ՀԱԹԱԹԱՅՈՎ ԱՇԽԱՏԵԼ ՉԵՍ ԿԱՐՈՂ
Ըստ Գործատուների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ. «Վերահսկողության ներքեւի օղակների աշխատողները խոշոր գործարարների հետ պարզապես չեն կարող խոսել, հարկային տեսուչին ո՞վ կթողնի հասնել նրանց դուռը: Հարկայինի տեսուչը կարո՞ղ է գնալ, ենթադրենք, Սամվել Ալեքսանյանի մոտ ու ասել` «գիծը քաշել» ենք, գալիս ենք ստուգելու` ինչքա՞ն հարկ ես մուծել, ստվերից դուրս եկա՞ր, թե՞ չէ։
Ասելիքս այն է, որ խոշոր գործարարների հետ պետք է հանդիպեն ու խոսեն ազդեցիկ մարդիկ, ասենք, որոշ նախարարներ, նրանց հետ պետք է «տետ ա տետ» հանդիպեն ու խոսեն, ու թող լինի իսկական ջենտլմենական պայմանավորվածություն:
Արդյունավետ է գործում համոզելու մեխանիզմը, մանավանդ որ վարչապետը եւս օժտված է այդ փորձառությամբ:
Նա կարող է ցանկացած գործարարի ասել` գիտես «X չափով» պետք է լեգալացնես գործունեությունդ։ Համոզված եմ, որ տվյալ գործարարը վարչապետի խոսքը կկատարի, համոզված եմ, որ նման պայմանավորվածությունները 100 տոկոսով կաշխատեն: Հաթաթայով մարդկանց հետ աշխատել չես կարող»:












