ԺԽՏՈՂԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻԱՅՆ ՁԵՎՆ Է ՓՈԽՎԵԼ
Թուրքիայի արտգործնախարարի հեղինակած հոդվածը, որն անցած ամսվա վերջին տպագրել էր Turkish Policy պարբերականը, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ գնահատմամբ, որեւէ նոր ասելիք չի պարունակում, թուրքական կողմի ժխտողական քաղաքականության հերթական դրսեւորումներից է:
«Թուրքական դիվանագետներին ու նաեւ իշխանություններին մոտ կանգնած մտավորականների մի շրջանակ կա, որն արդեն մի քանի տարի է, ցեղասպանության հարցում մի փոքր այլ մոտեցում ցուցաբերելով, ասում է, թե ճիշտ է, 1915 թվականին թուրքական պետության կողմից ինչ-որ գործողություններ իրականացվել են, սակայն հայկական կողմը պետք է ընդունի, որ թուրքերի համար նույնպես այդ շրջանը վատն է եղել: Նրանց ձեւակերպմամբ՝ երկուստեք զոհերի ընդհանուր ցավը պետք է կիսվի եւ «արդար հիշողություն» հաստատվի: Մինչդեռ սա իրականում պատմության խեղաթյուրում է:
Նույն մոտեցման դրսեւորումներ են նաեւ Թուրքիայի վարչապետի ապրիլի 23-ի ուղերձը, Ահմեդ Դավութօղլուի «The Guardian»-ում եւ վերջերս Turkish Policy-ում տպագրված հոդվածները»,- երեկ «Փաստարկ» ակումբում ասաց նա:
Թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, թե վարչապետ Էրդողանը հրահանգել է սկսել հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ աշխատանքները, եւ որ սահմանի բացումը նախատեսվում է սեպտեմբերին:
«Թուրքիան կարող է ցանկացած քայլի դիմել 2015 թվականի նախօրյակին պարզապես Արեւմուտքին ցույց տալու համար, որ ինչ-որ բաներ արվում են: Բայց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվի, եւ շրջափակումը չի հանվի:
Իրական առաջընթաց, ցավոք սրտի, տեղի չի ունենա, որովհետեւ Թուրքիան հստակ ասում է` եթե Ղարաբաղի հարցը չկարգավորվի, Հայաստանի հետ հարաբերություններ չի հաստատի»,- կարծում է Կ.Մանոյանը։
Խոսելով Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի մասին՝ նա նկատեց, թե Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությունները եւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Բաքվում ընդունված բանաձեւերը ցույց են տալիս, որ ադրբեջանական կողմի դիրքորոշումը դրական արդյունքներ չի բերում, Բաքվի վարած քաղաքականությունը ձախողվում է. «ԵԽ ԽՎ ամառային նստաշրջանում նրա ելույթն իսկապես ձախողում էր, նրա հակադարձումները վայել չէին նախագահին: Դրա մասին արդեն շատ է խոսվել:
Իսկ Բաքվում գումարված ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի որոշումները վստահաբար ադրբեջանցիներին դժգոհ են թողնելու, որովհետեւ այնտեղ Հայաստանի պատվիրակության առաջարկով մի քանի բանաձեւերում ներառվել է նաեւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը»:
Ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահ Ֆ.Օլանդի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Փարիզում կազմակերպելու առաջարկին, ապա. «Ադրբեջանը հավելյալ կոնկրետություն է ակնկալում: Սա նույնպես իրականության խեղաթյուրում է, որովհետեւ Ֆրանսիայի նախագահը շատ կոնկրետ, նույնիսկ գրավոր առաջարկներ է ներկայացրել երկու կողմերին Բաքու եւ Երեւան այցելության ժամանակ:
Բովանդակության առումով կոնկրետություն ակնկալելը իրականում փաստերի խեղաթյուրում է նշանակում: Ադրբեջանը փաստորեն խուսափողական պատասխան է տալիս, որովհետեւ այնքան էլ համաձայն չէ, որ նման հանդիպում կայանա: Ալիեւը չգիտի, թե ինչ պիտի ասի, այսինքն՝ մարդն ինչքա՞ն կարող է իր ասելիքը փոխել, տարբեր հանդիպումների ժամանակ տարբեր բաներ ասել»:
Ըստ Կ.Մանոյանի, սահմանին լարվածությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը դժգոհ է միջազգային համայնքի ներկայացրած առաջարկներից. «Ադրբեջանը լալկան երեխայի պես է իրեն պահում: Ուզում է անընդհատ ցույց տալ, որ ինքը դժգոհ է եւ կարող է իրավիճակը փոխել: Սակայն, հակառակ Ալիեւի հոխորտանքներին, Ադրբեջանը չունի վստահություն, որ պատերազմ սկսելու դեպքում կարող է հաղթել: Այլապես վաղուց սկսել էր այդ պատերազմը: Սակայն հրադադարի խախտման դեպքերը վտանգավոր են, քանի որ կարող են վերաճել պատերազմի»:
ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ












