Երկրին պետք է ծառայել անվերապահորեն ու սիրել անառևտուր
Հարցազրույց ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ
–Շուշան Պետրոսյան արվեստագետին կամ շատ են սիրում, կամ հակառակը, ու այդ ՙհակառակ՚-ի մեջ հաճախ շատ թափանցիկ երևում է նպատակադրումը՝ վարկաբեկելու միտումը: Երբևէ մտածե՞լ եք` ինչո՞ւ:
-Մարդը չարանում է թուլությունից, չարանում է, երբ տեսնում է, որ դիմացինը իր նվիրումի մեջ կայուն է, սկզբունքային ու նվիրված իր գաղափարին: Իսկ դա երկրին ծառայելն է, այս երկիրը անվերապահորեն, անառևտուր սիրելը: Նոր իրավիճակները, նոր աշխատանքային պարտականությունները չեն կարող փոխել սկզբունքներս, այն ինձ մի նոր հնարավորություն է տալիս՝ ծառայել իմ երկրին: Եվ այս ամենն է, որ մարդկանց չարացնում է ու շատ անհանգստացնում, գրոտեսկի հասնելու չափ, որովհետև իրենց գծած ՙձևաչափերին՚ դեմ ես գտնում ու քո պահվածքով ասում՝ ես ամենուր նույնն եմ՝ գաղափարին ծառայող, ազնիվ ու ծագումս սիրող մարդ, և վերջ: Իսկ չարությունը մեղք է:
Ցավոք, մեր մամուլն էլ երբեմն պատվեր կատարող է: Եթե լրագրողն իր հոդվածով ասում է, որ ինձ չի սիրում, դա իր գործն է` չեմ վիճում, երբեք որևէ հոդվածագրի չեմ դիմել, բայց ցավ եմ ապրել, երբ կարդացել եմ էլեկտրոնային լրատվամիջոցի ցանկացած նյութի տակ իբրև մեկնաբանություն տեղ գտած զազարախոսությունները, անհիմն գնահատականները: Եվ դա այն դեպքում, երբ անտեղյակ են, բոլորովին գաղափար չունեն, թե ի՞նչ աշխատանք ես կատարում, ի՞նչ է նշանակում մշակույթի մարդ, պատգամավոր լինելը: Մյուս կողմից էլ ես այդ ամենին հանդարտ եմ վերաբերվում, որովհետև ինքս իմ խղճի առաջ հանգիստ եմ:
–Բայց երբ նկատում ես, որ մեզանում առհասարակ կա հայրենասեր մարդկանց վարկաբեկելու, քամահրանքի արժանացնելու միտում, չես կարող չմտահոգվել: Մինչդեռ հակառակը պետք է լիներ` ծիծաղելի վիճակում պետք է հայտնվեր պետությունը, ազգն արհամարողը:
-Այս ամենն ինձ տխրեցնում է, որովհետև նվիրյալների բանակից մեկն էլ (ես չէ, ես ինձ լավ գիտեմ) կարող է մի օր ուղղակի հոգնել: Գուցե ոմանք նպատակ ունեն, որ բոլորը լինեն միագույն, գորշ, կամակատա՞ր: Սա ի՞նչ է, եթե ոչ դավաճանություն: Տեսեք, փոխարենը գան, կանգնեն կողքիս, այն ինչ ես անում եմ՝ անենք միասին, իսկ ես, փառք տիրոջը, փառասեր չեմ, ու շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կողքին են: Փառք ու պատիվ այդպիսիններին, որովհետև եթե կողքիս են, ինձ ուժ են տալիս, օգնում են որպեսզի այս կամ այն խնդիրը ավելի դյուրին լուծվի, չէ՞ որ այդ ամենն արվում է միայն հոգուտ երկրի: Ես ասել եմ, մարդկանց չեմ տարբերակում կուսակցական պատկանելությամբ, դա ինձ համար ոչ մի դեր չունի, կարևորը մարդու նվիրյալ լինելն է: Ի վերջո, ամենևին պարտադիր չէ, որ ինքն իմ նման մտածի, բայց թող չավիրի այն, ինչ ստեղծվում է, թող ծառայի իր ուժերի ներածին չափով, իր ձևով ծառայի, այդպիսի մարդը գլխիս վրա տեղ ունի:
-Հոգեբան Կարինե Նալչաջյանի հետ էի զրուցում, ասաց՝ ինչ-որ մարդիկ կա, որոնք ՙես սիրում եմ իմ հայրենիքը՚ խոսքերից իրենց շատ հոգնած են զգում:
-Համաձայն եմ, և գիտե՞ք, ինչու: Չեն ասում՝ որքան մայրասեր տղա է կամ աղջիկ, որովհետև մորը սիրելը օրինաչափություն է: Նույն կերպ հայրենիք սիրելը պետք է օրինաչափություն լինի: Ես նեղվում եմ, որ ասում են՝ ինչքան հայրենասեր է մեր Շուշանը, նեղվում եմ, որովհետև դա արտառոց բան չէ, այդպես պետք է լինի: Ես միշտ հպարտորեն եմ ասում, որ ես հայ եմ, որովհետև ես լավ եմ ճանաչում իմ ազգը, գիտեմ իմ երամի, իմ հայ տեսակի ծագումն ու պատմությունը՝ հնամենի պատմությունը: Ու եթե բոլորը ճանաչեն՝ անչափ կսիրեն և այդ ժամանակ, համոզված եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի: Ո՞նց ես սիրում տունդ ու չես ուզում այն վնասել, ո՞նց ես փայլեցնում, մաքրում այն, նույն կերպ պետք է և երկիրդ սիրես, ի՞նչ տարբերություն: Տունդ՝ հայրենիքի մեծ ու ջերմ գրկում գտնվողներից մեկն է, ուրեմն, պետք է սիրել ու փայփայել այդ ջերմ գիրկը, իսկ ամենակարևորը՝ չվնասել: Ո՞նց կարող ես չուրախանալ, երբ երկրումդ մի լավ բան է կատարվում, և ո՛նց կարող ես խոշորացույցով միայն վատ բաները փնտրել, գտնել ու վատաբանել:
-Պատճառն այն չէ՞, որ մեր ընկալումներում իրար են խառնվել պետություն, հայրենիք, իշխանություն հասկացությունները: Պետությունը նույնացնում են իշխանության հետ ու դժգոհելով երկրում տիրող անարդարություններից, իրենց իրավունք վերապահում հայտարարել՝ երկիրը վա՛տն է, ազգը վա՛տն է:
-Գիտեք, նման խառնաշփոթ չի լինի, եթե նախ հաշվի առնեն, որ ամենից բարձրը հայրենիքն է, ուրեմն և հայրենիքիդ խորհրդանիշերը՝ դրոշդ, գերբդ նախագահդ, արժանի են հարգանքի: Եվ եթե սա գիտակցվի կռիվ տալն էլ գոնե բարեկիրթ կլինի, ոչ թե էժանագին խոսքերով համեմված: Ընդորում, դա անում են մարդիկ, որոնք չեն էլ պատկերացնում երկրի հոգսի չափը՝ գոնե աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով: Եթե հաշվի առնեն այս ամենը, կրկնում եմ, կռիվն ավելի բարեկիթ կլինի. գուցե ծիծաղելի է հնչում ՙբարեկիրթ կռիվ՚ ասվածը, բայց սա է ճշմարիտը: Երբեմն տեսնում ես 300 տարվա պատմություն ունեցող պետության ներկայացուցիչը ինչպես է հարգում իր պետության խորհրդանիշերը, խորը հարգանք տածում իր երկրի նախագահի հանդեպ, և դա անում իշխանության դեմ նաև բողոքելով: Իսկ մեր մամուլում տեղ են գտնում պետությունը նվաստացնող, վարկաբեկող հոդվածներ: Դա հարիր չէ մեզ, դա դավաճանության պես մի բան է, մանավանդ, երբ աշխարհն այսօր այնքան թափանցիկ է, իսկ լրատվամիջոցներն այնքան բաց աշխարհի աչքի առաջ: Մինչդեռ մենք պետք է ու պարտավոր ենք զգոն լինել. աշխարհաքաղաքական իրողությունները, շարունակվող պատերազմը, մեր հարևանների հայատյացությունը, աշխարհին ու մեզ ուղղված նրանց պահանջներն ու առևտուրը մեզանից զգոնություն են պահանջում: Անկախ մեր ներքին կռվից, անհամաձայնությունից, մենք պետք է իրար ձեռք բռնած լինենք: Մինչդեռ այսօր այդպես չէ: Պահեր են լինում, երբ տեսնում ես, թե ինչպես ոմանք պատրաստ են իրենց պես չմտածողին Լինչի դատաստանի ենթարկել: Լավ, մեկին էլ ոչնչացրիք, հետո՞, երկիրն էդպես է՞ փրկվելու: Ատելությունն ու չարությունը անհամատեղել են աշխարհում առաջինը քրիստոնեություն ընդունած ազգին, որի մեծագույն գաղափարը սերն է: Կուզենայի հանդարտվեինք: Գիտեք, աշխարհում շատ-շատ վատ ապրող երկրներ կան, ողորմելի վիճակում ապրող ժողովուրդներ: Ես հասկանում եմ, որ հայերիս պահանջներն ավելին են, բայց հարցերն ատելությամբ չես լուծի: Համակարգչի դիմաց, հարմարավետ աթոռին թիկնած, թանկարժեք սուրճով լի գավաթը ձեռքին սկսում են սոցցանցերով աղաղակել, թե սահմանամերձ գյուղերը հայաթափվում են ու գործ անողին էլ տարբեր էպիտետներ կպցնում: Գուցե մի օր բազմոցի մեջ նստածը կամ էլ սրճարանում թանկարժեք հեռախոսը ձեռքին քաղաքական, ազգային խնդիրներ լուծողները հասկանա՞ն, գիտակցե՞ն, որ հարցերն այդպես չեն լուծվում ու իրենց հարց տան՝ իսկ մենք ի՞նչ ենք անում, որ մեր գյուղերը չդատարկվեն: Ի՞նչ ես անում դու քո չափով: Հակառակ դեպքում այդ ամենը շատ տգեղ է, իսկական գրոտեսկ: Մարդ կա Արգավանդից այն կողմ քիթը դուրս չի հանել, բայց իրեն կարող է թույլ տալ խոսել մեր ամենամեծ ձեռքբերման՝ հայոց բանակի մասին ու խոսել էլ ինչպիսի՜ քամահրանքով:
-Քննադատե՞լ երկրից հեռացողներին, արտագաղթողներին, որ շատ հաճախ հեռանում են, որովհետև չգիտեն ինչպես պահել սեփական ընտանիքը, նրանց համարել նյութապա՞շտ, թե պարտադրել մնալ, պայքարել, տեր լինել սեփական երկրին ու կառուցել այն:
-Հայրենիքի մասին պետք է մտածել ոչ հացիվ: Գիտեմ, շատ դժվար է ապրելը, շատ դժվար է ամեն օր փորձել օրվա հացի խնդիր լուծել, բայց հայրենիքն այդպես չեն սիրում: Կարծում եք այլ երկրներ մեկնողները երջանիկ են ու հաջողա՞կ: Ամենևին, 12 ժամ ստորաքարշ աշխատանքով են զբաղված, մեկ ժամվա դիմաց վաստակելով 2 դոլար: Բայց օտար երկրում կարող են իրենց թույլ տալ նման աշխատանքներ կատարել, այնինչ հայրենիքում գլուխ է բարձրացնում անհասկանալի ամբիցիան: Եղել են դեպքեր, երբ առաջարկել եմ այս կամ այն աշխատանքը, ու ստացել այսպիսի պատասպան՝ ՙԷդ էր մնացել պակաս, որ ես 150 000 դրամով աշխատեմ՚: Եվ դա ասում են մարդիկ, ովքեր անգամ համապատասխան կրթություն, մասնագիտություն չունեն: Ես ոչ միայն դեմ եմ արտագաղթին, այլև չեմ հասկանում արտագաղթողներին: Իսկ հիմա անհամբերությամբ սպասում եմ քույրիկիս վերադարձին, երկու օրից Միացյալ նահանգներից կվերադառնա Հայաստան, դա ինձ համար երջանկություն է: Մայրս էլ է երազում վերադառնալ: Այլ կերպ չի կարող լինել:
–Թերևս չեմ սխալվի, եթե ասեմ՝ բացառիկ երգչուհիներից եք, որ գնացիք դեպի սահման՝ զորամասեր ու երգեցիք մեր զինվորների համար, ձեզ հետ տանելով նաև երգիչների տարբեր խմբերի: Դա հրաշալի ծրագիր է, այն դեռ շարունակվո՞ւմ է:
-Շնորհակալ եմ: Այո, դարձյալ հայտ եմ ներկայացրել պաշտպանության նախարարին, որովհետև անցած տարի չկարողացա այց կազմակերպել զորամասեր, քանի որ Մարտակետում էի, չնայած, մեծ հաշվով, լինել Մարտակերտում, նշանակում է աշխատել բանակում: Բայց սահմանը միայն Մարտակերտը չէ, սահմանը և Հադրութն է, և Մարտունին, Արա լեռն է, Մեղրին, Սիսիանը: Իմ առաջնային խնդիրն է երգել սահմանամեձ զորամասերում ու ոգեղեն ուժ տալ թշնամու դեմ դիմաց կանգնած մեր տղաներին:
Իսկ ամեն ինչ սկսվեց 10 տարի առաջ: ՊՆ նախարարը Սերժ Սարգսյանն էր, ծրագիրս առաջարկեցի, շատ ոգևորվեց ու ընդառաջեց: Եվ ընկերներիս հետ մեկնեցինք զորամասեր նախարարության ավտոբուսով, զինվորական հագուստներով: Սա ինձ համար սկզբունքն է, երբեք զորամասեր չգնալ հարմարավետ մեքենաներով, կամ համերգային հագուստներով, որպեսզի մեր զինվորները զգան, որ մենք իրենցից մեկն ենք:
Գիտեք, բանակում յուրաքանչյուր հարցում պետք է զգուշավոր լինել, անգամ երգի ընտրության հարցում: Այցերից մեկի ժամանակ կատարեցի Մարինե Ալեսի ՙՄայրիկ՚ երգը ու հասկացա, որ ընտրությունս սխալ էր: Նկատեցի, որ զինվորը հուզվեց, որ կարող է անկառավարելի իրավիճակ ստեղծվել, որքան էլ հուզմունքը մարդկային է, սակայն բանակում պետք է զգույշ լինել ու թույլ չտալ, որ զինվորը հոգեկան լարվածություն ապրի: Արագ մոտեցա ու նրան հրավիրեցի պարելու: Խոսեցի հետը, ասացի՝ ընդամենը 3,4 ժամվա ճանապարհ է քեզ բաժանում մայրիկիցդ, քո ընտանիքից, իսկ իմ մայրն աշխարհի ծայրում է՝ Ավստրալիայում: Հետո էլի պարեցինք, կատակեցինք և իրավիճակիը փոխվեց: Որոշեցի երբեք զինվորիների համար չերգել այդ երգը:
Իսկ մեր բանակը շշմելու բան է, ինձ համար շատ սիրելի, շատ հարազատ: Զորամասերից մեկում էինք, երբ հակառակորդը սկսեց ռմբակոծել ճանապարհի ուղղությամբ, բայց զինվորներն իմանալով, որ եկել ենք, շատ էին ուզում գալ, ու հրամանատարը գտավ ելքը՝ տղաներին անտառներով մեզ մոտ հասցրեց: Բարդ իրավիճակների ականատես շատ ենք եղել: Հիշում եմ, երգում էինք ու հանկարծ թիկունքի հրամանատարը վազքով եկավ, թե դիրքում զինվոր է վիրավորվել, 4-րդ խմբի արյուն է հարկավոր: Արցունքներից խեղդվում էինք, հրամանատարը լսեց մեր հեծկլտոցը, մոտեցավ, ասաց՝ ՙԷստեղ ուրիշ խոխեք էլ են ծառայում՚, հասկացանք, որ պարտավոր ենք շարունակել համերգը, պարտավոր ենք շարունակել մեր առաքելությունը ու երգով ոգեպնդել մեր տղաներին:
Ես շնորհակալ եմ իմ երգիչ ընկերներիս՝ կողքիս լինելու և ինձ հետ այդ նվիրական օրերի ոգևորությունը կիսելու համար:
Շարունակելի
ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ












