Լուկաշենկոյի ու Նազարբաևի քայլերը վնասում են ԵՏՄ-ի ստեղծմանը
Հարցազրույց քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ
-Կանխատեսվում է, որ տեխնիկական և ԵՏՄ հիմնադիր երկրների միջև գոյություն ունեցող խնդիրներն այնքան շատ են, որ ամենայն հավանականությամբ Հայաստանի ՄՄ և ԵՏՄ անդամակցության պայմանագիրը հուլիսի 1-ին չի ստորագրվի:Դուք և՞ս այդ համոզման եք:
-Եթե հիմնադիր երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի ու Բելոռուսի միջև հակասությունները սրվեն, ապա հնարավոր է, որ չստորագրվի Հայաստանի ՄՄ և ԵՏՄ անդամակցության պայմանագիրը: Ինչ վերաբերում է անմիջականորեն Հայաստանի առջև ծառացած խնդիրներին, ապա կարծում եմ, որ դրանք լուծելի են, հետևաբար, մեծ հավանականությամբ մինչև 2015-ի հունվարի 1-ը Հայաստանը կլինի այդ միության լիարժեք անդամ: Բայց, ինչպես ձեր հարցում նշեցիք, այսօր ԵՏՄ հիմնադիր երկրների միջև հակասություններն այնքան շատ են, որ հենց դա կարող է հանգեցնել Եվրասիական տնտեսական միության ձախողմանը:
-Փաստորեն, առաջնայինն այսօր ոչ այնքան Հայաստանի անդամակցման, որքան Եվրասիական տնտեսական միության լինել- չլինելու հարցն է:
-Իհարկե: Չնայած ես չեմ ցանկանում շտապել և մեր հասարակությանը զուր հույսեր տալ կամ ել հիասթափեցնել, որովհետև ժամանակը ամեն ինչ կպարզի: Բայց Աստանայից հետո, երբ բոլորը ականատես եղանք միության հիմնադիրների մեջ առկա հակասություններին, այսօր ոչ ոք չի կարող երախիքներ տալ, որ այդ տնտեսաքաղաքական միավորումը կարող է երկարաժամկետ ու կայուն ապագա ունենալ: Եվ սա շատ ավելի լուրջ ու սկզբունքային խնդիր է, քան Հայաստանի անդամակցման ուշացումը կամ այդ ճանապարհին մեր առաջ ծառացած խոչընդոտները: Բանն այն է, որ Հայաստանի անդամակցման հարցը Մինսկն ու Աստանան, մի շարք այլ լծակների հետ մեկտեղ, օգտագործում են Ռուսաստանի դեմ: Նրանք հասկանում են, որ Հայաստանի անդամակցմամբ առավելապես շահագրգռված է Ռուսաստանը, հասկանում են, որ միության մեջ Հայաստանի լինելով Ռուսաստանը որոշ հարցեր ավելի հեշտությամբ կլուծի միության ներսում, քանզի Հայաստանի դիրքորոշումներն առավելապես մոտ են Ռուսաստանի, քան Բեոռուսի ու Ղազախստանի դիրքորոշումներին: Հետևաբար, այդ երկու երկրները հնարավորինս խոչընդոտում են Հայաստանի անդամակցմանը ու դրանով փորձում ավելին ստանալ Ռուսաստանից:
-ՄՄ և ԵՏՄ միությունների ստեղծման նախնական փուլում արևմտյան հայտնի գործիչներ, այդ թվում և ԱՄՆ նախկին պետքարտուղարը, հայտարարում էին, թե ամեն ինչ անելու են ձախողելու ռուսական ինտեգրացիոն գործընթացները: Եվ այսօր, երբ կա մտավախություն, թե ԵՏՄ-ն հնարավոր է չկայանա, կարո՞ղ ենք չբացառել արտաքին գործոնի ազդեցությունը:
-Կարելի է և չբացառելով, բայց կարծում եմ, Լուկաշենկոյի ու Նազարբաևի քայլերը, որոնք ուղղված են սեփական երկրներում Ռուսաստանի ներկայության նվազեցմանը, հատկապես, Ուկրաինայի դեպքերից հետո, շատ ավելի են վնասում միության կայացման գործընթացին, քան կարող էին դա անել արևմտյան ուժերը: Եվ իրոք, կարևորագույն հարցերում Բելոռուսի, Ղազախստանի ընդդիմանալը Ռուսաստանին, նրա առաջ պահանջներ դնելը շատ ավելի բացասաբար է ազդում այս կառույցի ձևավորման վրա, քան կարող է լինել Արևմուտքի՝ <տակից> արվող ազդեցությունը:
–Դառնալով Հայաստանի ԵՏՄ անդամակցման պայմանագրի ստորագրմանը, նկատենք, որ որոշ վերլուծաբաններ այն ուղղակիորեն կապեցին Ադրբեջանի ԵՏՄ անդամակցման հետ, անգամ պայմանավորեցին Ալիև-Լավրով հանդիպումով: Ձեր դիտարկումը:
-Նախ, այսօր ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանը լրջորեն չեն քննարկում ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցման հարցը: Չնայած դրան Ադրբեջանը փորձում է այս պահին խնդիրներ ստեղծել Հայաստանի անդամակցման համար, օգտագործելով Բելոռուսի, Ղազախստանի հետ ունեցած իր անձնական, տնտեսական կապերն ու լծակները: Երկրորդ, կարծել, թե ԼՂ հիմնահարցն ի նպաստ իրեն լուծելու համար Ադրբեջանը կանդամակցի ՄՄ-ին կամ ԵՏՄ-ին՝ անհեթեթություն է, բոլորն են հասկանում, որ Ղարաբաղը պատկանում է միայն Ղարաբաղի ժողովրդին, Ռուսաստանն էլ իր հերթին է գիտակցում, որ եթե ինչ- որ պահի հանկարծ Ադրբեջանը հասի իր նպատակին ու ստանա Ղարաբաղը, ապա հենց հաջորդ օրը արագ կհեռանա Ռուսաստանից: Ուրեմն, Ռուսաստանին ձեռնտու է այս իրավիճակը, քանի որ այսկերպ Մոսկվան Ադրբեջանին կարողանում է պահել իր ազդեցության դաշտում:
Երրորդ, եթե Ադրբեջանի գործոնը շոշափվում է տակտիկական առումով, ապա ռազմավարական տեսանկյունից Ռուսաստանը շատ լավ է հասկանում, թե ԼՂՀ-ն ինչ նշանակություն ունի Հայաստանի համար, ի վերջո, սեպտեմբերի 3-ին Հայաստանի կայացրած որոշումը միմիայն պայմանավորված էր անվտանգությամբ ու ԼՂ հիմնահարցում ավելի դրական զարգացումների ակնկալիքով: Հետևաբար, Ռուսաստանը հասկանում է, եթե Հայաստանը այս երկու հարցերում կանգնի լուրջ խնդրի առաջ, ապա ուղղակի կհրաժարվի շարունակել իր մասնակցությունը ինտերգարցիոն այս գործընթացին:
–Արդարացվա՞ծ է այն մոտեցումը, թե, քանի դեռ լուծվել չէ ԼՂ հակամարտությունը Հայաստանը չպետք է հարի այս կամ այն ինտեգրացիոն ուղղությանը, տվյալ դեպքում՝ ո՛չ ԵՏՄ-ին, ո՛չ ԵՄ-ի հետ գնա Ասոցացման համաձայնագրի ստորագրման, այլ հնարավորինս պետք է լինի չեզոք:
-Տեսեք, Հայաստանը զինադադարի կնքումից հետո անդամակցել է բազմաթիվ կազմակերպությունների՝ սկսած ռազմաքաղաքական բնույթի, ինչպիսին է ՀԱՊԿ-ը, վերջացրած Եվրախորհրդով, մասնակցել է Եվրամիության բազմաթիվ ծրագրերի: Անցած տարի շատ մոտ էր ԵՄ հետ Ասոցացման պայմանագրի ստորագրմանը: Իսկ դրա չիրականացումը ոչ այնքան արցախյան հիմնախնդրով էր պայմանավորված, որքան Ուկրաինա-Արևմուտք-Ռուսաստան հարաբեություններով: Կարծում եմ, քաղաքականության մեջ <տրաֆարետներ> չպետք է գործեն, այլ պետք է առաջնորդվել քաղաքական նպատակահարմարությամբ, պատմական կամ քաղաքական փուլի առանձնահատկություններով: Հետևաբար, Հայաստանը պետք է
հնարավորինս չնեղացնի իր մանևրելու դաշտը: Մենք մշտապես պետք է խուսափենք Արևմուտք, Ռուսաստան, հյուսիս, հարավ կողմնորոշումներից, որովհետև փորձը ցույց է տալիս, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում:
– Վրաստանը հունիսի 27-ին կստորագրի Ասոցացման պայմանագիրը, դառնալով ԵՄ տարածք, սրանով փաստորեն, առավել կկարևորվի Վրաստան- Հայաստան սահմանի նշանակությունը: Եվ ուրեմն, իրականություն կդառնա՞ այն ցանկությունը, որ Թբիլիսիում արտահայտեցին Հայաստանի ու Վրաստանի նախագահները, այն է՝ երկուստեք բարենպաստ պայմաններ ստեղծվել` Հայաստան համար Եվրամիության, Վրաստանի համար ԵՏՄ շուկաներում։
-Տեսականորեն սա շատ տրամաբանական ցանկություն է, իսկ թե գործնականում այն ինչպես կիրականանա, դեռ չեմ կարող ասել, քանի որ շատ հարցեր մնում են չհստակեցված: Կարծում եմ, Վրաստանում ևս չգիտեն, թե տեսանելի ապագայում տնտեսական ինչպիսի արդյունքներ ու զարգացում կունենա երկիրը ԵՄ հետ ասոցացումից հետո: Մյուս կողմից, Հայաստանը դեռ չի անդամակցել ԵՏՄ-ին, նաև հստակ չէ Հայաստանի եվրաինտերգրման նոր ձևաչափը: Միայն այս հարցերի պարզեցումից հետո հնարավոր կլինի ասել, իրագործելի կլինի՞ Հայաստանի և Վրաստանի նախագահների արդյունավետ այս ցանկությունը:
-Չե՞ք կարծում, որ պակաս կարևոր հանգամանք չէ նաև ԵՄ և ԵՏՄ անդամ երկրների շահագրգռվածությունը:
– ԵՄ-ն պետք է շահագրգռված լինի դրանում, որովհետև հայ-վրացական լավ հարաբերությունների արդյունքում կարող է ապահովվել Եվրոպայի առավել ներկայությունը Հայաստանում , եվրաինտեգրման գործընթացի շարունակականությունը: Ուրմեն, քաղաքական նկատառումներից ելնելով ԵՄ-ն պետք է մտածի անել այնպես, որ Հայաստան-Վրաստան տնտեսական հարաբեությունները հանկարծ չտուժեն , որպեսզի ինքը Վրաստանի միջոցով կարողանա Հայաստանի հետ քաղաքական հարաբեություններ զարգացնել: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին, ապա հիմնադիր երկները քարտեզին նայելիս էլ պետք է հասկանան, որ Հայաստանի հանդեպ յուրահատուկ մոտեցում է հարկավոր: Հակառակ դեպքում կբացառվի Հայաստանի մասնակցությունն այս ձևաչափին:
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












