ԿԱՇԽԱՏԻ ՄԻԱՅՆ ՋԵՆՏԼՄԵՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
Հարցազրույց Գործատուների միության նախագահ ԳԱԳԻԿ ՄԱԿԱՐՅԱՆԻ հետ
-Մայիսի 14-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց խոշոր գործարարների հետ, խոսեց խաղի նոր կանոնների, հավասար հարկային դաշտում աշխատելու մասին, հուլիսի 1-ն էլ հայտարարեց «գիծ քաշելու»` ստվերից դուրս գալու օր: Ի՞նչ տեղեկություններ ունենք, ի՞նչ է կատարվել այս 1,5 ամսում:
-Սա հեշտ լուծվելիք խնդիր չէ։ Զարմացա, որ վարչապետն այսքան կարճ ժամկետ սահմանեց: Մարդիկ տարիներ շարունակ աշխատել են ստվերում, օգտվել «վերեւների» հետ իրենց կապերից, եւ նրանց մտածողությունը փոխելու համար շատ երկար ժամանակ է հարկավոր:
Ստվերից դուրս գալու մասին վարչապետի հայտարարությունը հիմնականում ուղղված էր խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին, եւ իզուր չէր, որ Հովիկ Աբրահամյանը մայիսին հենց նրանց հետ հանդիպեց: Ուրեմն հենց խոշորի հետ էլ հարկավոր էր այս ամսվա ընթացքում աշխատել: Չգիտեմ, թե աշխատելու ինչպիսի մեթոդ է կիրառվել. վերահսկողության մարմնի X աշխատակիցը զրուցել է ցուցակով ընտրված X գործարարի՞ հետ, թե՞ վարչապետի կոչը ընկալվել է որպես բոլորին հասցեագրված, ու աշխատանք է տարվել բոլոր գործարարների ուղղությամբ:
Շատ կարեւոր է մարդկանց հետ աշխատելու ճիշտ մեթոդների ընտրությունը, երբեմն պետք է կիրառել նաեւ համոզելու մեթոդը: Կան դեպքեր, ու սա դրանց թվում է, եթե սկսես օրենքի ողջ խստությամբ պատժել գործարարներին, դա կարող է լուրջ հակասությունների, նաեւ բախումների պատճառ դառնալ: Դե, գիտեք, փողից զրկվելը ոմանց համար շատ ցավոտ է:
-Ստվերից դուրս գալու գործընթացը պետք է վերահսկեն հարկայինի ներկայացուցիչները։ Հետաքրքիր է, խոշոր գործարարների հետ ինչպե՞ս ու ի՞նչ մեթոդներով են նրանք այդ ընթացքում «աշխատել»:
-Վերահսկողության ներքեւի օղակների աշխատողները խոշոր գործարարների հետ պարզապես չեն կարող խոսել, հարկային տեսուչին ո՞վ կթողնի հասնել նրանց դուռը: Հարկայինի տեսուչը կարո՞ղ է գնալ, ենթադրենք, Սամվել Ալեքսանյանի մոտ ու ասել` «գիծը քաշել» ենք, գալիս ենք ստուգելու` ինչքա՞ն հարկ ես մուծել, ստվերից դուրս եկա՞ր, թե՞ չէ։
Ասելիքս այն է, որ խոշոր գործարարների հետ պետք է հանդիպեն ու խոսեն ազդեցիկ մարդիկ, ասենք, որոշ նախարարներ, նրանց հետ պետք է «տետ ա տետ» հանդիպեն ու խոսեն, ու թող լինի իսկական ջենտլմենական պայմանավորվածություն:
-Մայիսի 14-ին ջենտլմենական պայմանավորվածություն ձեռք չբերվե՞ց, թե՞ ամիսը մեկ այն պետք է վերաթարմացվի:
-Մայիսի 14-ն ընդհանուր հանդիպում էր, բայց մի բան է, երբ դու ասելիքդ ասում ես 150 հոգու համար, մեկ այլ բան, երբ կանչում ես X խոշոր գործարարին ու հարցնում` ի՞նչ ես արել: Արդյունավետ է գործում համոզելու մեխանիզմը, մանավանդ որ վարչապետը եւս օժտված է այդ փորձառությամբ, աշխատել է տարբեր ոլորտներում ու դիմացինի հոգեբանությունը լավ է հասկանում:
Նա կարող է ցանկացած գործարարի ասել. գիտես՝ «X չափով» պետք է լեգալացնես գործունեությունդ։ Համոզված եմ, որ տվյալ գործարարը վարչապետի խոսքը կկատարի, համոզված եմ, որ նման պայմանավորվածությունները 100 տոկոսով կաշխատեն: Հաթաթայով մարդկանց հետ աշխատել չես կարող:
-Ի դեպ, վարչապետը նշել է. «Մենք բազմաթիվ ահազանգեր ունենք, որ պատասխանատուները օրենքի շրջանակից դուրս մոտեցումներ են ցուցաբերել որոշ ՓՄՁ-ների ներկայացուցիչների նկատմամբ։ Մի քանի մարդ արդեն գործից ազատվել է»: Ապա ընդգծել է. «Յուրաքանչյուր անհարկի խոչընդոտ ունենալու է ադեկվատ պատասխան, ընդհուպ մինչեւ աշխատանքից ազատում»:
-Շատ ուրախալի է, որ վարչապետն ինքն է այդ մասին հայտարարում: Հովիկ Աբրահամյանը փաստորեն ասել է այն, ինչի մասին մեզ անձամբ բողոքում են, ահազանգում են ՓՄՁ-ների ներկայացուցիչները:
Ուզում եմ անդրադառնալ նաեւ երկու կարեւոր խնդրի: Վերահսկողական մարմինների ղեկավարներն իրենց աշխատողներին պետք է տան հստակ ու ճշգրիտ մեսիջներ, որպեսզի տեսուչներն այս գործընթացը հանկարծ այնպես չընկալեն, թե X քանակով փող չբերելու դեպքում, կոպիտ ասած, իրենց կաշին քերթելու են կամ հեռացնելու են աշխատանքից: Նման տրամաբանությամբ առաջնորդվող տեսուչը այլեւս չի կարեւորի ճիշտ պահվածք, դիմացինի հանդեպ հարգալից վերաբերմունք դրսեւորել ու կգնա կոշտ քայլերի:
Ուրեմն պետք է սովորեցնել ճիշտ մեթոդներով աշխատել: Առաջին ամիսները դժվար կլինեն, բայց գնալով ավելի կհեշտանա: Կրկնում եմ, մտածելակերպի փոփոխության կարիք կա, կարո՞ղ ես հասուն մարդուն երկու ամսում վերափոխել, եթե նա փոքրուց լավ չի դաստիարակվել, իհարկե, չես կարող: Նույնը եւ այս պարագայում է:
Մյուս կարեւոր խնդիրը հետեւյալն է: Կան գործարարներ, որ մտածում են, թե կարող է իրենց «չկպնեն», որ «ախպերությունը» կարող է իրենց համար աշխատել ու բարեխոսել: Գուցե մարդիկ էլ կան, որ հուշում են` սպասիր, տեսնենք ո՞ւմ են «նեղում», հետո քեզ կասենք, թե ի՞նչ անես: Այս ամենին պետք է վճռականորեն վերջ տալ։
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












