Գլխավոր » TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԼԱՅՆԱԾԱՎԱԼ ՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Հուլիս 13, 2014թ. 18:04

Օրերս Հայաստանի ու Ղարաբաղի պետական սահմանահատվածում՝ Քարվաճառի ուղղությամբ Ադրբեջանը ձեռնարկեց հերթական դիվերսիոն գործողությունը: Զուգահեռաբար, մի քանի ժամ շարունակող կրակահերթով, գնդակոծվեց Տավուշի մարզի Չինարի գյուղը. գյուղացիներն ահազանգում էին՝ ՙԹուրքերը քանդում են մեր Չինարը, ավերում ամեն ինչ՚: Ապա, լուր տարածվեց դիվերսիոն գործողության հետևանքով 17-ամյա Սմբատ Ցականյանի առևանգման մասին: Ադրբեջանական հերթական դիվերսիան, իհարկե, չեզոքացվեց հայկական զինուժի կողմից, իսկ խմբի ձերբակալված անդամների խուզարկումից հայտանաբերված զենք, զինամթերքից պարզ դարձավ, որ ադրբեջանցիները կարևոր առաջադրանքով էին ուղղարկված: Մեկմեկու հետ փոխկապակցված նման սադրիչ գործողությունների ակտիվացումը ադրբեջանա-ղարաբաղյան ու հայ-ադրբեջանական սահմանագծում, արդյոք, հիմք չե՞ն տալիս ասելու, որ հարևան ագրեսոր երկիրը պատրաստվում է լայնամասշտաբ պատերազմական գործողությունների մեր երկրի դեմ:
“Հայոց Աշխարհ”-ի զրուցակիցներն են՝ խորհրդային այլախոհը, արցախյան ազատամարտի առաջին հրամանատարն ու քաղաքական գործիչը:

Ադրբեջանցիներն ապացուցում են, որ կարգին կռվել չգիտեն
ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր, ԽՍՀՄ քաղբանտարկյալ ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆ

-Այն ինչ կատավում է, ընդամենը սահմանային միջադեպեր են, որոնք խիստ անցանկալի են, բայց սա պատերազմ չէ, մասշտաբները փոքր են պատերազմ համարվելու համար: Սա հրադադարի խախտում է, բայց եթե այսօր կողմերը մի անզգույշ քայլ կատարեն, իրավիճակն, իրոք կարող է հանգեցնել պատերազմի: Պատերազմ սկսելն արկածախնդիրություն կլինի ու կործանարար այն սկսողի համար, վերջինս խստորեն կպատժվի միջազգային հանրության կողմից:
-Դուք համոզված եք, որ միջազգային հարությունը կպատժի հանցագործի՞ն: Առ այսօր լսե՞լ ենք միջազգային հանրության ադեկվատ արձագանքը Ադրբեջանի ռազմական սադրանքներին: Փոխարենը հնչել ու հնչում են Ադրբեջանին սանձարձակ քայլերի դրդող հայտարարություններ, ինչպիսին ԱՄՆ դեսպանի՝ ազատագրված 7 տարածքները զիջելու մասին անհավասարակշիռ հայտարարությունն էր:
– Կարծում եմ, որ Հեֆերնի խոսքն ուղղված էր մեզ, նա մեզ հուշեց պատրաստ լինել հակառակորդի կողմից հնարավոր արկածախնդրությանը հակադարձելու, ավելին, հուշեց, որ ինքներս պետք է կարողանանք տալ անհրաժեշտ հակահարվածը: Իսկ եթե մենք պատրաստ չլինեք այդ ագրեսիային դիմագրավելու և հանկարծ տարածքներ կորցնենք, ապա, կարծում եմ, միջազգային հանրությունը կարող է կասցնել պատերազմի շարունակությունը, չէ՞ որ միջազգային իրավունքի կարևորագույն հիմնադրույթներից մեկն էլ սա է՝ ոչ ոք իրավունք չունի պատերազմ սկսելու:
Հետևաբար, կարծում եմ, որ եթե մեր բանակը, մեր պետությունը պատրաստ լինեն հակառակորդին արժանի հակահարված տալու, միջազգային իրավունքը մեր կողքին կլինի: Հենց այս իմաստով եմ ասում, որ մենք ունենք դաշնակցներ հանձին միջազգային հանրության, նաև Մինսկի խմբի: Իսկ Հայաստանն այսօր անհրաժեշտ չափով սպառազինված է, մենք ռազմականացված պետություն ենք, ունենք լավ բանակ, որը ամեն պահ պատրաստ է կռվել ու պաշտպանել հայրենիքը, ունենք մի շատ կարևոր հատկություն ևս, դա մեր մարտական ոգին է:
-Ադրբեջանական դիվերսիոն գործողությունների ակտիվացումը չի՞ նշանակում, որ այդ երկիրը լայնամասշտաբ ռազմական գործողությունների ծրագրեր է մտմտում:
-Նման դիվերսիոն քայլերով նրանք մեզ զգոն են պահում, այդ խայտոցներով նրանք նպաստում են մեր իմունիտետի բարձրացմանը: Մյուս կողմից, այդ սադրիչ փորձերի ժամանակ նրանք նաև ինքնաբացահայտվում են ու ցույց տալիս, թե ի՞նչ մակարդակի զինուժ ունեն, և ամեն անգամ մեզ համոզում, որ կարգին կռվել չգիտեն:
Այնպես որ, հավատացեք, արմագեդոն չի լինելու: Մեկ անգամ հայերս տեսել ենք ու փրկվել, դա Ցեղասպանությունն էր: Փրկվել ենք ու դասեր քաղել, ու այսօր զգոն ենք:
Միաժամանակ երբեք չպետք է ձեռքներս ծալած նստենք ու մտածենք՝ ինչ-որ մեկը կգա ու մեզ կպաշտպանի: Ամենևին: Աշխարհը պաշտպանում է այն ուժին, որն իր իրավունքներն ու շահերը պաշտպանել գիտի: Իսկ մենք ապացուցել եք աշխարհին, որ պատրաստ ենք անձնազոհաբար կռվել ու ինքներս մեզ պաշտպանել, որովհետև սա մեր երկիրն է, սա Հայաստանն է, որ քաղաքակիրթ աշխարհի սահմանն է:
Աշխարհն էլ պետք է հասկանա ու ևս լծվի Հայաստանը պաշտպանելու գործին, որովհետև այն համամարդկային գործ է: Պաշտպանել Հայաստանը նշանակում է պաշտպանել քրիստոնեական քաղաքակրթության սահմանները: Աշխարհը պարտավոր է սա գիտակցել ու կանգնել իր փոքր դաշնակցի կողքն:

ՄԵՐ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱԶՈՐԻ ՍՏԵՂԾՈՒՄՆ Է
Արցախի Ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ (ԱԳՈ)

-Պատերազմը չի դադարել, երբեք: Մինչև 1988-ն էլ Արցախը պատերազմի մեջ էր ու կռիվ էր տալիս խորհրդային Ադրբեջանի դեմ: ԽՍՀՄ տարիներն էին, գուցե չեք էլ իմացել, բայց արցախցին կռվում էր: Իսկ այսօր ասել, թե հրադադարի մեջ ենք, համարում եմ շատ վտանգավոր, կործանարար, մեր զգոնությունը թուլացնող խոսք:
-Իսկ սահմանային դիվերսիոն գործողությունների նպատակը լայնածավալ պատերազմի վերսկսումն է՞:
-Այո, բայց դա ոչ միայն Ադրբեջանն է ուզում, այլև այն ուժերը, որոնք Ադրբեջանին զինում ու Հայաստանի դեմ են հրահրում: Ադրբեջանը գործիք է այդ ուժերի ձեռքին: Իսկ, թե որոնք են այդ ուժերը դժվար չէ կռահելը, տեսեք, թե ո՞ր երկրներ են զինում Ադրբեջանին. դա և Ռուսաստանն է, և Ուկրաինա, Թուրքիան, Իզրայելն ու Պակիստանը:
-Սերժ Սարգսյանը արգենտինյան լրատվամիջոցին տված հարցազրույցում շատ պարզ ասել է այդ մասին, որ մեր ժողովուրդը խիստ մտահոգված է, քանի որ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, ապա չի բացառել ռազմական գործողությունների սկսման հնարավորությունը:
-Դեռ 1994-ից սկսած ես մշտապես ասել եմ, որ պատերազմը վերսկսվելու է: Այն ժամանակ բոլորն ինձ հակադարձում էին, թե պատերազմի տեսած մարդ ես, դրա համար ես ասում: Իսկ հիմա, երբ վառոդի հոտն ավելի մոտ է զգացվում, պատերազմի վերսկսման վտանգը բոլորն են զգում: Ինջ մտահոգում է և այն, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը կարողանում են թափանցել մեր սահմանից այս կողմ: Սա վերլուծման կարիք ունի: Բայց միայն վերլուծելով ու կարծքներ հայտնելով ոչինչ չենք անի, հարկավոր են կոնկրետ քայլեր, որոնք կնպաստեն իրավիճակի փոփոխմանը:
-Ի՞նչ եք առաջարկում:
-2010-ին ազատամարտիկների հետ միասին ես կանգնեցի նախագահականի դիմացն ու պահանջեցի ստեղծել աշխարհազորային, մի բան, որ կարող է միայն պետությունն անել: Այսօր դարձյալ նույնն եմ հայտարարում, դա է մեր փրկությունը: Ողջ ժողովրդով պիտի պատրաստ լինենք ու կարողանանք մեր սահմանները, մեր բնակավայրերը պաշտպանել: Հիշենք, որ սահմանը մեր մայրաքաղաքից՝ Ստեփանակերտից հեռում է ընդամենը 25 կմ: Բանակը մեր ազգի մի հատվածն է, մի կառույցը, իսկ մենք ամբողջ ազգով պետք է պատրաստ լինենք կռվելու: Անվերջ բարձրաձայնեք, ահազանգեք այս մասին:
-Առաջարկում եք ներդնել մի համակարգ, որով հնարավոր կլինի ժամանակին մոբիլիզացնել մեր ուժերը:
-Այո, այո: Համակարգը կա, մնում է իրականացնել: Պետք է ձերբազատվենք ռուսական գործող համակարգից, դա սխալ է, հարց չի լուծում ու ստեղծենք մեր աշխարհազորը: Մյուս կարևոր խնդիրը հետևյալն է, պետք չէ հույսներս ինչ-որ մեկի վրա դնենք, թեկուզ ռուսների, միայն ինքներս ենք մեր պաշտպանը: Այն, որ ռուսներն Ադրբեջանին հարձակողական զենքեր են տալիս, բայց ոչ պաշտպանական, սա մեզ ոչինչ չի ասո՞ւմ: Եթե Ռուսաստանը Ադրբեջանին տանկ չտա, այլ ֆագոտ, ես կմտածեի, որ խաղաղություն են ուզում, բայց երբ Ադրբեջանին տալիս են տանկ, իսկ ֆագոտը ուղարկում Հայաստան, նշանակում է ադրբեջանցիներին քշում են մեր դեմ: Պարզ չէ՞:
Ալիևը հպարտորեն ասում է, թե իրենք ինչ զենքեր ունեն ու ռազմական ի՞նչ գործողություններ կարող են կատարել, իսկ մերոնք չեն խոսում, ընդամենն ասում են, թե բալանսը պահպանված է, հիմա ես չգիտեմ, թե դա ո՞րն է: Եթե բացատրեն, գուցե հասկանա՞մ: Եթե ասեն, որ Սմերչի դիմաց ռուսները մեզ մեկ այլ հզոր զինատեսակն են տվել, բնականաբար, կհասկանամ ու ինչ- որ տեղ նաև կհանգստանամ: Բայց քանի դեռ նման տեղեկություն չունեմ՝ խիստ մտահոգ եմ:

Հեֆերնի խոսքերն ավելի լկտիացրին Ալիևին
ՀՅԴ անդամ, ԱՐՏՅՈՒՇԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ

-Պատերազմը ոչ միայն ավարտված չէ, այն շարունակվում է: Սրանից սարասափել պետք չէ, բայց զգոն ու սթափ լինելը պարտադիր է: Տարիների փորձը ցույց է տվել, որ անիմաստ է սպասել, թե միջազգային հանրությունը, համանախագահները կշարժվեն ճշմարտության ուղով: Համանախագահները մշտապես համահավասարեցրել են կողմերին ու վարել երկակի ստանդարտների քաղաքականություն: Կան կոնկրետ շահեր, ու նրանք ղարաբաղյան հիմնախնդրին արձագանքում են այդ շահերից ելնելով:
-Ադրբեջանի քայլերի արդյունքում տարածաշրջանում կարող է բռնկվել կործանարար պատերազմ. ի՞նչ պետք է անի Հայաստանը այս վտանգը աշխարհին հասու դարձնելու նպատակով:
-Այս հարցում մեր ակտիվությունն այսօր խիստ անհրաժեշտ է, այլ ելք չկա: Տարիներ շարունակ ասել ենք, որ մենք շատ դեպքերում միայն արձագանքողի դերում ենք լինում, մինչդեռ Ադրբեջանն ամեն օր ակտիվ գործունեության մեջ է: Մեր քաղաքականությունը պետք է փոխվի, մենք պետք է լինենք հակադարձողի դերում ինչպես սահմանին, այնպես էլ բանակցային գործընթացում: Եթե մեր հակառակորդը միայն ուժի լեզուն է հասկանում, ուրեմն պետք է հենց այդ լեզվով խոսենք նրա հետ, որ սսկվի ու զերծ մնան արկածախնդրությունից: Եթե Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, հակառակը, անվերջ խոսում է ազատագրված տարածքները, ողջ Ղարաբաղն իրեն վերադարձնելու մասին, ես չեմ հասկանում, նման պայմաններում ի՞նչ բանակցությունների մասին կարող է խոսք լինել: Հայաստանը պետք է պայման դնի ու հայտարարի՝ դադարեցնում ենք բանակցությունները մինչև այդ երկիրը չդադարեցնի իր ագրեսիան:
-ԱՄՆ դեսպանի ոչ հավասարակշիռ հայտարարությունը ազատագրված 7 շրջանները Ադրբեջանին զիջելու մասին, առավել չոգևորե՞ց ագրեսորին:
-Այո: Նման հայտարությունները Ալիևին տալիս են լկտիանալու ու ավելի ոգևորվելու հնարավորություն: Ադրբեջանի նախագահին որևէ մեկը չի սաստում: Դրա հետևանքն էր նաև ԵԽԽՎ ամբիոնից անպատկառ ոճով խոսելը: Իսկ Ջոն Հեֆերնը պետք է հասկանա, որ այսօր նոր իրավիճակ է, ուրեմն, հին իներցիայով շարունակել նման անհիմն առաջարկություններ անել կնշանակի պայթեցնել հարաբերական խաղաղությունը: Բոլորի համար էլ պարզ է, եթե այսօր որոշակի հավասարակշռություն է պահպանվում է, ապա շնորհիվ բուֆերային՝ չեզոք գոտու:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ


Դիտել TOP, Ադրբեջան, Զինված ուժեր, Լրահոս, Հարցազրույցներ, Ռուսաստան, Տարածաշրջան, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն