությանն արժանանալու համար: Իրար հերթ չտալով, ինչպես մրցույթում, ադրբեջանցի պատվիրակությունն անցել է իր սիրելի զբաղմունքին՝ խեղաթյուրելով պատմական, իրավական փաստերը՝ ստահոդ տեղեկություններ տարածել, կեղծիքի մի ողջ պաշարը թափելով թե՛ հայ, թե՛ օտար պատվիրակների գլխին:
Հայ պատվիրակների կոչին՝ դրսևորեք հանդուրժողականություն, միևնույն է հնարավոր չի եղել զսպել ադրբեջանական ագրեսիան: «Առաջին ելույթից անմիջապես հետո, որով հանդես եկավ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալը, ադրբեջանցիները անցան գրոհի: Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Նովրուզովն ասաց՝ ադրբեջանական հողերը «օկուպացված են հայերի կողմից», և «Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է»,-մեզ հետ զրույցում Հայաստանի պատվիրակոթյան ղեկավար ԿՈՐՅՈՒՆ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԸ մանրամասնորեն ներկայացրեց իրավիճակը, տեղեկացնելով, որ ողջ սեմինարի ընթացքում ցանկացած թեմայից խոսելիս՝ Ղրիմի ճգնաժամ, Վրաստան, Աֆղանստան ու Իրան, ադրբեջանցիները պահը բաց չեն թողել ու անմիջապես անցել են ղարաբաղյան խնդրին սկսելով իրենց հայտնի <երգը>՝ <հայերը օկուպացրել են ադրբեջանական տարածքները, հայերը ագրեսոր են>:
Հայ պատվիրակների համար բնավ անակնկալ չէր ադրբեջանական կողմի պրովակացիոն վարքագիծը և՝<բնականաբար, մենք անցանք համարժեք հակադարձման՝ բացահայտելով նրանց կեղծիքը, ներկայացնելով հստակ փաստեր, որ ագրեսորը Ադբեջանն է, քանի որ այդ երկիրն է սանձազերծել պատերազմ, ագրեսիա իրականացնելով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ: Հիշեցրինք, որ իրական օկուպանտը Ադրբեջանն է, քանի որ զավթել է ԼՂՀ-ի տարածքները ՝ Շահումյանը, Գետաշենը, Մարտակերտը: Ասացինք՝ այսպես կոչված <օկուպացված> տարածքները, դրանք ազատագրված տարածքներ են, այդ հողերը պատկանել են հայերին ու կազմում են ԼՂՀ-ի տարածի մի մասը>:
Խոսելով ԼՂՀ ինքնորոշման մասին հայ պատվիրակները նախ հայտարարել են, որ ԼՂՀ ժողովուրդը հռչակել է իր անկախությունը միջազգային իրավունքի ներմերին համապատասխան, ապա ադրբեջանական կողմին առաջարկել՝ նստե՛ք ԼՂՀ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ, ճանաչե՛ք ԼՂՀ անկախությունը, ու եթե ուզում եք խաղաղություն, ուրեմն, ընդհանուր հայտարարի եկեք ԼՂՀ ժողովրդավարական պետության հետ:
Ի ՞նչ երկխոսություն ագրեսորի հետ
Այն պահին, երբ Հայաստանի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, թե Ադրբեջանը վարում է հայատյաց, ռազմատենչ քաղաքականություն, ադրբեջանական պատվիրակության ղեկավարն արագ հակադարձել է, թե.<Այո, դուք մեր թշնամին եք, քանի դեռ շարունակում եք օկուպացված պահել մեր տարածքները>: Կորյուն նահապետյանին այլ բան չէր մնում անել, քան դիմել ՆԱՏՕ-ի ԽՎ-ի պատվիրակներին, ասելով՝ Հայաստանը կոչ ենք անում խաղաղ բանակցությունների միջոցով հասնել հակամարտության կարգավորման, իսկ ադրբեջանական կողմը մեզ համարում է թշնամի, ուրեմն ի՞նչ հաշտեցման, ի՞նչ երկխոսության մասին կարող է խոսք լինել ագրեսորի հետ: Եվ ներկաներին զգուշացրել՝ քանի դեռ Ադրբեջանը չի դադարել նման վարքագիծ դրսևորել տարածաշրջանը չի կարող զերծ լինել պատերազմական վտանգից:
Այնուհետև, մերոնք կոնկրետ փաստերով ԽՎ պատվիրակներին են ներկայացրել այն , որ վերջին 7 տարում Ադրբեջանի ռազմական բյուջեն ավելացել է 20 անգամ, մեծ քանակի հարձակողական սպառազինություն են կուտակել, դիպուկահարներին չի հեռացնում շփման գծից, անընդհատ խախտում է զինադադարը: <Մենք օրինակներով փաստեցինք, որ զինադադարը խախտող կողմը մշտապես Ադրբեջանն է: Ինչի՞ համար է արվում սա, կնշանակիր Ադրբեջանի իշխանությունն իր ժողովրդին պատրաստում է պատերազմի>:
Չունենալով լուրջ հակափաստարկներ հայերին հակադարձելու, ադրբեջանցի պատվիրակներից մեկը հանկարծ հիշել է, որ հայ պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը նախկին ԼՂՀ վարչապետ Ժիրայր Պողոսյանի որդին է, ու սկսել վայրահաչել հայ պատգամավորի ընտանիքի հասցեին, մեղադրելով նրան ահաբեկչության մեջ: Ադրբեջանական ճղճղոցն իհարկե արժանացել է հայ պատգամավորի վեհանձն հակադարձմանը.«Ես հպարտանում եմ այն ամենով, ինչ արել է իմ հայրը: Նա ինձ սովորեցրել է սիրել հայրենիքը»:
Նենգափոխել են հայ պատվիրակի խոսքերը
Նույն ընթացքում չեն լռել նաև ադրբեջանական լրատվամիջոցները՝ տարածելով ապատեղեկատվություն: Եվ ահա, հայ պատվիրակները նախ անակնալի են գալիս տեղականալով, թե Ադրբեջանի խորհրդարանի նախագահի անունից սեմինարի բոլոր մասնակիցների պատվին կայացած ընդունելության ժամանակ, Ղարաբաղի` Ադրբեջանին միանալու կենացը խմելիս, իբրև թե հայկական պատվիրակությունը ևս ոտքի է կանգնել ու բաժակ է բարձրացրել: <Այս կեղծիքը լսելուց հետո մենք հրաժարվեցինք մասնակցել ադրբեջանական պատվիրակության ղեկավարի անունից տրված ճաշին>, ասում է Նահապետյանը: Բայց ադրբեջանցիներն, իհարկե, այդքանով չէին կարող բավարարվել, և ահա նրանց կայքերից մեկը տարածում է հերթական կեղծիքը, այս անգամ նենգափոխելով Կորյուն Նահապետյանի խոսքերը: <Ես ասել եմ, եթե ուզում ենք խաղաղություն, պետք է մեր հասարակություններին դրան նախապատրաստենք, բնականաբար, որևէ մեկը չի ուզում պատերազմ», նրանք նենգափոխել են, իբրև թե ես ասել եմ<Հայաստանը չունի պատերազմելու ո՛չ ցանկություն, ո՛չ ուժ՝ նշելով. «Խոնարհաբար խնդրում եմ, մենք այստեղ ենք, որպեսզի պատերազմ այլևս չլինի>: Ու մեր կայքերն էլ միամտորեն վերատադրել ու տարածել այս կեղծիքը: Իսկ ես ավելորդ եմ համարում ադրբեջանական անհեթեթությունը մեկնաբանել: Միայն մեկ բան կասեմ, ինչպե՞ս կարող է Հայաստանի պատգամավորը նման արտահայտություն թույլ տալ: Ադրբեջանական մամուլի հերթական հերյուրանքը դարձյալ հաստատում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության մասին>: Ադրբեջանական լրատվամիջոցնեով տարածվող ապպատեղեկատվության ֆոնին իհարկե զավեշտ էր նախագահ Իլհամի կատարած գրառումը սեփական միկրոբլոգում, թե. «Ադրբեջանում կա ազատ ԶԼՄ և ազատ ինտերնետ»: Ի դեպ, նույն միկրոբլոգում Ռիչարդ Կիրակոսյանը նրան այսպես է պատասխանել. «Ես Բաքվում եմ և միանգամայն այլ իրականություն եմ տեսնում»:
Այլ երկրների Արձագանքը
Ի՞նչ ազդեցություն ունեցավ ադրբեջանական ագրեսիան վեհաժողովին ներկա այլ երկրների պատվիրակների վրա: Կորյուն Նահապետյանի տեղեկացմամբ, այն պահին, երբ Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալները Հայաստանը հայտարարել են ագրեսոր երկիր և ստացել մերոնց հստակ հակադարձումը, մյուս պատվիրակները հասկացել են, որ գտնվում են այնպիսի մի միջավայրում, ուր իրենց միջամտությունը տեղին չի լինի: Հետևաբար, նախընտրել են դիտորդի դեր ստանձնել՝ բանավեճը թողնելով Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակներին:
Սակայն, ակնհայտ է դարձել, որ ադրբեջանական կողմի վայրահաչոցները սկսել են ակնհայտորեն ձանձրացնել ԽՎ-ի մյուս պատվիրակներին, որոնք անգամ չեն չթաքցնել իրենց վերաբերմունքը: Նահապետյանը նկատել է, որ Չեխիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Լատվիայի, Լիտվայի պատվիրակները ադրբեջանցիների նույնաբովանդակ հոխորտանքներից նեղված անգամ մի կողմ են նետել ականջակալներն ու դեմքով շրջվել հայ պատվիրակների ուղղությամբ, արտահայտելով իրենց դժգոհությունը ադրբեջանցիներից ու հասկացրել, որ հոգնել են վերջիններիս ագրեսիվ պահվածքից: Ու զգուշավորությամբ մերոնց ակնարկել, թե կիսում են հայկական կողմի մտահոգություններն ու դիրքորոշումը:
Իսկ ինչո՞ւ այդ մասին նաև չեն բարձրաձայնել.<հարթակն այնպիսին էր, որ կարծում եմ իրենք նպատակահարմար չգտան բարձրաձայնել, որպեսզի չսրեն իրավիճակը>:
Մեր հարցին, արդարացի՞ էր մեր ր պատվիրակության այցը Բաքու, Կորյուն Նահապետյանը պատասխանեց.<Միանշանակորեն: Մենք հնարավորություն ունեցանք մեր դիրքորոշումները ներկայացնելու, հակազդելու ադրբեջանական կեղծիքին: Իսկ եթե բացակայեինք, ապա վստահ եմ, որ Ադրբեջանը միակողմանիորեն տեղեկատվություն կհրամցներ և ներկաները նրանց կեղծիքի հիման վրա կարծիք կկազմեին: Մեր ներկայությամբ վեհաժողովի պատվիրակները հնարավորություն ունեցան լսելու երկու կողմերին>:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












