Գլխավոր » Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

ՔԱՆԻ ԴԵՌ ՉԵՆՔ ՊԱՀԵԼ ՄԵՐ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼ ՉԵՆՔ ԿԱՐՈՂ

Հուլիս 2, 2014թ. 18:23

Հարցազրույց գրող-հրապարակախոս ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆԻ հետ

-Դժվարին ժամանակներ է ապրում մեր երկիրը, անաչառ, ազնիվ, նաեւ ժողովրդին ոգեշնչող խոսքի պակասը շատ է: Իսկ հայ մտավորականը լռում է: Ինչո՞ւ։
-Մեզանում կա մտավորականի երկու տեսակ՝ լռող ու մշտապես խոսող: Բայց մի բան հաստատ է՝ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ ես սխալվում: Մինչդեռ մտավորականության «լռող» հատվածն իրականում շատ ավելի խոսուն է, այսինքն՝ գործունյա:
Մենք հաճախ ենք ասում, թե հայերն ու հրեաները իրար նման ժողովուրդներ են, ու ես շատ կուզենայի, որ այդպես լիներ, որովհետեւ մինչ մենք բարձրաձայն ասում ենք, խոսում, հրեաները լուռ ու մունջ գործ են անում: Երբ մենք եւս կսկսենք լուռումունջ գործ անել, շատ բան այլ ընթացք կստանա: Ինքս էլ եմ այդպես մտածում, ավելի լավ է շատ գործ անել, քան խոսել: Տեղից վեր կացողը խոսում ու քննադատում է, ինձանից լավ քննադատող չկա, բայց քննադատությունն էլ պետք է առողջ լինի, անաչառ, ինչը, ցավոք, մեզանում չկա, փոխարենը կա չարություն: Մտավորականը ո՞նց կարող է չար լինել։ Երբ գրագետ մարդն է չար, ահավոր է:
Իսկ մտավորական լինել չի նշանակում մի քանի գիրք ավել կարդացած լինել: Մտավորականին ու գրագետին խառնել ենք իրար, գրագիտությունը կարող ես ձեռք բերել, իսկ մտավորականը մեկ այլ խմոր է, այն չեն դառնում, այլ գենետիկորեն է տրվում, ժառանգվում:
Անկախության 22 տարիների ընթացքում մտավորական բառն էլ աղավաղվեց: Ինձ թվում էր, թե անկախանալով, մեր երկիրը պետք է մտավորականների փայլուն պլեադա ունենա, որովհետեւ դրա հենքը կար: Չնայած մտավորականությունն առանց հայրենիքի չի լինում, բայց այսօր, ցավոք, ունենք անհայրենիք մտավորականություն, որը դիմագիծ չունի, իրեն մտավորական է համարում, բայց իր երկիրն ու հայրենիքը չի գիտակցում:
-Հետեւելով ձեր գործունեությանը՝ վստահաբար կարելի է ասել, որ դուք լռող- գործունյա արվեստագետի տեսակ եք:
-Շնորհակալություն այդ գնահատականի համար, ես գենետիկորեն հայ մարդ եմ։ Կարեւորն այն է, որ ես իմ արածներով չեմ բավարարվում: Եթե տրված է քեզ կյանքի այս հատվածը, այս երկիրն է տրված ճակատագրով, ուրեմն դու պարտավոր ես հնարավորն անել այդ երկրի համար:
Ես ինձ երբեք Հայաստանից ու Արցախից դուրս չեմ տեսնում, իմ շրջապատից դուրս չեմ կարող տեսնել, չեմ էլ փորձել, որովհետեւ գիտեմ, որ չի ստացվի: Ճանապարհ ես անցել այստեղ, երազել ես այստեղ, դրանց մի մասը իրականացրել ես, մի մասը՝ ոչ: Բայց հնարավոր չէ, որ երկրիցդ դուրս կարողանաս երազանք իրագործել:
-Ուրեմն ի՞նչ անուն տալ այն հոգեվիճակին, երբ շատերը տառապում են արտագաղթելու վարակիչ ցանկությամբ: Որքան էլ երկրում կան դժվարություններ, բայց լուծումը «գնանք՝ պրծնե՞նքն» է: Սա բնիկ ժողովրդին հարիր մտայնությո՞ւն է:
-Քիչ առաջ կարդում էի 18 դարից պահպանված մի նամակ, ջուղայեցի մոր ու որդու նամակ է: Եթե ժամանակագրությանը չնայես, կմտածես՝ մեր օրերում է գրվել: Ասվում է, թե ճնշումները շատացել են Պարսկաստանում, թույլ չեն տալիս, որ մարդիկ նորմալ աշխատեն, որ բիզնեսը զարգանա, ու կամաց-կամաց մարդիկ հեռանում են երկրից: Եվ երբ ջուղայեցի մայրն իր Հնդկաստանում հաստատված որդուն նամակով խնդրում է տուն վերադառնալ, որդին պատասխանում է՝ գամ ի՞նչ անեմ, աշխատանք չկա, ո՞նց ապրենք:
Այսինքն՝ 300 տարի առաջ ու այսօր դարձյալ իրավիճակը նույնն է: Բայց սա չի նշանակում, որ հայը քոչվորի հոգեբանություն ունի, ոչ, հայը քոչվոր չի կարող լինել, քոչվորը թուրքն է, որ եկավ, այստեղ հաստատվեց ու մեր հողերի վրա պետություն ստեղծեց: Իսկ մենք 20 տարի է՝ չենք կարողանում պետություն ստեղծել:
Ի՞նչն է պատճառը: Երբեւէ մտածե՞լ ենք, որ մենք մեր ավանդույթները պահելու խնդիր ունենք, ու քանի դեռ չենք պահել՝ պետություն ստեղծել չենք կարող:
Մյուս կողմից՝ գնացեք ու տեսեք, թե ի՞նչ վիճակում են մեր սահմանամերձ գյուղերը, վատ, շատ վատ, բայց չէ՞ որ գյուղն է պետության ողնաշարը: Իսկ լրագրողներդ մեր գյուղերի մասին հոդվածներ գրո՞ւմ եք՝ ոչ:
Բյուզանդական կայսրության շրջանում, դեռ Մորիկ կայսեր ժամանակներից սկսած, կայսրության ամբողջ սահմաններին հայկական ավաններ էին կառուցվում, սահմանամերձ շեներն ամրացվում էին հայերով: Կայսրն այդ մասին գրել է իր հրովարտակում, որ միակ ժողովուրդը, որին կարելի է վստահել կայսրության սահմանները, հայերն են, որովհետեւ ամենալավ զինվորականները հայերն են: Սա փաստ է: Պատմությունը կարդում ես ու համոզվում՝ տարբեր ազգեր մեր գինն իմացել են՝ բացի մեզանից: Իսկ երբ դու չես գիտակցում, թե ով ես, ամեն ինչ գլխիվայր է շրջվում:
-Ի՞նչ կասեք առկա «քաղաքական ջրբաժանի»՝ արեւմտամետության ու ռուսամետության մասին, երբ կարեւորագույն հարցերը դիտարկվում են միայն այս հակադրության տիրույթում, վտանգավոր չէ՞, սա նաեւ չի՞ խանգարում գտնել մեզ համար շահավետ հարցերի պատասխանները:
-Արեւմտամետություն ու ռուսամետություն ասվածն էլ նորություն չէ, մի 300 տարվա պատմություն էլ սա ունի: Հիշո՞ւմ եք Իսրայել Օրուն: Կա’մ գնում հասնում էինք Ռուսաստան, կա’մ Եվրոպայի դռները ծեծում ու խնդրում որպես քրիստոնյա ժողովուրդ մեզ օգնել: Այնպես որ Արեւմուտքի ու Ռուսաստանի միջեւ ընտրության պայքարը միշտ էլ եղել է:
Ի դեպ, այդ պայքարը եղել է ու հիմա էլ կա նույն Ռուսաստանում: Իսկ այդ պայքարը բնականոն ճանապարհով մեզ բերեց ու հասցրեց ռուսական կողմնորոշման: Եվ հայերս միշտ ասել ենք՝ ընտրեցինք չարիքի փոքրագույնը, մերժելով մեծ չարիքը՝ Արեւմուտքը: Մենք պարտադրված ենք նաեւ նման ընտրության: Երբ դու քեզ առողջ ես զգում, ուրեմն առողջ ընտրություն կկատարես: Հիվանդ մարդը միշտ դեղահաբի կարիք ունի ու երբեմն դիմում է ժամանակավոր հանգստացնող միջոցների: Մենք նման հոգեբանությամբ չպետք է առաջնորդվենք ու ժամանակավոր դեղահաբեր ընդունենք, դա մեզ համար վնասակար կլինի:
Շատ կուզենամ, որ որպես հազարամյա մշակույթ ունեցող, աշխարհին այդչափ բարություն տված ժողովուրդ մեզ ուշադրություն դարձնեն, եւ ոչ թե դառնանք քաղաքակիրթ աշխարհի պոչը, այլ միջուկը: Ժողովրդական մի խոսք կա՝ «Ավելի լավ է մկան գլուխ լինել, քան առյուծի պոչ»: Եվ հիմա մեզ ուզում են պոչ դարձնել՝ Արեւմուտքի կամ Արեւելքի: Սա է իրողությունը:
-Մեր աշխարհագրական դիրքո՞վ պարտադրված իրողություն:
-Ամեն ինչ գցում ենք աշխարհագրական դիրքի վրա, բայց դրանով Աստծո դեմ մեղք ենք գործում: Այս դիրքը ամենալավն է, որ Աստված է մեզ տվել, ու եթե մենք չենք կարողացել այն պահել, ուրեմն ոչ մեկին մեղադրելու իրավունք չունենք:
Եկել ենք ու այս քարուքռի վրա ծվարել ենք, բայց չէ՞ որ մենք Արարատից այն կողմ երկիր ունենք, հիշողություն ունենք, դրախտային այդ երկիրն ի՜նչ մեղք ունի, որ մենք չենք կարողանում աշխարհին ներկայացնել, որ սա՛ է մեր բնօրրանը: Մենք պետք է մեր մեղքերը մեր մեջ փնտրենք, հակառակ դեպքում ավելի ենք հիվանդանալու:
-Այն, որ Ադրբեջանի նախագահը ԵԽ ԽՎ ամբիոնից ստում է, պատմություն կեղծում ասելով, թե Արցախը Ադրբեջանի պատմական տարածք է, ուր ադրբեջանցիներն ապրել են դարերով, իսկ հայերը հաստատվել ընդամենը 200 տարի առաջ, որ Ադրբեջանի պատմական հուշարձանները վերացվել են Հայաստանի զավթիչ բանակի կողմից, ու եվրոպացին լուռ ընդունում է, այստեղ նո՞ւյնպես մեղքի մեր բաժինը կա, գուցե անհրաժեշտ չափով չե՞նք ներկայացնում ճշմարտությունը եւ թույլ ենք տալիս, որ Իլհամի սուտն իրականության տեղ անցնի:
-Ադրբեջանցի արձակագիր Աքրամ Այլիսլիին Ադրբեջանում սպառնացին կտրել ականջը իր վեպի՝ «Քարե երազների» համար, քանի որ համարձակվել էր ասել ճշմարտությունը: Սա վկայում է այդ երկրի բարոյական դիմագծի մասին: Ադրբեջանցիները ստում են, իսկ մենք ունենք այդ սուտը տասնապատիկ անգամ մերժող ճշմարտություններ, մինչդեռ չենք կարողանում այն օգտագործել, չենք կարողանում ճշմարտությանը տեր կանգնել: Հիմա ո՞վ է մեղավորը:
2009-ին Սիրակուզայի միջազգային կինոփառատոնում ցուցադրվեց իմ «21-րդ դարի վանդալները» 10 րոպեանոց ֆիլմը, որը նվիրված էր Ջուղայի խաչքարերին: Ցուցադրությունից հետո ասուլիս եղավ, եւ ես հասկացա, որ այդ հանդիսատեսը Հայաստանի տեղն անգամ չգիտի:
Մի ամերիկացի էլ թերեւս միամտորեն ասաց՝ ձեր ներկայացրածը ճշմարտություն է, բայց Ադրբեջանը նավթ ունի, դո՞ւք ինչ ունեք: Արեւմուտքի համար մենք ընդամենը մի նավթահոր ենք: Միշտ էլ այդպես է եղել: Չնայած Արեւմուտքը տվել է նաեւ մեծ մարդասերներ, որոնք Եվրոպայի խիղճն են, բայց այդ խիղճը միշտ քիչ է եղել:
Կեղծելով պատմությունը՝ Ադրբեջանը, Թուրքիան ծիծաղելի վիճակում են հայտնվում, որովհետեւ, վերջապես, պատմություն կա: Բայց մենք էլ պետք է գիտակցենք, որ ամեն ինչ չէ, որ պետք է ասենք պատմությանը ձեռք մեկնելով: Այն ժողովուրդը, որը ապագային է ձեռք մեկնում, նրա պատմությունը ոչ ոք չի կարող աղավաղել, չի կարող կեղծել:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն