ՀՈՒՆԻՍԻ 28-Ը ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ ՕՐՆ Է
ՄԱՐՏԱԿԵՐՏԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄԸ. ԿԱՊԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
Դեռ Մարտակերտի նահանջի օրերին ԼՂՀ-ում սկսվեց կանոնավոր բանակի հաստիքային կառուցվածքի մշակումը, ինչը, կյանքի կոչվելով անմիջապես մարտերի ժամանակ, ենթադրում էր փոխել գործող կապի ողջ համակարգը: Եվ ստեղծվեց զինվորական կապի կազմակերպման դասական կառուցվածք:
Սա առավելապես կազմակերպական հարց էր, որի լուծման համար հարկ էր հստակեցնել զորքերի ենթակայությունը, որից հետո միայն պարզ կդառնար, թե որ ստորաբաժանմանը կապի ինչ միջոցներ են անհրաժեշտ, հանգուցային կայանները որտեղ պիտի տեղակայվեն եւ ըստ այդմ՝ ով ինչ հաճախականություններում է աշխատելու, որոնք են հիմնական եւ որոնք՝ պահեստային հաճախականությունները, կապի որ կայանքն ում հետ է համագործակցելու եւ այլն:
92-ի ծանր ամռանը, երբ Մարտակերտը գյուղ առ գյուղ հանձնվում էր, իսկ Ստեփանակերտն օդային հարվածներից շենք առ շենք ավերվում, ու ոչ ոք չգիտեր, թե ինչ է բերելու վաղվա օրը, սկսվեց պաշտպանության բանակի կապի կազմակերպման այժմյան կառուցվածքի մշակումն ու կիրառումը: Եվ հակահարձակման ժամանակ կապի կազմակերպման ու հետեւաբար՝ զորքերի ղեկավարման ասպարեզում որեւէ խափանում չեղավ:
Մարտակերտի ճակատում ստեղծված օրհասական պայմաններում, ի լրումն եղածի, ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերն ամեն գնով փորձում էին գծալարային կապի համակարգ ստեղծել: Եվ նրանց ուժերով անցկացված առաջին ու ամենախոշոր կապուղիները Ստեփանակերտից հասան Մարտակերտ ու Հադրութ:
Շրջանն ազատագրվում էր, եւ խոշոր այդ գործողության ընթացքում կապավորները միայն կապի ապահովմամբ չէ, որ զբաղվում էին: Հետեւակի հետ եւ՛ նահանջում էին, եւ՛ հարձակվում, ենթարկվում ավիացիայի հարվածներին. Չլդրանում հրետակոծության ժամանակ կապավորը մնաց հողի տակ, բայց տեսնելով ձեռքի ափն ու դաստակը, մարտընկերները կարողացան փրկել: Իսկ Պողոսագոմերի համար մղվող կռիվներում կապավորները փրկարարների հետ կրակի տակից վիրավորներ էին հանում:
Հակահարձակման ընթացքում մեծ աշխատանք կատարեցին հատկապես Մարտակերտի կապավորները՝ պաշտպանական շրջանի առաջին կապի պետ Կարեն Ասատրյանը, Արթուր Երեմյանը, Վիգեն Ասատրյանը, ովքեր էլ ձեւավորեցին զորամասի կապի համակարգը, ստեղծեցին կապի հանգույցը:
շարունակությունն այստեղ` http://www.hayzinvor.am/2039.html
ՏԻԳՐԱՆ ԴԵՎՐԻԿՅԱՆ












