Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելը սրբապղծություն է
Գառնու տաճարի տարածքում սրճարան կառուցելու ծրագրի ձախողումից հետո մշակույթի նախարարությունը` հանձին «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի, փորձում է բիզնես անելու այլ հնարքներ գտնել: Եվ կրկին թիրախը պատմամշակութային հուշարձաններն են:
Դե բնական է, որ Գառնու կամ Զվարթնոցի տաճարները վաճառելը նախարարությունը չի մարսի, ուստի ստիպված է փող սարքել դրանք օրավարձով տալով, ինչպես ռեստորանները կամ նման հաստատություններն են տալիս: Էական չէ` ո՞ւմ, ի՞նչ նպատակով: Մեջը փող լինի:
Զորօրինակ` հունիսի 14-ին մշակույթի նախարարության թույլտվությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում ռուսական «Տրոյկա դիալոգ» ընկերության աշխատակիցները փակ բարեգործական երեկո էին կազմակերպել տաղանդավոր ֆինանսիստ ուսանողներին աջակցող ֆոնդի հիմնադրման առիթով: Միջոցառմանը, որն ավելի շատ խնջույք-խրախճանք էր հիշեցնում, 250 մարդ էր մասնակցում` աշխարհի տարբեր երկրներից: Նրանցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում։ Եվ եկել էին իրենց ընտանիքներով: Սա՝ պաշտոնական տվյալներով:
Իսկ ականատեսների վկայությամբ, այդ օրը պատվարժան հյուրերը, որոնք երեւի չդիմանալով Հայաստանի շոգին` միայն վարտիքներով են շրջել հուշարձանի տարածքում, անբարո կանանց հետ են իրենց ժամանակն անցկացրել` հանդիսավոր երեկոն վերածելով իսկական օրգիայի: Պատահական չէ, որ խնջույքի մասնակիցները հեռատեսորեն փակ միջոցառման պահանջ էին դրել նախարարության առաջ:
Այսինքն` այդ ընթացքում, մինչ «Զվարթնոցի» տարածքում ինչ-որ մարդիկ իրենց ուտուշխմուշն էին անում, կողմնակի որեւէ մեկը իրավունք չի ունեցել մտնել արգելոց-թանգարան` լինի տեղացի, թե զբոսաշրջիկ: Ասես ՊՈԱԿ-ն իր «հոր դուքանն» է վարձով տվել ու արգելել որեւէ մեկին այնտեղ մուտք գործել:
Արգելոցի տարածքում այդ «միջոցառումը» թույլատրելու դիմաց ՊՈԱԿ-ն ընկերության առաջ պայման է դրել` վերանորոգել «Զվարթնոցի» տարածքում զբոսաշրջիկների համար նախատեսված շարքից դուրս եկած սանհանգույցները: Փոխարենը «փարթիի» կազմակերպիչները չեն վճարել հուշարձանի մոտ տարածք վարձակալելու համար սահմանված 700 հազար դրամը:
Ի դեպ, պարզվում է, որ նման միջոցառումներ պարբերաբար են կազմակերպվում եւ ոչ միայն Զվարթնոցի տաճարում: Եվ մեր պատմամշակութային գոհարներում կամ անմիջապես դրանց հարեւանությամբ խնջույքներ ու պաշտոնական, կիսապաշտոնական բանկետներ կազմակերպելը դարձել է այսպես կոչված նորաթուխ էլիտայի թանկանոց նախասիրություններից մեկը:
Օրերս էլ Գառնի հեթանոսական տաճարի բակում Հայաստանում Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական հիմնադրամի գումարած տարեկան 8-րդ ժողովի շրջանակում Կենտրոնական բանկի եւ հիմնադրամի կողմից տարածաշրջանի 18 երկրներից Հայաստան ժամանած հյուրերի համար էր փակ բանկետ կազմակերպվել, որը Կենտրոնական բանկը ներկայացնում է որպես պաշտոնական ընդունելություն` հագեցած մշակութային ծրագրով:
Միջոցառման պատճառով երեկոյան 17:00-ից հետո թանգարան-արգելոցի դռները բաց էին միմիայն բանկետին հրավիրված ավելի քան 300 հոգանոց խմբի համար, իսկ տաճար ժամանած զբոսաշրջիկները ստիպված էին առանց տաճարը տեսնելու գլխահակ վերադառնալ: Միջոցառման ծախսերը հոգացել է Կենտրոնական բանկը` վճարելով 1 մլն 120 հազար դրամ, որը ներառում է նման վայրերում հանդիսություններ կազմակերպելու համար սահմանված 700 հազար դրամը եւ բոլոր հյուրերի համար տաճարի մուտքի տոմսի արժեքը:
Թե այդ գումարն ինչի համար է ծախսվելու` ՊՈԱԿ-ի ղեկավարությունը չի մանրամասնում: Բայց հիշենք, որ սրճարան կառուցելու ծրագիրը փորձում էին արդարացնել տաճարում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատրվակով: Չի բացառվում, որ բանկետներից ու խնջույքներից գոյացած գումարը փաստաթղթերով ծախսվի այդ նպատակներով` հասարակության բերանը փակելու համար:
Թեեւ մյուս կողմից կարելի է հասկանալ նախարարության ծրագրային քաղաքականությունը: Ի վերջո, կառույցն ավելորդ միջոցներ չունի հուշարձանների պահպանության, վերականգնման համար եւ այնքան ապաշնորհ է, որ չի կարողանում զբոսաշրջության հաշվին բյուջե ստեղծել եւ այն նպատակային ծախսել: Ստիպված վարձակալման մեխանիզմն է հորինել ու մեծ խանդավառությամբ այն կյանքի է կոչում:
Բայց չէ՞ որ նախարարությունում պետք է նստած լինեն ոչ թե բիզնեսմենի, չարչու հոգեբանությամբ մարդիկ, այլ կրթություն, բարեկրթություն ու ազգային ոգի ունեցողները, ովքեր կկարողանան այնպիսի ծրագրեր մշակել, որոնք առանց մեր պատմամշակութային արժեքները վարկաբեկելու եւ նվաստացնելու` ֆինանսական միջոցներ հայթայթելու հնարավորություն կտան: Իսկ մերոնք ոչ միայն վարկաբեկում են ազգային մշակութային արժեքները, այլեւ փորձում այդ երեւույթին օրենքի մեկնաբանություն տալ:
Այսպես. կառավարության 2003 թ. մարտի 7-ի N 312-Ն որոշմամբ հաստատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որով սահմանված է, որ պատմամշակութային հուշարձանի «հանրահռչակումը եւ օգտագործումը» կարելի է իրականացնել ոչ միայն մշակութային, այլեւ բաց եւ փակ միջոցառումների միջոցով: Իսկ միջոցառումների քաղաքականությունը որոշելը թողնված է ՊՈԱԿ-ին` լիազոր մարմնի հետ համաձայնեցմամբ:
Այս օրենքը շահարկելով եւ սխալ մեկնաբանելով՝ ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը Զվարթնոցում ու Գառնիում կազմակերպված միջոցառումների մասին հայտարարել է, թե դրանք օրենքով թույլատրվում են, քանի որ հուշարձանը գովազդելու համար քարոզչական եւ հանրահռչակման նպատակ են հետապնդում:
Բանաստեղծ, մշակույթի նախկին նախարար ՀՈՎԻԿ ՀՈՎԵՅԱՆՆ համարում է, որ մշակութապահպան ՊՈԱԿ-ը օրենքը սխալ է հասկացել կամ միտումնավոր աղավաղել է իր նպատակներն իրագործելու համար:
Ըստ Հովիկ Հովեյանի՝ պատմամշակութային արգելոց-թանգարանների հարակից տարածքներում իսկապես կարելի է միջոցառումներ իրականացնել, բայց դրանք պետք է կիսահանդիսային, մշակութային, ծիսական բնույթի լինեն, ոչ թե «փարթիներ» ու խորոված ուտելու խնջույքներ: Եվ դրանք պետք է կազմակերպվեն աշխատանքային ժամերից հետո, որպեսզի չարգելեն զբոսաշրջիկների մուտքը տվյալ արգելոց-թանգարան:
Այն, ինչ այսօր իրականացնում է ՊՈԱԿ-ը, նախկին նախարարը համեմատում է եկեղեցական տաճարում ջազային երաժշտություն հնչեցնելու հետ, ինչն անթույլատրելի է թե օրենքի տեսանկյունից եւ թե բարոյականության. «Այդ միջոցառումները չեն կարող հանրահռչակել տվյալ հուշարձանը, հակառակը, կարող են վարկաբեկել: Նաեւ զարմանում եմ այդ տարածքներում խնջույքներ կազմակերպելու հետաքրքրությամբ տառապող մարդկանց վրա: Ոնց կլինի` առանց Արեւի աստծո թույլտվությունը ստանալու կամ առանց նրա հետ բաժակ բարձրացնելու ուտեն-խմեն…»:
Հովիկ Հովեյանը լավ ծանոթ լինելով նախարարության ներքին խոհանոցին` վստահ է, որ Հասմիկ Պողոսյանը տեղյակ չէ ՊՈԱԿ-ի այդ բիզնես ծրագրից, եւ որ ՊՈԱԿ-ի տնօրենը սեփական նախաձեռնությամբ ու ինքնակամորեն է այն իրականացնում:
Ի դեպ, եթե նախարարն իսկապես տեղյակ չէ, թե ինչպես է Վլադիմիր Պողոսյանը փող սարքում մեր մշակույթի հաշվին, կարող էր որեւէ կերպ արձագանքել միջոցառումների շուրջ հանրության բուռն քննադատություններին:
Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ անընդունելի է համարում մեր հուշարձանների հանդեպ նման վերաբերմունքը` համոզված լինելով, որ խնջույքների համար վարձով տալը որեւէ կերպ չի կարող արդարացվել: Անգամ եթե ընդունենք, որ վճարվող գումարները ծախսվում են այդ հուշարձանները պահպանելու համար:
«Դրանք սրբավայրեր են, եւ նման վերաբերմունքը սրբապղծություն է: Եթե մենք դա հանդուրժենք` մոտ ապագայում կարող են խնջույքների վայր դարձնել Մատենադարանը, օպերայի ազգային ակադեմիական թատրոնը: Այդպիսի արարողությունների համար այլ վայրեր կան, եւ պետք չէ, որ Զվարթնոցը, Գառնին ու այլ սրբավայրերն ասոցացվեն խորովածի կամ խորտիկների հետ:
Դրանք ստեղծվել են ու մեզ են փոխանցվել իբրեւ հոգեւոր արժեքներ, եւ այդ նշանակությամբ էլ մենք պարտավոր ենք դրանք պահպանել: Ինչ-որ արժեհամակարգ ի վերջո պետք է գոյություն ունենա՞…»,- ասում է դերասանը:
Քահանա տեր ՍՄԲԱՏ ՍԱՐԳՍՅԱՆԸ վրդովված է մշակութային կառույցների վարած քաղաքականությունից, քանի որ նրանք այնքան են սովորել փող վերցնելուն, որ մինչեւ գումար չտաս` թույլ չեն տալիս անգամ եկեղեցական, ծիսական միջոցառումներ իրականացնել, օրինակ, Զվարթնոցում, Հավուց Թառում, Գառնիում:
«Եկեղեցում պատշաճ է միայն աղոթելը, իսկ Զվարթնոցի եկեղեցում աղոթելու համար ստիպված ես վճարել: Ոչ միայն այստեղ, այլ նաեւ Հավուց Թառի վանքում, նաեւ Գառնիի տաճարի տարածք մտնելիս: Թե Զվարթնոցի, թե Հավուց Թառի ճանապարհին դիրքավորված պահակները նույն երգն են երգում: Զվարթնոցում ուխտավորներով ուզում էինք աղոթել, ասացին` իրավունք չունեք, Հավուց Թառում ուզում էինք պատարագ մատուցել, ասացին` իրավունք չունեք: Պարզ է, ինչու` չէինք վճարել…»,- նշում է եկեղեցականը:
Տեղին է նշել, որ ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ չի նշվում, որ այդ միջոցառումները պետք է հուշարձանը պահպանելու համար ֆինանսներ հայթայթելու միջոց դառնան: Փաստորեն կառույցն անօրինականորեն դրամաշորթությամբ է զբաղված:
Եվ հետո` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» լինելով պետական ոչ առեւտրային կազմակերպություն` առեւտրով է զբաղված, քանի որ միջոցառումների դիմաց կլորիկ գումարներ է գանձում, եւ ըստ էության ՊՈԱԿ-ի ուղղվածությունը ավելի շատ ոչ թե պատմամշակութային արգելոցների ու միջավայրի պահպանությունն է դարձել, այլ դրանց առեւտուրը:
ԹԱԳՈՒՀԻ ԱՍԼԱՆՅԱՆ












