Գլխավոր » TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն

Չպետք է վստահել օտարերկրյա առաջանորդներին, դա լինի Օլանդը, Պուտինը, թե Օբաման

Հուլիս 2, 2014թ. 00:35

Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան ՌԻՉԱՐԴ ԳԻՐԱԳՈՍՅԱՆԻ հետ

Ալիևը եվրոպական կառույցի՝ ԵԽ ԽՎ ամբիոնից կեղծելով պատմական, իրավական փաստերը խոսեց Ադրբեջանի, այսպես կոչված, բռնազավթված տարածքների մասին, Արցախը համարեց ադրբեջանական հող ու բացահայտ սպառնալիք հնչեցրեց ինքնորոշված պետության, ժողովրդի հասցեին.<Բանակցային գործընթացն ու ստատուս քվոն չեն կարող տևական լինել: Վաղ թե ուշ մի բան կպատահի>: Սակայն Եվրոպան և Ալիևի բացահայտ սուտը հանդուրշեց և սպառնալիքը: Մտահոգիչ չէ՞ ժողովրդավար, խաղաղատենչ Եվրոպայի նման պահվածքը:

-Այո, բայց նաև կարևոր է այն, որ Ադրբեջանի նախագահի հնչեցրած սպառնալիքները հակասում են իրականությանը: Ալիևի նման հռետորաբանությունն ուղղված է ոչ միայն Հայաստանին ու Ղարաբաղին, այլև դրանաք անհանգստացնող մեսիջ են Մինսկի խմբի համանախագահների և միջազգային հանրության համար: Ադրբեջանի նախագահի այս ոճը, դիվանագիտությունը բոլորովին կառուցողական չէ, ինչն առավել քան ընդգծում է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող քաղաքականության տարբերությունը: Եթե Հայաստանն ու Արցախն իրենց ակտիվ ներդրումն ունեն տարածաշրջանային անվտանգության կարևորագույն հարցերում, ապա ի հակադրություն սրա Ադրբեջանը վտանգում է հենց այդ անվտանգությունը: Եվ երբ այս ամենը դիտարկում ենք եվրոպացիների տեսանկյունից, ապա նկատում ենք, որ Եվրոպան ունի բռնապետների հետ հարաբերվելու խնդիր, ու եթե կարողանում է լեզու գտնել իր իսկ ներսում եղած դիկտատորական ռեժիմների հետ, ինչպես Հունգարիայի պարագայում է, ապա նույն Եվրոպայի համար առավել դժվար է լեզու գտնել ԵՄ-ից դուրս գտնվող երկրների բռնապետերի հետ, ինչպիսիք են՝ Ալիևը, Լուկաշենկոն և այլն:

-Ձեր պատասխանից հասկանալի դարձավ, որ Արևմուտքը համարժեք չի արձագանքում Ալիև բռնապետի կոչերին, քանի որ դեռևս չի գտել բռնապետերեի հետ հարաբերվելու անհրաժեշտ մեթոդները, եղանակնե՞րը:

-Այո, իհարկե: Դժբախտաբար Ադրբեջանի հարցում կա նաև Եվրոպայի շահը, ինչը բոլորիս հայտնի էներգակիրներն են: Եկեք լինենք իրատես, Ալիևը հիմար չէ ու գիտի, թե որքան կարող է հեռու գնալ և գնում է, որովհետև էներգետիկ ռեսուրսներով պայմանավորված Արևմուտքն իր վրա քիչ ազդեցություն ունի, Ալիևը հասկանում է, որ իր կարիքն այսօր ունի Արևմուտքը: Սա է նաև պատճառը, որ Ադրբեջանն ամենևին հետաքրքրված չէ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրով:
Միևնույն ժամանակ նկատեմ, որ Ալիևի քաղաքականությունը ոչ կառուցողական է նաև իր երկրի ներսում, և դա պարզորոշ երևաց նրա հետևյալ խոսքից, թե Հայաստանը Ադրբեջանի համար թշնամի երկիր է, և սա քարոզվում է այդ երկրում, ինչը վտանգավոր մարտահրավեր է Հայաստանի ու Ղարաբաղի համար: Փաստորեն, հանձին Ադրբեջանի մենք չունենք խաղաղության ձգտող գործընկեր: Եվ եթե այդ երկրում կան մարդիկ, որոնց հետ կարելի է մեկ սեղանի շուրջ նստել-խոսել խաղաղության հաստատման մասին, ապա այդպիսիք այսօր գտնվում են ճաղերի հետևում՝ բանտարկված են: Ալիևը, ինչպես Հայաստանն ու Ղարաբաղն է դիտում թշնամի երկիր, այնպես էլ թշնամի է համարում սեփական ժողովրդին, ինչի մասին վկայում է Ադրբեջանում տիրող ժողովրդավարական տխուր պատկերը:

Իրատեսակա՞ն է այն կարծիքը, թե Ադրբեջանը մերժելով ԵՄ հետ Ասոցացումը , նաև ԵՏՄ ինտեգրումը մնաց որպես չեզոք երկիր, ինչը կարող է պատճառ դառնալ, որ Արմուտքը Ադրբեջանին տարածաշրջանային յուրահատուկ դեր շնորհի, անտեսելով անգամ նրա բռնատիրական հակումները:

-Հնարավոր է, բայց փաստն այն է, որ նման չեզոքությամբ Ադրբեջանը գործընկերներ է կորցնում: Հետևաբար, այդ դերը կվերապահվի Վրաստանին, ու ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելուց հետո կենտրոնում, իրոք, հայտնվում է Վրաստանը: Մինչդեռ Ադրբեջանի կողմից վարվող նման չեզոք քաղաքականությունը նրան կարող է ամբողջությամբ մեկուսացված երկիր դարձնել:

-Անդրադարձաք Վրաստանին, կխնդրեի ձեր կարծիքն այն մասին, թե ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո Վրաստան-Հայաստան սահմանը , իրո՞ք, կարող է երկու երկրների համար մեծ կարևորություն ձեռքբերել:

-Նախ ասեմ, որ նախագահ Սարգսյանի այցը Վրաստան շատ կարևոր եմ համարում, բայց նաև ԵՄ հետ Վրաստանի ասոցացումից հետո Հայաստանը պետք է նոր բանակցություններ սկսի այդ երկրի հետ: Ինչ վերաբերում է սահմանին, ապա հետայսու այն Հայաստանի համար կլինի վտանգավոր, քանի որ տեղի ունեցավ սահմանային բաժանումը երկու երկրների միջև, ինչը սահմանային լուրջ խնդիրներ կստեղծի: Ավելին, եթե Հայաստանը դառնա ԵՏՄ անդամ, ինչին անձամբ ես դեմ եմ, ապա այդ բաժանումն առավել կխորանա: Բայց այս ամենում դրականն այն է, որ Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ կարելի է Վրաստանի հետ խորը հարաբերություններ ունենալ:

Հիշենք նաև, որ Ֆրանսիայի նախագահ Ֆ. Օլանդը Հայաստան կատարած պետական այցի ժամանակ հայտարարեց, թե Հայաստանի համար հնարավոր է մտածել Ասոցացման համաձայնագրի նոր տարբերակ, որը չի խանգարի Մաքսային միությանն անդամագրվելու որոշմանը: Եթե կա նման ըմբռնում, ինչու պետք է հայ-վրացական սահմնաը ռադնա մեզ համար վտանգավոր:

– Օլանդը ստեց, ասելով, թե Հայաստանը կարող է գնալ և՛ ՄՄ, և՛ ԵՄ հետ ստորագրել Ասոցացման պայմանագիր, նա այդ ասելով ազնիվ չէր:

-Ստե՞ց: Ինչո՞ւ:

-Գիտեք, մենք չպետք է վստահենք օտարերկրյա ցանկացած առաջանորդի, դա լինի Օլանդը, Պուտինը, թե Օբաման: Իսկ Արևելյան գործընկերությունն ու Ասոցացման համաձայնագիրը համարվում է Շվեդիայի, Մերձբալթյան երկրների ու Լեհաստանի նախաձեռնությունը, և Ֆրանսիան, Իտալիան ու Գերմանիան դրա հետ առնչություն չունեն: Իսկ Օլանդն իր այդ խոսքով ընդամենը փորձեց արտահայտեց Ֆրանսիայի դիրքորոշումը ԵՄ ներսում: Ի դեպ, նա Հայաստան էր եկել հիմնականում ֆրանսիայի ներքաղաքական խնդիրների պատճառով, նկատի ունեմ հայկական համայնքի դերը, ու չմոռանանք, որ իր այդ այցը համադրեց Ադրբեջան կատարած այցի հետ:
Ինչ վերաբերվում է Հայաստանի ԵՄ հետ համագործակցության նոր տարբերակի ստեղծմանը, ապա հենց այս պահին մեր հետազոտական կենտրոնը այդ գործընթացի մեջ է, աշխատում ենք ԵՄ-ի ու Հայաստանի կառավարության հետ ու մշակում նոր օրենսդրական գործողությունների ծրագիր: Բայց այն այլևս կլինի զուտ քաղաքական՝ իր մեջ չներառելով տնտեսական բաղադրիչը: Այսինքն, խոսքը Ասոցացման համաձայնագրի համառոտ տարբերակի ստեղծման մասին է:

Դառնանք Ադրբեջանին. Ստրասբուրգից վերադառնալով Ալիևը հայտարարեց՝ օրեցօր ավելի ենք մոտենում <օկուպացված տարածքների> ազատագրմանը, ուր պիտի ծածանվի Ադրբեջանի դրոշը: Ցնցող հայտարարություն արեց նաև այդ երկրի ՊՆ նախարարը.<Զինուժը պատրաստ է ցանկացած հրահանգի: Պետք է բացառել երկրորդ հայկական պետության ստեղծումը>: Փաստորեն, Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստում է իր զինվորներին պատերազմի ու մնում է միայն հրահանգի հնչեցո՞ւմը:

-Շատ ճիշտ ներկայացրիք իրողությունը, Ադրբեջանի քաղաքականությունը միայն այդ մեկ հարցի շուրջ է այսօր կենտրոնացած, բայց դա կարճատես քաղաքականություն է: Իհարկե սա չի նշանակում պատերազմի վերսկսում: Այսինքն, չի նշանակում, որ Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի դեմ պատերազմ կհայտարարի, քանի որ գիտի՝ ռազմական առումով ինքը պատրաստ չէ, այսօր Հայաստանի ու Արցախի բանակը ամենաուժեղն է տարածաշրջանում: Բայց ռազմական անվտանգության առումով ես մտահոգ եմ միայն պատահականության արդյունքում սկսվող պատերազմի համար, մտահոգությունս է՝ պատերազմի կարող է հանգեցնել պատահականությունը:

-Ռուսաստանի ու Արևմուտքի նպատակը սեփական խաղաղարարների տեղակայո՞ւմն է շփման գծում:

-Եվրոպան նման ուժ չունի, իսկ ՆԱՏՕ-ն չի ցանկանում այս տարածաշրջան գալ, ամերիկացիները դեռևս տարիներ առաջ դուրս եկան այդ գործընթացից: Եվ եթե Արևմուտքի նպատակը ուժերի բալանսավորումն է, ապա Ռուսաստանը հայտարարելով, թե Հայաստանի ռազմավարական գործընկերն է, սակայն զենքի թիվ մեկ մատակարարն է Ադրբեջանին ու Հայաստանին: Գիտեք, պատմությունը հուշում է՝ չի կարելի հույս դնել դրսի ուժերի վրա, և շատ կարևոր է հայկական զինուժի ինքնաբավությունը: Հենց այս առումով է, որ ես դեմ եմ Հայաստանի ՆԱՏՕ-ի անդամակցությանը:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Ադրբեջան, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հարցազրույցներ, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն