ԱՊԱԳԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆՆ Է
Մեր զրուցակիցը «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ, քաղաքագետ ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է
-Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն ինչո՞ւ է ձգձգվում։ Խնդիրն ի՞նչն է, ձեր կարծիքով։
-Դա պայմանավորված է քաղաքական եւ տնտեսական գործոններով։ Քաղաքական գործոնն այն է, որ նախագահ Պուտինը թուլացել է՝ չունի այն թափը, որ կարողանա անցկացնել ցանկացած որոշում, եւ ստիպված է մանեւրել Նազարբաեւի եւ Լուկաշենկոյի միջեւ, որոնք բացահայտորեն ասում են՝ շահագրգռված չեն Հայաստանի անդամակցության հարցում։ Նախ՝ որովհետեւ Հայաստանը մեծ բեռ են համարում իրենց համար՝ տնտեսական առումով, երկրորդ՝ Նազարբաեւը խաղեր է տալիս թուրքական ուղղությամբ։
Բայց ամենակարեւորը Ուկրաինայի հետ կապված անորոշությունն է, որը հարցականի տակ է դնում ընդհանրապես ԵՏՄ-ի նպատակահարմարությունը՝ առանց Ուկրաինայի մասնակցության։
Սակայն, կարծում եմ, այդ հարցերը մինչեւ տարեվերջ կլուծվեն. եթե ուկրաինական ճգնաժամը եւ մերձավորարեւելյան խնդիրները շատ չսրվեն, աշնանը Հայաստանի անդամակցության հարցը լուծում կստանա։
-Դուք շեշտը դնում եք առավելապես քաղաքական խնդիրների վրա, մինչդեռ Հայաստանի նախագահը հավատացնում է, որ քաղաքական որեւէ խնդիր չկա՝ չլուծված հարցերը զուտ տեխնիկական հարթության վրա են։
-Քաղաքական խնդիրներ չկան՝ այն առումով, որ խնդիրները հայ-ռուսական հարաբերությունների դաշտում չեն։ Շատ դեպքերում, գործընթացի ձգձգվելը կապում են Ադրբեջանի եվրասիական ինտեգրացման հետ. իհարկե կա մտադրություն՝ ոչ միայն Ադրբեջանին, ԱՊՀ մյուս երկրներին էլ ներգրավելու այդ գործընթացի մեջ, բայց այդ մտադրությունները չեն կարող Հայաստանի հաշվին իրականացվել։
Ոմանք էլ, չգիտես ինչու, սրճարանային ինչ խոսակցությունների վրա հիմնվելով՝ ոչ համարժեք դատողություններ են անում, թե դա պայմանավորված է Ղարաբաղի գործոնով, բայց մի բան պարզ է՝ ԵՏՄ անդամակցության գործընթացը Ղարաբաղի խնդրի հետ որեւէ ձեւով կապելը ուղղակի անգրագիտություն է։ Բոլորը հասկանում են՝ Ղարաբաղին իր կամքին հակառակ ինչ-որ բան կարելի է պարտադրել միայն պատերազմում հաղթելով. կա՛մ պիտի արյուն թափեն, կա՛մ հաշվի նստեն արցախահայության հետ։
Այսինքն՝ խնդիրները պայմանավորված են աշխարհաքաղաքական զարգացումներով եւ ԵՏՄ երեք երկրների փոխհարաբերություններով։ Անշուշտ կան նաեւ տեխնիկական խնդիրներ՝ կապված մասնավորապես մաքսատուրքերի եւ դրանց վերաբաշխման հետ. ի վերջո Հայաստանը հարուստ երկիր չէ, սահմաններ չունի ԵՏՄ երկրների հետ, եւ այդ առումով բարդ «մաքսային գործընկեր» է։
-Կարծիք կա, թե Ղազախստանը եւ Բելառուսը, մեր անդամակցության հարցը շահարկելով, փորձում են Ռուսաստանին պայմաններ թելադրել։
-Նման բան չկա։ Ռուսաստանը շատ հանգիստ կարող է այդ միության զարգացումը կանգնեցնել եւ երկկողմ հարաբերությունների մակարդակով լուծել բոլոր հարցերը, ինչպես Հայաստանի դեպքում՝ հանելով նավթի, գազի, ալմաստի մաքսատուրքերը։
Անպայմա՛ն գրեք, եւ մեծ տառերով՝ եթե Ղազախստանը եւ Բելառուսը շարունակեն կամակորություն անել, եւ բոլորի համար պարզ դառնա, որ ԵՏՄ-ն գաղափարախոսական առումով սնանկ է՝ Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի մեջ «պրագմատիզմն» է խոսում՝ վատ իմաստով, հավատացնում եմ, հայ-ռուսական հարաբերությունները գնալով ավելի կսերտանան, կստորագրվեն շատ հետաքրքիր երկկողմ պայմանագրեր, որոնք ավելի շահեկան կլինեն Հայաստանի համար, քան նույնիսկ ԵՏՄ մտնելու դեպքում։
Այսինքն՝ Հայաստանը եւ Ռուսաստանը կանեն երկկողմ քայլեր, որոնք արդեն իսկ արվում են, այդ քայլերը գնալով ավելի երեւացող կլինեն։ Խոսքը միայն միգրացիոն քաղաքականության մասին չէ՝ ես գիտեմ, որ նախապատրաստվում են երկու-երեք նոր համաձայնագրեր, որոնց շնորհիվ ՀՀ քաղաքացիները բավականաչափ հետաքրքիր կարգավիճակ կունենան Ռուսաստանում, եւ, հակառակը, ՌԴ քաղաքացիները՝ Հայաստանում։
Ռազմաքաղաքական համագործակցության ոլորտում եւս կլինեն նոր զարգացումներ՝ դրական առումներ, կիրականացվեն լուրջ քայլեր, մնացածը, ինչպես ասում են, իրենց գործն է։ Եթե Ղազախստանը եւ Բելառուսը առաջնորդվում են ոչ թե գաղափարական նկատառումներով, այլ պրագմատիկ շահերով, ուրեմն մենք էլ պրագմատիկ շահերով կշարժվենք եւ Ռուսաստանի հետ կլուծենք մեր հարցերը։
-Այսինքն՝ այնպես չէ, թե Հայաստանը Բելառուսի եւ Ղազախստանի «պրագմատիզմի» ձեռքը կրակն է ընկել։
-Իհարկե՝ որեւէ խնդիր չեմ տեսնում։ Եթե նկատում եք, բոլոր հարցերը կամաց-կամաց ստանում են իրենց լուծումները։ Այսօր Հայաստանը, ըստ էության, միակ երկիրն է, որի քաղաքացիները, միգրացիոն նոր համաձայնագրի համաձայն, աշխատելու են Ռուսաստանում գրեթե նույն կարգավիճակով, ինչ ՌԴ քաղաքացիները։ Նախապատրաստվող նոր համաձայնագրերը եւ դրանց հաջորդելիք քայլերը, կարծում եմ, էլ ավելի ընդգծված ձեւով ցույց կտան ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը։
Ուրիշ բան, որ կա գաղափարախոսություն, որի ջատագովներից մեկն էլ ես եմ՝ դա միության վերականգնումն է, տնտեսական նոր միության ձեւավորումը, եւ կա խնդիր՝ Ադրբեջանին, Տաջիկստանին, Ուզբեկստանին, Ուկրաինային, հետխորհրդային մյուս երկրներին եւս բերելու այդ միություն։
-Ուկրաինայի ասոցացման համաձայնագրի ստորագրմամբ այդ երկրի ԵՏՄ մտնելու հարցը չի՞ փակվել։
-Միանշանակ չի փակվել։ Կան այլ գաղափարներ, այլ մտադրություններ, որոնց մասին դեռ չի խոսվում։ Ես մնում եմ այն կարծիքին, որ արտահայտել եմ սրանից 10 տարի առաջ. առանց նոր միության մեջ ինտեգրվելու՝ նախկին խորհրդային հանրապետություններից ոչ մեկը չի կարող կայանալ որպես իրական անկախություն ունեցող՝ իրականում անկախ ազգային պետություն։ Միայն նման միության կազմում կարող ենք պահպանել մեր ազգային ինքնությունը, եւ շուտով բոլորը դրանում կհամոզվեն։
-Նոր միություն ասելով՝ նկատի ունեք Խորհրդային Միության նորացված տարբերա՞կը, որով արեւմտամետները փորձում են մեզ ահաբեկել։
-Ո՛չ, դա նկատի չունեմ։ 21-րդ դարում Խորհրդային Միության նման միություն կազմավորելը շատ բարդ է, եթե ոչ՝ անհնար։ Խոսքը տնտեսական միության մասին է, բայց ես եղել եւ մնում եմ քաղաքական միության ջատագով, որը կարող է ունենալ ընդհանուր զինված ուժեր, ընդհանուր սահմաններ եւ այլն։
Ի՞նչ են առաջարկում մեզ, որպես ԵՏՄ մտնելու այլընտրանք՝ դառնալ ԵՄ ասոցացված անդամ։ Չեմ կարծում, թե քաղաքականությամբ լրջորեն զբաղվող որեւէ քաղաքական գործիչ կասի, որ Եվրամիությունը տնտեսական միություն է։ Եվրամիությունը քաղաքական միություն է, որն իր բնույթով, բյուրոկրատական կառավարմամբ հետ չի մնում Խորհրդային Միությունից. Բրյուսելը որոշում է ամեն ինչ՝ չհարցնելով շատերի կարծիքը, եւ բոլորը ստիպված են ենթարկվել այդ որոշումներին։
Ապագան քաղաքական միություններինն է՝ որեւէ մեկին չի հաջողվելու դրանից խուսափել, անկախ նրանից՝ երկիրը մե՞ծ է, թե՞ փոքր։ Կարելի է բռունցքը խփել սեղանին եւ ասել՝ ոչ մի միության մեջ չենք ուզում մտնել, բայց դա ընդամենը ցանկություն է՝ ոչ ավելի։ Ինչքան էլ դիմադրենք, մեկ է՝ կյանքը իրենն է անում։
Բայց որ աշխարհը գնում է ունիֆիկացված միություններ ստեղծելու ճանապարհով, եւ այդ միությունները հակադրվելու են իրար, շատ ազգեր հայտնվելու են լինել-չլինելու երկընտրանքի առաջ, դա փաստ է։
ԼԻԼԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ












