Գլխավոր » TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ

Գիտե՞ք որն է իմ ամենամեծ զենքը. չէ, երգս էլ չէ, իմ զենքը երկիրս սիրելն է

Հուլիս 10, 2014թ. 00:43

Պետրոսյան Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել մեր հարցազրույցը ՀՀ վաստակավոր արտիստ, ԱԺ պատգամավոր ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ հետ

Ե՞րբ ձեզ համար բացահայտեցիք Արցախը:

– Ինձ համար ամեն ինչ պարզ դարձավ 1988-ին: Իսկ 92-ի մարտին առաջին անգամ հասա մինչև Սիսիան: ՙՈրոտան՚ կինոթատրոնի շենքում պատգարակների վրա զինվորներ էին պառկած, արյունոտ վիրակապերով, ու ես երգում էի: Ոչ շատ հեռու ռումբեր էին պայթում, գլուխներս, մեզնից անկախ, կախում էինք ու շարունակում երգել: Իսկ նախորդ օրը եկեղեցու բակում ամփոփել էին առաջին հինգ զոհված տղերքի մարմինները. այդ օրը ես մեծացա:
Նկարիչ ընկերներիցս մեկը՝ Արշակն ասաց՝ ուզո՞ւմ ես Լաչինը տեսնել, գնա՞նք: Համաձայնեցի ու մեքենան շարժվեց, բայց հանկարծ սթափվեց, մեքենան կանգնեցրեց ու ասաց.”Ընկեր Պետրոսյանն ինձ կսպանի”. Արշակը հայրիկիս ուսանողն էր, ու մենք հետ վերադարձանք:
Արցախում առաջին անգամ եղա 94-ին: Զինադադարի 40-րդ օրն էր, Արթուր Գրիգորյանի ղեկավարությամբ Երգի պետական թատրոնի առաջին սերունդը մեկնեց ազատագրված Արցախ՝ համերգների: Աննկարագրելի զգացողություն էր: Օրը մի քանի համերգ էինք տալիս դիրքերում, անգամ գիշերվա 3-ին ենք երգել:

Շուշան, այսօր շատ է խոսվում, թե հայ զինվորն այլևս նախկինը չէ, թե չկա նախկին ոգին, այն թուլացել է, կոտրվել: Դուք շատ եք լինում դիրքերում, շփվում մեր զինվորների հետ, արդարացի՞ են նման գնահատականները, թե նպատակն ուրիշ է:

-Նպատակն ուրիշ է, նման խոսքեր ասողներն ուզում են կոտրված տեսնել մեր զինվորի ոգին, բայց դա իրականության հետ ոչ մի կապ չունի: Եթե մեր ոգին կոտրված լիներ, մենք հունվար 21-ին չէին ունենա Արմենի նման մի հերոս զինվոր: Արմենը շատ լավ իմանալով, որ թիկունքից խփվելու է, շուռ է եկել ու պաշտպանել իր ընկերներին: Կարգին տղերք ունենք ու նրանց թիվը շատ-շատ է: Ես խնդրում եմ բոլորին, նաև լրագրողներին, հազարը չափեք ու նոր միայն գրեք մեր բանակի մասին, մեր զինվոր տղերքի մասին:
Բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր ողբերգական դեպք շատ ծանր եմ տանում, ամեն զինվորի հետ մի քիչ մեռնում եմ: Բայց նաև ուզում եմ ասել, որ նման դեպքերի զգալի մասի պատճառը դաստիարակության պակասն է, ի վերջո բանակն ունի իր օրենքները, որոնք պետք է կատարել, օրինակ, խրամատներից չի կարելի գլուխը դուրս հանել, չի կարելի աքլորանալ ու թուրքերի մայրերին հիշել, ախր ինչի՞ համար:
Զինվորական ծառայությունն, ինչ խոսք, հեշտ բան չէ, բայց մեր տղաները պետք է, չէ՞, այդ դժվարությունների միջով անցնեն: Տղաս ունի ողնաշարային լուրջ խնդիր, բայց ասում է՝ մամ, անպայման ծառայելու եմ: Եվ ես որպես մայր նրա ցանկությունը շատ նորմալ եմ համարում:

Վերջին շրջանում հաճախ ենք լսում՝ Շուշանը Մարտակերտում գործեր է անում: Ի՞նչ գործերի մասին է խոսքը, որոնց արդյունքում ԼՂՀ նախագահի կողմից արժանացաք երախտագիտության մեդալի, ապա Մարտակերտի պատվավոր քաղաքացու կոչման որպես Մարտակերտի լավագույն բարեկամ- բարերարի :

-Եթե ես չլինեի պատգամավոր չէի կարողանա անել այն, ինչ անում եմ այսօր: Պատգամավոր լինելս լավ հնարավորություն տվեց ինձ Մարտակերտում կոնկրետ ծրագիր իրականցնելու: 2013-ին էր, Երևանում հանդիպեցի ազատամարտիկ իմ ընկերներին, առաջարկեցի դիտել “Գարեգին Նժդեհ” ֆիլմը: Դիտումից հետո էդ գազան կռվող տղերքը հուզվել էին՝ շատ, ասացին. ՙՈւզում ենք, որ մեր խոխեքն էլ տեսնեն էս ֆիլմը՚: Ինձ համար շատ ծանր շրջան էր, հայրս հիվանդ էր, բայց խոստացա կազմակերպել: Դիմեցի Հրաչ Քեշիշյանին, միանգամից համաձայնեց, հավաքեցինք դերասանների խմբին՝ Շանթին, Խորենին, միացավ սցենարիստ Քրիստ Մանարյանը ու էլի նկարահանող խմբից մի քանի հոգի և գնացինք Մարտակերտ, ապա Թալիշ: Բնավորությամբ հետաքրքրասեր մարդ լինելով, մտա Մարատկերտի Մշակույթի տուն, ծանոթացա տնօրենի հետ, տեղեկացա խնդիրներին ու մի գրքույկում նշումներ կատարեցի: Սա սկիզբն էր, այդ փոքրիկ գրքույկն այսօր դարձել է մի մեծ դավթար, ուր ոչ միայն նշված են շրջանում առկա խնդիրները, այլև դրանց լուծման ուղիները:
Եկա Երևան, մտքումս արդեն ծնվել էր Մարտակերտում մշակույթի կենտրոն ստեղծելու գաղափարը, ուր կգործեն թաթերական երաշտական, նկարչական կարի պարի խմբակներ: Դիմեցի ըմկերներիս: Հրաչ Քեշիշյանը նվիրեց աշխարհի հայտնի սերիալների DVD-ների մի ամբողջ հավաքածու: Հետո ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը տեղեկանալով ծրագրիս մասին, հարցրեց՝ ինչո՞վ կարող է օգնել: Ընդամենը մեկ օրում տրամադրեց սարքավորումներ, բարձախոսեր: Ես էլ ինձ հետ վերցրեցի պրոյեկտոր իր էկրանով ու մեկնեցի Մարտակերտ: Եվ այսպես սկսվեց գործը:
Առջևում մայիսյան եռատոներն էին, որոշեցի նախ նկարչական ցուցահանդես բացել: Այցելեցի Մարտակերտի երկու դպրոցներ, հանդիպեցի աշակերտների հետ, զրուցեցի եռատոնի շուրջ: Հրաշալի երեխաներ են, հիշում եմ, աշակերտներից մեկն ասաց՝ ոչ թե եռատոն է, այլ վեցատոն: Զարմացա, բայց ինքը սկսեց մեկ-մեկ թվարկել. ՙՄայիսի 1-ը՝ աշխատավորների օրը, մայիսի 9-ը՝ Շուշիի ազատագրման օրը, մայիսի 28-ը՝ առաջին հանրապետություն օրը>, հետո էլ, թե՝ <հունիսի 1-ը խոխեքի օրն է, հունիսի 28-ը Մարտակերտի ազատագրման օրը, իսկ հունիսի 12-ը՝ իմ ծննդյան օրը: Եղավ վեցատոն՚: Վա՜յ, ասացի՝ ապրես ձագուկս, համբուրեցի. էսպես սկսվեց իմ ծանոթությունը նաև Մարտակերտի երեխաների հետ: Հետո նրանց նկարչական առաջադրանք տվեցի. ձեռքիս տակ ամեն ինչ կար՝ թղթեր, գունավոր մատիտներ, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն էր նվիրել: Ու մայիսի 1-ին բացվեց ցուցահանդեսը: Բայց այս ամենը դեռևս արվում էր 1934-ին կառուցված մի հին՝ հայրենական ու արցախյան պատերազմներ հաղթահարած շենքում: -Եվ որոշեցիք հենց այդ շենքն էլ վերանորոգե՞լ:

-Այո, այս պահին աշխատանքներն ընթանում են, դրա համար հաճախ եմ լինում Մարտակերտում: Մի քիչ էլ ՙպրարաբ՚ եմ դարձել, վերջերս բարկացել էի, որ գործը դանդաղ է առաջ գնում, ասացի վրձիններն ինձ տվեք, ես եմ պատերի գույներն ընտրելու, որովհետև փղոսկրագույն էի ուզել, բայց դժվարացել էին, նստել ու մտածել էին՝ ՙէդ գույնը տեսնես վե՞րն ա՚:
Մի քիչ էլ կռիվ տվեցի, որ պահպանվեն շենքի հին պատուհանները, որովհետև յուրահատուկ ոճ ունեն: Հիմա լավ վարպետներ են աշխատում, կահույքագործն էլ հմուտ վարպետ Արծրունն է: Գտել եմ նաև լավ մանկավարժների, օրինակ, պարի խմբակը ղեկավարում է տիկին Անահիտը, Երևանի կոնսերվատորիան ավարտած մի բացառիկ մտավորական, որ Գագիկ Գինոսյանի մոտ ուսումնասիրել է հայկական պարերն ու հուրախություն մեզ, այսօր մեր կողքին է: Կարի խմբակի ղեկավարը զինծառայողի կին է, ով ավարտել է Մոսկվայի տեքստիլ ինստիտուտը ու իր գործի գիտակն է: Երբ ծրագրիս մասին պատմում էի Հրանտ Թոխատյանին, ասաց՝ ինչո՞վ օգնեմ քեզ, ասացի՝ կարի մեքենաներով, ու իր կողմից անգլիական 6 կարի մեքենա նվիրեց: Գնել եմ վարագույրներ, սպասք, լուսամփոփեր, անձամբ եմ ընտրել, լավագույնը, ոչ մի անշուք բան չի կարող լինել, որովհետև այս գործը չի արվում ինչ-որ բան անելու համար: Աշխատանքների 80 տոկոսն արդեն ավարտված է: Ի դեպ, մի սիրուն գաղափար էլ կա՝ մշակույթի կենտրոնին կից բացել նաև երեք սրճարան:

-Փաստորեն, սա ոչ միայն Արցախում մշակութային կյանքի ակտիվացմանը միտված ծրագիր է, այլև ապագա մասնագետների պատրաստման ու, որ շատ կարևոր է, աշխտատեղեր ստեղծման:

-Իհարկե, կարի խմբակում սովորող երեխաները վաղը լավ մասնագետներ կդառնան ու իրենց իսկ փեշակով գումար կվաստակեն: Աստված տա խաղաղություն լինի, բայց զինվորական հագուստը միշտ էլ պետք լինելու, իսկ կարելու համար ուրիշներին չեն դիմի, ու կկարեն տեղի մասնագետները: Երեք սրճարանների բացումը ևս նշանակում է աշխատատեղերի ստեղծում: Հատուկ նշեմ, ես դրանցից որևէ ակնկալիք չունեմ: Նպատակս մարդկանց օգնելն է, աշխատատեղեր ստեղծելը, որ չլքեն քաղաքը: Այլ ծրագրեր ևս ունեմ: Մարտակերտի շրջանի Վաղուհաս ու Հաթերք գյուղերում կան լավ վերնորոգված մշակութային տներ, բայց չեն գործում: Պետք է գործեն, պետք է կինոդիտումներ կազմակերպվեն և՛ տեղի բնակիչների, և՛ մեր զինվորների համար: Կցուցադրվեն արցախյան պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմեր, նաև այլ հոգեպարար կինոֆիլմեր: Մեր զինվորը պետք է գիտենա, թե ի՞նչ է կատարվել և ո՞ւմից է այսօր պաշտպանում իր երկիրը: Սա շատ կարևոր է: Միջանկյալ մի բան էլ ասեմ. օրերս Մարտակերտի թիվ 2 դպրոցի 22 ուսուցիչների համար եռօրյա հանգստ կազմակերպեցի Դիլիջանում, Սևանում: Եղանք Գոշավանքում, Հաղարծինում: Անմոռանալի երեկոներ անցկացրինք՝ երաշտությամբ, պոեզիայով հագեցած: Սևանում էլ մեր լճի ձուկը ճաշակեցինք, ու ինչպես իրենք ասացին՝ <Ծյուկունը կերանք, հիմա էլ քինանք մըր տներովը>: Նպատակս էր՝ այդ օրերը մեր մանկավարժների համար դարձնել անմոռանալի, կարծում եմ, դա ինձ հաջողվեց:

-Ասում եք՝ այս գործերը չէիք կարող անել, եթե չլինեիք ԱԺ պատգամավոր: Մինչդեռ ձեր երգիչ ընկերները հակառակ կարծիքի էին. ձեր պատգամավոր դառնալուն պես սկսեցին խոսել, թե Շուշանը արվեստագետ մարդ է, ի՞նչ գործ ունի պատգամավորության հետ:

-Ես կռիվ ունեմ այդ մտքերի դեմ, եթե այդ մարդիկ ինձ համար այդչափ մատահոգ էին, ինչո՞ւ այսօր կողքիս չեն մշակութային խնդիրներ բարձրաձայնելիս: Չէ՞ որ ես մշակութի միակ ներկայացուցիչն եմ խորհրդարանում: Բայց նրանք չկան, ո՞ւր են: Իսկ պատգամավոր լինելն ինձ, իրոք, օգնում է ծրագերիս իրականացման հարցում, որովհետև շատերն այս դեպքում ինձ հեշտությամբ հասանելի են դառնում:

-Ֆեյսբուքում՝ այդ ցանցին բնորոշ մի մաղձոտ հարց հնչեց, թե ի՞նչ փողերով է Շուշան Պետրոսյանն այդ գործերն անում Մարտակերտում: Գուցե չարժե մաղձին անդրադառնալ, բայց նաև պարզաջրել է պետք:

-Հա, չարություն կար այդ հարցում: Պատասխանեմ, ինչո՞ւ ոչ: Գումարների հայթայթումը սկսում եմ հենց ինձանից, մեծ կարողությունների տեր չեմ, մեծ բիզնեսներ չունեմ, ուրեմն, սկսում եմ իմ ու ամուսնուս աշխատավարձերից: Հետո դիմում եմ գոծընկերներիս: Եվ ես շատ շնորհակալ եմ բոլոր նրանց, որոնք առանց վայրկյան իսկ հապաղելու, առանց քննարկելու միանգամից ձեռք են մեկնել: Եղել է, որ գումար են առաջարկել, ասել եմ՝ չէ, գումար չեմ ուզում, ինձ այս, այս իրերը, նյութերը, սարքավորումներն են հարկավոր: Բոլորին եմ շնորհակալ, անուններ չեմ կարող թվել, ցանկը շատ երկար է:
Գիտեք, թող իմ քայլը նաև մի լավ օրինակ դառնա, որ կարելի է նախագծի իրականացման համար գումարներ հայթայթել, դրանցից ոչ մի կոպեկ չվերցնել ու այն ամբողջությամբ ծառայեցնել տվյալ գաղափարի կյանքի կոչմանը:

-Արցախի շրջանների շենացման համար ծրագրեր մշակող մտավորականն ինչպե՞ս է վերաբերվում ազատագրված տարածքները զիջելու մասին հաճախ դրսից հնչող հայտարարություններին:

-Վատ, շատ վատ, իսկ հարցին կպատասխանեմ հակիրճ, այնպես, ինչպես պատասխանում են իմ ազատամարտիկ ընկերները՝ չի՜ կարող նման բան լինել, ու վերջ:

-Ձեզ հետ իմ ողջ զրույցիս ընթացքում հիշում էի Վազգեն Սարգսյանի հետևյալ խոսքերը` ոչնչից չեմ վախենում, վախենում եմ միայն մեկ բանից, որ ժողովուրդս ինձ հանկարծ սխալ չճանաչի: Իսկ դա իրոք հայրենասեր անհատի համար ողբերգություն է: Դուք չհասկացված լինելու վախ չունե՞ք:

-Նախկինում ունեի, հիմա՝ ոչ: Երբ մեկ տարի առաջ իմ դեմ հարձակումներ սկսվեցին, դրանք ինձ համար անակնկալ էին ու շատ ցավեցնող: Մանավանդ, որ գտնվում էի հոգեբանական ծանր վիճակում՝ հայրիկիս էի կորցնում: Իմ դեմ ուղղված այդ հարձակումները դաժան քայլեր էին: Ի վերջո, ես արվեստի մարդ եմ, իսկ արվեստագետը մի նուրբ անոթ է, որը կարող է և փշրվել: Հետո հասկացա, որ իմ ժողովուրդը այդ մի քանի պատվեր կատարողները չեն, կայքերով զարզախոսություններ տարածողները չեն: Ու այսօր այլևս ուրիշ իրավիճակ է, այսօր ես տեսնում եմ, թե ինչպիսի վերաբերմունք ունի իմ ժողովուրդն իմ հանդեպ, եկեք միասին դուրս գանք, շրջենք Հայաստանով ու կհամոզվեք, որ ես նման վախ չեմ կարող ունենալ:
Գիտե՞ք որն է իմ ամենամեծ զենքը. չէ երգս էլ չէ, իմ զենքը երկիրս սիրելն է: Իսկ դա աքսիոմ է, անքննելի մի բան: Ես սիրում եմ իմ երկիրը, ու իմ հորդորն է՝ սիրեք Հայաստանը, նա շատ հին է, նա մեծ խորհուրդ ունի իր մեջ ամբարած, նա շատ թանկ է:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Հասարակություն, Հարցազրույցներ բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն